Ցավոք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին զինելը արդարացնող և Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք արտահայտող հայտարարությունները ևս մեկ վառ օրինակ են, որ Ֆրանսիան փորձում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Վերջինս, անդրադառնալով Հայաստանին սպառազինության վաճառքին, հայտարարել է, որ միանգամայն նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․ «Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց»։
Հենց այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ասել է․ «Ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի շրջանակում մեր երկրի լեգիտիմ իրավունքն էր Ադրբեջանի սուվերեն տարածքներում Հայաստանի 30-ամյա օկուպացիային վերջ դնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար մեր նախաձեռնած պատերազմը։ Ադրբեջանի ցանկացած ջանք ուղղված է և ուղղվելու է արդար նպատակին, այդ թվում նաև՝ ռազմական պոտենցյալը մեծացնելուն ուղղված ջանքերը։ Սակայն նույնը չենք կարող ասել զավթիչ Հայաստանի մասին»։
Ըստ Հաջիզադեի՝ այն, որ Ֆրանսիան Հայաստանին որպես խաղաղասեր երկիր է ներկայացնում, ցույց է տալիս, թե որքան «անարդար» է եղել այդ երկրի վարած քաղաքականությունը և՛ միջնորդության շրջանակում, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի կողմից խաղաղությանը չնպաստող և տարածաշրջանում կայունությանը խանգարող ջանքերը ոչ մի արդյունքի չեն հասնելու»,- հայտարարել է Հաջիզադեն։
comment.count (0)