azatutyun.am: Վարշավայի ֆորումում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի «իրականացրած ապատեղեկատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիաները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Վարշավայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին։
Նա Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:
«Միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն, տեղին կլիներ, եթե նախարար Միրզոյանը բացատրեր, թե ինչու է այդքան լռում Հայաստանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի տարածքների շուրջ 30 տարի օկուպացիայի մասին: Չնայած իր միջազգային պարտավորությանը, ինչո՞ւ էր Հայաստանը հրաժարվել Ադրբեջանից դուրս բերել իր ավելի քան 10 հազար զինված ուժերը, քանի դեռ Ադրբեջանը չէր սկսել դա անել 2023 թվականին», - X-ում գրել է Հաջիզադեն՝ շարունակելով․ - «Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում «խաղաղ» հայ բնակիչների վրա, իրականում հակաահաբեկչական միջոցառումներ էին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ՝ «ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումների զինաթափում»:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Միրզոյանը, Վարշավայում, մասնավորապես, ասել էր, որ չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել՝ շեշտելով՝ հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է, ընդգծելով նաև, որ ադրբեջանական կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Նա նաև ֆորումի մասնակիցներին է փոխանցել հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում:
Նա նկատել է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։
Ռազմական նոր գործողությունների մասին Երևանի մտահոգությանը Հաջիզադեն չի անդրադարձել, փոխարենը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու մեջ։
«Հայկական կողմը պետք է հրաժարվի նման վտանգավոր մարտավարությունից և ընտրի բանականության ու օրենքի ճանապարհը։ Արկածախնդրության մեջ մտնելը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտը», - գրել է Հաջիզադեն։
comment.count (0)