Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում
 |aysor.am|
13:19 - 04 դեկտեմբերի, 2024

Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում |aysor.am|

aysor.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում։

Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Նման հարց ներկայում չի քննարկվում»,- ի պատասխան մեր հարցին՝ հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով  արտահոսքեր է կատարել։ 

Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքել է. «Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել