Պարոն Ծառուկյանն ազնիվ էր, երբ ասում էր, որ ինքը մինչև վերջ գնալու է, որովհետև, ի տարբերություն 2015 թվականի, այս անգամ իշխանությունը սակարկումների և քաղաքական էջը փակելու տրամաբանության մեջ չի աշխատելու և չի աշխատում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօրվա իրադարձություններին։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այսօր տեղի ունեցող գործընթացը լիովին իրավական է, և չի հաջողվելու գործընթացին քաղաքական երանգ տալ։
«Մինչև օրս եղած դեպքերը վկայում են, որ զուտ իրավական պրոցես է։ Քրեական գործը և քրեական գործի մանրամասները, որի մասին խոսում են այսօր, եղել են ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանի քաղաքական քննադատությունը»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ 2017-ի ընտրությունների վերաբերյալ համացանցում հայտնված փաստաթղթերին։ Նա ենթադրում է, որ այդ փաստաթղթերը կան ոչ միայն համացանցում, այլև իրավապահ մարմինների մոտ։
«ՀՀ որևիցե քաղաքացի չի մոռացել, թե ընտրությունները ՀՀ-ում ինչ մեխանիզմներով էին տեղի ունենում։ Փաստաթղթերը, որոնք հրապարակվել են համացանցում, հենց դրա ապացույցն են։ Սպասենք, կտեսնենք՝ արդյո՞ք կստացվի, որ այդ փաստաթղթերը կեղծ են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություններ տարածեց։ Հայտարարություններից մեկի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Ըստ ԱԱծ-ի հաջորդ հայտարարության՝ բացահայտվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր:
ԱԱԾ-ի դիմաց, որտեղ Գագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է, նրա աջակիցները հավաք են անցկացնում։
comment.count (0)