Օրերս Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Քաջարան գյուղից ահազանգ է ստացել, որ Պղնձամոլիբդենային կոմբինատը հենց գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել՝ ամենայն հավանականությամբ նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։ Հանքի լցակույտերը թափվում են հենց Ողջի գետի ափին՝ գյուղի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բացի այդ՝ գյուղացիները պնդում են, որ գետի ջուրն ամբողջովին վերցնում են խողովակների մեջ, ինչի հետեւանքով գետն, ըստ էության, ցամաքում է․ այս պատկերը երեւում է նաեւ գրառմանը կից հրապարակված տեսանյութում։
Քաջարանում առկա իրավիճակի եւ մետաղական հանքարդյունաբերության առաջացրած խնդիրների մասին Infocom.am-ը զրուցել է աշխարհագրագետ, ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ խնդրի վերաբերյալ դիմել են համապատասխան մարմիններին, եւ Տեսչական մարմինն, ըստ ամենայնի, պարզել է, որ ջրօգտագործման թույլտրելի պահանջները խախտված են, էկոլոգիական թողքը չի ապահովվում․
«Բայց ընդհանուր իրավիճակը այդքան էլ կապ չունի դրա հետ, ես կարծում եմ, որ էկոթողքի չպահպանելը գրեթե բոլոր տեղերում է։ Ես այդպես եմ կարծում եւ իմ աչքով տեսել եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ ջրառ է իրականացվում այս ջրասակավ ամիսներին, նման խախտումներ լինում են։ Եղել եմ հարյուրավոր տեղերում եւ տեսել եմ, իսկ այս խնդրի լուծումը տրված չէ, դա միայն Քաջարանի խնդիրը չէ, այլ համատարած է»։
Գալստյանն ընդգծեց, որ խնդիրները վերաբերում են ջրօգտագործմանը, չկան այն հարցերի պատասխանները, թե գետերի ջուրն ինչպես են վերցնում, ինչպես են օգտագործում։ Աշխարհագրագետի խոսքով՝ ստացվում է՝ ցանկացած ջրօգտագործող կարող է գետում թողնել զրո ջուր կամ շատ ավելի քիչ ջուր, քան տրված է ջրօգտագործման թույլտվությամբ, ինչն էլի խիստ կասկածելի է, թե հիմանվորված չէ այդ որոշված թիվը՝ որքան ջուր պետք է թողնել գետում։ ՀԲՃ-ի կարծիքով՝ այդ թվերը նույնպես հիմնավորված չեն եւ գետերի ոչնչացում են նշանակում։ Ինչ վերաբերում է Քաջարանին, Գալստյանն ընդգծեց, որ նույն Քաջարանն է, ինչպես կար 2010, 2012, 2014 թվականներին, ոչինչ չի փոխվել։
«Հանքի պոչամբարը լրիվ այլ վայրում է, հեռու է, բայց դրա մասին էլ տարբեր ահազանգեր եղել են։ 10 տարուց ավելի է՝ ոչինչ չի փոխվել, նույնիսկ 2018 թվականից հետո, ոնց աղտոտում էին գետերը, նույն ձեւ շարունակում են աղտոտել՝ պնդելով, թե թույլատրվում է, բայց, մեր կարծիքով, դա իրականությանը չի համապատասխանում, վերահսկողություն չկա, եւ ոչ ոք ամեն օր կամ շաբաթը մեկ անալիզներ չի անում, որ հասկանա՝ գետերը աղտոտվո՞ւմ են, թե՞ չէ։ Երբ մենք ենք արել կամ ուրիշներն են արել, պարզվել է, որ աղտոտովում է, բայց հիմա չգիտեմ՝ այդ հարցի լուծումը որն է»։
Գալստյանն արձանագրեց, որ խնդիրը շատ լայն է, հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի բան չի փոխվել, բացի այն դեպքերից, երբ մետաղական հանքարդյունաբերողներին զրկել են լիցենազիայից՝ խախտումներ թույլ տալու համար, այլ էական փոփոխություններ չեն եղել։
ՀԲՃ-ն վերջերս նաեւ հարցում է իրականացնել՝ անդրադառնալով հանքաքարների մի քանի տոննա ավելի արտահանմանը․ այս խնդիրը գալիս է 2013 թվականից։
Գալստյանի պնդմամբ՝ Զանգեզուրի կոմբինատը թույլատրելի քանակից ավելի հանքաքար է հանել հանքից, որի իրավունքը չուներ, պետությունը թույլատրել է 12․5 միլիոն տոննա հանել, իսկ իրենք հանել են տարեկան մինչեւ 19 միլիոն։
«Այսինքն՝ իրենք մոտ 35 միլիոն տոննա ավելի հանքաքար են արդյունահանել՝ մինչեւ 2017 թվականի սկիզբը՝ 5-6 տարվա ընթացքում։ Նախորդ կառավարության ժամանակ էլ մենք դրել ենք այդ հարցադրումը, որ դա լրջագույն խախտում է եւ դրան հասնում է շատ լուրջ պատիժ, ընդհուպ՝ բնապահպանական եզրակացության ուժը կորցրած ճանաչելը եւ ընդերքօգտագործման պայմանագրի խզումը եւ այլն։ Անցյալ տարի էլ հարցում էինք արել նոր կառավարությանը, փաստաթղթերը ուղարկել էինք բոլոր հնարավոր ատյաններին․ ոչ մի արձագանք չէր եղել։ Հետո, մենք մասնավոր գրեցինք այդ դեպքի մասին եւ ուղարկեցինք բոլոր պատգամավորներին, իսկ նրանք դա փոխանցեցին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, այդտեղից պատասխան ստացանք, որ, այո՛, իրենք տեղյակ են խնդրից եւ չարաշահումներից, եւ դրա համար նշանակվել է վարչական տուգանք՝ 150․000 դրամ․ սա ծաղր է Հայաստանի Հանրապետության, ընդերքի, քաղաքացիների նկատմամբ։ Այլ բան ասել չեմ կարող, եթե մենք այդ տրամաբանությամբ ենք սկսել եւ շարունակելու ենք գործել, ինչի մասին է խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջինս հավելեց նաեւ, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ հանքարդյունաբերական տարածքներում պետք է լինի մշտական, լուրջ, անկախ մոնիթորինգ։ Այն պետք է մշտական լինի, եւ ստուգումները ոչ թե մի քանի ամիս պարբերականությամբ իրականացվեն, այլ պետք է ամենօրյա մոնիթորինգ արվի՝ ե՛ւ օդի աղտոտվածության, ե՛ւ ջրերի, որ մարդիկ հասկանան՝ ինչ միջավայրում են ապրում, ինչ վտանգներ ու աղտոտումներ կան, որոնց լուծում չի տրվում։ Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ այն գիտական, լաբորատոր հետազոտությունները որոնք արվել են, ապացուցել են, որ կան լրջագույն խնդիրներ, բայց չկա պատասխան, թե ոնց պիտի լուծում տրվի դրանց, որպեսզի այդ աղտոտումների քանակները նվազեն․
«Ես էլ չեմ խոսում հանքավայրի օրինականության մասին, այդ խախտման փաստը, որ արձանագրվել է, դրանից հետո կարող էին ուղղակի իրենց զրկել լիցենզիայից եւ կոմբինատը դարձնել ժողովրդական սեփականություն։ Դա քաղաքական որոշման հարց է, դրա համար պետք է հասկանալ՝ ոնց պետք է արվի, որ այս հանքավայրերն իրենց պատճառած վնասը գոնե նվազագույնի հասցնեն, եթե հնրավոր չէ, ուրեմն չպիտի գործեն․ որպես պետություն՝ մենք պետք է որշում կայացնենք։ Պետք է ազնիվ լինենք, ասենք՝ այո՛, այս գործողությունն արվում է ինչ-որ եկամուտ ստանալու համար՝ իմանալով, որ նման լուրջ հետեւանքներ է ունենալու, գոնե ազնվություն ունենաք դա ասել։ Եթե մեր երկրում բոլոր մետաղական հանքավայրերի շահագործման իրավունքը հարյուր տոկոսով տրված է մասնավորներին, այս հարկային համակարգը հակապետական եւ հակաժողովրդական է։ Հարկային այս համակարգով մետաղական հանքերի շահագործումը մասնավորին տալը նախորդների հանցագործ գործունեության արդյունքն է, եւ մենք հիմա ոչինչ չենք ուզում փոխել»,- ասաց Գալստյանը։
Նրա կարծիքով՝ հանք շահագործողները պետք է երկու-երեք անգամ ավելի շատ հարկ վճարեն, հակառակ դեպքում կարող են հրաժարվել, գնալ մեր երկրից, մենք ինքներս շահագործենք հանքավայրերը, եթե գտնենք, որ դրա անհրաժեշտությունը կա։
Գալստյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե հանքի շահագործման համար վճարվող հարկերը որքանով են արդարացված եւ արդյոք փոխհատուցում են այն վնասները, որոնք հասցվում են երկրին․
«Տարեկան 50 միլիոն դոլարը մեր միակ ու ամենախոշոր հանքավայրի շահագործման արդյունքում ստանալը երկրկի ընդերքի մսխում է։ 2018 թվականի դեկտեմբերին մեր խմբի անդամներով հանդիպել ենք վարչապետի հետ, փոխանցել ենք մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ փոփոխությունների մեր նախնական ցանկը, առաջնային կետերը, որոնք պետք է իրականացվեն, խնդրել ենք, որ դա քննարկվի, հետո մեզ հետ քննարկվի։ Այդ ամենը ներկայացրել ենք մնaցած կառույցներին՝ Ազգային ժողովից սկսած, բայց առ այսօր այդ թեմայով որեւէ քննարկում չի իրականացվել։ Մեկ քննարկում է եղել Ազգային ժողովում, բայց դա նախնական էր, քննարկվեց միայն հանձնաժողովում»,- եզրափակեց Լեւոն Գալստյանը։
Քաջարանի բնակիչներից Խորեն Աբրահամյանն էլ, որը նաեւ հիշյալ տեսանյութի հեղինակն էր, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հեղափոխությունը, փաստորեն, դեռ Քաջարան չի հասել։ Նրա պնդմամբ՝ խախտված են տեղի բնակիչների իրավունքները, խմելու ջրի որակը վատն է, կենցաղային հարցերի համար եւս ստիպված են ջուրը խանութից գնել։ Աբրահամյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել բարձրացրած հարցերով։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն էլ, անդրադառնալով ահազանգերին, հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր․
«Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ իրականացրել են ուսումնասիրություն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։ Պարզվել է, որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Հարուցվել է վարչական վարույթ։ Բարձրացված մյուս հարցերի շրջանակներում խախտումներ չեն բացահայտվել։ Ընկերության կողմից նոր ջարդման կայան չի կառուցվում, իսկ արտադրության ընթացքում մակաբացված դատարկ ապարները լցվում են արտադրական նախագծով սահմանված լցակույտերում»։
Լուսանկարը՝ 2019 թվականի
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)