«Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի այն խոսքերին, թե հաղթել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, նշեց՝ ինքը վստահ է, որ Ալիևը միշտ երազել է հաղթել իրենց, բայց նրա երազանքն այդես էլ իրականություն չի դարձել․ «Մենք 90-ականներին հաղթել ենք Ալիևի հորը, 2016-ին Ալիևը, փաստորեն, պարտվել է ինձ, Ալիևն ինձ պարտվել է ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թթ․։ Աիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ․ նա գիտի, թե ում է հաղթել, և նա գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել։ Կապիտուլյացիայի են ենթարկվել ո՛չ հայկակն բանակը և ո՛չ էլ հայ ժողովուրդը․ կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետն՝ իր թիմով հանդերձ ու նաև թիմից գաղտնի»։
Անդրադառնալով բանակի սպառազինությանը և դիտարկմանը, թե իր կառավարման տարիներին Հայաստանը կարող էր շատ ավելի լավ սպառազինվել և պատրաստ լինել պատերազմին՝ Սարգսյանը նշեց․ «Ես հերքում եմ տխմար թեզը, թե, իբր, մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ։ Բա եթե մենք բանակ չունեինք, ո՞նց Ապրիլյան պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի։ Իրականությանը համապատասխանում է հետևյալը․ մենք երբեք Ադրբեջանից շատ և Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել՝ ո՛չ 1992-94 թթ․, ո՛չ 2016-ին և ո՛չ էլ 2020-ին։ Բայց առաջին երկու դեպքերում դա մեզ չի խանգարել հաղթել, որովհետև խնդրով զբաղվել են նվիրված, գիտակ մարդիկ»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ կա լայնորեն տարածված դրույթ, որ Արցախի սահմանագծի երկայնքով խոր էշելոնացված պաշտպանություն չենք ունեցել, երկրորդ և երրորդ պաշտպանական բնագծեր չեն եղել, ինչպես նաև, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է, որ Լավրովյան կամ Կազանյան պլանն իրագործելու նպատակով դիտավորյալ թույլ չի տվել Արցախում խոր էշելոնացված պաշտպանություն կազմակերպել, այդ պատճառով այդքան հեշտ է եղել ճեղքել հարավային ուղղությամբ առաջնագիծը և խորանալ թիկունք, Սարգսյանը հարց ուղղեց, թե ով է այդ թեզերը առաջ քաշում, և ով է, որ տեղյակ է եղել, գնացել, տեսել է՝ մենք ունենք, թե չունենք։
«Ովքե՞ր են․ ովքեր փախե՞լ են, ովքեր պարտվե՞լ են, ովքեր իրենց ստորաբաժանումները վարի՞ են տվել։ Ասողներից մեկը կա՞, որ տեսել է, բայց ամբողջ պատկերն ո՞վ է տեսել, կապիտուլյա՞նտը, ինքը մի բան հասկանո՞ւմ է դրանից։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք ունեցել ենք բանակային պաշտպանության 2-րդ և 3-րդ գծեր, և մեր պաշտպանական պլանում շատ հստակ գրված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում, որ դիրքերը պետք է զբաղեցնեն»,- ասաց նա և և լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք զբաղեցրել են այս պատերազմի ընթացքում՝ բացասական արձագանքեց։
Նրա խոսքով՝ պատճառը այն է, որ պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից։ Դիտարկմանը, թե արդյո՞ք վարչապետի կնոջը նկատի ունի, Սարգսյանն ասաց, որ ինքը կանանց հետ գործ չունի, և ուրիշներին էլ նկատի ունի։
«Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում․ դա անթույլատրելի է։ Բեկում մտցնելը անմիջական, անպատրաստ հակահարձփակումները չեն։ Բեկում մտցնելու համար դու պիտի կարողանաս միգուցե ռեզերվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել նահանջող զորքին, որ նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնել իրենց սանիտարական կորուստները, զենքի, զինամթերքի պակասը, իսկ այս թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո կարող ես մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին։ Բայց ոչ, մտածել էին գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր լավագույն բրիգադաները, մեր ռեզերվը, որից հետո ՊԲ ղեկավարը զրկված է եղել ռեզերվային որևէ ուժից»,- հայտնեց Սարգսյանը՝ հավելելով, որ խոսում է հոկտեմբերի սկբի իրավիճակի մասին։
Նա նշեց, որ անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի սկզբից և շարունակվել են շատ երկար ժամանակ, և հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ եղել է դավադիր պատերազմ։
Սարգսյանը նաև խոսեց Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի մասին՝ ասելով, թե ինչպես կարելի էր հարյուրավոր սպաների հրավիրել։ Հարցին, թե ինչու ինքը գնաց այնտեղ, նա պատասխանեց, որ ինքը պարտավոր էր գնալ և պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը, հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է պատերազմը, փորձ անել նրանց համոզելու, որ անիմաստ է, որ չանեն այդ բանը։
Նա անդրադարձավ նաև պատերազմի ընթացքում Արցախ իր այցելությանը՝ հայտնելով, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չի հանդիպել։
«Գնացել եմ Արցախ և 5-6 հոգու ներկայությամբ խնդրել եմ Բակո Սահակյանին, որ իմ մեծ խնդրանքը փոխանցի ԱՀ նախագահին ինձ ընդունել։ Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ ԱՀ նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է։ Երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող ընդունել հայտնի պատճառներով։ Ես ընդամենը երկու նպատակ ունեի․ Արայիկ Հարությունյանին բացատրել, որ այս պատերազմը գնում է դեպի պարտություն, և պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ պատերազմը կանգնեցնելու, և երկրորդ՝ նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն։ Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու։ բայց երբ չընդունեց մարդը, ապա ցանկացած սեփական նախաձեռնություն կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար այլևս իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, որովհետև մի կողմից էլ բեռ ես դառնում քո մարտական ընկերների համար»,- նշեց Սարգսյանը։
Նա հայտնեց, որ շատ տարբեր ձևեր կային այս պատերազմի այսպիսի ավարտ չունենալու համար՝ շեշտադրելով այն, որ պատերազմի ժամանակ պետք է փորձել ամեն ինչ օգտագործել։ Նրա խոսքով՝ կարելի էր Օնիկ Գասպարյանի մոտ հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին՝ որպես խորհրդատուների կամ «անփորձ Ջալալ Հարությունյանի մոտ հրավիրել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին էլի խորհրդատուի կարգավիճակով»։
«Ավտոմատը գնդացիրից չտարբերող մարդիկ հայտնվում էին այդ կետում։ Սա հանցագործություն չէ՞»,- նշեց նա։
Լրագրողը հավելեց, որ պատերազմի վերջին փուլում վերոնշյալ անձանց թողնվեց պաշտպանությունը, Սարգսյանն էլ հակադարձեց, որ դա ուրիշ բանի համար արվեց, լրագրողն էլ հարց ուղղեց, թե արդյո՞ք պարտությունը նրանց վերագրելու համար արվեց, Սարգսյանն արձագանքեց․ «Այո, իհարկե»։
«Եթե նկատել եք, նոյեմբերի սկզբներին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել, թե ինչ հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշին պաշտպանելու համար, ես զարմացած էի, բայց չանցած 2, 3 օր՝ սկսեցին Օհանյանին մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել, ներողություն բառիս համար Շուշիի անկումը ուզում էին «գցել Սեյրան Օհանյանի գրպանը»։ Սեյրան Օհանյանն էնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր։ Կամ Լևոն Մնացականյանին ինչ ստորաբաժանումներ էին տվել․ եթե նա չունի ենթական ստորաբաժանումներ, ի՞ նչ է անելու, ինքն է՞ ավտոմատը վերցնելու ու գնա կռվի»,- ընդգծեց Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը ասաց, որ Շուշին հանձնվել է։
«Չեմ ասում՝ միտումնավոր տվել են: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանթոներն ու ընկերները հարցնում էին, թե երբ է ավարտվելու պատերազմը, ես ասում էի, որ երբ Շուշին ընկնի»,- հավելեց նա։
Անդրադառնալով պատերազմին Թուրքիայի մասնակցությանը՝ Սարգսյանը նշեց, որ համամիտ չէ կարծիքի հետ, որ Թուրքիան միայն վերջին պատերազմի ժամանակ է աջակցել Ադրբեջանին:
«Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին: Այդպես է եղել 90-ականների սկզբին, այդպես է եղել 2000-ականների սկզբին ու 2008-ից հետո, և մշտապես հնարավոր թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով: Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարումն ուներ, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական հրահանգիչներն էին մարզել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները, բոլորի համար դա ակնհայտ է: Թե ինչու այս անգամ Թուրքիան այդպես անթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցությունն ունեցավ, միայն մեկ բացատրություն ունի՝ այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային քաղաքականության տապալմամբ: Արմատներն այդտեղ է պետք փնտրել: Ու նաև պետք է փնտրել, թե ինչո՞ւ ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ, և այդ հավասարակշռումը չեղավ, այդ հակակշիռը չգործեց այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի գործեր»,- ասաց Սարգսյանը։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Թուրքիայի այսքան մեծ ակտիվությունը եղավ ի հաշիվ հայ-ռուսական վտանգված ռազմավարական հարաբերությունների, Սարգսյանն ասաց, որ վստահ է՝ այո։
«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ դա էլ տեղի ունեցավ, միգուցե ճիշտ բառը չեմ ընտրում, այն «սուտի» պատկերացմամբ, որ այդ լարվածությունը մեծացնում է մեր ինքնուրույնության աստիճանը: Մարդ պետք է հստակորեն գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է, համենայն դեպս ղեկավարներից մեկը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև ինքը իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է: Ինքը պետք է հասկանա, որ դա տղայական մոտեցումներ չի սիրում, ինքը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների համար, այլև պատասխանատու է ժողովրդի անվտանգության համար: Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես այսպես միանձնյա որոշում կայացնելու ճանապարհով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը խնդիրներ ես ունենալու»,- նշեց նա։
Նա ասաց՝ «երբ դու, խախտելով սեփական երկրիդ օրենքները, օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, և այնուհետև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն, թե տես ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը դու դրա համար պատժվելու ես, սա ակնհայտ մի բան է»:
«Դու պետք է հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու, որովհետև նրանք իրենց գործողություններում ջանք են դնում, եռանդ են դնում, հեղինակություն են դնում, հասկանալի է՝ ունենալով իրենց շահերը: Այնպես որ, այստեղ բան չկա զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին` ռազմական գործողությունների վերսկսման համար: Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես 2016 թվականի ապրիլին, երբ միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակողական գործողությունը: Իսկ ինչո՞ւ մենք ժամանակին չպետք է ունենայինք, նույնիսկ եթե մենք չենք գիտակցել, որ պետք է ունենալ շատ լավ համապատասխան հակաօդային միջոցներ, ինչու մենք ժամանակին չպետք է ունենայինք: Ի՞նչ է նշանակում` Հայաստանի օդային տարածքը անհասանելի է, այսինքն՝ պարզ լեզվով ասված` մեզ արգելեցին Վրաստանի օդային տարածքով և կամ Իրանի օդային տարածքով տեղափոխել ռազմական բեռ: Երբևէ հիշո՞ւմ եք, որ լիներ դա Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ, կամ դրանից հետո, մենք խնդիր ունենայինք Վրաստանի օդային տարածքով ինչ-որ բան տեղափոխելո՞ւ, բա որտեղո՞վ էինք տեղափոխում S300-ները կամ Իսկանդերը և այլն: Այսինքն՝ դու բոլորի հետ փչացրել ես հարաբերությունները և ուզում ես քո նեղ պահին, քո օրհասական պահին նրանք ավելին անեն, քան կարելի՞ է»,- հավելեց Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ մամուլում եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ Իսկանդերը կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ:
Լրագրողի այն արձագանքին, որ ինքը նկատի ունի իսկանդերի կիրառման մասին թշնամու տարածքի ուղղությամբ, Սերժ Սարգսյանն ասաց, որ ես հարյուր տոկոսով չի կարող ասել, բայց ենթադրում է, որ չի կիրառվել` վախենալով պատասխան հարվածից․ այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ մեկ այլ հրթիռով, ոչ նմանատիպ հեռահարությամբ, ոչ նմանատիպ ճշգրտությամբ։
«Իսկանդերը պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, Իսկանդերը հենց դրա համար է: Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկը ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը։ Բայց իրականություն է, որ Կիրովաբադի վրա կրակվել է»,- նշեց Սարգսյանը՝ «մեծագույն հիմարություն» որակելով նաև քաղաքի բնակելի թաղամասի վրա կրակելը։
Խոսելով դրանից հետո միջազգային հանրության արձագանքի մասին՝ նա ասաց, որ իհարկե, պետք է դատապարտեր, ոչ միայն միջազգային հանրությունը սկսեց դատապարտել, այլ դրանից հետո սկսեց անխնա թիրախավորել Ստեփանակերտն էլ, Մարտունին էլ:
«Ես չեմ ասում, որ մինչ այդ Ստեփանակերտի վրա չէին կրակել, բայց այդ կրակը ուղղված էր երկու թիրախների վրա` մեկը Պաշտպանության բանակի շտաբն էր և երկրորդ` էլեկտրակայանը: Սա է, իհարկե պետք էր կիրառել, բա ինչի՞ համար էինք ձեռք բերել: Եվ ընդհանրապես, այդ հավաստիացումները՝ միջազգային հանրության, ո՞ւմ էին պետք, ես չեմ ասում, որ առաջին թիրախը պետք է լիներ գազատարները, նավթատարը և այլն, բա այդ Իսկանդերը ինչի՞ համար ենք վերցրել, ինչի՞ համար ենք բերել, որ անհրաժեշտ պահին մենք չենք կիրառում»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, որ պայմանավորվածություն է եղել։
Անդրադառնալով նաև այն լուրերին, թե իսկանդերը մերը չէ, կառավարման համակարգը ուրիշ տեղ է՝ նա նշեց, որ դա տգիտություն է։ Նրա խոսքով՝ իսկանդերը մերն է, «մենք միակն ենք, ում մեր դաշնակիցը տրամադրել է այդպիսի զենք և չկիրառել դա, ես չեմ հասկանում»։
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է տեղավորել բանականության մեջ այն, որ հայկական Շուշին խոցվել է մեր Իսկանդերով, Սարգսյանն ասաց․
«Արդեն այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել է, կապիտուլյանտը ամսի իննին է գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր: Երբ դրանից գրում են, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին, դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ հետ գրավելը տասը անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի»։
Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև պատասխանատուների մեղքի բաժնին։
«Ուղղահայաց կառավարման ոչ արդյունավետ լինելը և այլն հեքիաթներ են, դրանք մարդկանց կարծիքներ են, որոնք լավ չեն տիրապետում ոչ միայն մեր սահմանադրությանը, այլև օրենքներին, մեր պաշտպանության մասին օրենքում շատ հստակ գրված է, և այդ ուղղահայցը պետք է գործի։ Իսկ թե ինչու պաշտոնատար անձինք չկարողացան այդ ուղղահայացը ձևավորել այնպես, ինչպես պարտավոր են, ո՞վ է մեղավոր, մե՞նք չէ երևի։ Սահմանադրության մասին խոսողները գոնե իրենց նեղություն տան էությունը հասկանալու։ Մի բան ես կրկնեմ․ գերագույն գլխավոր հրամանատարը շատ կարևոր ֆունկցիաներ ունի, բայց ունի երկու կարևորագույն ֆունկցիա։ Երբեք գերագույն գլխավոր հրամանատարը չի նստում կամ կանգնում քարտեզի կողքը և տքնելով մտածում և ասում՝ այս գունդը էստեղ պիտի գնա, էս դիվիզիան՝ էստեղ, դա իր գործը չէ բնավ։ Եթե նույնիսկ քաջածանոթ լինի այդ իրավիճակին, ինքը իրավունք չունի դա անելու, որովհետև դրանով իսկ դու խոչընդոտում ես կոնկրետ հրամանատարին իրականացնելու իր մտահղացումները։ Միևնույն ժամանակ, թուլկացնում ես նրա պատասխանատվությունը։ Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է մոբիլիազցնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այնէ ՝ կանգնեցնելու կամ ջախջախելու հակառակորդին, կամ նվազագույնը արժանի դիմադրություն ցույց տալու․ սա առաջին կարևորագույն պարտականությունն է։ Երկրորդ կարևորագույն ֆունկցիան այն է, որ նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքալան որոշումներ կայացնել։ Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները։ Եվ երբ քեզ զեկուցում է ԳԺ պետը, այդ թվում պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից վխող որոշումներ կայացնել։ Այսինքն՝ եթե բոլոր տեղերից էդպիսի զեկույց է գալիս, և դու հասկանում ես, որ ի վիճակի չես արժանապատվորեն շարունակել ռազմական գործողությունները, պարտավոր ես բոլոր ջանքերը գործադրել կանգնեցնելու այդ ռազմական գործողությունները՝ հետևանքների մասին երբեք չմտածելով, թե դա անձնական վարկանիշի վրա ինչպես կազդի և այլն և այլն։ Ու նվազագույնը գոնե պիտի դիմես քո դաշնակիցներին, ասես՝ խնդրում եմ պատերազմը կանգնեցրեք։ Հիշո՞ւմ եք ոնց էր կապիտուլյանտը արդարանում, երբ ասում էին՝ բա ինչու Ջաբրայիլից հետո պատերազմը չկանգնեցրիք, ասում էր՝ կանգնեցնեի, որ ասեին դավաճա՞ն։ Այսինքն՝ որ իրեն չասեն դավաճան, ինքը պատրաստ էր հազարավոր մարդկանց զոհելու, հազարավոր քառակուսի կմ-եր զիջելու։ Սա ի՞նչ վերաբերմունք է, այս ամենը պիտի մնա անպատի՞ժ, մեր ժոովուրդն այդպես է՞ մտածում։ Սրանք հարցեր են, որ բազմաթիվ անգամներ հնչել են և հնչելու են»,- հայտարարեց Սարգսյանը։
Նա նշեց, որ որևէ ցանկություն չունի դատավորի դեր վերցնելու ոչ թե դրանից վախենալու պատճառով, այլ որովհետև ճիշտ չի համարում գնահատականներ տալը յուրաքանչյուր պատասխանատուին, քանի որ, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է հետաքննություն։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը «ուղղակի ձախողված է»՝ փոքր օրինակներից սկսած՝ մեծով դուրս եկած։
«Ինչպես հայտարարվեց, գերագույն գլխավոր հրամանատար ասվածը միայն պատերազմի 5-րդ օրն է զանգել ՊԲ հրամանատարին, պատկերացնո՞ւմ եք։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքնաթիռից անմիջապես կապվել եմ ՊԲ հրամանատարի հետ ոչ թե որ ղեկավար ցուցումներ տամ, այլ որ մարդուն ոգևորեմ, որ ես ամբողջ հնարավորություններով քեզ սատարում եմ։ Ինչպես կարելի է, հատկապես այդպիսի կորուստներ ունենալուց հետո։ Առաջին հայացքից կարող է թվել, որ մանր բան է։ Բա այդ դեպքում ո՞նց ես ճշտել՝ ինչպես պետք է շարունակվի։ Ես Օնիկ Գասպարյանին չեմ արդարացնում, բայց չեմ կարծում, որ Գասպարյանը գլխավոր պատասխանատուն է։ Չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը ներգրավված լինեն ենթադրյալ դավադիր գործողությունների մեջ, բայց որ նրանք կարողանային իրենց ասածին հետամուտ լինել, նրանք առնվազն պիտի ունենային բավականաչափ փորձառություն, որը նրանց հնարավորություն կտար ասելու՝ վերջ։ Ես կոչ չեմ անում չենթարկվելու։ Խոսքը հետևյալի մասին է, որ եթե դու համոզված ես, որ որպես հրամանատար ի վիճակի չես շարունակելու մարտական գործողությունները այնպես, ինչպես դու ես ցանկանում կամ ինչպես պարտավոր ես և ունենալու ես անդառնալի կորուստներ, չեմ ասում՝ հրաժարական տա, բայց գոնե ինչ-որ չափով պիտի հրապարակայնացնես դա։ Միշտ էլ կարող ես ասել՝ ասեց, արեցի, բայց քո պարտականությունը մենակ անելը չի։ Այդքան փոփոխություններից հետո գրագետ սպաներ էին մնացել, նրանց կարծիքն էր պետք հաշվի առնել։ Ախր դմփ-դմփ հու չի կամ փողոցում խորոված անելը չի, պիտի կարողանաս դու, էդ մարդիկ պիտի հասկանան, որ դու հանիրավի իրենց չես մեղադրելու, մեղքը իրենց վրա չես բարդելու, բա գերագույն հրամանատար ինչո՞ւ են ասում․ թիվ մեկ պատասխանատուն է, թիվ մեկ մեղավորը, թիվ մեկ հաղթողը։ Իսկ էս բառախաղերը․․․բա այդ պատասխանատվությունն ինչպե՞ս է դրսևորվում»,- ասաց Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը նաև խոսեց այն մասին, թե արդյո՞ք ունի անձնական ծրագրեր՝ կապված պետության ապագայի հետ, վերադառանալու մեծ քաղաքականություն, ինչպես Ռոբերտ Քոչարյանը։
«Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ։ Հստակ ասում եմ՝ ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում։ Իհարկե, շատերը կասեն՝ բա 2015 թվականին էլ ասեցիր, թե ավարտել ես, վարչապետի թեկնածու չես լինի․․․դա այլ հարցազրույցի թեմա է։ Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի։ Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդական, խորհրդատու, բայց ոչ ավելին։ Իմ ասածը չի նշանակում, որ ես պատրաստվում եմ հեռանալ ակտիվ քաղաքականությունից, և որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը։ Բոլորովին հակառակը, ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու ակտիվ։ Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով նաև այն հարցին, որ կառավարող ուժը չի գնում ընտրությունների և ասելով, որ դա վերջնական չէ։
Հարցին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի ապագան և Արցախի ապագան, Սարգսյանը պատասխանեց․
«Կարծում եմ՝ առաջին բանը, որ պետք է անենք, Արցախի և Հայաստանի բաժանում չպետք է անենք։ Մենք չենք կարող ունենալ Արցախի վատ ապագա ու մտածել որ Հայաստանում կարող ենք ունենալ լավ ապագա։ Անկախ նրանից, թե ինչ ողբերգության առջև կանգնեցրին մեզ կապիտուլյանտները, մենք պետք է մեզնից վանենք հուսահատությունը։ Անկասկած, ծանր վիճակում ենք, անկասկած տեղի է ունեցել աներևակայելին, բայց մյուս կողմից էլ մենք ուղղակի պարտավոր ենք առանց վախենոլու վերլուծել իրականությունը և նայել ճշմարտության աչքեչին։ Մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ ավելի ծանր վիճակներում, բայց գտնվել են անհատներ, գտնվել են համախոհներ, գտնվել են կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, որ կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել, ու մենք կարողացել ենք ազգովի հառնել ավերակներից։ Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ սերունդը կարողացավ կյանքի-մահու կռիվ տալ և հաղթել։ Հեշտ չէր, և նույնիսկ այն պահերին, երբ թվում էր, թե ամեն ինչը վերջացած է, երբեք մենք մեղավորներ չէինք փնտրում, բայց կարողանում էինք գնահատել և պատասխանատվության կանչել մարդկանց, ովքեր իրենց գործը լավ չէին անում։ Ի վերջո երեսուն տարի մենք հաղթած ժողովուրդ էինք, և աշխարհը մեզ ընդունում էր այդպիսին։ Մենք հնարավորություն էինք տվել մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են ՀՀ-ից հեռու, լինել հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ, հնարավորություն էինք տվել, որ նրանք կարողանան ներկայացնել այդ հաղթած ժողովրդին։ Ես ինչու եմ նաև այս ասպեկտի վրա ուշադրություն դարձնում, որովհետև շատերը խոսում են արտագաղթի մասին կամ արտագաղթողների մասին։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում չէ։ Բոլորը պետք է հասկանան, որ, լքելով Հայաստանը, միգուցե իրենց կենցաղային պայմանները կլինեն ավելի լավը, միգուցե իրենց երեխաները սովորեն ավելի լավ դպրոցներում, բայց իրենք լինելու են պարտված ժողովրդի ներկայացուցիչներ և ուզեն, թե չուզել, չեն կարողանալու գլուխները բարձր քայլել։ Պետք է մնալ Հայաստանում ու գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում։ Բոլորս՝ մեծ ու փոքր, պիտի լծվենք դժվար աշխատանքի, պիտի գիտակցենք, որ կարճ ժամանակում մենք ամեն ինչը չենք կարողանալու վերականգնել, բայց այս մոտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է։ Ու պիտի գան իմ ասած ունակություններով օժտված անհատներ, որ կարողանան առաջնորդել մեր ժողովրդին, հակառակ պարագայում մենք կորցնելու ենք մեր պետությունը, և որպես ժողովուրդ դադարելու ենք գոյություն ունենալուց։ Իհարկե, այս վերջին հանգամանքները ես քիչ հավանական եմ համարում, բայց եթե ամեն օր մենք էսքան բանից հետո էլի ինչ-որ բաներ պիտի զիջենք, ստորաքարշություն անենք, ում է պետք կյանքը, ում է պետք էդպիսի ժողովուրդը։ Օգնում են նրանք, ովքեր ուզում են դեպի լավը տանել իրենց կյանքը կամ իրենց պետությունը։ Մուրացկաններին խղճում են, մենք երբեք մուրացկան չենք եղել և չպիտի լինենք։ Պիտի կարողանանք բարելավել մեր անվտանգությունը, մեր սոցիալական վիճակը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ Սարգսյանը հարցազրույցի երկրորդ մասում, բացի վերոնշյալ թեմաներից, հայտնել է նաև, որ «բանակի մեծամասնությունը չի մասնակցել ռազմական գործողություններին, այնինչ պետք է մասնակցեր ամբողջ զորքը», և որ «2018-2020թթ․ համար նախատեսված էր ձեռք բերել հազարից ավելի հետախուզական և հարվածային ԱԹՍ, բայց նոր իշխանությունները սպառազինության պլանը փոխեցին»։
comment.count (0)