Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է․ Հարություն Ղարագյոզյան
18:15 - 30 հոկտեմբերի, 2021

Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է․ Հարություն Ղարագյոզյան

Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը։

Վերջինս, Infocom-ի հետ զրույցում խոսելով քարոզարշավի մասին, պատմում է, որ այն ընթանում է խաղաղ ու հանգիստ․ «Ներկայացնում ենք մեր ծրագրերը ու գաղափարները, կետ առ կետ լուսաբանում ենք այն, ինչ ներառված է մեր ծրագրում։ Բակային հանդիպումներ ենք ունենում բնակչության հետ, նրանք իրենց հարցերն են առաջ քաշում, մենք որքանով կարողանում ենք, պատասխանում ենք հարցերին»։

Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը, Ղարագյոզյանի կարծիքով, աշխատատեղերի ստեղծումն է․ «Մեր նախընտրական ծրագրում ունենք մի քանի կետեր, քիչ գրել ենք, շատ պետք է անենք, բայց առաջնահերթ և առաջնային խնդիր այստեղ աշխատեղերի հարցն է, որը շատ լուրջ է։ Ես յոթ կետից բաղկացած ծրագիր եմ ներկայացրել, ծրագրում ամեն ինչ գրված է՝ քաղաքաշինություն, կրթություն, սպորտ, մշակույթ, կանաչապատում, տուրիզմ․ այս ամեը նշված ունենք, բայց եթե մարդը չունենա աշխատելու ունակություն, սոցիալապես անապահով վիճակում գտնվի, նա ինչպե՞ս կարող է բարեկեցիկ կյանքից օգտվել։ Ինչ ուզում ես կառուցի, այդ մարդու «աչքը չի գալու», եթե տանը ունի սոցիալական խնդիր, ապրելու խնդիր, աշխատելու խնդիր»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են աշխատատեղեր ստեղծելու Ստեփանավանում, Ղարագյոզյանը հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, գործարաններ ունի, կարող են այդ գործարանների մասնաճյուղերը նաև Ստեփանավանում բացել․ «Ստեփանավանը կունենա այն գործարանների մասնաճյուղերը, որոնք այսօր Գագիկ Ծառուկյանն ունի Աբովյանում։ Օրինակ, սրբիչի գործարանը, կարի արտադրամասերը, որոնք Ստեփանավանում եղել են և կվերականգնվեն։ Մեր ղեկավարի միջոցներով քաղաքում կլինեն այդպիսի աշխատատեղեր։ Ստեփանավանում նաև տուրիզմը կարող է զարգանալ, մեր կլիման, բնական ռեսուրսները այդ հնարավորությունը տալիս են։ Գագիկ Ծառուկյանը գործարարների միջոցով կարող է մեծ ներդրումներ բերել, ինչի արդյունքում քաղաքում կստեղծվեն մշակութային վայրեր, սրճարաններ և այլն»։

Համայնքապետի թեկնածուն կարծում է, որ Աշոտաբերդ թաղամասում առկա խնդիրը կարող է լուծվել բարերարների և կառավարության համատեղ աջակցությամբ․ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած քաղաքացիներին Աշոտաբերդ թաղամասում փայտաշեն տներ են հատկացվել։ Դրանք, բնակիչների խոսքով, տրամադրվել են 5-7 տարի ժամկետով, սակայն մարդիկ այնտեղ ապրում են 30 տարուց ավելի։ 2018 թ․-ին բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 3 հոգի էր մահացել, ավելի վաղ ևս մեկ տարեց բնակիչ էր հրդեհի զոհ դարձել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը փայտաշեն տների վատ վիճակն է։

«Աշոտաբերդ թաղամասում 24 շենք է՝ 1024 փաստացի բնակիչով։ Պետք է այս մարդկանց համար կառուցվեն բազմաբնակարան շենքեր։ Պետք է հասնել նրան, որ պետական բյուջեի միջոցներով ներդրում արվի՝ կլինի 10%, 20%, 30%, 40% , իսկ մնացած մասը բարերարների աջակցությամբ կարող է արվել։ Մենք հնարավորություն ունենք դրսից ներդրում անելու մեր քաղաքում։ Կան մարդիկ, որ պատրաստ կանգնած են և յուրաքանչյուր պահի կարող են օգնել, եթե, իհարկե ժողովրդի վստահությունը ստանանք»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բարերարների հետ նախնական պայմանավորվածություններ արդեն ունեն, և նրանք խոստացել են մարդկանց բնակարաններով ապահովել։

Ստեփանավանի օդանավակայանի վերաբերյալ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում որևէ կետ ներառված չէ։ Ղարագյոզյանը մեր զրույցում ասում է, որ օդանավակայանի գործարկումը միայն բարերարների աջակցությամբ հնարավոր չէ, պետք է դրսից ներդրումներ արվեն։

Արմանիսի հանքավայրի շահագործման հարցն էլ, Ղարագյոզյանի պատկերացմամբ, պետք է մասնագետների միջոցով որոշվի։ Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ հանքի շահագործումը կարող է վնաս պատճառել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, ապա այն միանշանակ չպետք է աշխատի։ «Նախկինում Ստեփանավան համայնքից մոտ 400 հոգի հանքում աշխատում էին, բայց մենք չպետք է նայենք միայն աշխատատեղին։ Եթե այդ 400 մարդը պետք է աշխատի, բայց կարող է վնաս պատճառվի 10.000 մարդու, բնականաբար չպետք է աշխատի, ինչի՞ մասին է խոսքը»։

Հավելենք, որ Ստեփանավանի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր։ 

Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։ 

2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։  

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել