Միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում։ Լրագրողի հարցին՝ եթե դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինքն է արձանագրում, որ Հայաստանը արտաքին քաղաքական բնագավառում քարոզչական պատերազմում պարտվում է, ապա որքանով է արդարացի, որ խմբակցությունը որոշել է չմասնակցել նշյալ աշխատանքներին։
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ իրենց խմբակցության 12 անդամ երկրից դուրս գալու հնարավորություն չունի՝ հարուցված քրեական գործերի պատճառով․
«Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու, բայց իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է․․․ Երբ Սեյրան Օհանյանը չի կարողանում մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, քննիչը համաձայնություն չի տալիս, Արմեն Գրիգորյանը չի մասնակցում ԵԽԽՎ նիստին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց որոշումն այս իշխանությանը այդ արգելքները հանել ստիպելու համար է։
«Այն ինչ արել եք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը, որ հանեն այդ արգելքները «Հայաստան» խմբակցության պատգամավորների համար, որպեսզի այդ ամբիոնները լիարժեք օգտագործենք մեր ազգային շահերը պաշտպանելու համար»։
Քոչարյանը վստահեցրեց, որ հենց այդ արգելքները հանվեն, իրենց պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։
comment.count (0)