Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|
12:47 - 21 փետրվարի, 2022

Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Արցախում մտահոգությամբ հետևում են Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Քաղաքացիական բնակչության տարհանում, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել 2020 թվականի Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի մասին: Որպես մարդ, որն անձամբ է տեսել և մեծ տառապանքներ ապրել Ադրբեջանի հետ երկու պատերազմներում, չէի ցանկանա նման մասշտաբի տառապանքներ տեսնել աշխարհի ոչ մի կետում, այդ թվում ՝ Դոնբասում: Ցավալի է, որ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու հավակնությունները հանգեցնում են շարունակվող մարդկային տառապանքների»,- գրել է Բեգլարյանը:

Բեգլարյանը հույս ունի, որ ողջամտությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը:

«Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Եվ չնայած, այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարատև կարգավորման»,- գրել է Բոգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել