Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի
18:58 - 12 մարտի, 2022

Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Իր հերթական ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ վաղ առավոտից ուկրաինական Մելիտոպոլում մարդիկ ընդդեմ ռուսական զորքերի ցույց են անցկացրել։ Ըստ Զելենսկու՝ քաղաքի հրապարակում ավելի քան 2000 մարդ է եղել։ 

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ՝ իր գիշերվա ելույթի ժամանակ հայտնել էր, որ ռուսական կողմը  գերեվարել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Նոր ուղերձում Զելենսկին կրկնեց քաղաքապետին բաց թողնելու կոչը։

«Մենք կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսրայելին և այլոց, խոսել Մոսկվայի հետ։ Ես անձամբ եմ զանգել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք աշխարհի առաջնորդներից ակնկալում ենք ցույց տալ, թե ինչպիսի ազդեցություն նրանք կարող են ունենալ այս իրավիճակի վրա, ինչպես կարող են նրանք անել մի պարզ բան՝ ազատել մի մարդու»,- ասաց նա։

Ուկրաինայի նախագահը նշեց, որ իրենք այսօր կրկին հումանիտար օգնություն են ուղարկել Մարիուպոլ։

«Ուկրաինական զորքերն, իրենց հերթին, երաշխավորում են կատարյալ «լռություն» երթուղու ողջ երկայնքով, որ Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր ու դեղորայք, և Մարիուպոլի քաղաքացիները կարողնանա գնալ ապահով վայրեր»,- ասաց նա։

Զելենսկին նշեց, որ Մակարիվից, Բորոդյանկայից, Տրոստյանեցից և մի շարք այլ վայրերից մարդասիրական միջանցնքներ են նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս պետք է այս երթուղիներից յուրաքանչյուրի դեպքում երաշխավորի, որ չի կրակի։

Զելենսկին նաև անդրադարձավ Եվրոպայի հետ աշխատանքներին՝ նշելով, որ դրանք ընթանում են երկու ուղղությամբ․ «Առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ մենք աշխատում ենք Եվրահաձնաժողովի հետ՝ համաձայնացնելու բոլոր գործընթացները՝ որքան հնարավոր է, շուտ ԵՄ-ին միանալու համար։ Երկրորդ ուղղությունը սանկցիաներն են. մենք սպասում ենք ՌԴ-ի դեմ Եվրոպայի սանկցիաների նոր փաթեթին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել