ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևերն ու կոչերը:
Խոսելով երկկողմ փոխգործակցությունից` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված` «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:
Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ` Էդուարդ Աղաջանյանը արժևորել է բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության զարգացումը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը, ինչպես նաև Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, որը մարդասիրական խնդիր է:
Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն: Անն Լույոն խոսել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման կարևորության մասին, բարձր գնահատել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:
comment.count (0)