Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի հետ բանակցությունների հերթական փուլի հաջողության հարցում
15:24 - 28 մարտի, 2022

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի հետ բանակցությունների հերթական փուլի հաջողության հարցում

Ռուսաստանը շահագրգռված է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կայանալիք բանակցություններն արդյունավետ լինեն։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդ բանակցությունները շարունակվել են։ Եվ հիմա էլ են շարունակվում, դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը Ստամբուլում՝ այս անգամ արդեն առկա ռեժիմով՝ մի շարք տեսակոնֆերանսներից հետո։ Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ բանակցություններն արդյունք տան», - ասել է նա։

Ռուսաստանը ձգտում է այնպես անել, որ Ուկրաինան դադարի «յուրացվել Արևմուտքի, Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից՝ ռազմական առումով», ասել է Լավրովը։

«Մենք պարտավոր ենք այնպես անել, որ Ուկրաինան <…> դադարի լինել մի երկիր, որին անընդհատ միլիտարացնում են և փորձում այնտեղ հարվածային զենք տեղակայել, որը սպառնում է Ռուսաստանի Դաշնությանը», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Ես, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ պայմանավորվելու շանսեր կան, քանի որ երկարամյա կոպիտ սխալների գիտակցում մեր արևմտյան գործընկերների կողմից առկա է, թեև, հասկանալի պատճառներով, հազիվ թե նրանք դա բարձրաձայնեն», - ընդգծել է Լավրովը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բելգրադը կարող է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների համար հարթակ դառնալ, Լավրովն ասել է, որ այս պահին հանդիպումը Ստամբուլում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա, բայց պատրաստակամություն կա «դիտարկելու նաև այլ վայրեր, այդ թվում՝ Բելգրադը»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել