Լիբիան հետ է գլորվում դեպի բռնություն և քաոս․ The Associated Press
15:28 - 03 հունիսի, 2022

Լիբիան հետ է գլորվում դեպի բռնություն և քաոս․ The Associated Press

The Associated Press-ը գրում է Լիբիայում ստեղծված քաղաքական իրավիճակի, երկիշխանության և վերջին զարգացումների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Լիբիացիներից շատերին մայրաքաղաք Տրիպոլիում նախորդ ամիս տեղի ունեցած բախումները ծանոթ մի բան են հիշեցրել․ կրկին փողոցային բախումներ, կրակոցներ և իրենց տներում թաքնվող մարդիկ։ Այդ օրը համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի տղամարդ մզկիթի բարձրախոսով բղավում է․ «Վերջ պատերազմին, մեզ պետք է մեր երիտասարդ սերունդը»։

Այս բախումները ցույց են տվել, թե որքան փխրուն է հարաբերական անդորրը Լիբիայում, որը հաստատվել էր վերջին մեկ տարում, և թվում է, թե պատմությունը կրկնվում է։ Այժմ մասնագետներն ասում են, որ երկրի վերամիավորման պահը բաց է թողնվել, և ապագան մռայլ է պատկերվում։

Եվ կրկին երկու հակադիր կառավարություններ պայքարում են Լիբիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ քաղաքացիական պատերազմի ճիրաններում է։ Մայրաքաղաքում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Լիբիայի երկու վարչապետներից մեկը մյուսին մարտահրավեր է նետել՝ ժամանելով Տրիպոլի՝ իր մրցակցի նստավայր։

Լիբիան տարիներ շարունակ պառակտված է եղել երկրի արևելքում և արևմուտքում միմյանց հետ մրցակցող վարչակազմների պատճառով, որոնցից յուրաքանչյուրին սատարում են ապօրինի զինված խմբավորումներ և օտարերկրյա կառավարություններ։ Երկիրը ցնցումների մեջ է այն ժամանակվանից, երբ ՆԱՏՕ-ի աջակցությամբ 2011 թ-ին տեղի ունեցած ապստամբության հետևանքով պաշտոնանկ արվեց և սպանվեց տարիներ շարունակ պաշտոնավարող բռնապետ Մուամար Քադաֆին։

Սակայն վերջին երկու տարում պլան մշակվեց, որը պետք է երկիը բերեր դեպի ընտրություններ։ 2021 թ-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ ժամանակավոր կառավարություն ձևավորվեց, որը պետք է լիբիացիներին նախապատրաստեր ընտրություններին։ Դրանք նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա վերջին։

Վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած այդ կառավարությունը միջազգային հանրության ճնշման ներքո կարճ ժամանակով միավորեց քաղաքական խմբավորումները։ Սակայն քվեարկությունն այդպես էլ չկայացավ, պլանը ձախողվեց, երկիրը ճգնաժամի մեջ հայտնվեց։

Լիբիայի արևելյան թևի օրենսդիրներն, ազդեցիկ խոսնակ Ագիլա Սալեհի գլխավորությամբ, հայտարարեցին, թե Դբեյբայի մանդատը սպառվել է, քանի որ ժամանակավոր կառավարությունը չի կարողացել ընտրություններ անցկացնել։

Ավելին, նրանք որպես նոր վարչապետ ընտրեցին ներքին գործերի ազդեցիկ նախկին նախարար Ֆաթհի Բաշագային։ Նրանց սատարեց ազդեցիկ հրամանատար Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորած զորքերը վերահսկում են երկրի արևելքն ու հարավի զգալի մասը՝ ներառյալ խոշոր նավթահանքերը։

Դբեյբան հրաժարվեց հեռանալ, նրան աջակցող խմբավորումները Լիբիայի արևմուտքում դեմ են Հաֆթարին։ Նրանց պնդմամբ՝ Դբեյբան աշխատում է ընտրությունների անցկացման ուղղությամբ։

Վերլուծաբանները թերահավատորեն են տրամադրված։

«Չեմ կարծում, թե նրանք այս տարի կարողանան ընտրություններ անցկացնել», - ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Լիբիայի հարցերով փորձագետ Կլաուդիա Գացինին՝ կասկած հայտնելով նաև, որ ընտրությունների շուրջ Լիբիայի քաղաքական ուժերի փոխզիջման գալուն ուղղված ՄԱԿ ջանքերը որևէ հաջողություն կգրանցեն։

Իշխանության համար պայքարն իր գագաթնակետին հասավ մայիսի 17-ին, երբ Բաշագան Տրիպոլի ժամանեց և փորձեց այնտեղ իր իշխանությունը հաստատել։

Սակայն նա բախվեց Դբեյբայի կողմնակիցների կոշտ դիմադրությանը, ինչը բախումներ առաջացրեց, որոնք ցնցեցին քաղաքը։ Բաշագան նահանջեց, այնուհետև իր շտաբ-բնակարանը տեղակայեց Սիրտ ծովափնյա քաղաքում։

Սակայն նրա նահանջից հետո ևս Տրիպոլիում լարվածությունը պահպանվում է։ Ոմանք կարծում են, որ Բաշագան կարող է ևս մեկ փորձ ձեռնարկել կամ կարող է գոնե փորձել Տրիպոլիում ավելի մեծ աջակցություն ձեռք բերել։

Մինչդեռ Լիբիայի արժեքավոր թեթև նավթը նույնպես օգտագործվում է՝ որպես իշխանության համար պայքարի միջոց։ Երկրի խոշորագույն նավթահանքերի աշխատանքը կասեցված է, դրանք վերահսկում են Հաֆթարին հավատարիմ զինյալները, որը սատարում է Բաշագային։

Նավթային արգելափակումը, որը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճի ֆոնին, ըստ ամենայնի, ուղղված էր Դբեյբայի կառավարությանը միջոցներից զրկելուն և նրա մրցակցի հնարավորություններն ընդլայնելուն։

Բաշագան ու Սալեհը հայտարարել են, որ նավթահորերը կվերագործարկվեն պայմանով, որ նավթից ստացվող եկամուտները ժամանակավոր կսառեցվեն, մինչև որ մրցակցող կողմերը պայմանավորվեն նավթային միջոցների բաշխման մեխանիզմի շուրջ։

Պատերազմն Ուկրաինայում շեղել է միջազգային հանրության ուշադրությունը, սակայն դրա ազդեցությունը զգացվում է նաև Լիբիայում, որտեղ Ռուսաստանը մեծ դեր է խաղում։

Ռուսաստանը ճանաչել է Բաշագայի կառավարությունը, ինչն, ըստ Գացինիի, արևմտյան երկրներին խանգարում է նույն բանն անել, որպեսզի չհամարվի, թե նրանք Ռուսաստանի հետ մի ճամբարում են։

Սովորական լիբիացիների համար նախորդ ամսվա արյունալի բռնությունը, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել, հիշեցում էր այն մասին, թե որքան փխրուն է հարաբերական անդորրը։

«Քաոսն ու կոնֆլիկտները մի բան են, որից նրանք սնվում են», - ասում է 30-ամյա քաղծառայող Մոհամեդ Աբու Սալիմը Տրիպոլիից՝ նկատի ունենալով մրցակցող քաղաքական գործիչներին։

«Եթե իրոք հավատում եք, թե այդ մարդիկ թույլ կտան ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ապա չարաչար սխալվում եք», - հավելում է նա»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել