ՀՀ ԱԳՆ կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը․ Արարատ Միրզոյան |1lurer.am|
14:01 - 06 հունիսի, 2022

ՀՀ ԱԳՆ կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում խոսեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա իր ուղղակի անդրադարձն է գտել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարի և մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա:

Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը:

Շուրջ մեկամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին  գործերի նախարարների առաջին և երկրորդ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց նաև, որ վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը:

«Մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ»,- ասաց Միրզոյանը:

Նախարարն ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով մյուս հանդիպումը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել