Կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Անդրանիկ Քոչարյան
12:32 - 16 սեպտեմբերի, 2022

Կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանական հերթական ճեպազրույցի ընթացում անդրադառնալով Նախիջևանի կողմից Ադրբեջանի հնարավոր հարձակման լուրերին, նշեց․ «Մենք պետք է զգոնությունը չկորցնենք, մեր զինված ուժերը համապատասխան տեղեկությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունեն։ Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրները և կառավարման այն հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»։

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ խոսեց երեկվա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․ «Երեկ շատ կարևոր արձանագրություններ են հնչել, հասցեական գնահատականներ, և սա շատ արդյունավետ է, այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ դիվանագիտական կորպուսին՝ իր կատարած աշխատանքի համար, և մենք հույս ունենք, որ միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի իր գործողությունները»։ 

Նա նաև հայտնեց, որ զոհերի, վիրավորների, անհետ կորածների տվյալները ճշտվում են, և կհրապարակվեն բացառապես վերջնականապես ճշտված տվյալներ։

Անդրանիկ Քոչարյանն էլ, պատասխանելով հարցին, թե ինչու հնարավոր չէ մինչև հիմա ճշտել այդ թվերը, նշեց․ «Որովհետեւ դա շատ բարդ խնդիր է, ենթադրենք՝ անհետ կորածներ կան, դուք կարո՞ղ եք ասել՝ նրանք մահացա՞ծ են, թե՞ ոչ, մենք կասենք այն ժամանակ, երբ որ կճշտենք, սա շատ պարզ տրամաբանություն է»։

Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձավ զոհերին իդենտիֆիկացնելու հարցին․ «Երբ որ ասվել է 105 զոհ թիվը (այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է- խմբ․), դա նշանակում է, որ դա այլևս իդենտիֆիկացման փուլ չունի անցնելու։ Անուն-ազգանունով հերթով կհրապարակվեն։ 105 թիվն ասում է, եթե զոհերը ճանաչել ենք, նշանակում է՝ գիտենք՝ որ մարմինն ում է պատկանում»։

Հարցին՝ ինչու զոհերի անունները չեն հրապարակվում, Քոչարյանը պատասխանեց՝ կհրապարկվեն։ Իսկ այն հարցին, թե՝ երբ, եթե հիմա իդենտիֆիկացման խնդիր չկա, Քոչարյանն ասաց․ «Ես կարծում եմ խնդիրը խնդիր չլինելու մեջ է։ Այսինքն՝ էդ ընթացակարգերը՝ ճանաչել, պատրաստել, տեցեկացնել, դրանք հերթականությամբ կլինեն»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ զոհերի հրապարակված թիվը կարող է փոխվել (ճեպազրույցի ժամանակ խոսվում էր 105 զոհի մասին, քիչ անց Փաշինյանը հայտնել է, որ հաստատված զոհերի թիվը 135 է- խմբ․)․ «Ինչի հաշվին․ մենք ունենք անհետ կորածներ ևս՝ իքս քանակի, և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինեն մահացածները, անհետ կորածները և գերեվարվածները։ Եվ ասեմ՝ ինչու թիվն ամբողջությամբ չի հրապարակվում, որովհետև 105-ի մեջ կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»։

Ճշտող հարցին՝ երբ Քոչարյանն ասում է՝ կան դիակներ, որոնք գտնվում են մեր տնօրինման տակ չգտնվող տարածքներում, նկատի ունի՝ կան դիրքեր, որոնք հակառակորդի վերահսկողության տա՞կ են, և դիակները այնտե՞ղ են, պատգամավորն ասաց, որ չի պարզաբանի․ «Ոչ, չեմ պարզաբանի»։ 

Հարցին՝ ինչո՞ւ, նա արձագանքեց․ «Հենց էդպես, որովհետև դուք հիմա տալիս եք հարցեր, որոնց պարզաբանման ո՛չ կարիքը, կա ո՛չ հնարավորությունը։ Ես պարզ ասեցի՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն մեր տնօրինման տարածք։ Դա էլի բարդ խնդիր ա էս պահի դրությամբ, հրադադարի հնարավորություն էսօր ունենք, բայց էդ պայմաններում էլ նման գործողությունները որոշակի ընթացակրագ են պարունակում։ Չեք տեսե՞լ՝ սպիտակ դրոշ ա լինում, պայմանավորվում են, որպեսզի էդ տեղափոխությունների ժամանակ էլ ավելորդ լարվածություն և կրակոցներ չլինեն, ամեն ինչ կլինի՝ ըստ տրամաբանության և ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության»։

Իսկ այն հարցին, թե Ադրբեջանը հայտարարել էր, որ հարյուր մարմին կարող է վերադարձնել առանց ոչ մի բանի, ադրյոք այդ հարյուր մարմինը վերադարձվե՞լ է։ Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանել, Ադրբեջանը երեկ էլ մի ամբողջ ցանկ էր հրապարակել տեխնիկական միջոցների, ինչ որ իրենց տնօրինման տակ է եղել, էդ ցանկի մեջ որոշ բաներ ճիշտ ա, որոշ բաներ՝ ոչ։ Նաև ասեմ, որ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, որ գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքում նաև համայնքային կառավարման կենտրոններ։ Դրոշ էին գցում ոտքերի տակ։ Եկեք դուրս գանք և շարժվենք պաշտոնական տեղեկատվությամբ, սպասենք մյուս պաշտոնական տեղեկություններին (նկատի ունի նաև զոհերի մասին պաշտոնական տեղեկությունները-խմբ․)»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել