ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը
10:53 - 07 հոկտեմբերի, 2022

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։

«Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը տեցի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։

«Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել