«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն
20:52 - 15 հոկտեմբերի, 2022

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն, կազմակերպիչների խոսքով՝ շնորհակալություն ասելու Մակրոնի հայտարարությունների համար, քանի որ վերջինը «բաց տեքստով խոսեց պուտինյան Ռուսաստանի կեղծավոր, ադրբեջանամետ, թուրքամետ քաղաքականության մասին»։

Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը, նա նշեց․

«ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվել է տեռորիզմը հովանավորող, ֆինանսավորող երկիր, ՄԱԿ գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով չի ճանաչել այսպես կոչված հանրաքվեները (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ ՌԴ կազմ մտնելու հանրաքվեները-խմբ․ )։ Բանաձեւի օգտին քվեարկել է 143 երկիր, ընդամենը 5-ը դեմ՝ Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա եւ Նիկարագուա։ Պոտինից երես են թեքում ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արդեն Չինաստանը, Հնդկաստանը, եւ երեկ Աստանայում մենք տեսանք, որ Պուտինի վրա մատ են թափ տալիս արդեն Տաջիկստանը եւ միջինասիական երկրները։ Պուտինին հավատարիմ ծառայում են մենակ Լուկաշենկոն եւ Փաշինյանը»։

Գասպարյանն անդրադարձավ նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երեկվա նիստին․

«Երեկ ընդունվել է 18 փաստաթղթերից բաղկացած փաթեթ, այդ թվում արձանագրային որոշում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին։ Փաշինյան կոչված խամաճիկը ԱՊՀ գագաթաժողովում ասել է․

«Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։

Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։

Ասեց եւ քվեարկեց կողմ, եւ այդ որոշումը կայացվեց, եւ այդ որոշման արդյունքում Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ երկիր, կարգավիճակ ստացավ ՀԱՊԿ-ում, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի թեթեւ ձեռքով Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, համարվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ դա նշանակում է, որ սրանից հետո Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի փաթեթավորմամբ, կարող է փորձել իրականացնել Զանգեզուրի Հարավային Հայաստանի անեքսիան, որպեսզի ստանա «Զանգեզուրի միջանցքը», - նշել է Գասպարյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել