ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա
19:47 - 29 հոկտեմբերի, 2022

ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ն այսօր՝ հոկտեմբորի 29-ին հանրահավաք իրականացրեց Երևանի Ազատության հրապարակում, ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա, որտեղ կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Մոսկվայում նախատեսված հանդիպմանը․

«Վերջին օրերին մենք ականատեսը եղանք ԱՄՆ կողմից ուղիղ խոսքի՝ ուղղված Փաշինյանին՝ հասկացնելով, որ պետք չէ գնալ Մոսկվա, պետք չէ գնալ այլևս Պուտինի դուռը, սակայն ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը համառորեն ունի որոշում․ պիտի գնա։ Որպես քաղաքական ուժ՝ մենք ունենք մեր առաջարկը․ առաջնահերթորեն այսօր մենք ասում ենք՝ Փաշինյա՛ն, պիտի չգնաս, այս անգամ գոնե լսիր հայ ժողովրդի ձայնը, ես կասեի։ Սակայն պարզ է, որ լուծումը միայն չգնալու մեջ չէ․ չգնալն անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Մենք գիտենք, որ այս ժամանակահատվածի ամենավտանգավոր գործընթացը, որ սպասարկում է Փաշինյանը, ռուս-թուրքական հայտնի պայմանավորվածությունն է, որ երբ մոտ ապագայում Ռուսաստանը հեռանա Այսրկովկասից, Հայաստանը, որ այժմ ՌԴ ազդեցության տակ է, դուրս բերի և տանի Թուրքիա։ Ամենավտանգավոր հանգամանքը այս օրերին այս վտանգն է, որ պետք է կանխվի», - նշեց Սեֆիլյանը։

Նա նաև լուծումներ առաջարկեց․

«Փաշինյա՛ն, պիտի վեջապես դադարես կառչած մնալ քո սիրահարված աթոռից, և տեղդ զիջես քո թիմից որևէ մեկին, որը, ի հեճուկս քեզ, կգա և չի սպասարկի այդ հայտնի հանձնարարությունը, պայմանավորվածությունը և ի տարբերություն քեզ՝ ոչ թե ՀՀ-ն կհանի ՌԴ ազդեցության տակից և կտեղավորի Թուրքիայի տակ, այլ կսպասարկի հայ ժողովրդի շահերը և Հայաստանը կուղեկցի արևմուտք»։

Ժիրայի Սեֆիլյանն անդրադարձավ նաև հնարավոր հարցին, որ կարող են իրենց տալ համախոհները։ Նա, պարզաբանելով, թե արդյոք չեն շեղվում իրենց օրակարգից, ասաց․

«Բնականաբար ոչ։ Ընդհակառակը, մենք այս առաջարկով մեր հայտնի օրակարգը դարձնում ենք ավելի անցնցում։ Վստահաբար, նա, եթե հանկարծ կատարի այս առաջարկությունը, որի հույսը մենք, բնականաբար, չունենք, սակայն որպես քաղաքական ուժ պարտավոր ենք միշտ լուծումներ առաջարկել, ապա պարտադրելու ենք մեր ժողովրդի կամքը նաև փոխարինողին։ Սակայն վստահ եմ՝ եթե այդպիսի լուծում լիներ, մենք մեր նպատակին կհասնեինք շատ ավելի անցնցում, որն այդքան կարևոր է բոլորիս համար։ Առանց մեր օրակարգի պետություն չի ստեղծվելու Հայաստանում։ Այդ օրակարգը հայտնի ճանապարհային քարտեզն է՝ ժամանակավոր կառավարությունով, ուղեկցելով հակաճգնաժամային ծրագրով և առնվազն 1.5 տարի ժամկետով նախապատրաստվել, հետո կազմակերպել ընտրություն», - նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը՝ անկախ նրանից՝ կընդունվի իրենց առաջարկը, թե ոչ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել