Առաջին հերթին ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, պետք է ցանկանան բարեփոխումների հիմքեր ստեղծել․ Օհանյան
16:24 - 09 դեկտեմբերի, 2022

Առաջին հերթին ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, պետք է ցանկանան բարեփոխումների հիմքեր ստեղծել․ Օհանյան

Բարեփոխումների հիմնական նպատակը արդյունավետ կառավարումն է։ Նաև այսօրվա իշխանությունների ոչ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը առնչվող նախագծի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Բարեփոխումների հիմնական նպատակը ակնկալվող արդյունքն է։ Պետք է նայել առաջ և տեսնել, թե ինչպիսի արդյունք ենք ստանալու այս բարեփոխումներով։ Այդ առումով ուզում եմ քաղաքական մեծամասնությանը ասել, որ ընդդիմությունը ավելի լայն հնարավորություններ ունի նախևառաջ գնահատելու ձեր աշխատանքը,  նաև համեմատելու այն արժեքների, այն թերությունների հետ, որ նախկինում են եղել,  առաջարկություններ անելու ապագայի համար։ Արժեքների ձևավորման, պահպանման, ոտնահարման առումով մենք ավելի շատ բաներ ունենք ասելու։ Կխնդրեի, որպեսզի նայեինք առաջ, հատկապես դուք նայեք առաջ և ընդդիմությանը չփորձենք դասեր տալ, որովհետև մենք չենք գտնվում դպրոցում և չենք գտնվում աշակերտական նստարանի շուրջ»,-ասաց Օհանյանը՝ առաջարկելով բովանդակային քննարկումներ իրականացնել։ 

Անդրադառնալով ՆԳՆ ստեղծման հարցին՝ Օհանյանն ասաց՝ ամենակարևոր խնդիրը քաղաքական, քաղաքացիական խորհրդարանական վերահսկողությունն է այն բոլոր խնդիրների շուրջ, որոնք վերաբերվում են անվտանգությանը, ազգային անվտանգության ռազմավարությանը․ «Առաջին հերթին տվյալ ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, պետք է ցանկանան բարեփոխումներ և հիմքեր ստեղծել բարեփոխումների համար։ Այսօր ես չեմ ուզում անդրադառնալ հետապնդումներին, բռնաճնշումներին, գոնե վիրավորական պահերը զոհվածների ծնողներին, վիրավորական պահերը պատերազմով անցած մարդկանց մեր համար ես գտնում եմ, որ անընդունելի է։ Վիճահարույց է նաև այս նախագծում  կոչումների շնորհման խնդիրները, որովհետև անհասկանալի է, որ գեներալ-գնդապետի, գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհում է վարչապետը, բայց նրանց ենթակայության տակ գտնվող, օրինակ, ոստիկանական զորքերի կոչումը շնորհում է Սահմանադրությունը։ Այստեղ ես գտնում եմ, որ ապագայի համար քննարկման առիթ ունենք»։

Օհանանը նաև նշեց, որ նախարարը պետք է ունենա քաղաքացիական, ինչպես նաև մասնագիտական վերահսկողության հնարավորություն․ «Ես ընդմիջման ժամանակ զրուցեցի փոխնախարարի հետ և հասկացա, որ այնտեղ բաժինների ձևավորման խնդիր, կառուցվածքի վրա աշխատելու խնդիր կա»։

Լուսանկարը՝ Ազգային ժողովի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել