Բելառուսում այս տարի ՀԱՊԿ-ի երեք զորավարժություն կանցկացվի |news.am|
09:47 - 16 հունվարի, 2023

Բելառուսում այս տարի ՀԱՊԿ-ի երեք զորավարժություն կանցկացվի |news.am|

news.am: Բելառուսում այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երեք զորավարժություն կանցկացվի։ Այս մասին СТВ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Այս տարի մենք պատիվ ունենք ղեկավարել կազմակերպությունը և նախագահել այնտեղ։ Սա նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ նախագահությունն անցկացվելու է «Համերաշխությունից և համագործակցությունից դեպի խաղաղություն և անվտանգություն» կարգախոսով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականը նախագահի կողմից հայտարարվել է Խաղաղության և Արարման տարի, սա հստակ ուղի է սահմանում մեր ներքին և արտաքին քաղաքականության համար։ Ուստի սա մեզ համար կարևոր որոշում է և կազմակերպությունում մեր երկրին վերապահված կարևոր դերակատարում,- ասել է Պավել Մուրավեյկոն՝ հավելելով, որ իրենք իրենց համար մի շարք առաջնահերթություններ են սահմանել։

Մասնավորապես, ըստ նրա, առաջնահերթությունների թվում են խաղաղության և հանգստության պահպանումը, տարբեր ճգնաժամային իրավիճակների տեղայնացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի ապակայունացման կանխումը․ «Երկրորդ կարևոր առաջնահերթությունը կազմակերպության հավաքական ուժերի զարգացումն է։ Սա կարևոր խնդիր է, այսօր կազմակերպությունն ունի որոշակի ռազմական ներուժ, որը պետք է զարգացնել, կատարելագործել, համատեղ գործունեություն ծավալել։

Մյուս ուղղությունը կազմակերպության հեղինակության, այլ միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ փոխգործակցության բարձրացումն է»։ 

«Այս ամենն արվում է կայունություն ապահովելու և առաջացող և առկա ռիսկերն ու մարտահրավերները կանխելու համար։ Օբյեկտիվորեն կասեմ, որ նման ոլորտները որպես առաջնահերթություն ընտրելով, որոշակի ընդգծումներ են արվել։ Մասնավորապես, նախատեսվում է Մինսկում անցկացնել Եվրասիական անվտանգության վերաբերյալ միջազգային համաժողով, բավական լայն երկխոսություն ծավալել արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ԱԽ քարտուղարների մակարդակով ՀԱՊԿ-Չինաստան գծով,- հավելել է նա։

Ապա նա ներկայացրել է ռազմական կողմը. «Չորս վարժանքներից, որոնք կազմակերպությունն անցկացնում է տարեկան, երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցությունը», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքի «Էշելոն» զորավարժությունները։ Այս ամենը տեղի կունենա մեր երկրի տարածքում սեպտեմբերին։ Մեծ շրջադարձ կլինի տեղեկատվական և վերլուծական բաղադրիչի զարգացումը, քանի որ ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է աշխարհին։ Շեշտը դրվել է սրա վրա, և սա նույնպես մեր նախագահության առաջնահերթություններից է»,- ասել է նա։

Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։ 

Ավելի ուշ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ 

Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։

Հավելենք, որ Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները, ինչի մասին այս տարվա սկզբին հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել