Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերը, դրանք հենց իրենք՝ արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Փաթելի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը փետրվարի 11-ին հայտարարել էր․ «․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»:
Զախարովան նշել է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը «պատմության աղբանոց» է ուղարկվել անցյալ տարվա փետրվարին, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրին շփումները իրենց ռուս գործընկերոջ հետ»։
«Ընդ որում, այդ գործողությունների համար հասկանալի բացատրություններ այդպես էլ չեն եղել: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ավելացրած լինի որևէ արժեք»,- հայտարարել է Զախարովան։
comment.count (0)