Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող։
Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը ներկայացրեց ադրբեջանական հարձակման տեսանյութը, իսկ Ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որում երևում էր Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին՝ մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վայր։
Երեկ Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանն այս թեմայով հարցազրույց անցկացրեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հարցարույցի ընթացքում Պետրոս Ղազարայանը Արցախի պետնախարարին այսպիսի հարց ուղղեց․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, պարո՛ն Ներսիսյան, որ դեպքը չի եղել ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքում, այլ եղել է շփման գծում»։
Գուրգեն Ներսիսյանը պատախանեց․ «Դեպքը եղել է շփման գծի մոտ, այո՛, և այն Ստեփանակերտից ընդամենը 6-7 կմ հեռավորության վրա է։ Եվ եթե խոսքը վերաբերում է միջանցքին, ապա այն միջանցքի հետ որևէ առնչություն չունի․ այն մինչև միջանցքին հասնելը գտնվող հատվածում է»։
Միջանցք ասելով՝ Արցախի պետնախարարը նկատի ունի Լաչինի միջանցքը։
Իսկ հարցին, թե ով է կրակել ադրբեջանցի դիվերսանտների վրա, պետնախարարը պատասխանեց․ «Այդ հատվածը, ես ինչպես նշեցի, Ստեփանակերտին մոտ գտնվող հատված է և գտնվում է մեր վերահսկողության տակ, այնտեղ մեր քաղաքացիական բնակչությունը կարող է հայտնվել, մարդիկ կան այնտեղ, անասնապահությամբ են զբաղվում, և մոտակայքում կան արցախցիների անվտանգությունն ապահովող անձինք, ովքեր, բնականաբար, ապահովում են մեր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը և հնարավորությունը։ Եվ երբ տեղի ունեցավ այդ հարձակումը և դիվերսիոն փորձը, որը կարող էր նաև այլ հետևանքներ ունենալ (մենք, բնականաբար, Ադրբեջանի բոլոր ծրագրերի մասին չգիտենք), բնականաբար, իրենք, այո՛, սկսեցին ինքնապաշտպանություն ապահովել»։
Արցախի պետնախարարի պատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին այդ հատվածում միայն Լաչինի միջանցքն է, իսկ ընդհանուր խոսակցությունից տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս։ Սակայն դա այդպես չէ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում պարբերաբար թարամցվող քարտեզ է հրապարակված, որտեղ երևում են ինչպես Արցախում խաղաղապահների դիտակետերը, այնպես էլ խաղաղապահների պատասխանատվության գոտին։ Քարտեզի վրա նշված է, որ կապույտ գծից ներս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։
Ռուսաստանի ՊՆ կայքում հրապարակված քարտեզը
«Հետք»-ը երեկ, հիմնվելով Արցախի ոստիկանության և ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութերի վրա, տեղորոշել էր դիվերսիոն խմբի հարձակման վայրը։
Ստորև կարող եք տեսնել դեպք վայրը, Շուշիից Լիսագոր հատվածը, և այդ հատվածով անցնող ճանապարհը (ճանապարհը քարտեզի վրա դեղին գույնով է)։
Նայելով խաղաղապահ զորախմբի հրապարակած քարտեզին՝ պարզ է դառնում, որ Շուշիից Լիսագոր հատվածի ճանապարհը (քարտեզի վրա կրկին նշված է դեղին գույնով) կապույտ գծից ներս է, իսկ դեպքի վայրն ավելի խորքում է, քան ճանապարհը։ Սա նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն օր տեղեկագիր է հրապարակում՝ ներկայացնելով Արցախում իրավիճակը և կատարվող աշխատանքները։ Մարտի 5-ի տեղեկագրում միջադեպի մասին ոչինչ չկար, իսկ մարտի 6-ի տեղեկագրում նշվում էր հետևյալը․ «Մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմն ունեցել է հետևյալ կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»։
Հետաքրքիր է, որ անդրադառնալով կատարվածին՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունն արձանագրել է, որ ոստիկաններին տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Այսպիսով, Պետրոս Ղազարյանի և Գուրգեն Ներսիսյանի հարցուպատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, սակայն իրականում դեպքը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Գլխավոր լուսանկարում՝ ոստիկանության ծառայողների մեքենան
Աննա Սահակյան, Ռոման Աբովյան
comment.count (0)