Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Քանի որ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոնշյալ ցանկում ևս առկա չէ, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Հաշվի առնելով այն, որ Քննչական կոմիտեն ներառված է վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետում թվարկված կառույցների ցանկում, ինչպես նաև այն, որ ըստ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, ինչն էլ հենց ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու պահանջներից մեկն է, Արգիշտի Քյարամյանի՝ այդ պաշտոնում նշանակումը հնարավորություն է ստեղծել նրա՝ ԱԱԾ պետի տեղակալ նշանակումն իրականացնել «օրենքի տառին» համապատասխան։

Քանի որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ նվազագույն պաշտոնավարման ժամկետ, հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։

Միաժամանակ նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, այս տարվա հունվարին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեորգի Կուտոյանը նախկինում ևս նմանատիպ ընթացակարգով էր նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Գեորգի Կուտոյանի 2016 թվականի փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 9 օր անց՝ փետրվարի 12-ին, նշանակվել էր ԱԱԾ պետ։ 

Արփի Ավետիսյան