Շարունակո՞ւմ եք մնալ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե՞ ամեն դեպքում «գզրոցում» ինչ-որ բաներ ունեք, կարող է՝ դուրս հանեք․ Ագնեսա Խամոյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
13:31 - 14 սեպտեմբերի, 2021

Շարունակո՞ւմ եք մնալ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե՞ ամեն դեպքում «գզրոցում» ինչ-որ բաներ ունեք, կարող է՝ դուրս հանեք․ Ագնեսա Խամոյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դարձյալ վերացարկվելով քննարկման բուն նյութից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, հարց հնչեցրեց Հոկտեմբերի 27-ի քրգործի մասին։

Խամոյանը, մասնավորապես, ընթերցեց Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիներ առաջ տված հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս ասել էր, թե Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, եւ ամեն ինչ քրգործի նյութերում է, «Ջհանգիրյանն իր գզրոցում, բարձի տակ որեւէ բան չի պահել»․ «Շարունակում եք մնալ Ձեր այս կարծիքի՞ն, թե՞ ամեն դեպքում գզրոցում պահած ինչ-որ բաներ ունեք, եւ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կարող է՝ դուրս հանեք»,- հարցրեց Խամոնյանը։

Ի պատասխան՝ Ջհանգիրյանն ասաց, որ ինչ ասել է՝ ուժի մեջ է․ «Ամեն ինչ բացահայտված է, պարզ է, հիմա էլ նախաքննությունը շարունակվում է։ Մենք էդ ժամանակ, էդ պայմաններում արել եւ կարողացել ենք անել անհնարինը, եւ էդ բոլորն արձանագրված է քրգործի նյութերում։ Այո, իմ գզրոցներում որեւէ բան չկա, ինչ կա՝ նյութերում է։ Եւ ժամանակին, երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաեւ էդ գզրոցները քրքրել են, չկասկածեք»,- պատասխանեց Ջհանգիրյանը։

Խամոյանն արձագանքեց, որ, փաստորեն, ինչ կա-չկա բացահայտված է։ Նա հարցրեց՝ այդ դեպքում ինչու է Հոկտեմբերի 27-ի թեման շարունակում քաղաքական շահարկումների առարկա լինել՝ նաեւ ԱԺ նիստերի դահլիճում։

Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ Խամոյանն իր ասածը փորձում է փոքր ինչ այլ կերպ մեկնաբանել․ «Ես չեմ ասել, որ բոլո՜ր հանցակիցները բացահայտված են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա-չկա՝ քրգործի մեջ է։ Խնդրում եմ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, որը նախկինում ՀՀ զինդատախազ եւ գլխավոր դատախազի տեղակալ է եղել։

Այս թեմային անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Վարդեւանյանը, որը նախկինում Մարտի 1-ի գործով պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի շահերը։ Դիմելով Ջհանգիրյանին՝ նա ասաց․ «Ձեր պատասխանից ստացվում է, որ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քննությունը, որի պատասխանատուն, փաստացի, Դուք եք եղել, կարողացել եք լիարժեքորեն, ամբողջությամբ իրականացնել, եւ քրգործի նյութերը համարում եք առավել քան ամբողջական։ Այդ ժամանակ, ստացվում է, ունեցել եք նաեւ դրա համար անկախություն․․․ Մի խոսքով։ Եթե գտնում եք, որ լրիվ բացահայտված չէ, բայց Դուք նաեւ, երբ հայտարարվեց նախաքննության ավարտ, շարունակել եք պաշտոնավարել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք ավարտին չեք հասցրել»։

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ո՛չ իմ կամքով»։ Նա հիշեցրեց, որ 2004 թվականի գարնանը Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի վարույթը Զինդատախազության վարույթից վերցվել եւ փոխանցվել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո, Ջհանգիրյանի խոսքով, ինքն այդ գործին այլեւս չի առնչվել։

Արամ Վարդեւանյանը ճշտեց՝ այսինքն՝ 5 տարի քննությունից հետո գործից անջատված մասով դեռ ավարտին չէին գալի՞ս։ Ջհանգիրյանը հաստատեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել