Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ
11:35 - 23 դեկտեմբերի, 2021

Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1418 անձի մարմին (մասունք)։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ 

Այս տարվա ապրիլի մեկին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանը այդ պահի դրությամբ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի եւ Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։

Ավանեսյանը նշել էր, որ մի նմուշը, օրինակ, հնարավոր է եղել նույնականացնել 7-րդ անգամից՝ որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո։ Նախարարը, սակայն, չէր հայտնել, թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքներին։

Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից հարցմամբ տեղեկացել է, որ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։ 

Կոմիտեն չի պատասխանել՝ արդյոք ՌԴ ուղարկվե՞լ են զոհվածների մարմիններ կամ մասունքներ, թե ոչ։

Քննչական կոմիտեն չի տրամադրել տեղեկություն նաեւ, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Կոմիտեն մեկնաբանել է, որ հայցվածը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

Փաստացի, պատերազմի դադարից ավելի քան մեկ տարի անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։

Մեկ այլ հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել առկա վերջին տվյալները, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմը քանի զոհ է ունեցել։ Խնդրել էինք նշել՝ որ օրվա դրությամբ է ներկայացվելիք տվյալը, եւ արդյոք ներկայացվելիք տվյալում ներառված է միայն նույնականացված զոհերի թիվը։

Դատախազությունն այս հարցումը հասցեագրել էր ՀՀ քննչական կոմիտեին։ Եւ ինչպես ԴՆԹ փորձաքննությունների վերաբերյալ հարցմանը, այնպես էլ այս մեկին Կոմիտեն պատասխանեց մեծ դժվարությամբ՝ միայն բազմաթիվ զանգերից հետո․ ընդ որում՝ պատասխանեց թերի։

Գերատեսչությունն այսպես է պատասխանել․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 20.12.2021 թվականի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ակտի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3807 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող եւ 76 քաղաքացիական անձ»:

Այսինքն՝ Քննչական կոմիտեն ոչ միայն չի նշել՝ որ օրվա դրությամբ է տվյալը, այլեւ անպատասխան է թողել հարցը՝ արդյոք ներկայացված թվում ներառված է միայն նույնականացվա՞ծ զոհերի թիվը։

Մեր զանգից եւ դիտարկումից հետո, որ պատասխանը թերի է, Կոմիտեից առաջարկեցին գրավոր ձեւակերպել հարցը՝ չնայած մեր այն բացատրություններին, որ հարցն արդեն իսկ գրավոր ներկայացվել է համապատասխան գերատեսչությանը։ 

Այսպիսով, 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների՝ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե հոկտեմբերին ուղարկված մեր հարցումը նախ անպատասխան էր մնացել՝ նաեւ բազմաթիվ զանգերից հետո։ Նույն հարցումն ուղարկել էինք նաեւ նոյեմբերին, որի պատասխանից տեղեկանում ենք, որ փորձաքննության համար Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։ Կոմիտեն չի տրամադրել տեղեկություն, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Գերատեսչությունը չի հստակեցրել նաեւ՝ արդյոք հայկական կողմի ընդհանուր զոհերի 3807 թվի մեջ միայն նույնականացվա՞ծ մարմիններն են։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել