Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն
22:55 - 04 մարտի, 2022

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի միջեւ հեռախոսազրույցը Բեռլինի նախաձեռնությամբ է կայացել։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոլցն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի տարածում ռուս եւ ուկրաինացի զինվորականների ակտիվ ռազմական գործողությունների, կողմերի ռազմական կորուստների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ։
 
Ի պատասխան՝ Պուտինը հիշեցրել է, որ Արեւմուտքն ութ տարվա ընթացքում աչք է փակել Դոնբասում մոտ 14 հազար մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան վրա, այն ցեղասպանության վրա, որը Կիեւն իրագործել է հարավ-արեւելքի բնակիչների նկատմամբ։
 
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն։ Միեւնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Կիեւում եւ այլ խոշոր քաղաքներում իբրեւ թե գնդակոծությունների մասին տեղեկատվական լցոնումները քարոզչական կոպիտ կեղծիքներ են։
 
Բացի դրանից՝ ՌԴ նախագահն իր զրուցակցին տեղեկացրել է, որ Ուկրաինայում հիմնական վտանգը գալիս է նեոնացիստների զինված կազմավորումներից, որոնք ռազմական հանցագործություններ են կատարում, կիրառում են ահաբեկչական մեթոդներ, բնակելի թաղամասերում տեղակայում են հարվածային զենքեր եւ խաղաղ բնակչությանն օգտագործում որպես վահան՝ ցինիկաբար թաքնվելով նրանց հետեւում։ Նախագահը նշել է, որ նման դեպքերն ավելի են շատանում։ Իսկ պաշտոնական Կիեւը, ընդգծել է Պուտինը, չի կատարում այդ բարբարոսությունը դադարեցնելու իր խոստումը։
 
Պուտինի խոսքով՝ ռադիկալներն ավելի քան 6 հազար օտարերկրյա քաղաքացիների պատանդ են վերցրել, մեծ մասամբ ուսանողների։
ՌԴ նախագահն ասել է, որ նրանք օտարերկրացիներին օգտագործում են որպես կենդանի վահան եւ զենքի օգնությամբ կանխում երկիրը լքելու նրանց փորձերը։
 
Պուտինը որպես ահավոր փաստ՝ հիշատակել է Սումի քաղաքում օտարերկրյա ուսանողների հանրակացարանի գնդակոծությունը նեոնացիստների կողմից։ Նա նշել է, որ այդ գնդակոծության հետեւանքով վիրավորներ կան։
 
Նախագահ Պուտինը Շոլցին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Կիեւի իշխանությունների վրա՝ օտարերկրացիների շուտափույթ ազատմանն ու նրանց անվտանգ տարհանմանը հասնելու համար։
 
Բացի դրանից, շարունակել է Պուտինը, Ուկրաինայում ավելի հաճախ է արձանագրվում վարձկանների հայտնվելը այլ երկրներից, օրինակ՝ մարտիկներ Ալբանիայից, Խորվաթիայից, Կոսովոյից եւ մարտական փորձ ունեցողներ՝ Սիրիայից։
 
Պուտինն ու Շոլցը հույս են հայտնել, որ Կիեւի ներկայացուցիչները բանակցությունների երրորդ փուլում խելամիտ եւ կառուցողական դիրքորոշում կունենան։ Պուտինը հույս ունի նաեւ, որ կհաջողվի պայմանավորվել հակամարտության գոտուց խաղաղ բնակիչներին դուրս հանելու մարդասիրական միջանցքների ստեղծման աշխատանքների շուրջ։
 
Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը պայմանավորվել են շարունակել շփումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել