Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհը բաց է․ երկու երկրները Թուրքիայի հետ հուշագիր են ստորագրել
10:30 - 29 հունիսի, 2022

Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհը բաց է․ երկու երկրները Թուրքիայի հետ հուշագիր են ստորագրել

Թուրքիան հանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Այս մասին գրում է Politico-ն։

Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երեքշաբթի երեկոյան՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որը ՌԴ-ն հայտարարել է որպես «հատուկ ռազմական գործողություն», հյուսիսային Եվրոպայի երկու երկրները՝ Ֆինլանդիան և Շվեդիան, հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին, ինչին դեմ կանգնեց Թուրքիան՝ կարծիք հայտնելով, որ Ստոկհոլմն ու Հելսինկին պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ: 

Ռուսական կողմն էլ նշեց, որ երկիրը չի համակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։

«ՆԱՏՕ-ում մենք միշտ ցույց ենք տվել, որ անկախ մեր տարաձայնություններից՝ մենք միշտ կարող ենք նստել, ընդհանուր լեզու գտնել և լուծել ցանկացած հարց»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «համատեղ հուշագիրն ընդգծում է Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի հանձնառությունը՝ ցուցաբերելու ամբողջական աջակցություն միմյանց անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ»․ «Մեր՝ ՆԱՏՕ-ի դաշնակից դառնալն ավելի կամրապնդի այս պարտավորությունը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հուշագիրն ունի մի քանի բաղադրիչ։ Նախ, նա նշել է, որ Հելսինկին և Ստոկհոլմը պարտավորվում են «լիովին աջակցել Թուրքիային՝ ընդդեմ նրա ազգային անվտանգության սպառնալիքների»:

Ստոլտենբերգն առանձնացրել է Քրդական բանվորական կուսակցությանը, որին Թուրքիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որակել են որպես ահաբեկչական կազմակերպություն․ «Երկու երկրներն էլ կաշխատեն Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը ճնշելու ուղղությամբ․․․ Թուրքիայի հետ համաձայնություն կկնքեն արտահանձնման վերաբերյալ»։

Նա նաև հավելել է, որ սկանդինավյան երկու երկրները «զենքի էմբարգո չեն դնի» Թուրքիայի դեմ։

Բացի Ստոլտենբերգի ընդգծած կետերից՝ հուշագրում նշվում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան նաև պայմանավորվել են «չաջակցել» Սիրիայում քրդական զինված ուժերին, ինչպես նաև գյուլենական շարժմանը: 

Արդեն այսօր ՆԱՏՕ-ի առաջնորդները կարող են պաշտոնական որոշում կայացնել՝ հրավիրելու Ֆինլանդիային և Շվեդիային միանալ դաշինքին: Այնուհետև գործընթացը կշարունակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում․ բոլոր 30 խորհրդարանները պետք է վավերացնեն դաշինքի ընդլայնումը: Այս տեխնիկական հարցերի պատճառով Ստոլտենբերգը հրաժարվել է երկու երկրների՝ դաշինքին պաշտոնապես միանալու կոնկրետ ժամկետ հայտնելուց։

Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն շուտով կաճի և ընդգծել «առաջադեմ, լավ զարգացած» ռազմական հնարավորությունները, որոնք երկու երկրները կբերեն դաշինքին:

Նշենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան աշխարհագրական դիրքերի տեսանկյունից ռազմավարական դիրք ունեն ՆԱՏՕ-ի համար, և Ստոլտենբերգը ընդգխել է, որ «դա իսկապես կամրապնդի իրենց ներկայությունն աշխարհի այդ հատվածում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել