Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։

1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։

2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։

2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։

2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։

2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն

ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Դրանց շարքում են, մասնավորապես՝ ֆինանսական գործընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ փոխհամաձայնեցված անօրինական կարգապահական վարույթներով դատավորներին պատասխանատվության ենթարկելը և ահաբեկման մթնոլորտի (chilling effect) տարածումը,դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում կամայականություններով ու անարդարություններով բարոյալքման մթնոլորտի սերմանումը, դատական իշխանության կառավարման ինքնուրույն մարմինների գործունեության միջամտությունը և դրանց լիազորությունների սահմանափակման փորձերը, ԲԴԽ-ի կողմից ընդունված`աշխատանքային կարգապահության և գործերի ժամկետների քողի տակ դատավորների անկախությունը սահմանափակող` «բրգաձև կառավարում» հաստատելուն ուղղված նորմատիվ իրավական ակտերով Սահմանադրական նորմերի խախտումը, նախարարի հետ սեփական շահերին միտված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները, անօրինական ցուցումների արձակումը, ապօրինի ընտրությունների կազմակերպումը և ԲԴԽ դատավոր անդամների ընտրական գործընթացներին միջամտելը, դատավորների նկատմամբ պետական ռեսուրսներով մեդիա հարձակումների կազմակերպումը, դատական իշխանության հեղինակության և ռեսուրսների հաշվին պարբերաբար ինքնագովազդով զբաղվելը, դատական իշխանության ֆինանսական ռեսուրսների` առանձնապես խոշոր չափերի գումարների վատնումը: Այս և այլ բազմաթիվ գործողություններով Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։ Նշված գործողությունների առաջացրած հետևանքների մասին համապատասխան գնահատականները դեռևս կարտացոլվեն նաև դատարանների, այդ թվում միջազգային որոշումներում: Այդուհանդերձ՝ սույն թվականի նոյեմբերի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի՝ իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյանների` իրենց պաշտոններն ազատելու խնդրանքի մասին  ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ Կարեն Անդրեասյանն անմիջապես հրապարակել է իր հրաժարականի տեքստը` ակնարկելով, որ այն կապված է քաղաքական պաշտոնանկությունների շարքի հետ և ինքն առաջ է ընկնում` տալով հրաժարական: Չնայած կարճ ժամանակ առաջ` 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Արդարադատության նախարար Մինասյանի հրաժարականի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակը պաշտոնական հայտարարություն էր տարածել` նշելով, որ կառավարության որևէ անդամի հրաժարականը և քաղաքական գործընթացները չի կարող ազդել ԲԴԽ նախագահի վրա ու նա պաշտոնավարելու է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Կարեն Անդրեասյանին ևս անձամբ է խնդրել հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչն ի կատար է ածվել: Թեև Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի՝ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվելու հանգամանքը չի վիճարկվել նաև նախկինում, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը: Այսպիսով` վերստին փաստվում է Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունն ստանձնած գործող ԲԴԽ անդամների անկարողությունը կամ ցանկության բացակայությունն անգամ հանրային ընկալումը փարատելու համար հայտնելու որևէ դիրքորոշում, դատական իշխանության գործունեության միջամտության անթաքույց և հաստատված անթույլատրելի միջամտությունների, դատական իշխանության հեղինակությունը վերականգնելու առնչությամբ` առավելապես մտահոգված լինելով Կարեն Անդրեասյանի դիրքն ու աթոռը զբաղեցնելուն ուղղված գործընթացներով»։
20:50 - 25 նոյեմբերի, 2024
ԲԴԽ նախագահին հրաժարականի հորդոր չի եղել, այլ խնդրանք․ Փաշինյանը՝ Անդրեասյանի հրաժարականի մասին

ԲԴԽ նախագահին հրաժարականի հորդոր չի եղել, այլ խնդրանք․ Փաշինյանը՝ Անդրեասյանի հրաժարականի մասին

Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։  Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակային քննարկվում են, բայց նաեւ պարտադիր չի, որ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ։  Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Բայց բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում հրաժարական տված, ես գնահատում եմ, բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018-ից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, մինչեւ օրս էլ։ Այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»,- պաշտոնյանների հրաժարականին անդրադառնալով ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով քննադատություններին, որ վարչապետը ճնշում է գործադրել կառավարությունից անկախ մարմնի՝ ԲԴԽ նախագահի վրա, դրա համար է Կարեն Անդրեասյանը հրաժարական տվել, վարչապետը շեշտեց, որ ԲԴԽ նախագահին չի հորդորել հրաժարական տալ, եղել է վարչապետի խնդրանք։ Փաշինյաի խոսքով՝ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ «Կա՞ նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական եւ իրավական հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։ Ինչո՞ւ դատական համակարգում ունենք էն պրոբլեմները, որոնք ուզում ենք լուծել։ Պատճառներից մեկն այն է, որ մենք իրապես ուզում ենք ունենալ անկախ դատական համարկարգ, եթե չուզենանք ունենալ իրապես անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի, ընդհանրապես վայրիվերումներ, պրոցեսներ, ցնցումներ չեն լինի»,- մանրամասնեց Փաշինյանը։ Փաշինյանի գնահատմամբ՝ այս խմորումները նշանակում են, որ իշխանություն անկախ դատական համակարգ ունենալու ռազմավարական նպատակից չի շեղվում։ «Իմ ընկալմամբ՝ անկախ դատական համակարգը այն է, որ անկախ նրանից՝ ինչ որոշում է կայացրել, մենք ասում ենք՝ եթե դատարանը որոշել ա, որեմն ճիշտը դայա։ Մեր խնդիրը ինչն ա, որ դատարանը շատ դեպքերում կայացնում ա որոշումներ, որոնց վերաբերյալ հանրության վերաբերմունքը դա չի։ Ինչքան էլ հետազոտրենք, հազարավոր դատական ակտեր կան, որոնք իմ ասած չափանիշին համապատասխանում են, ինչքան էլ խորանանք, կտեսնենք, որ դրանք ճշգրիտ անկախ դատական համակարգի կայացրած որոշումներ են, բայց էն փոքր խումբ որոշումները, որոնք մեծ աղմուկ են առաջացնում, նեգատիվ են տարածում Հայաստանում արդարադատության զգացումի վրա։ Հիմա ես ինչ կապ ունեմ էս պատմության հետ․ իդեալական վիճակն էն կլիներ, որ ես կապ չունենայի էս պատմության հետ։ Էսօրվա մեր իրականության պրոբլեմն էն ա, որ էն խումբը գործերի, որոնք աղմուկ են առաջացնում, հիմնական մեկնաբանությունը, չեմ թաքցնի, քաղաքական շրջանակներում էլ կա էդ ընկալումը, որ ինչ-որ միջամտությունների արդյունք է էս վճիռը։ Մարդիկ չգիտեն, որ կառավարությունն էլ ա էդպես մտածում կամ կարող ա մտածել, բայց մարդը ինչ ա մտածում, մտածում ա, որ էս ամենը համաձայնեցվում ա էս շենքում (նկատի ունի՝ կառավարության), հետեւաբար էս մարդն ա պատասխանատու էն բոլոր պրոբլեմների համար, որը ինքը տեսնում ա։ Քաղաքական առումով սա ճիշտ ա։ Բայց մյուս կողմից իմ ամենամեծ պրոբլեմն էն ա, որ Հայաստանի մարդկանց մի զգալի մասը չի հավատում, որ հենց էդպես էլ կա, այսինքն՝ էն, որ գործերը տարիներով ձգվում են, կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ, զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ էդ ամենն ինձ հետ համաձայնեցված չի»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաներին հրաժարականի մասին խնդրել է կիրակի օրը, գրավոր տարբերակով։ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այդ որոշումը կայացրել է միանձնյա և այն չի քննարկել իր քաղաքական թիմի հետ։       
22:23 - 22 նոյեմբերի, 2024
ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեցին Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը: Ճեպազրույցի ժամանակ Factor.am-ի լրագրողի հարցին, թե խնդրահարույց չէ՞, արդյոք չի՞ նշանակում, որ օրենսդիրից ճնշում կա անկախ մարմնի վրա, որ «վարչապետի հայտարարությունից հետո անկախ մարմին համարվող ԲԴԽ նախագահն է ստատուս գրում, որ սկանդալներից հեռու մնալու համար հրաժարական է տալիս», Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Վարչապետի ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, և ես կարծում եմ՝ անկախ մարմինների ղեկավարները իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ելույթը առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ: Առնվազն նաև տեսանելի էր հանրության շատ լայն շերտերի համաձանությունը վարչապետի այդ ելույթի հետ, և շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաների պիտի հենց իրենք հետևություն անեին այդ ելույթից»: Կոնջորյանն էլ կարծիք հայտնեց, որ որևէ ճնշման մասին խոսք չկա:  «Վարչապետը հստակ և խիստ գնահատականներ է տալիս իրավապահ, դատաիրավական համակարգի վերաբերյալ, և շատ նբորմալ է, որ վարչապետի գնահատականներին պիտի լինեն արձագանքներ: Եվ այս դեպքում արձագանքներ են եղել նաև հրաժարականների տեսքով: Կարծում եմ՝ սա ևս շատ կարևոր գնահատական է»,- հավելեց նա: Հայկ Կոնջորյանի խոսքով ժողովրդավարական երկրներում հրապարակային քաղաքականության մեջ շատ նորմալ է, որ լինեն հայտարարություններ, դրանց լինեն արձագանքներ. «Եվ ես կարծում եմ՝ բոլորս արդեն համոզվել ենք, որ նման հարցերում ճնշումների կոմպոնենտ չկա: կա հակառակը երբեմն հավելյալ ոմանք ասում են չափից ավելի մեծ թափանցիկություն ու հաշվետվողականություն, բայց ես կարծում եմ, որ այն չափից շատ չի լինում: Ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առջև, և որևէ խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց ՔՊ խմբակցության պատգամավորը: Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
12:30 - 18 նոյեմբերի, 2024
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ։ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:  Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման): Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար: Անկեղծ շնորհակալ եմ ազնիվ ու արհեստավարժ բոլոր այն դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր համակարգում կան ու շատացել են: Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին՝ Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին: Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»,- գրել է նա:
09:07 - 18 նոյեմբերի, 2024
Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ալեքսանդր Ազարյան

Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ «ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության դատական ​​օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև, արդարադատության նախարարությանը: Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով: Այսինքն` ըստ էության փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ): Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են  իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն: Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն: Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում:  Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը: Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ։ Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։ Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը:  Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,- նշված է նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարության մեջ։ 
11:23 - 15 հոկտեմբերի, 2024
Կարեն Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը. ԲԴԽ մամուլի խոսնակ

Կարեն Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը. ԲԴԽ մամուլի խոսնակ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը  կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: Այս մասին «Ֆեյսբուք» -ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանն՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- նշված է գրառման մեջ:  Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական է տվել։ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո մամուլում հրապարակումներ են տարածվել, որ հաջորդիվ հրաժարական է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:     
14:50 - 01 հոկտեմբերի, 2024
ԲԴԽ-ն որոշել է գրավոր քննել Դավիթ Հարությունյանի՝ գործի վերանայման միջնորդությունը

ԲԴԽ-ն որոշել է գրավոր քննել Դավիթ Հարությունյանի՝ գործի վերանայման միջնորդությունը

Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով: Այս մասին հայտնել է ԲԴԽ խոսնակը։   «Հարգելի գործընկեր, ի պատասխան Դավիթ Հարությունյանի կողմից` իր լիազորությունների դադարեցման հարցի վերանայման խնդրանքով ԲԴԽ ներկայացված միջնորդության քննության վերաբերյալ մի քանի լրագրողների հարցադրումների` տեղեկացնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ նշված հարցը ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում: Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին: Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ՝ Արմեն Դանիելյանը, իսկ վերանայման գործընթացը կիրականացվի Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ: Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին: Նշված օրը տեղի կունենա ԲԴԽ նիստը, որտեղ գրավոր ընթացակարգով, այսինքն, առանց կողմերի մասնակցությամբ, ԲԴԽ զեկուցող անդամը կներկայացնի գործի մանրամասները և զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները գրավոր կուղղվեն Դավիթ Հարությունյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:28 - 04 սեպտեմբերի, 2024
Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
 |tert.am|

Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի |tert.am|

tert.am: Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժեց։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ «Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես՝ դատավորի որդու 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ 
14:01 - 13 հունիսի, 2024
Վստահ եմ՝ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ. Անդրեասյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի մասին |1lurer.am|

Վստահ եմ՝ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ. Անդրեասյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի մասին |1lurer.am|

1lurer.am: Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունը և դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկ ցույցի ժամանակ որքանով էին համաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները։ «Վստահ եմ, որ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ։ Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկվելու դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական, և բոլոր այն քաղաքացիները, անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են կամ ինչ պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ գործողություն են արել, ովքեր խախտել են օրենքի տառը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ և արդարացի պատասխանատվություն»,- նշեց նա։ Արձագանքելով այն հարցին, թե արդյոք դա ուղղորդում չէ՞ իրավական համակարգի համար՝ ԲԴԽ նախագահն ասաց. «Սա ուղղորդում է դատավորներին, որ լինի օրենքի տառի խիստ պահպանում: Այդ ուղղորդումը տվել է Սահմանադրությունը, և ես դա կրկնում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր, օրինակ, ԲԴԽ նախագահին խնդրում են քաղաքական մեկնաբանություն տալ։ Որպեսզի չլինի քաղաքական մեկնաբանություն, ես հիշեցնում եմ, որ դատական իշխանությունը ոչ թե քաղաքական հայտարարություններ է անում, այլ երբ որ գործը գալիս է դատարան, ստանում է արդար դատավճիռ. հուսով եմ՝ դուք կտեսնեք այդ դատավճիռները»։ Նա նշեց, որ դատարաններն օր օրի «առողջանում» են և ապահովում  են արդարադատություն։ «Լավ լուրն այն է, որ շատ շատերը կստանան արդար և անկողմնակալ պատիժներ, եթե նրանք խախտել են օրենքը»,- ասաց Կարեն Անդրեասյանը։ «Ցանկացած քաղաքացի, որի իրավունքները խախտվել են, այսօր ունի հնարավորություն՝ արդար ձևով պաշտպանվելու դատարաններում։ Չուներ երեկ, չուներ երեկ չէ առաջին օրը, ունի այսօր, կունենա վաղը. ես վստահաբար կարող եմ ասել, որ դատական իշխանությունն օր օրի «առողջանում» է. և մենք ունենում ենք տարբեր վճիռներ. ընդ որում՝ քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի և տհաճ, և այդ վճիռները հենց ապացույցն են, որ դատական իշխանությունը առողջանում է»,- նշեց Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն էլ հաղորդել էր վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։
12:36 - 13 հունիսի, 2024
Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Կարեն Անդրեասյանին
 |factor.am|

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Կարեն Անդրեասյանին |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իր վերաբերյալ կարգապահական վարույթի գործով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու խորհրդի մյուս բոլոր անդամներին` բացի նորընտիր անդամներ Մերի Համբարձումյանից և Արմեն Դանիելյանից: Ըստ դատավորի` ԲԴԽ անդամները կանխակալ վերաբերմունք ունեն գործի նկատմամբ: Դանիբելյանի վերաբերյալ վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից հետո, որում դատավորին մեղադրում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը տապալելու մեջ: Մինչ ֆիլմի հրապարակումը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում խոսել է այն մասին, որ ինքն է Դատական դեպարտամենտի իր գործընկերներին խնդրել ֆիլմ պատրաստել: Մեջբերելով Անդրեասյանի` հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերը, Դանիբեկյանը եզրակացրեց, որ ֆիմը, որում ինքը «մեղավոր է ճանաչվել» պատրաստվել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ և նպատակ է հետապնդել պստասխանատվության ենթարկելու այն դատավորներին, որոնք ուսումնասիրության արդյունքում մեղավոր կճանաչվեն: Արդարադատության նախարարությունը դիրքորոշում հայտնեց, որ Դատական դեպարտամենտը իր գործառույթն է իրականացրել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:46 - 10 հունիսի, 2024
Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան
 |armenpress.am|

Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։ ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է ունեցել վիրավորանք կամ զրպարտություն, միևնույն ժամանակ խ՛ուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց։ «Խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելու մասին չէ: Բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը չի փոխհատուցվում»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցերի դեպքում, երբ դատարանը փոխհատուցման նվազագույն շեմն է սահմանում: Նա ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԱԺ նախագահին առնչվող գործերի հետ կապված գնահատականներից զերծ կմնա, որ դա որևէ կերպ չընկալվի որպես ԲԴԽ-ից ճնշում դատավորների վրա: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, երևի իմ խաչը ծանր է։ Հայաստանում գրեթե թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ: Բայց հասկանում եմ, որ Դուք չեք կարող պատասխանել՝ Ձեր իսկ կողմից նշված պատճառով»: Այնուամենայնիվ Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն արեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը: Ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Կարելի է այդ ներքին շեմի որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատարանին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»: Ըստ ԲԴԽ նախագահի՝ դա կարող է անել նաև Վճռաբեկ դատարանը: Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքը, ԲԴԽ-ն պատրաստ են հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու այդ հարցեր: Նա նկատեց՝ ԱԺ դահլիճում անընդհատ հնչում են հարցեր, դժգոհություններ, մտահոգություններ՝ կապված  դատական համակարգի հետ: «Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ նաև մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից»,-արձագանքեց  Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը կրկնեց Արդարադատության նախարարի այն միտքը, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա նաև հնարավորություն՝ քննարկման դնել այդ գործողությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն: «Դատավորները նույնպես պետք է իմանան, որ իրենց որևիցե որոշում՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, չի անտեսվելու, մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալու են»,-նշեց Սիմոնյանը:  
13:12 - 08 փետրվարի, 2024
Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր  Արգիշտի Ղազարյանին: Որոշմանը դեմ է խորհրդի անդամներից միայն Արշակ Վարդանյանը, նա հատուկ կարծիք ունի: Հիշեցնենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008 թվականին վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
11:05 - 05 փետրվարի, 2024
Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում  «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է
 |factor.am|

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Դատավորներից մեկը ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանն է, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է, ևս երկուսը նույն դատարանի դատավորներ են՝ Ռուզաննա Հակոբյանը, Հովսեփ Բեդևյանը, մեկն էլ Վարչական դատարանի դատավոր՝  Արգիշտի Ղազարյանը։ Քրիստինե Մկոյանն ու մյուս երեք դատավորներն իրեն կարգապահական գործով նիստին չէին ներկայացել և ոչ էլ ներկայացուցիչներ էին ներգրավել։ Նրանք ԲԴԽ-ին գրություն էին ուղարկել ու խնդրել նիստն առանց իրենց մասնակցության անցկացնել։ Այսպիսի կարգավորում թեև օրենքով նախատեսվում է, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դատավորներին չի հետաքրքրել  կարգապահական գործով իրենց լսված լինելու իրավունքն իրացնելը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ կարգապահական վարութը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով, և ԲԴԽ-ն մի քանի դատավորի լիազորություն արդեն իսկ դադարեցրել է այս հիմքով հարուցված կարգապահական վարույթներով։ Կարեն Անդրեասյանն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նիստի մեկնարկին Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել։ Անդրեասյանն իր ինքնաբացարկի միջնորդությունը պարզաբանել էր նրանով, որ ինքն ու Մկոյանը երկար տարիների անձնական և ընտանեկան շփումներ ունեն, և այս վարույթին իր մասնակցությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ հարուցել այս գործով իր անաչառության վերաբերյալ։ Քրիստինե Մկոյանն էլ պատճառաբանել էր, որ կարգապահական վարույթն իր վերաբերյալ է և չի կարող որպես անաչառ դատավոր մասնակցել դրա քննությանը։  ԲԴԽ-ն որոշեց երկու միջնորդություններն էլ բավարարել։ Նիստը շարունակեց նախագահել ԲԴԽ կազմից ավագը՝ Նաիրա Հովսեփյանը։ ԲԴԽ ևս մեկ անդամ՝ Արթուր Աթաբեկյանը չէր մասնակցում գործի քննութանը։ Նա,  ըստ ԲԴԽ-ի, չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով։  ԲԴԽ-ում ևս մեկ տեղ՝ գիտնական անդամի, թափուր է։ Այսպիսով՝ միջնորդության քննությունն իրականացվեց 6 դատավորի կազմով՝ Վիգեն Քոչարյան, Երանուհի Թումանյանց, Հայկ Գրիգորյան, Նաիրա Հովսեփյան, Արշակ Վարդանյան, Էդգար Հովհաննիսյան։ Կարգապահական վարույթի առիթը «Հայկական ժամանակն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ինչպես պարզվեց՝ կարգապահական վարույթը հարուցվել է «Դարեսկիզբ ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ) ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։  «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն վարչական դատարանում  վիճարկել է 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը,  մասնավորապես՝ տվյալ ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքներին, սակայն Վարչական դատարանը, հետագայում նաև՝ դատական ակտը ստուգման ենթարկած ատյանները, դիրքորոշում են հայտնել, որ տվյալ գործը ենթակա չէ քննության Վարչական դատարանում, քանի որ հայցադիմումով բարձրացվում է սամանադրականության հարց։ Սա այն դեպքում, երբ ըստ նախարարության, ՍՊԸ-ն սահմանադրականության հարց բարձրացրած  չի եղել, ավելին, նախարարության գնահատմամբ դատավորները քաջ գիտակցել են, որ այդ վարույթի շրջանակներում, այն ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն, քաղաքացին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չէր կարող ունենալ։ Այունամենայիվ, «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն  դիմել է Սահմանադրական դատարան, ու ՍԴ-ն դիմումը մերժել է այն հիմնավորմամբ, որ դիմումատուն Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, բացի այդ՝ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով անհատական գանգատ ներկայացնելու հնարավորությունը բացակայում է, և ՍԴ-ում կարող էր միայն օրենքի սահմանադրականության հարց  բարձրացվել։ Այսպիսով՝ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորների կողմից թույլ են տրվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի և իրավահարաբերությունների ծագման  պահին գործող Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների խախտումներ, որոնք  կատարվել են կոպիտ անփութությամբ։ Նշենք, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը, տվյալ դեպքում, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը։ Այս գործը ՄԻԵԴ վճռից հետո վերաբացվել է և այժմ քննվում է դատարանում, սակայն, անկախ դրա ելքից, Արդարադատության նախարարության դիրքորոշումն այն է, որ 2008-ին Վարչական դատարանն ակնհայտորեն իրավասու է եղել քննել գործը, սակայն այն վարույթ չի ընդունել։ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը հիշեցրեց, որ դատավորներին 2008 թվականին թույլ տված ենթադրյալ կարգապահական խախտում է վերագրվում, ու թեև այն ժամանակ գործող Դատական օրենսգիրքը ևս ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նորմ նախատեսում էր, բայց այն ժամանակվա կարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 1 տարի։ Այս ժամկետը օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախ դարձել է 8, իսկ այժմ՝ 15 տարի է։  Վարդանյանը հարցրեց՝ արդյոք գործ չունե՞նք անձի վիճակը վատթարացնող օրենքի հետ, ինչին ի պատասխան Արտյոմ Սուջյանը նշեց, որ այս հարցին բազմիցս անդրադարձ կատարվել է, այդ թվում՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված ու ԲԴԽ-ում նախկինում քննված այլ գործերով։ Ըստ Սուջյանի՝ նախարարության դիրքորոշումն այն է, որ Արդարդատության նախարարությունը պարտավոր է օրենքով առաջնորդվել ու վարույթ հարուցել, մնացած հարցերը նախարարության իրավասության տիրույթում չեն, ավելին՝ Խորհուրդն իր հերթին  նախկինում իրավաչափ է համարել ՄԻԵԴ վճռի հիմքով ներկա կարգավարումների համաձայն կարգապահական վարույթի հարուցումը։ Վարդանյանը նաև նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է խորհրդի առնվազն 3 անդամի միջնորդության հիման վրա։ Այս դեպքում, փաստորեն, Քրիստինե Մկոյանը ԲԴԽ անդամ է, բայց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատոթյան նախարարությունը։ Վարդանյանը հարցրեց՝ արդյո՞ք այս իրավիճակում նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե՞ ոչ։ Արտյոմ Սուջյանը պատասխանեց, որ առաջին անգամ է ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանտության ենթարկելու հարց բերվում ԲԴԽ։ Ըստ Սուջյանի՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե դատավորի վարքագծի կանոնի խախտման, այլ դատավարական խախտման հետ, որի դեպքում հատուկ ընթացակարգ չի սահմանվում և պետք է առաջնորդվել ընդհանուր կանոններով։ Բացի այդ՝ ըստ Սուջյանի՝ թեև Քրիստինե Մկոյանն այժմ ԲԴԽ անդամ է՝ նրան վերագրվող ենթադրյալ արարքը կապված է ոչ թե ԲԴԽ անդամի, այլ  նրա՝ դատավորի լիազորությունների իրականացման հետ։ Այսպիսով՝ ամփոփելով խոսքը՝ Արտյոմ Սուջյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն ունի  լիազորություն՝ այս իրավիճակում ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:30 - 29 հունվարի, 2024
Օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը. Կարեն Անդրեասյան

Օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը. Կարեն Անդրեասյան

Ոչ միայն ձգձգումների, այլև շատ նուրբ և խորքային կոռուպցիոն ռիսկերի դեմ քայլ էր երկարատև թափուր պահվող հաստիքների և տարիներ շարունակ դատարկ մնացած ռեզերվային ցուցակների համալրումը: Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: «Դատավորների պաշտոնները այդքան երկար թափուր պահելը կարող էր հնարավորություն տալ դատական իշխանության ամեն նոր ղեկավարությանն իր հայեցողությամբ և անձնական շահերից ելնելով համալրել դրանք: Տեսականորեն այդ կարևոր պաշտոնները կարող էին արհեստականորեն թափուր պահվել` ապագայում «շահեկանորեն» համալրելու նպատակով: Առաջիկա մի քանի տարիների համար այդ ռիսկերն այլևս չեզոքացված են: Դեռևս 2022 թվականին թափուր էր շուրջ 40 դատավորի պաշտոն: Ընդամենը 315 դատավորի հաստիքի և սարսափելի գերբեռնվածության պարագայում դա ահռելի թիվ է: Ավելին` գրեթե բոլոր մասնագիտացումներով դատավորների ռեզերվային ցուցակները լրիվ դատարկ էին: Քանի որ մեկ դատավորի նշանակումը լավագույն դեպքում տևում էր մեկ տարի, իսկ մարդիկ բոլոր դատարաններում արդեն տարիներով սպասում էին իրենց գործերի հանգուցալուծմանը` անհրաժեշտ էին հրատապ և ռադիկալ քայլեր: Հրատապ կարգով ներդրվեց դատավորների ընտրության նոր հատուկ կարգը։ Այս ընթացակարգի համաձայն՝ դատավորների թեկնածուները 6-8 ամիս տևող վերապատրաստման փոխարեն անցնում էին Բարձրագույն դատական խորհրդում շատ բարդացված քննակարգերով: Նրանք գրավոր և բանավոր փուլերի հաղթահարումից հետո կարողացան շատ կարճ ժամանակում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Այս և այլ օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը, և բոլոր մասնագիտացումներով արդեն ըտրվել, վերապատրաստվել և իրենց նշանակման հերթին են սպասում մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ և ազնիվ մասնագետներ, որոնք ընդգրկված են դատավորների ռեզերվային ցուցակներում»,- գրել է նա:
09:39 - 14 դեկտեմբերի, 2023
Շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը՝ այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասին

Շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը՝ այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասին

Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը: «Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է): Հետևաբար՝ քաղաքացիական գործերը առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։ Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում: Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին»,- գրել է նա:
09:44 - 11 դեկտեմբերի, 2023