Արթուր Խաչատրյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1972թ. հուլիսի 17-ին Երևանում:

1994թ. ավարտել է  ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1996թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Գործարար վարչարարության մագիստրոս: 1997թ.՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 2001թ.՝ Լոնդոնի Կայսերական քոլեջը: Գործարար վարչարարության մագիստրոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1994-2005թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող: 1997-2000թթ.՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսության վերակառուցման և էներգետիկայի տնօրենի ֆինանսական գծով օգնական, ֆինանսական ծրագրերի կառավարող: 2002-2003թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագիր»՝ բյուջետային գործընթացի մասնագետ: 2003-2005թթ.՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ծրագրերի համակարգող: 2005-2007թթ.՝ Երևանում Կալիֆոռնիայի միջազգային առևտրի և ներդրումների գրասենյակի տնօրեն: 2008-2010թթ.՝ «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ խորհրդատվական ուղղության ղեկավար: 2011-2013թթ.՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ֆինանսների և հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան), 2011թ.՝ նույն հիմնադրամի ֆինանսների և հաշվապահության ամբիոնի դասախոս: 2011-2013թթ. և 2015-2016թթ.՝ «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն:

2013-2014թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ: 2016-2017թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 2017-2018թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2018թ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2019թ.՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2020թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործարար վարչարարության և մարդկային ռեսուրսների կառավարման ֆակուլտետների դասախոս:

1991 թվականից ՀՅԴ անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց ունեցանք զոհ»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց ունեցանք զոհ»․ Արթուր Խաչատրյան

Այսօր ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ քննարկումների ժամանակ իրենց կարծիքն արդեն հայտնել են բյուջեի մասին, բայց վերջին 20 օրերին զարգացումներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ սննդամթերքը թանկացել է, տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է։ «Բողոքներ ունեցանք տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներ, մեքենա ներմուծողներ, արտահանողներ։ Դա ցույց է տալիս, որ ինչքան էլ կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, ունենք բավականաչափ խնդիրներ։ Պարտքն աճեց, կապիտալ ծախսերի կատարողականի թվերը դեռ չկան, բայց չկան լուրեր, որոնք ցույց կտան, որ ինչ-որ դրական բան ենք ունեցել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ իրենք մշտապես ասել են՝ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված չէ տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, ինովացիաների խթանմանը։ «Ներդրումների բացարձակ մեծամասնությունը հանրային ծառայություններ մատուցող ոլորտներում են: Փողի մասին ենք խոսում, բայց ի՞նչ արժեք կարող ենք դրանով ստանալ, ի՞նչ նպատակ ենք հետապնդում։ Իհարկե, կարելի է գումարը տալ պատկերասրահի հաճախելիությունը մեծացնելու համար եւ կարելի է գումարը տալ Սնուփ Դոգին։ Այդ Սնուփ Դոգին տրված փողը բյուջեի մեջ է։ Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, այն բանվորը, որն ամառվա շոգին ասֆալտ է թափում փողոցում, այդ մարդուց եկամտահարկ ենք գանձում, որ տանք Սնուփ Դոգին։ Այնպես որ, եթե խոսում ենք, որ գումարն աճեց, միգուցե ուղղությունների մասին էլ խոսեինք։ Իսկ ի՞նչ ենք անում, որ երեխաները գան ու մշակութային արժեքներին ծանոթանան, ոչ մի բան։ Բայց Սնուփ Դոգին միլիարդներ են տալիս, սա է կառավարության արժեքային համակարգը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Անդրադառնալով պաշտպանության ոլորտի խնդիրներին՝ նա ասաց, որ Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց դեկտեմբերի 4-ին ունեցանք զոհ։ «Խաղաղության դարաշրջան եւ զոհ, պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են։ Հավանաբար այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ չէ, հա՞։ Պարզ չէ՞, որ մենք կխուսափենք զոհերից, եթե մեր պաշտպանական կարողությունն ավելի մեծացնենք։ Բայց կառավարությունը դա չի անում, փոխարենը ոստիկանության բյուջեն է ավելացնում։ Այս ամենի ինչի լույսի ներքո եւս մեկ անգամ տեղեկացնեմ, որ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված բյուջեի նախագծին»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
13:17 - 06 դեկտեմբերի, 2023
Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին  |tert.am|

Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին |tert.am|

tert.am: Իշխող քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ թույլ չտվեց ընդդիմության  կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի նիստում։ Այս մասին հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված  քայլ է»,- ասաց նա։ Պատասխանեով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց․ «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների նախագահ մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեությունը։ Իսկ ես ինչ եմ գտնում որպես ԱԺ նախագահ, կարծում եմ օրենքից վեր չի կարող լինել։ Հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, որ օրենքով նախաձեռնված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել նիստի օրակարգ»։ Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանը խոսքերը շանտաժ որակեց։ «Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, սպանել հանձնաժողովների մակարդակում»,- ասաց պատգամավորը։ Ալեն Սիմոնյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Խաչատյանի հարցադրման հետ՝ նշելով, որ կան շատ օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։
10:45 - 05 դեկտեմբերի, 2023
«Ադրբեջանցի պատվիրակները հղում էին անում Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»․ Արթուր Խաչատրյան

 |aravot.am|

«Ադրբեջանցի պատվիրակները հղում էին անում Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»․ Արթուր Խաչատրյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Եվրանեսթի խորհրդարանական վերաժողովի քաղաքական կոմիտեի նիստին։ Ըստ պատգամավորի՝ այստեղ ադրբեջանցի պատվիրակներն իրենց ելույթներում հղում են արել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «Մեր քաղաքական կոմիտեում ներկայացված էր փաստաթուղթ՝ համազեկուցողների ներկայացրած նախագիծն էր, որը հիմնականում անդրադառնում էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց երկու անգամ նշում կար նաեւ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու մասին։ Եվ երբ դրա մասին խոսում էինք մենք՝ ՀՀ ԱԺ պատվիրակները, բնականաբար, ընդդիմադիր պատգամավորները, երբ դրա մասին խոսում էին Եվրախորհրդարանի պատվիրակները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դեռ իրականացված չէ, եւ կայուն խաղաղություն հաստատված չէ, ադրբեջանցի պատվիրակները հակադարձում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով, մասնավորապես, Եվրախորհրդարանի պատվիրակներից մեկն ասել է, որ 1919 թվականին Արցախի ժողովուրդը քվեարկել է ՀՀ-ին միանալու օգտին, եւ 1920 թվականին բոլշեւիկներն են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ «Եվ այստեղ Ադրբեջանի պատվիրակն ասաց՝ դուք չգիտե՞ք, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Նմանապես մենք ասում էինք՝ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, նրանք ունենք քաղաքական իրավունքներ՝ վճռելու իրենց ճակատագիրը։ Լուծում էինք առաջարկում, էլի նույն պատասխանն էր՝ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
13:23 - 17 նոյեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին

ԱԺ խմբակցություններն այսօր՝ նոյեմբերի 16-ին, իրենց դիրքորոշումներն են հայտնել Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։ Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը այդ մասին։ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա։ Արթուր Խաչատրյանի հավաստմամբ, «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է Կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի նախագիծը: «Առաջարկվող բյուջեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր եւ միջոցներ չի նախատեսում: Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին: Լեռնային Ղարաբաղի բռնակցման, բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառ. կմ տարածքի բռնազավթման պայմաններում, պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոս աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը եւ ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով, անընդունելի է նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի ֆինանսավորման 2023 թվականի համեմատ 1 միլիարդ դրամից ավելի նվազեցումը: Անդրադարձ է եղել նաեւ Կառավարության բարեփոխումների ծրագրին: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ որեւէ էական բարեփոխում չի առաջարկվում: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում որոշ քաղաքական հանգամանքների է անդրադարձել, խոսել ընդդիմության որոշ դիտարկումների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականն ազատության եւ խաղաղության միաժամանակյա գոյությունն է: Պատմությունը վկայակոչելով՝ նա փաստել է, որ այս տարածքում, այս հողակտորի վրա Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չեն ունեցել ազատություն եւ խաղաղություն: «Մենք ստացել ենք ազատություն եւ գնում ենք խաղաղության ճանապարհով: Հենց այդ երկուսն ունենանք, այդ ժամանակ փլվելու է այն հայեցակարգը, այն նարատիվը, որի վրա, ցավոք, կառուցված է նաեւ մեր ընդդիմության գաղափարաբանությունը»,- նման կարծիք է հայտնել Հայկ Կոնջորյանը ու խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին։ «Ի՞նչ է ստացվել. տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն եւ արդյունքում զրկվել են ե՛ւ ազատությունից, ե՛ւ անվտանգությունից: Ազատություն եւ խաղաղություն. երբ կարողանանք այս երկուսը համադրել, այդ ժամանակ գոհ կլինենք, կհամարենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մենք ենք մեր ճակատագրի, մեր տարածաշրջանի, մեր աշխարհագրական դիրքի նկատմամբ բովանդակություն ձեւավորողն ու մեր աշխարհագրության գերին չենք: Երկար ժամանակ դա է եղել նարատիվը, որ մենք չունենք ծով, ունենք լեռներ, ունենք անբարենպաստ հարեւաններ, դրա համար մենք դատապարտված ենք փրկվելու, իսկ փրկիչներ միշտ պատրաստակամ են եղել հայտնվելու»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը: Ըստ նրա՝ այդ հայեցակարգն ու փրկչի նարատիվը փլվում է: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ չկա տնտեսական զարգացում առանց տնտեսական ազատությունների եւ չկան տնտեսական ազատություններ առանց քաղաքական ազատությունների: Սա հիմնաքարային աքսիոմա է: Նա տեղեկացրել է, որ բյուջեի նախագիծն արտահայտում է իրենց քաղաքական առաջնահերթությունները, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է փաստաթղթին:
16:21 - 16 նոյեմբերի, 2023
Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում |azatutyun.am|

Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում |azatutyun.am|

azatutyun.am: Դաշնակցական Արթուր Խաչատրյանը, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024 -ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։ Դա, ըստ Խաչատրյանի, առաջին հերթին վերաբերում է անվտանգային մարտահրավերներին։ «Արցախի բռնակցմանը, Արցախի բնակչության էթնիկ զտման, Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառակուսի կիլոմետրի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ, հատկապես հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, և ագրեսիվ հռետորաբանությունը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Շեշտելով, որ փոխարենը 18 տոկոսով ավելացնում են Ներքին գործերի նախարարության բյուջեն՝ Խաչատրյանն ընդգծեց․ - «Փաստորեն Հայաստանի կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանը և նրա հովանավոր Թուրքիան, այլ Հայաստանի քաղաքացիները»։
13:42 - 16 նոյեմբերի, 2023
«3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից․ պատգամավոր |armenpress.am|

«3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից․ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ  «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Տարածքային ամբողջականության սահմանումը, ըստ Հելսինկիի եզրափակիչ ակտի, նշանակում է տարածքային վեճերը խաղաղությամբ լուծել: Այո, բոլոր երկրները, մանավանդ դրկից երկրները պետք է հարաբերությունները լուծեն առանց ուժի կիրառման: Հետևաբար, Ադրբեջանը, որը երեկ այդ հայտարարությունն ընդունել է, այսօր պետք է արդեն իր օկուպացիոն զորքերը հաներ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից: Բայց Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում «խաղաղության» գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»,-ասաց Խաչատրյանը: Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ  խաղաղությունն իր համար ընդունելի չէ, իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է: Ըստ նրա՝ դրա դեմ Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը:
13:29 - 24 հոկտեմբերի, 2023
Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Ադրբերջանը լրացուցիչ պայման է ներկայացրել Հայաստանին. Արթուր Խաչատրյան |panorama.am|

Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Ադրբերջանը լրացուցիչ պայման է ներկայացրել Հայաստանին. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանի իշխանությունը հավանաբար հույս ուներ, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կլրացնի միայն Արցախով։ Բայց Ալիևի երեկվա դեմարշը ցույց տվեց, որ նրանք միայն Արցախով չեն բավարարվելու ու լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանին, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ,  դաշնակացական գործիչ Արթուր Խաչատրյանը։ Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականույթամբ առաջնային պահանջը եղել է այսպես կոչված անկլավների վերաբերյալ։«Դրա «լեգիտիմությունն» Ադրբեջանին տվել է կամ նրա բերանը լեզու է դրել Փաշինյանը, նրա խմբակցության անդամները։ Իհարկե, եղել է նաև միջանցքի խնդիրը, որքան էլ Իրանը չհերքի, որ համաձայնվել է, որ երկաթգծի մի ճյուղ անցնի իր տարածքով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։Խաչատրյանն ամփոփեց՝ եթե Փաշինյանը կարծում էր, որ կտա Արցախն ու կփրկի Հայաստանը, ապա հիմա տեսնում է, որ այդպես չէ, Ալիևի դեմարշը դրա հետևանքն է։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։ 
12:28 - 05 հոկտեմբերի, 2023
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը
 |hetq.am|

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որ վերջինս հայտարարել էր, թե Ալմա Աթայիի հռչակագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 1992թ. փետրվարին, այն Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասն է: Պատգամավորը նշեց, որ վարչապետի այդ պնդումը իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանը չի վավերացրել այդ հռչակագիրը և որևէ երկիր չի վավերացրել այդ հռչակագիրը՝ ոչ վերապահումներով, ոչ՝ առանց, հետևաբար չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս: Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը 1992թ․ վավերացրել է Ալմա Աթայում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ: Պատգամավորը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը արձանագրություն էր Հայաստանը Մինսկի համաձայնագրին միանալու մասին: Նա պնդեց, որ դա է վավերացվել, այլ ոչ թե հռչակագիրը: Պատգամավորը մատնանշեց մի շարք փաստաթղթեր, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից: Նա կասկածեց, որ 5 տարվա Հայաստանի ղեկավար Փաշինյանը հույժ կարևոր մանրամասներին ծանոթ չլինի: Ա. Խաչատրյանի դիտարկմամբ՝ իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չնդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար ժամանակի և տարածության մեջ փնտրել մեղավորներ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախի հակամարտության հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին նշեց, որ գուցե արձանագրության մասով ձևակերպումների հարցում ճշգրիտ չի եղել, սակայն բառի բուն իմաստով ճշգրիտ է եղել: Վարչապետը մատնանշեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և խնդրեց իր հեռախոսը, որպեսզի նրա հայտարարությունը գտնի՝ համոզելու համար, որ Արցախի բանակցությունների հիմք դարձել է շատ վաղուց՝ 1991 թվականից:  Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը իրավական հիմք չէ:
18:43 - 13 սեպտեմբերի, 2023
Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան
 |panorama.am|

Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս  ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։ «Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա  հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է  Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»։ Ա. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության  մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը  պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու  ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»: Ըստ Ա.Խաչատրյանի, ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա։ «Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս  պահին այդ ռիսկային  խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ա. Խաչատրյանը պատասխանց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, այլապես ի՞նչ պետք է լինի»։ Նա նաև նշեց, որ Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։
14:50 - 11 սեպտեմբերի, 2023
Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին
 |tert.am|

Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին |tert.am|

tert.am:  ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: «Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց․ «Ես էլ կարող եմ ձեր պես էմոցիոնալ ասել՝ ջրամբարներում պետք է ջուր լիներ, դե թող լիներ»։ Հարցի քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը դարձյալ ելույթի համար ձայնի իրավունք խնդրեց, մոտենալով ամբիոնին  ասաց․  «Ափսոս, Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ»։ Խաչատրյանը հայտնեց, երբ Շիրակի մարզպետ է եղել,  Կապսի ջրամբարի կառուցման համար սկսել էին աշխատանքները, բայց միայն հինգ տարի անց է պայմանագիր կնքում իշխանությունը։ Ըստ նրա՝  ջրամբարներից ոռոգման ջուր է  բաց թողնվում մինչև ոռոգման սեզոնի մեկնակը, և ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման նպատակով։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Բա Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերի խողովակ գետնի տակից հանեցին ծախեցին, տո՛ Դուք  եք եղել, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել։ Այսօր եկել ենք ջրամբար ենք կառուցում, ոռոգման ջրի ցանցեր  ենք փոխում։ Այո ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, դեռ շատ խնդիրներ ենք ունենալու։ Ամեն անգամ գալիս եք, մեկի ասածի վրա կեղտ եք բռնում։ Միայն  Ապարանի տարածաշրջանից  հազարավոր կիլոմետրերի  խողովակ հանեցին, տարան, էն գյուղապատերը, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն»,- հայտարարեց պատգամավորը։ Մաթևոս Ասատրյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է սկսի ուսումնասիրություն, թե ով է խողովակները վաճառել։ «Էդ խողովակները տարել են որպես ուտիլ են հանձնել»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։
12:22 - 12 հուլիսի, 2023
Կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը. ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան
 |news.am|

Կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը. ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան |news.am|

news.am: Կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու: Պետք է մինչեւ ոռոգման սեզոնը ջրամբարներում բավականաչափ ջուր լինի, այլապես ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, եւ դրանով պայմանավորված մեզ մոտ տեղական արտադրության բանջարեղենի առաջարկը նվազել է եւ գները բարձրացել են: Ջուր քիչ է օգտագործում գյուղատնտեսությունը, որովհետեւ բերքն ավելի քիչ է լինում: Ջուրը, որ հասանելի եք դարձնում, քիչ է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Նա նկատեց, որ անցյալ տարվա ջրամբարաշինությունը կատարվել է 46 տոկոսով. «Եթե ճիշտ կատարվեր, այսօր այդ խնդիրը չէինք ունենա: Իսկ ինչքան է եղել ոռոգման համակարգերի առողջացում ծրագիրը ՏԿԵ նախարարության ծախսերի առաջին կիսամյակում. 32,6 տոկոս: Մյուս տարի էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետեւ այս կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը: Էլի գալու եք ասելու եք՝ բա ինչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի»,-ընդգծեց Խաչատրյանը: Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նխագիծը, որով առաջարկվում է 2023-ին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն խմ՝ 170 մլն խմ-ի փոխարեն:
11:41 - 12 հուլիսի, 2023
Միթե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին
 |news.am|

Միթե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին |news.am|

news.am: Մեր հերոսները զոհվել են, որպեսզի հայկական Արցախը լինի հայկական, որտեղ հայերը կկարողանան ապրել իրենց հայրենիքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ես ուզում եմ դիմել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։ ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել, որոնք ստեղծվել են՝ իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ազգերից, ովքեր օգտագործելով այդ իրավունքը՝ պետություն են ստեղծել։ 2008 թվականին, երբ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը քննում էր Կոսովոյի հարցը, խորհրդատվական եզրակացությունը հստակ էր՝ միջազգային իրավունքը զարգացել է ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով, ու տարածքային ամբողջականության սկզբունքը, որի վրա հղում է կատարում Ադրբեջանը, իսկ այսօր նաև Ադրբեջանի բարեկամ ՔՊ-ական իշխանությունը, որևէ կերպ չեն արգելում ժողովուրդներին՝ իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում էին իրենց տեսակետից ելնելով և որոնք այսօր կրկնում է ՔՊ-ական իշխանությունը, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ էր լսել ՄԱԿ-ին, ո՛չ էլ այսօր է լսել ՄԱԿ-ին»,- ասաց Խաչատրյանը։ Պատգամավորը հայտարարեց, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի սկզբունքները, մինչ օրս պատժված չէ նույն միջազգային հանրության կողմից. «Դուք, որ այսօր խոսում եք միջազգային իրավունքի մասին, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու ու ոտնատակ տալու համար։ Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը, 30․000 երեխայի կյանքը, թերսնումը, կրթության, առողջության իրավունքից զրկումը։ Սա՞ է այն իրավունքը, որը դուք այդքան վեհանձն քարոզում եք, մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Մարդու իրավունքներից եք խոսում և ուզում եք՝ ձեզ հավատա՞ն», - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց հայտարարեց Արթուր Խաչատրյանը։ Նա հայտարարեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հավաքվի եւ դատապարտի ադրբեջանական ագրեսիան եւ հստակ քայլերով դա իրականացնի, պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկտմամբ, նրա բեղավոր ղեկավարի նկատմամբ. «Այլապես ՄԱԿ-ի երբեւէ ընդունած բոլոր փաստաթղթերը մակուլատուրայի արժեք էլ չեն ունենա»: Հիշեցնենք, որ հունիսի 27-ից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։
11:52 - 28 հունիսի, 2023
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ՀՀ ԱԺ կայքում զետեղվել է ԱԺ նախագահի կարգադրությունը պատգամվորներին Լոնդոն գործուղելու մասին։ Մասնավորապես, համաձայն կարգադրության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվելու է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)։ Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Սոնա Ղազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը,Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը (հունիսի 4-9-ը),Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ   հաղորդակցության վարչության լրատվության   արտադրության բաժնի լուսանկարիչ- oպերատոր Դավիթ Հակոբյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության  արտադրության բաժնի հեռուստաoպերատոր Հրայր Քալաշյանը։ Գործուղման ծախսերը պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին են։
11:17 - 27 մայիսի, 2023
Որեւէ ուսումնասիրություն, հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ օգուտ կգա Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրյան
 |news.am|

Որեւէ ուսումնասիրություն, հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ օգուտ կգա Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրյան |news.am|

news.am: v class="article-title"> Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որ իրենք իրենց հաշվարկները ներկայացնեն, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանն ինչ օգուտներ կունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Իրենք հղում արեցին 2000 թվականի ինչ-որ մի ուսումնասիրության վրա, այն դեպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծություն չէ, ուղղակի տրանսպորտային հեռավորության կրճատման արդյունքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կկրճատվի»,- ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մեկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիվ հիմնավորումներ էր բերել, թե դա ինչ մեծ օգուտներ է, թե ինչքան է զարգացել տեղական արդյունաբերությունը, թե ինչպես է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինվել այլ երկրներից ներմուծումով. «Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների  էմբարգոն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր ավելի էժան են: Դրա հիման վրա հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որեւէ էական ազդեցություն գնաճի վրա չի ունեցել»: Խաչատրյանի խոսքով, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ կա ուսումնասիրություն, խոստացել էր դրա հիման վրա քննարկում կազմակերպել. «Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպվել: Որեւէ քիչ թե շատ հարգված տնտեսագետ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագետ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրություն, որեւէ հաշվարկ չի ներկայացվել: Իսկ եթե  ավելի կոնկրետ ուզում եք իմանալ՝ ինչ տեղի կունենա, հարցրեք գյուղացիներին, որոնք նույնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»: Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է»,-ընդգծեց նա:  
13:52 - 10 մայիսի, 2023