ԿԱՐԴԱԼԻՔ

Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը

Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը

Ամառային մի շոգ օր՝ 2023-ի հուլիսի 31-ին, Կարինեն (անունը փոխված է) իր ծանոթներից մեկի՝ Գևորգի հետ (անունը փոխված է) զբոսնում էր Երևանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ, Գևորգը Կարինեին հարցրեց՝ արդյո՞ք նույնականացման քարտ ունի իր մոտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինեն, վստահելով ծանոթին, համաձայնեց։  Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մոտ, Գևորգը Կարինեին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նույնականացման քարտն ու մտավ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ ու Կարինեին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմավորելու, կասի՝ ինչ անել։  «Ես մոտեցա այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրոն տվեց նրան, ինքն էլ տվեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսա, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», - պատմում է Կարինեն, որը բանկից դուրս գալուց հետո Գևորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենա։ Վերջինս պատասխանել է, որ մոռանա այդ մասին, եթե զանգեն, ասի, որ ոչնչից տեղյակ չէ։  Կարինեն, փաստորեն, իր կամքից անկախ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը «ֆինանսավորողներից» մեկը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, Կարինեն միակը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում։  «Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը՝ անհայտ ծագում ունեն։ Կարինեի անձը հաստատող փաստաթուղթը և ստորագրությունն օգտագործվել են անհայտ ծագման դրամական միջոցները ՔՊ կուսակցության հաշվեհամարին փոխանցելու համար։ Պատահական չէ, որ բանկային այդ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին։ Հենց այդ օրն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել նախընտրական քարոզարշավի համար դրամահավաք-երեկոն։  Ի դեպ, ՔՊ-ն նախապես հրապարակային հայտարարություն չէր տարածել դրամահավաք-երեկոյի մասին։ Միայն օրեր անց կուսակցության նախընտրական շտաբի պետ, այժմ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»։ ՔՊ կուսակցությունը, սակայն, չէր հանրայնացնում «թվով 987 նվիրատուների» անունները՝ ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ ընտրությունների ընթացքում և ո՛չ էլ դրանից հետո։ «Ինֆոքոմը» և մի շարք այլ լրատվամիջոցներ նվիրատուների ցանկը ստանալու համար հարցումներ էին ուղարկել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն կուսակցությունը մերժել էր տրամադրել ցանկը։ Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հիմնվելով «Ինֆոքոմի» դիմումի վրա, նույնաբովանդակ ևս 2 հարցում էր ուղարկել ՔՊ և պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 4-ին  դատական հայց էր ներկայացրել ՔՊ-ի դեմ՝ ցանկը ստանալու պահանջով։ Հունվարի 8-ին ԻԱԿ-ի ու ՔՊ-ի միջև կնքվել էր հաշտության համաձայնագիր, որի համաձայն՝ կուսակցությունը պարտավորվել էր տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունները։  Ի տարբերություն Արմեն Փամբուխչյանի հայտնած թվերի՝ «Ինֆոքոմին» ուղարկված նվիրատուների ցանկը ներառում էր 996 անձանց (նախնական հրապարակված թվից 9-ով ավելի) կատարած ընդհանուր 509 085 950 ՀՀ դրամի (շուրջ 1 264 242 ԱՄՆ դոլար) նվիրատվությունները։ --- «Այդ պահին, որ գումարի չափը տեսա, ուզում էի հասկանալ՝ իմ աշխատավարձով ես ո՞նց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ՝ այդ գումարն իրենց բա որտեղի՞ց է գնալու, եթե ես չեմ հիմա այդ փողը փոխանցում»,- մեզ հետ զրույցի ընթացքում ինքն իրեն հարցեր էր ուղղում Կարինեն։ Նվիրատուների ցանկում իր անունը տեսնելով՝ Կարինեն մտահոգվել է, ասում է, որ չի ցանկանում որևէ քաղաքական կուսակցության հետ առնչվել։ Անհանգստանում է, որ այս դեպքն իր անվան վրա «սև բիծ» է թողնելու. մտածում է, որ իր հարազատների մոտ միամիտ մարդու տպավորություն կթողնի, քանի որ իր ծանոթին վստահելով՝ դարձել է կեղծ ֆինանասական գործարքի և քաղաքական գործընթացի մասնակից։ Կարինեն հաշվարկել էր նաև, որ իր աշխատավարձով 2.5 տարում հազիվ կարողանար 2.5 մլն դրամ հավաքել։ Հարցին, թե ինչ է զգում հիմա, երբ գիտի, որ իրեն խաբել են, պատասխանեց. «Ինձ հպարտ քաղաքացի չեմ զգում։ Մի քիչ ճնշող է, որ փորձում են խաբել։ Ինձ համար լացելու են քաղաքական թեմաները, որ անընդհատ խաբում են ու միայն իրենց շահի մասին են մտածում»։ Նա մտաբերեց նաև, որ բանկային գործարքից հետո Գևորգը զանգեց ինչ-որ մեկին, ասաց՝ «2 հատ իմ կողմից, ինձ էլ ինչ տաս՝ տաս»։ ՔՊ-ին նվիրատվություն կատարածների ցուցակում հայտնվել էր ոչ միայն Կարինեի անունը, այլ նաև Գևորգի ու նրա եղբոր։ Վերջիններիս անվան դիմաց գումարի չափը ևս նշված է 2.5 մլն դրամ։ Կարինեի դեպքը միակը չէ. մենք հանդիպել ենք նվիրատուների ցանկում հայտնված այլ անձանց ևս, որոնք տեղյակ չէին իրենց անունով կատարված գործարքից։  Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։  Մենք ուսումնասիրել և նույնականացրել ենք 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։ Տվյալների ուսումնասիրության արդյունքում նկատել ենք 3 օրինաչափություն.  1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։ Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։ Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։ Ստորև առանձին կնկարագրենք յուրաքանչյուր օրինաչափությունը։    1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում  1 մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց 87 տոկոսին նույնականացրել ենք՝ ըստ հասցեների։ Մեր կողմից նույնականացված անձանց 76%-ը հաշվառված է Երևանում։ Խոշոր նվիրատվություններ են արել նաև Կոտայքի մարզից (9.2%), Վայոց Ձորից (4%) և Արագածոտնից (4%)։ Տվյալների բաց աղբյուրների միջոցով նույնականացնելով նվիրատուներին՝ նկատեցինք, որ նրանց մի մասն ապրում է նույն կամ հարևան շենքերում։ Այս միտումը հատկապես նկատելի է Նոր Նորք վարչական շրջանում։ Օրինակ՝ Վիլնյուսի փողոցի միմյանց հարևան 3 շենքից 4 նվիրատու կա, Գայի և Մոլդովական փողոցների իրար հաջորդող 3 շենքերից 8 նվիրատու կա, որից 5-ը՝ նույն շենքից:   Նույն շենքում բնակվող այդ 5 անձանցից յուրաքանչյուրը 2.5 մլն դրամ է նվիրաբերել. նրանցից Տիգրան Դարբինյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն է, ՔՊ ավագանու թեկնածու։ «Ինֆոքոմն» այցելել է ինչպես Նոր Նորքի, այնպես էլ Երևանի այլ վարչական շրջանների և մոտակա մարզերի հասցեներ, հանդիպել նվիրատվություն կատարած անձանց։  Հատկանշական է, որ մեր այցելած բնակարանների մեծ մասի պայմանները տեսնելով՝ դժվար էր պատկերացնել, որ այնտեղ բնակվող անձինք 2.5 մլն դրամ հավելյալ գումար կունենային՝ կուսակցությանը նվիրաբերելու համար։  Նվիրատուների առաջին արձագանքն էլ մեր հարցին հաճախ հետևյալն էր. «Մեզ որտեղի՞ց այդքան գումար»։  Երբ նշում էինք, որ իրենց անունն առկա է ՔՊ կուսակցությանը նվիրատվություն արած անձանց ցանկում, ինչ-որ դրվագ էին վերհիշում, խնդրում էին սպասել, մինչև զանգ կատարեն։ Այդ զանգերից հետո նվիրատուների մի մասն արդեն վստահաբար նշում էր, որ իրենք են կատարել դրամական փոխանցումը։ Բնակարաններից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի ծնողները, զարմացան ու ասացին, որ հնարավոր չէ, որ իրենց որդին այդքան գումար փոխանցած լինի։  Մեր խնդրանքով ծնողները զանգեցին իրենց որդուն, նա ևս պատասխանեց, որ նվիրատվություն չի արել։ «Բայց ձեզ մի հարց էլի, որ դուք փող ունենայիք, ՔՊ-ին կտայի՞ք 2.5 մլն դրամ»,- հարցրեց նա։ Նույն փողոցի մեկ այլ բնակիչ հեռախոսազրույցում, լսելով հարցը, ասաց, որ փոխանցել է, բայց չի հիշում՝ որքան։ Հարցին, թե արդյոք չի հիշում՝ 2.5 մլն դրամ փոխանցե՞լ է, թե՞ ոչ, վերջինս հարցրեց՝ ցուցակում ո՞նց է գրված։ Գումարի չափը լսելուց հետո՝ ասաց. «Տեղս հարմար չի, հետո զանգեք, իմ գործարքները շատ են, թվերը չեմ հիշում, մի ժամից զանգեք»։  Նոր Նորք վարչական շրջանի հասցեներից մեկի բնակիչը, որի անունը կար նվիրատուների ցանկում, երկրում չէր։ Մայրը վստահեցրեց, որ ՔՊ-ին հաստատ չէր փոխանցի։ Հարցրինք՝ հնարավո՞ր է՝ փոխանցած լինի, ինքը տեղյակ չլինի, ասաց՝ չէ։ Հայրն էլ նշեց, որ չի փոխանցել, պետք է ՔՊ-ին հարցնել՝ ինչպես է որդու անունը հայտնվել ցանկում։ Նույն վարչական շրջանի հասցեներից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի մայրն ու կինը։ Հարցը լսելով՝ անհանգստացան, ասացին, որ եթե նման նվիրատվություն արված լիներ, իրենք կիմանային։ Մեր խնդրանքով զանգեցին նվիրատուին, վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վստահված անձ է եղել, բայց գումար չի փոխանցել։ Բայց նաև խնդրեց սպասել՝ ճշտում անի և հետ զանգի։ Քիչ անց զանգեց, ասաց, որ ինքն է փոխանցել գումարը, ոչինչ չգրենք այդ մասին։ «Եթե ինչ-որ հարց էլ լինի, էդ հարցերը կլուծեն»,- նշեց նվիրատուն՝ իհարկե, չասելով, թե ով կամ ինչ հարցեր կլուծի։  Նոր Նորք վարչական շրջանի մեկ այլ հասցեում մեզ դիմավորեց նվիրատուի կինը, ասաց, որ վստահ է, որ իրենք չեն փոխանցել։ «Ինչքան գործարքներ կան, ես իմ անունից եմ անում, ինքը գործարքային իրավունք չունի ներկա պահին։ Նրա անունով ոչ մի փոխանցում չի եղել և չի էլ կարող լինել», - ասաց նա՝ նշելով, որ ամուսնու հաշիվները կալանքի տակ են, գործարքներ անել չի կարող։ 2.5 մլն դրամ փոխանցած նվիրատուներից մեկը զրույցի սկզբում չհիշեց՝ ինչի մասին է խոսքը։ Գումարի չափը լսելուց հետո զարմացավ, սակայն ասաց, որ դա իր գաղտնիքն է, և մեզ ոչինչ չի պատմի։ Նախ ասաց, որ ինքն է փոխանցել, հետո ասաց, որ ինչ-որ բան կա, բայց մեզ պատմել չի կարող։ Նոր Նորքի բնակիչներից մեկը, որ ավագանու ընտրություններին նաև ՔՊ վստահված անձ էր, «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ 1 մլն դրամ է փոխանցել, մինչդեռ մեզ տրամադրած ցուցակում իր անվան դիմաց նշված էր 2.5 մլն դրամ։  2.5 մլն դրամ էր փոխանցել կուսակցության մեկ այլ վստահված անձ նույն վարչական շրջանից։ Նրա հետ կապ հաստատեցինք հեռախոսով։ Հարցը լսելով՝ խնդրեց մի բան ճշտել, հետ զանգել ու այդպես էլ չզանգեց։ Ստորև ներկայացված քարտեզի նարնջագույն կետերը 1-2․5 միլիոն դրամ նվիրաբերած այն անձանց հասցեներն են, որոնց մենք նույնականացրել ենք (բացառությամբ պաշտոնյաների, ընկերությունների հետ փոխկապակցված անձանց)։ Համապատասխանաբար, վարչական շրջանները գունավորել ենք՝ ըստ Ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների։ Մուգ երանգավորված վարչական շրջաններում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ։   Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք 1 մլն դրամից ավելի գումար նվիրաբերածների ցանկում քիչ չէին նաև բիզնես գործունեություն ծավալող հայտնի (կամ ոչ այնքան) ընկերությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, բաժնետերեր և տնօրեններ։  2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի հայտնի ընկերություններից մեկում՝ «Երեմյան փրոջեքթսում»: Մենք տեղեկություն ունենք, որ նվիրատվությունները ոչ թե աշխատակիցների անձնական միջոցներից են, այլ նրանց անունով այդ գումարները փոխանցել է ընկերությունը։ «Երեմյան փրոջեքթս»-ի՝ մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռուբեն Սուքիասյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ կազմակերպությունում որևէ վերահսկողություն չունեն մարդկանց քաղաքական հայացքների նկատմամբ, և իրենք ոչ մեկին չեն ուղղորդել։ «Եթե հարցը նրանում է՝ արդյո՞ք կազմակերպության կամ կազմակերպության ղեկավարի կողմից է գումարը տրվել, ապա միանշանակ, ո՛չ, որևէ աղերս դա չունի կազմակերպության հետ։ Իսկ արդյո՞ք ինչ-որ այլ մարդիկ են դա տվել որպեսզի այդ մարդիկ [կազմակերպության աշխատակիցները - խմբ.] փոխանցեն, գուցե իրենց անձնական ընկերները, բարեկամները կամ ինչ-որ մեկ այլ մարդ, սա ուղղակի այդ առումով զուգադիպություն է։ Այսինքն՝ եթե ընկերությունում աշխատում է 2.500 մարդ, միշտ կարող են նրանցից 8-ը, 10-ը, 5-ը միավորվել ինչ-որ մի բանի շուրջ և ինչ-որ մի բան իրականացնել, որի վրա մենք ոչ հսկողություն ունենք, ոչ էլ ցանկություն ունենք մարդկանց կյանքի այդ հատված մտնելու»,- նշեց Ռուբեն Սուքիասյանը։ «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ։  Գործարար, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ տարբեր ընկերություններում ներգրավված Աշխեն և Վերգինե Մաթևոսյանները 2.5-ական մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ Վերգինե Մաթևոսյանը և Խաչիկ Խաչատրյանը «Վիլլաշին» ՍՊԸ բաժնետերերն են։ Նույն ընկերության տնօրեն Արթուր Սարոյանը նույնպես 2.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։ Նույնքան գումար է փոխանցել նաև «Վիլլաշին» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Վիլլա մարկետ» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Միրզոյանը։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։  2.5-ական մլն դրամ նվիրատվություններով քարոզարշավի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սմբատ Պապոյանը, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը։  Նշենք, որ Ջերմուկ համայնքի ղեկավարը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը։ Վերջինս, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ իրական շահառուն է։ Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաև «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Ղազարյանը նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող մեկ այլ՝  «Մագնոլիա կոմֆորտ 2» ՓԲԸ տնօրենն է։ Նույն ընկերության բաժնետեր Վահե Մելիքսեթյանը նույնպես նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Մելիքսեթյանը «Վիզիվիգ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է, որի նախկին բաժնետեր Հովհաննես Մկրտչյանը ևս նույնքան նվիրատվություն է կատարել։ «Վիզիվիգի» ներկայիս բաժնետեր Լիլիթ Մկրտչյանը նույն հասցեում է գրանցված «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Արա Ավետիսյանի հետ։ Արմեն Ղազարյանը նաև «Էյ-Ջի-Էյջ Ղազարյաններ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է։ Ընկերության ներկայիս տնօրենը՝ Գևորգ Ղարիբյանը, ՔՊ դրամահավաքին փոխանցել է 2.5 մլն դրամ։ ՔՊ-ին թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն են կատարել «ՋիԷյԷյջ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը և նույն ընկերության նախկին բաժնետեր և տնօրեն Սմբաթ Նավոյանը։ 2.4-ական մլն դրամ նվիրատվություն են կատարել «Մալխասյանց փաստաբանական կենտրոնի» բաժնետեր և տնօրեն Մինաս Մալխասյանը և աշխատակից Գրիգոր Մալխասյանը։ Կենտրոնի մեկ այլ աշխատակից  Կորյուն Մկրտչյանը փոխանցել է 2.3 մլն դրամ, իսկ փոխտնօրեն Նազիկ Մալխասյանը նվիրաբերել է 100 հազար դրամ։ Մինաս Մալխասյանը, Նազիկ Մալխասյանը  և Գրիգոր Մալխասյանը դատավոր Գուրգեն Մալխասյանի զավակներն են։ Վերջինս Ավագանու ընտրություններից մոտ մեկ ամիս անց առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն չի ընտրվել։  Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն իրականացնող «Արագ արձագանքման գվարդիա» ՍՊԸ նախկին բաժնետեր Զորիկ Սարգսյանը և նույն ընկերության ներկայիս բաժնետեր Ավետիս Առաքելյանը ՔՊ-ին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։  Նույնքան գումար են փոխանցել հաշվապահական հաշվառմամբ զբաղվող «Ջի Էմ Քեյ փարթներս» ՍՊԸ-ի բաժնետեր Կարեն Մովսեսյանը և նույն ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։  Շինարարական գործունեություն ծավալող «Ստրոյ մաստեր Միխայիլ» ՍՊԸ բաժնետեր և տնօրեն Իվան Մինասուևը, նախկին բաժնետեր Միխաիլ Մինասուևը և նրանց եղբայրը՝ Նիկոլայ Մինասուևը ՔՊ դրամահավաքին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Մեր հարցին, թե արդյոք նվիրատվություն կատարել է, Միխաիլ Մինասուևը նախ ասաց, որ չի հիշում, քանի որ ինքը շատ նվիրատվություններ է անում։ Խնդրեց ցույց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուղարկած ցանկը։ Չհաստատելով կամ չհերքելով նվիրատվություն անելու փաստը՝ ասաց. «Ինչ-որ մի բան արել ենք, չեմ հիշում»։ Նվիրատուների հետ փոխկապակցված որոշ ընկերություններ ակտիվ մասնակցել են պետական գնումների։ Այդ ընկերություններին «Ինֆոքոմը» կանդրադառնա այլ հրապարակումներով։   Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները և նրանց փոխկապակցված անձինք  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որ նախընտրական շրջանում նաև կուսակցության շտաբի պետն էր, մինչև 2023 թվականի հունիսի 30-ը զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ կուսակցությանը 2.5-ական մլն դրամ են փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակիցներ Վազգեն Սիմոնյանը, Վահե Հարությունյանը, Արամ Սեմիրջյանը, Հովիկ Խաչոյանը և Գեղամ Բրսոյանը։ Վերջինս նաև ՔՊ ավագանու թեկնածու էր։  2.5 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել Արմեն Սարգսյանը։ Նա Արմեն Փամբուխչյանի խորհրդականն էր մինչև ԱԻ նախարարության լուծարումը, իսկ հետո նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Սարգսյանը ուղևորափոխադրումներ իրականացնող «Ինտեռ տրանս» ընկերության բաժնետերն է։ Նույն ընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը ևս 2.5 մլն դրամ է նվիրաբերել։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել Հարություն Բալյանը, որը ընկերական հարաբերություններ ունի Արմեն Փամբուխչյանի և Արմեն Սարգսյանի հետ։ 1 միլիոնից ավելի նվիրատվություն կատարածների ցանկում հանդիպում են մի շարք պաշտոնատար անձինք։ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը ՔՊ կուսակցությանն է նվիրաբերել 2.5  մլն դրամ։  1.5 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՊՆ «Զինառ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը, որը, փոխվարչապետ եղած ժամանակ, Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Արշակ Օրդուխանյանը նաև ավագանու թեկնածու էր։  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, որը նաև ավագանու թեկնածու էր, 1 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։  Արտաշատ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Սայադյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 702 հազար 975 դրամ։ Այս եկամուտը նա ստացել է ՔՊ կուսակցությունից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։ Ի դեպ, ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին 2 մլն դրամ է նվիրաբերել նաև Հայաստանում Իսպանիայի հյուպատոս Արմինե Ադամյանը։ 2.5 մլն դրամի չափով նվիրատվություն են կատարել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը և «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը։ Իսկ քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը ՔՊ-ին փոխանցել է 100 հազար դրամ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նվիրատվություն չի կատարել, փոխարենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը, փոխանցել է 2 մլն դրամ։ Երևանի ավագանու` ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի եղբայրը՝ Տիգրան Գալջյանը, նվիրաբերել է 2.3 մլն դրամ։  Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը փոխանցել է 2.5 մլն, իսկ ավագանու մեկ այլ անդամ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ 1 մլն դրամ։  Վարչական շրջանների ղեկավարների փոխանցումները տատանվում էին 200 հազարից 1.7 մլն դրամի սահմաններում։ 200 հազարական դրամներ են փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը փոխանցել է 400 հազար դրամ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը՝ 550 հազար դրամ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ 300 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը փոխանցել է 1,7 մլն դրամ։  Շռայլ փոխանցումներով աչքի է ընկել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Գևորգ Բաղդասարյանը և Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լևոն Շահնազարյանը փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Գևորգ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նքն է փոխանցել գումարը և ի՞նչ միջոցներով։ Հարցը լսելուց հետո ասաց, որ մի փոքր ուշ հետ կզանգի։ Ավելի ուշ կրկին զանգեցինք, վրդովված պատասխանեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգենք։  Նոր Նորք վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ Սարգիս Նազարյանը ՔՊ կուսակցությանը նվիրաբերել է 2.4 մլն դրամ։ Վերջինս ավագանու ընտրությունների ՔՊ կուսակցության վստահված անձ էր։ Նույն վարչական շրջանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետ Գագիկ Աբաջյանը փոխանցել է 2.3 մլն դրամ։  Դրամահավաքի նվիրատուների շարքում են նաև ՔՊ կուսակցության 88 ավագանու թեկնածուներ, որոնց նվիրատվությունները տատանվում են 20 հազարից մինչև 2.5 մլն դրամի սահմաններում։  --- Փաստերի համադրությունն ու տվյալների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։  Ուսումնասիրության արդյունքում կարող ենք արձանագրել, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունները պետք է փոխանցվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Օրենքի այս կետը նպատակ ունի թափանցիկ և հետագծելի դարձնել փոխանցվող նվիրատվության ծագումը։  «Ինֆոքոմը» ՔՊ կուսակցությանը գրավոր հարցել էր, թե ինչպես են ապահովել նվիրատվությունների անկանխիկ փոխանցումը դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Հարցմանն ի պատասխան՝ նշել են. «Դրամահավաքին նվիրատվությունների հավաքագրումը կազմակերպելու համար ներգրավվել են «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներ, որոնք էլ ապահովել են նվիրատվությունների փոխանցումը կուսակցության հաշվեհամարին։ ՔՊ կուսակցության հաշիվները սպասարկվում են «Հայէկոնոմբանկի» կողմից»,- նշված է պատասխանում։ «Հայէկոնոմբանկի» աշխատակիցները, փաստորեն, կուսակցության նվիրատուներին «օգնել են» փոխանցումներ կատարել ոչ միայն դրամահավաք-երեկոյի ընթացքում, այլ նաև դրանից դուրս։ Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» բաժնետերերից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս և իր եղբայրները հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող։ --- Երեկ կապ հաստատեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի հետ։ Նկարագրեցինք, որ հանդիպել ենք ՔՊ նվիրատուների ցանկում հայտնված անձանց, որոնք նշել են, որ իրենք նվիրատվություն չեն արել։ Վահագն Ալեքսանյանը նախ խնդրեց հայտնել այդ անձանց անունները, որ կարողանա ճշտել։ Աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ մեր արձագանքին Ալեքսանյանը պատասխանեց, որ միգուցե ճիշտ անձանց չենք նույնականացրել։ Մեր դիտարկմանը, որ նույն կամ մոտ շենքերում բնակվող անձանց անուններից որոշակի օրինաչափությամբ նվիրատվություններ են արվել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կարող է ստացված լինի այնպես, որ մի քանի հոգու գումար նույն պահին ուղղակի մեկի անունով են մուտք արել բանկի աշխատակիցները, որ ժամանակ խնայեն, դա էլ չեմ բացառում»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները հավաքագրվել են միայն հուլիսի 31-ի դրամահավաք-երեկոյի ժամանակ, Ալեքսանյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեպքեր են եղել, երբ տարածքային գրասենյակի կուսակցականները հավաքել են, մեկի հետ ուղարկել են։ Այդպես էլ է եղել»։ Կրկին ճշգրտեցինք, թե արդյո՞ք վերջնարդյունքում դրամահավաքի նվիրատվությունները մուտք են արվել երեկոյի ընթացքում, Ալեքսանյանը պատասխանեց՝ այո՛, միայն ավելացրեց, որ որոշակի անճշտություններ են եղել, և հաջորդ օրը բանկ գնալու առիթ է եղել։ Հարցին, թե ինչ անճշտություններ են դրանք, Ալեքսանյանը խնդրեց գրավոր դիմել։ Առավել բովանդակային պատասխան ստանալու ակնկալիքով Վահագն Ալեքսանյանի հետ պայմանավորվեցինք, որ գրավոր կուղարկենք մեր հարցերը և կսպասենք դրանց պատասխանին մինչև այսօր՝ ժամը 17:00-ն։ Մինչև պայմանավորված ժամը, սակայն, որևէ պատասխան չստացանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։   Ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների օրինականությունը պետությունը կարող է պարզել ընտրություններից 8 ամիս անց «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն, համադրելով կուսակցության հաշվետվությունը այլ աղբյուրներից (ներառյալ բանկային տվյալներ) ստացված տեղեկությունների հետ, իրականացնում է կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողությունը և տարեկան հաշվետվության ստուգումը։  «Ինֆոքոմն» ավելի վաղ անդրադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական գործառույթին՝ հարցադրմամբ, թե արդյո՞ք նախընտրական շրջանում նվիրատուների ցանկը չհրապարակելը չի նվազեցնում ընտրական գործընթացի թափանցիկությունը։  Այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով այդ մտահոգությանը, ասել էր. «Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում ունենաք, որևէ բան բացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։  Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովել, ապա նրանց համար մեծ տարբերություն պետք է չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։ Ավագանու ընտրությունների ավարտից շուրջ 4 ամիս անց պարզ է դառնում, որ ընտրությունների ընթացքում ՔՊ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։     Հեղինակ՝ Լյուսի Մանվելյան  Հետաքննությանն աջակցել են Հայարփի Բաղդասարյանը, Ջուլիետտա Հովհաննիսյանը և Ռոման Աբովյանը Խմբագիրներ՝ Անի Հովհաննիսյան, Սևակ Մամյան
19:39 - 30 հունվարի, 2024
ԳԱԱ-ն առաջարկում է իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն՝ իրականացնելով ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում․ հարցազրույց Ակադեմիայի նախագահի հետ

ԳԱԱ-ն առաջարկում է իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն՝ իրականացնելով ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում․ հարցազրույց Ակադեմիայի նախագահի հետ

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Աշոտ Սաղյանի հետ։   - Պարո՛ն Սաղյան, 2021-ի ամռանը, երբ Դուք ստանձնեցիք ԳԱԱ նախագահի պաշտոնը, շրջանառության մեջ էր դրված «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի* նախագիծը, որից կարելի էր ենթադրել, որ գիտական ինստիտուտները հանվում են ԳԱԱ համակարգից։ Հենց այդ ժամանակվանից խոսակցություններ կային, որ գուցե ինստիտուտները միացվեն բուհերին։ Բայց քննարկումներ եղան, և արդեն 2022-ին օրենքի նախագծի լրամշակված տարբերակում ինստիտուտները վերադարձվում էին Ակադեմիայի համակարգ։ Այն ժամանակ Կառավարության հետ ի՞նչ քննարկումներ եղան, որ Կառավարությունը հետ կանգնեց իր նախնական որոշումից։  - Իրավացի եք, այն ժամանակ քննարկումները հիմնականում այդ կետի շուրջ էին։ Բացի դրանից՝ այլ կետեր էլ կային։ Ամեն դեպքում, խնդիր էր դրված ընդհանուր բարեփոխումներ իրականացնել ոչ միայն ԳԱԱ-ում, այլև ամբողջ համակարգում՝ գիտության ոլորտում, և, իհարկե, նաև Ակադեմիայում։ Եվ դա պետք է համապատասխանեցվեր ռազմավարական ծրագրի հետ, որը Կառավարությունն ընդունել էր։  Վերանայված օրենքում՝ Ակադեմիային վերաբերող բաժնում, հատուկ կետ կար, որտեղ նշված էր, որ Ակադեմիան իր կազմում միավորում է գիտական կազմակերպություններ։ Դա բազմիցս քննարկել ենք և՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում, և՛ տարբեր հարթակներում։ Այդ հարցի շուրջ հիմնականում տարաձայնություններ չկային։ Դա այն ժամանակ էր, երբ Վահրամ Դումանյանն էր նախարարը (2022 թվականին,- խմբ․)։  ԳԱԱ նախագահության շենքը - Դուք նրա հետ քննարկումներ ունեցե՞լ եք։ - Իհարկե, նրա հետ էլ ենք քննարկումներ ունեցել, Գիտության կոմիտեի հետ էլ (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,- խմբ․)։ Ակադեմիայի համակարգում բարեփոխումների պլան էինք կազմել․ նախատեսվում էր գերազանցության կենտրոնների ստեղծում, և այդ ընթացքում մենք այցելել ենք բոլոր ինստիտուտներ գրեթե երեք ամիս տևողությամբ, ծանոթացել ենք ինստիտուտի խնդիրներին, նյութատեխնիկական բազաներին։ Եվ վերլուծելով կարողացել ենք ստեղծել գերազանցության կենտրոնների մոդել։ Մոտավորապես գերազանցության ինը կենտրոն պետք է ստեղծվեր։ Իհարկե, քննարկումները դժվար են եղել, որովհետև միավորման ընթացքում որոշ ինստիտուտների տնօրեններ կորցնելու էին իրենց պաշտոնը, որոշ ինստիտուտներ ազատելու էին տարածքներ (կան ինստիտուտներ, որոնք ունեն չօգտագործվող տարածքներ):  - Այդ գերազանցության կենտրոններից դուրս նաև մի քանի ինստիտուտներ պիտի լինեի՞ն։  - Նաև ինստիտուտներ։ Որոշ ինստիտուտներ մնում էին առանձին։ - Դրանք ամենաարդյունավետ ինստիտուտնե՞րն էին լինելու։  - Ես չէի ասի՝ ամենաարդյունավետ։ Ամենաարդյունավետների շուրջ համախմբելու էինք գերազանցության կենտրոնները։ Կային ինստիտուտներ, որոնք բովանդակային առումով մի փոքր դժվար էր համախմբելը, և դրանք մնում էին առանձին։ Մենք այդ մոդելը մշակել ու փոխանցել ենք և՛ Գիտության կոմիտեին, և՛ վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Ես առաջարկել եմ ԳԱԱ նախագահության՝ նոր կենտրոնների, փոփոխությունների վերաբերյալ որոշումն էլ պաշտոնապես կայացնել և արդեն փոխանցել Կոմիտեին, որովհետև, ամեն դեպքում, մենք ընդամենը դիրքորոշում տվողն ենք, Կառավարության որոշման նախագիծը կազմում է լիազոր մարմինը, որովհետև գումարն էլ է նրանց մոտ, և մենք ընդամենը մշակել ենք մոդել։ Ասացին, որ երկու կենտրոնը բավական է, և Կառավարության այն ժամանակվա ծրագրով երկուսն էր նախատեսված։ Դա էլ դեռևս նորմալ ընթացք չի ստացել: Եվ հետո այդ ամեն ինչն, իհարկե, խառնվեց, որովհետև Ակադեմիական քաղաքի գաղափարն առաջ եկավ։ - 2021-ից Ակադեմիական քաղաքի գաղափարը կար, հայտարարություններ էին արվում, և զուգահեռ Ակադեմիան առաջ էր տանում գիտական ինստիտուտների օպտիմալացման օրակարգը, որը նաև ԳԱԱ նախագահ ընտրվելիս Ձեր ծրագրային գլխավոր կետերից էր։  Կառավարությունն այն ժամանակ համաձա՞յն էր, որ ԳԱԱ ներսում օպտիմալացում պետք է իրականացվի, թե՞ ի սկզբանե պարզ էր, որ գնալու է ինստիտուտների ու բուհերի միավորման ճանապարհով։ - Ո՛չ, ի սկզբանե չկար [միավորան գաղափարը]։ Մենք բոլորի հետ գնում էինք օպտիմալացման ճանապարհով։ - Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունը համաձա՞յն էր դրան։ - Իհարկե, մենք նրանց հետ էինք անում։ Այս մոդելները (նկատի ունի օպտիմալացման արդյունքում ստեղծվելիք կենտրոնների մոդելները,- խմբ․) համաձայնեցնում էինք Գիտության կոմիտեի նախագահի և ԿԳՄՍ նախարարի հետ։  Իսկ երբ արդեն Ակադեմիական քաղաքի գաղափարը եղավ, փոխվեց հետագա ռազմավարությունը։  Գաղափարը ես էլ ողջունեցի, որովհետև այդքան բուհ Հայաստանին պետք չէ, և բուհերում այսօր կան մեծ խնդիրներ։ Ինստիտուտներում էլ կան խնդիրներ, բայց բուհերում խնդիրներն ավելի շատ են։ Ես երկար ժամանակ բուհերի հավատարմագրման հանձնաժողովի անդամ եմ եղել, վերջին հինգ տարում այդ հանձնաժողովի նախագահն եմ. բոլոր բուհերն անցել են հանձնաժողովով, և ես ծանոթ եմ՝ որտեղ ինչ խնդիրներ կան։ Երբ վերջում աշխատանքային խմբում որոշվեց վեց կլաստերներ ստեղծել, ես էլ եմ կողմ քվեարկել։ - Աշխատանքային խումբը, որի մասին նշեցիք, ձևավորվեց 2022 թ․ սեպտեմբերին։ Եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ հիմնականում գերատեսչությունների ներկայացուցիչներ էին․ գիտության հետ կապ ունեիք Դուք և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ - Սարգիս Հայոցյանն էլ է գերատեսչության ներկայացուցիչ։ Գերատեսչություններից դուրս միայն ես էի։  Ամեն դեպքում, ուզում եմ մի բան էլ շեշտել․ գիտության և կրթության ինտեգրման գաղափարը առաջինը ես եմ առաջարկել, երբ դեռ աշխատանքային խումբը չկար։ Երբ վարչապետն այդ հարցերը դրեց քննարկման, թե ինչպես անեն, որ մենք ունենանք մի քանի բուհեր, և դրանցից մի քանիսը լինեն թոփ բուհերի շարքում, ես այդ ժամանակ, ելնելով բուհերի հավատարմագրման հանձնաժողովում իմ աշխատանքային փորձից, առաջարկեցի, որ անհրաժեշտ է բուհական և ակադեմիական գիտության ինտեգրում, որպեսզի ակադեմիական գիտությունը իր հնարավորությունները ծառայեցնի բուհական գիտությանը։ - Իսկ միավորման գաղափարն ո՞ւմն էր։ - Երբ դա առաջարկել եմ, խոսքը եղել է ինտեգրման մասին․ միաձուլման մասին սկզբում որևէ խոսք չի եղել։ Հետո, ես հիշում եմ, մի անգամ վարչապետն իր խոսքում ասաց՝ մասնակի միաձուլում։ Ինչ վերաբերում է աշխատանքային խմբին, այնտեղ, երբ բուհերի մասն ավարտեցինք ու  հասանք ինստիտուտներին, ես ներկայացրի Ակադեմիայի տարբերակը, որի մասին կխոսեմ, և պարոն Հայոցյանը ներկայացրեց Կառավարության տարբերակը։ - Միավորմա՞ն տարբերակը։ - Այո՛։ Երկու տարբերակն էլ լսել են։ Ես հիշում եմ, որ իմ ելույթից հետո որևէ առարկություն չի եղել որևէ կողմից։ Երբ որ բուհերի հարցը մենք քննարկել ենք, եկել ենք մեկ ընդհանուր գաղափարի, իսկ ինստիտուտների միավորման մասով աշխատանքային խմբի նախագահն ասաց, որ ինքը կներկայացնի վարչապետին, և վարչապետը կորոշի։ - Ինչպե՞ս էր Կառավարությունը եկել այն եզարահանգմանը, որ քննարկվող խնդիրների լուծումը միավորումն է․ ո՛չ ինտեգրումը, ո՛չ համագործակցության խթանումը, այլ հենց միավորումը։ Դուք մասնակցե՞լ եք որևէ քննարկման։ - Այդ հարցը կարող եք տալ Կառավարությանը։ Նման քննարկման ես չեմ մասնակցել։ Մինչև հիմա ես սպասում եմ, որ, վերջիվերջո, պիտի արձագանք լինի աշխատանքային խմբի կամ Կառավարության կողմից։ Ես ներկայացրել եմ Ակադեմիայի դիրքորոշումը։ Որտե՞ղ է դա, քննարկվե՞լ է։ Դա չի երևում։  Ամեն դեպքում, եթե մենք հասանք դրան, ես և մեր գիտական հանրության գերակշռող մասը՝ 80 և ավելի տոկոսը, այդ թվում և բուհերի մասնագետները, գտնում ենք, որ ինստիտուտների՝ լիարժեք, 100 տոկոսով միավորումը բուհերին ճիշտ չէ։ Դա մեխանիկական միավորում է։ Եթե խոսվում է միավորման մասին, թող լինի բովանդակային։  Այն տարբերակը, որը սկզբում ես առաջարկել էի, հետևյալն է։ Դիցուք, ստեղծվել է Տեխնոլոգիական կլաստեր, որը հիմնված է Պոլիտեխնիկական և Ագրարային համալսարանների վրա։ Բոլոր բուհերն ունեն ինստիտուտներ իրենց կազմում, ունեն գիտական հաստիքներ, և քիչ չեն դրանք։ Ես առաջարկել եմ, որ, օրինակ, այն ակադեմիական ինստիտուտները, որոնք մոտ են, ունեն տեխնոլոգիական թեքումով ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումներն իրենց հաստիքներով, նյութատեխնիկական բազայով կարող են տեղափոխվել Տեխնոլոգիական կլաստեր։ Դրանից հետո մի փոքր այլ տարբերակ էլ առաջարկեցի․ ասացի՝ այն ինստիտուտները, որոնք ամբողջությամբ կամ գոնե առավելապես՝ 50 և ավելի տոկոսով, իրենց մասնագիտական գործունեությամբ համապատասխանում են տվյալ կլաստերին, կարող են միավորվել, բայց փոխադարձ համաձայնությամբ։ Իսկ այն ինստիտուտները, որոնք չեն համապատասխանում, պետք է մնան առանձին։  Մենք աշխարհի փորձը վերուծել ենք։ Իմ տվյալներով, բացի մեկ-երկու պետությունից,  հիմնականում գիտությունը կենտրոնացված չէ մեկ տեղում։ Բազմաթիվ մեծ, հզոր և միջին հզորության պետություններում, որտեղ ունեն համալսարանական համակարգ, կա գիտություն, կան ինստիտուտներ, որոնք միացած են համալսարաններին, համալսարաններ կան, որոնք չունեն ինստիտուտներ, ունեն իրենց գիտական բազաները, բայց այն դեպքերում, երբ ինտիտուտները միավորված են համալսարաններին, կան նաև առանձին ինստիտուտներ կա՛մ Ակադեմիայի կազմում, կա՛մ մեծ գիտահետազոտական կենտրոնների կամ ցանցի տեսքով։  Ոչ մի երկրում գիտությունը չեն ծառայեցնում միայն կրթությանը։ Գիտությունը ծառայեցնում են կրթությանն այնքան, ինչքան որ պետք է, բայց թողնում են նաև, որ գիտությունն առաձին զարգանա։ Գիտությունը միայն կրթության համար չէ, գիտությունը պետք է մեր տնտեսությանը, մեր ռազմարդյունաբերական համակարգին։ Մենք Ադրբեջան կամ Ռուսաստան չենք, որտեղ կա հարուստ ընդերք, կան էներգիայի աղբյուրներ։ Բայց հենց նույն Ռուսաստանում և Ադրբեջանում այսօր ակադեմիաներին բավականին մեծ տեղ են տալիս։ Ուզում եմ ասել՝ մենք այն երկրներից ենք, որոնք չունեն բնական հարստություն, օրինակ՝ Ճապոնիան, Իսրայելը։ Իմ վերլուծությամբ մեզ ամենամոտը Ճապոնիան է։ Տեսե՛ք՝ Ճապոնիան, չունենալով բնական ռեսուրսներ, ինչ երկիր է դարձել գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ, գիտության համակարգի ճիշտ կառավարման շնորհիվ, գիտական արտադրանքի ներդրման շնորհիվ։  Գիտությունը պետք է լինի առանձին, զարգանա և արդյունքները ներդնի տարբեր արտադրություններում, տարբեր գերատեսչություններում։ Մենք այսօր ունենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի  նախարարություն, Առողջապահության նախարարություն, որոնց գիտություն է պետք։ Ո՞վ է անելու այդ գիտությունը։ Բոլոր ինստիտուտները տարանք, տվեցինք բուհերին, հետո՞։ Աշոտ Սաղյանը - Երբ 2021-ին էլ խոսակցություններ կային ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորան մասին, լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դուք նշում էիք, որ և՛ ինստիտուտները, և՛ բուհերը միավորմանը պատրաստ չեն, և չպիտի լինի մեխանիկական միավորում։ - Միանշանակ, բուհերը պատրաստ չեն։ Երբ նախորդ օրենքը գնաց Սահմանադրական դատարան, նախարարն Արայիկ Հարությունյանն էր (նկատի ունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը,- խմբ․)։ Այստեղ մենք հանդիպել ենք։ Այն ժամանակ այդ տարբերակը հանվեց նախագծից, պարոն Հարությունյանն ինքը կողմնակից չէր ինստիտուտների և բուհերի միավորմանը։ Այն ժամանակ [օրենքի նախագծով] ինստիտուտները փոխանցում էին ԿԳՄՍ նախարարությանը։ Այդ մոդելն էր, որ չստացվեց։  Հետո, երբ որ ես արդեն Ակադեմիայի նախագահ էի, և սկսել էինք քննարկումները,  նույն ԿԳՄՍ նախարարությունը համաձայն չէր, որ ինստիտուտներն իր կազմում լինեն, ասում էին՝ մենք նույնը պիտի անենք, ինչ Ակադեմիան է անում, ի՞նչ տարբերություն։ Եվ դրա համար ընդունվեց այդ սկզբունքը, որ ինստիտուտները մնում են Ակադեմիայում։ Իսկ Ակադեմիական քաղաքի շրջանակում սկզբում ասվում էր ինտեգրում, ինտեգրումը դարձավ մասնավոր միավորում, իսկ հիմա լրիվ միավորման թեզ է առաջ քաշվում։ Այս ամենը երբ վերլուծում ենք, ես գալիս եմ այն գաղափարին, որ երևի թե ցանկացած որոշում կայացնելու հիմքում դրվում է մի կետ․ Ակադեմիայի կազմում ունենա՞լ ինստիտուտներ,  թե՞ ոչ։ Արդյոք պե՞տք է մեր պետությանը ուժեղ, հզոր Ակադեմիա, թե՞ ոչ։  - Այս համատեքստում մտահոգությունը միշտ այն է եղել, որ մեխանիկական միավորում չլինի, և որ բուհերն ի վիճակի չեն ինստիտուտներին իրենց կազմում ընդգրկել։ Բայց հիմա Կառավարությունը չի խոսում մեխանիկական միավորման մասին․ ստեղծվելու են կլաստերներ, այդ կլաստերներից յուրաքանչյուրում լինելու են հանգուցային համալսարանը և գիտական կազմակերպությունները, որոնց միջև համագործակցությունը խթանվելու է։ Բացի այդ՝ Կառավարությունը ոչ թե որոշել է, թե կոնկրետ որ բուհերն ու ինստիտուտներն են իրար միանալու, այլ բուհերին ու ինստիտուտներին խնդրել է առաջարկներ ներկայացնել, որոնց հիման վրա որոշում կկայացվի։ - Առաջարկներ ներկայացվելու են, բայց ես համոզված չեմ, որ այդ առաջարկներով են առաջնորդվելու։  Եկեք մեկ այլ հարց քննարկենք․ որպեսզի բուհը և ինստիտուտը համագործակցեն, պետք է որևէ կլաստերի մե՞ջ լինեն, ի՞նչն է խանգարում համագործակցել հիմա։ Երբ ես [աշխատանքային խմբում] մեր տարբերակն առաջարկեցի, միակ առարկությունն այն էր, որ այդտեղ ակադեմիական միջավայր չի ստեղծվում կամ թույլ է։ Ակադեմիական միջավայր չի նշանակում, որ պետք է իրար կողք լինեն, իրար հետ շփվեն։ Ակադեմիական միջավայրն այն է, երբ մարդիկ սկսում են իրար հետ աշխատել։ Այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս, որ մարդը Միացյալ Նահանգներից համագործակցի Ճապոնիայի հետ։  Ո՞ր բուհն է ուզել ուսանող ուղարկել գիտահետազոտական ինստիտուտ, որ այդ ինստիտուտի տնօրենն արգելի։ Ընդհակառակը, մեր տնօրեններն ուրախ են, երբ ուսանող է գալիս ինստիտուտ։ Ուրիշ բան է, որ համագործակցության ցանկություն չի եղել։ Եվ այդ միջավայը ստեղծելու համար պարտադիր չէ, որ այստեղից հանեն, տանեն կլաստեր։ - Փորձը ցույց է տալիս, որ երբ համագործակցությունը ոչ թե կարգավորված է, այլ թողնված է բուհերի և ինստիտուտների կամքին, այնքան էլ արդյունավետ չէ։ Հիմա և՛ բուհերի կրթական ծրագրերում խնդիրներ կան, և՛ ժամանակին համալրում չիրականացնելու պատճառով միջին տարիքի գիտնականների պակաս կա։ - Այդ վակուումը, որ ստեղծված է, կապ չունի նրա հետ, թե համակարգն ինչպիսին է եղել։ Վակուումն [Արցախյան առաջին] պատերազմից հետո է ստեղծվել, և կապ չունի՝ ինստիտուտները կլաստերի մե՞ջ են, թե՞ ոչ։ Այդ վակուումը շուտով լուծվելու է։ - Ինչպե՞ս է լուծվելու։ Հիմա շատ քիչ են միջին տարիքի գիտնականները, որոնք պիտի ղեկավարեն երիտասարդ կադրերին։ - Աստիճանաբար կգան ավելի երիտասարդները և կղեկավարեն։ Դա ժամանակի հետ լուծվող խնդիր է, կապված չէ համակարգի հետ։ Եվ մենք այդ խնդրի լուծման տարբերակ էլ ենք առաջարկել։ Իմ ներկայացրած տարբերակի հիմնական կետերից մեկն էր այն, թե ինչպես ինտեգրել։  Դրա համար կա միջազգային համագործակցության ծրագրերի, դրամաշնորհների մեխանիզմ։ Այդպիսի օրինակ է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) համակարգը։ Ես ութ ծրագրի շահառու եմ, ութերորդը դեռ շարունակվում է։ Այդ ծրագրում ներառված է երեք կազմակերպություն՝ երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Վրաստանից։ Ընդհանուր խնդիր է դրված, ընդհանուր ֆինանսավորում կա, երեք կազմակերպություններից ամեն մեկն ունի իր ենթահանձնարարությունը, դրա դիմաց ֆինանսավորվում է, վերջում տալիս են ընդհանուր հաշվետվություն և համատեղ տպագրություններ։ Երբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ, եթե հայտը գալիս է ԳԱԱ որևէ ինստիտուտից, թող պայման դրվի, որ այն լինի բուհի հետ համատեղ, եթե բուհն է դիմում, լինի ինստիտուտի հետ համատեղ։ Այդպես իրականացվում է համատեղ աշխատանք, որի արդյունքում  համատեղ տպագրություններ են արվում։ Սկզբնական շրջանում գիտության հետ ինտեգրման հիմնական նպատակը դիտարկվում էր բուհի տպագրությունները խթանելը, ինչը կարևոր գործոն է թոփ բուհ դառնալու համար։ - Ո՞վ է ասել դա, աշխատանքային խմբո՞ւմ է նման ձևակերպում հնչել։ - Ե՛վ աշխատանքային խմբում, և՛ դրանից դուրս։  Մեր առաջարկած համակարգով Ակադեմիայի ինստիտուտները համաձայն են համատեղ հոդվածներ տպագրել։ Եվ այս համատեղ դրամաշնորհային ծրագրերը եթե լինեն, ծրագրերի հետ կապված ինտեգրում տեղի կունենա։ Ինչ վերաբերում է նրան, որ ակադեմիական ինստիտուտների մասնագետները բուհերում դասավանդեն, դա ընդամենը ցանկության հարց է, դրա համար միավորելու կարիք չկա։ Դրա համար պետք է բուհը ցանկություն ունենա,  ինչ-որ տեղ դա պետք է պարտադրված լինի։  Ես երկու կառույց եմ ղեկավարել մինչև Ակադեմիայի նախագահ դառնալը՝ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնը և ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը։ Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական ծանրաբեռնվածության (կրեդիտների) 20%-ը տրվում էր հետազոտական ինտիտուտներին, այնտեղի մասագետները գալիս, դասավանդում էին։ Բայց ուրիշները դա չէին անում։  Պետք է բուհին պարտադրել, որ իր ծանրաբեռնվածության (կրեդիտների) մի մասը տրամադրի գիտական ինստիտուտներին, որոնց մասնագետները կդասավանդեն, ուսանողներին պրակտիկ աշխատանքներ կսովորեցնեն։ Դրա համար պետք չէ համակարգը քանդել, իրար հետ միավորել։ Եթե բոլոր ինստիտուտները ներառվեն կլաստերներում, մենք դրանից դուրս ինստիտուտներ չե՞նք ունենալու, բոլոր կլաստերներում ինստիտուտները համագործակցելու են բուհերի՞ հետ։ Իսկ Էկոնոմիկայի նախարարության հետ ո՞վ համագործակցի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ ո՞վ համագործակցի։ ԳԱԱ նախագահությունում - Եթե Կառավարությունը պատվեր պիտի իջեցներ որևէ ինստիտուտի, հիմա կիջեցնի, օրինակ, Տեխնոլոգիական կլաստերին։ - Գիտեք, կարելի է ամեն ինչ էլ ասել, բայց ի՞նչն է խանգարում, եթե այդ ինստիտուտն ազատ լինի։ Գիտությունը սիրում է ազատ գործունեություն։  Ինչո՞ւ մինչև հիմա այդ պատվերները չեն իջեցվում․ թող պատվերներ իջեցվեն։ Ես երկուսուկես տարի այստեղ եմ, որևէ պատվեր որևէ նախարարությունից չի իջեցվել։ Պատերազմ եղավ, տեսանք՝ ինչ վիճակում հայտնվեցինք տեխնոլոգիաների բացակայության պատճառով։  Ինչո՞ւ։ Միգուցե իրար չենք հասկանում։  Բայց, ամեն դեպքում, մեր կարծիքը հետևյալն է, որ բոլոր ինստիտուտները տանել, միավորել բուհերին, ճիշտ չէ։  Բուհի գնահատումը 10 չափանիշ ունի, և այդ 10 չափանիշներից ընդամենը մեկն է հետազոտությունը, որն էլ համարվում է ոչ կարևոր։ Կարևոր չափանիշներ են բուհի կառավարումը, որակի ապահովումը և այլն։ Միայն հետազոտական բաղադրիչը բավարար չէ, որ բուհը դառնա թոփ բուհ։ Ինստիտուտները միավորելով՝ թոփ բուհ չի դառնա։ Դրանով մենք ուղղակի զրկում ենք գիտությանը ազատ գործելուց։  - Ակադեմիայի ներկայացրած առաջարկի մի քանի տարբերակների եմ հանդիպել։ Ձեր վերջնական առաջարկը ո՞րն է։ - Ես եղել եմ վարչապետի մոտ։ - Վերջե՞րս։ Մի քանի օր առաջ։ Ներկայացրել եմ մեր վերջնական տարբերակը, որի հիմքն այն է, որ գիտությունը չկենտրոնանա միայն մի տեղում, լինի և՛ բուհական գիտություն, և դրանից առանձին գիտություն, ինչպես ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Երևի թե միայն Վրաստանում է, որ բոլոր ինստիտուտները մի հրամանով տվեցին բուհերին, հետո ուզում էին հետ բերել, բայց արդեն չկարողացան, որովհետև ինստիտուտ չէր մնացել։  Մենք առաջարկել ենք տարբերակ, որտեղ Ակադեմիան իր կազմում ունենում է 8 հետազոտական կենտրոն՝ Ֆիզիկա և աստղագիտություն, Մաթեմատիկա և արհեստական բանականություն, Քիմիա և երկրագիտություն, Կենսաբժշկագիտություն, Կենսաբանություն և բնապահպանություն, Սոցիալական գիտություններ, Հայագիտություն և հումանիտար գիտություններ, Միջազգային գիտահետազոտական և գիտակրթական կազմակերպություններ։ - Այս կենտրոնները ստեղծվելու են ինստիտուտների՞ հիմքի վրա։ - Որոշ ինստիտուտների միավորման արդյունքում։  Ես վարչապետին նաև ասել եմ, և նա էլ հետաքրքրվեց դրանով, որ մենք քիմիայի ուղղությամբ երեք ինստիտուտ ունենք, ի՞նչ իմաստ ունի երեքն էլ տանել Տեխնոլոգիական համալսարան։ Մեկ ինստիտուտը բավարար չէ՞ Տեխնոլոգիական համալսարանին։  - Այսինքն, այնքանով, որքանով հնարավոր է, ինստիտուտները կարո՞ղ են միավորվել բուհերին։ - Ինչ չափով որ բովանդակային առումով հնարավոր է, երկկողմանի համաձայնության դեպքում։ Իստիտուտների հետ էլ ենք մենք քննարկում։ Կան ինստիտուտներ, որոնք գտնում են, որ այո՛, կարելի է, բայց գերակշռող մասն էլ գտնում է, որ ո՛չ, դա ճիշտ չէ։ - Կլինե՞ն ինստիտուտներ, որ կուզենան միավորվել։ - Երևի կլինեն, չեմ կարող ասել։ Եթե գալիս, ինձ ասում են՝ մենք չենք ուզում, գուցե գնում են այլ տեղերում այլ բան են ասում։ Դա էլ է մի փոքր դժվար խնդիր, որովհետև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից կախվածությունն այսօր բավականին շատ է․ վերջապես ֆինանսավորողն ու սարքավորումներ տվողը Կոմիտեն է, այդ կախվածությունը կա ինստիտուտներում։  Այս հարցի ճիշտ լուծումը հետևյալն է․ գիտությունը լինի և՛ այնտեղ, և՛ այնտեղ։ Դա ամբողջ աշխարհում ընդունված բան է։ Եթե չեն ուզում՝ Ակադեմիա լինի, գոնե թող ստեղծեն ինստիտուտների մեծ համակարգ՝ հետազոտական կենտրոն, ինչպես Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ռուսաստանում է։ Բայց մեր պարագայում ճիշտն առկա համակարգի պահպանումն է ու դրա հենքի վրա բարեփոխումների իրականացումը, գիտության և կրթության ինտեգրումը։  - Վարչապետն Ակադեմիայի առաջարկին ինչպե՞ս արձագանքեց։ - Վարչապետը լսեց։ Իհարկե, հարցեր ուներ, հարցերն ավելի շատ Ակադեմիայի կառավարման համակարգի մասին էին։ Նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել։ Հույս ունեմ, որ քննարկման ժամանակ հաշվի կառնեն մեր դիրքորոշումը։ - Դուք խոսեցիք պետության խնդիրների մասին՝ պաշտպանական համակարգից մինչև տնտեսություն։ Գիտության կիրառական արդյունքների առևտրայնացումը և պետության խնդիրների լուծմանը ծառայեցնելը նաև Ձեր ծրագրային կետերից մեկն էր, երբ ընտրվում էիք Ակադեմիայի նախագահ։ Ձեր ընտրությունից երկուսուկես տարի է անցել․ այս ուղղությամբ Ակադեմիան ի՞նչ քայլեր է իրականացրել։ - Իրոք, դա ինձ համար եղել է ամենակարևոր ռազմավարական խնդիրը։ Ես մինչև այդ եղել եմ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի տնօրենը, և այդ կենտրոնի լաբորատորիաներում ինչ տեխնոլոգիաներ կային մշակված, որոնք մոտ էին ապրանքայնացմանը, մենք կենտրոնի արտադրական կայանում ներդրել ենք, արտադրանքը վաճառել ենք և՛ Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, և՛ Հայաստանի շուկայում։  Բերեմ Գերմանիայի օրինակը․ Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ երկիրն է, Եվրամիության տնտեսության լոկոմոտիվն է։ Գերմանիայի ամենաառաջատար ինստիտուտներում ես ունեմ գործընկեր, որի հետ 2001-ին ստացել եմ Դեկարտի մրցանակ։ Երբ մի քանի տարի հետո ես գնացի նրա մոտ, նա, լինելով Մաքս Պլանկի ինստիտուտի միակ Դեկարտի մրցանակակիրը, խառնված էր։ Հարցրի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր պայմանագիրն ինստիտուտի հետ ավարտվում է, եթե մինչև նոր տարի ներդրումային պայմանագիր չբերի, այսինքն՝ իր աշխատանքն արտադրության մեջ չլինի, իր կարգավիճակը կարող են փոխել։ Եվ հենց այդ օրերին, երբ ես այնտեղ էի, նա «Դեգուսա» ընկերության հետ կնքեց պայմանագիր։  Գերմանիայի նման հարուստ երկիրն է պահանջում, որ ինչքան էլ դու լավ գիտնական ես, լավ տպագրություններ ունես, բայց քո գործը պիտի ծառայի արդյունաբերությանը, տնտեսությանը։ - Ո՞րն է խնդիրը, որ Հայաստանում գիտության առևտրայնացումն ամենաչզարգացած ուղղություններից է։ - Հիմնական պատճառն այն է, որ այդ ուղղությամբ պետական մոտեցում չի եղել։ Ես հիշում եմ միայն, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, ասաց՝ զարգացնում ենք միայն կիրառական գիտությունը։ Բոլորն ըմբոստացան, թե ինչպես կարելի է զարգացնել կիրառականն առանց հիմնարարի։  Այդ ժամանակ, երբ մենք Գիտության կոմիտե (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,- խմբ․) հայտեր էինք ներկայացնում բազային ֆինանսավորան համար, ցանկացած հայտի 50-55%-ը հիմնարար մասն էր, 40-45%-ը՝ կիրառական մասը։ Հատուկ մտցվել էր այս խնդիրը։ Եվ ես այդ ժամանակ մեր ամբողջ ինստիտուտի կառուցվածքը փոխեցի և 24 լաբորատորիայի հենքի վրա ստեղծեցի 11 լաբորատորիա՝ հիմնականում կիրառական ուղղվածությամբ։ Եվ ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում 4-5 լաբորատորիաների մշակումների հենքի վրա կազմակերպվեցին փոքրածավալ  արտադրություններ, որոշ տեխնոլոգիաներ ներդրվեցին արտերկրյա ընկերություններում։  Այսօր ի՞նչ է կատարվում։ Այսօր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը, ինստիտուտների աշխատանքը և գիտական նվաճումները  գնահատում է միայն տպագրված հոդվածներով։  - Էլ ինչի՞ հիման վրա է պետք գնահատել։  - Ես ինքս գիտնական եմ, հիմա էլ ունեմ առաջատար թեմա և պետք է 5 տարում նվազագույնը 10 հոդված տպագրեմ հեղինակավոր ամսագրերում։ Հոդվածը շատ կարևոր է գիտությունը գնահատելու համար, բայց հոդվածով ավելի շատ պետք է գնահատել գիտնական անձին, ոչ թե գիտահետազոտական ինստիտուտը։ Կառավարությունը դեռևս Խորհրդային Միության ժամանակ այդ ինստիտուտները հիմնադրել է ոչ թե նրա համար, որ հոդվածներ տպագրեն, այլ նրա համար, որ ծառայեն մեր արդյունաբերությանը, մեր տնտեսությանը։ Քիմիայի ինստիտուտներ կային, ունեինք քիմական արդյունաբերություն և այլն։ Ճիշտ է, հիմա այդ գործարանները  չկան, բայց ապագայում կլինեն, իսկ որպեսզի լինի արդյունաբերություն, պետք է ինստիտուտներում կիրառական ուղղությունը զարգանա։ Հայաստանում գիտությունը պետք է գնահատվի ոչ միայն տպագրված հոդվածներով, այլ նաև կատարած ներդրումներով։  - Այսօր կարո՞ղ են ԳԱԱ ինստիտուտները մասնավոր հատվածից ներդրումներ ներգրավել։  - Եթե չեն կարող, նշանակում է՝ չպիտի՞ գնահատենք։ Դրա համար պետք է խրախուսել։ Ինչո՞ւ չեն կարող։ Հոդված էլ չէին տպում, հիմա արդեն սկսել են տպագրել բոլորը, որովհետև պահանջն ադպես է դրված։  Ես վարչապետի մոտ ասել եմ՝ ենթադրենք, այսօր հազար հոդված է տպագրվում արտասահմանյան ամսագրերում, վաղը դառնալու է 10 հազար, դրանից մեր տնտեսությունը լավանալո՞ւ է, մեր ռազմարդյունաբերական կոմպլեքսը լավանալո՞ւ է։ Ճիշտ է, մեր հեղինակությունը կբարձրանա, բայց դրանով չի կարելի բավարարվել։  Եթե 10 տարի առաջ ինձ ասեին՝ դուք ունենալու եք գիտության կրկնակի կամ եռակի ավելի ֆինանսավորում, ես չէի հավատա։ Այն ահռելի գումարները, որոնք այսօր Կառավարությունը տրամադրում է, պետք է ուղղվեն ոչ միայն հոդված տպելուն։ Դրա համար պետք են հատուկ ծրագրեր, պետք է խրախուսել գիտության կիրառական ուղղվածությունը։  Ճիշտ է, Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված են ներդրումային ծրագրերի կառույցներ, բայց ես գտնում եմ, որ, ամեն դեպքում, կիրառական գիտությանը պետք է տեղ տրվի, դա շատ կարևոր է մեր երկրի համար։ Եվ գիտնականը պետք է այսօր փորձի հիմնարար արդյունքները տանել դեպի արտադրություն։ Դա դժվար է, ես գիտեմ, որովհետև գործարանների խնդիր կա։ Շատ ինստիտուտներում մենք մոնիտորինգ ենք արել, դա ամենաթույլ կողմն է․ գիտնականն ասում է՝ ես այսինչ մշակումն ունեմ, և ինքն էլ չգիտի՝ ինչպես դա ապրանքայնացնի, որովհետև մարքեթինգի դպրոցն էլ  շատ  թույլ է։ - Եթե, ինչպես Դուք եք նշում, պետական մոտեցում չկա, Ակադեմիան ունի՞ ծրագիր կամ ռազմավարություն, թե ինչպես կարելի է հենց ԳԱԱ ինստիտուտներում կիրառական ուղղությունն ավելի զարգացնել։  - Ակադեմիան ծրագիր ունի, մենք ստեղծել ենք կառույց [ապրանքայնացման համար], բայց Ակադեմիան ֆինանսավորող կողմ չէ, Ակադեմիան ներկայացնող կողմ է։ Անընդհատ մենք ասում ենք տարբեր հարթակներում, որ պետք է նաև կիրառական ուղղությունը զարգացնել, բայց մենք չենք ֆինանսավորողը։ Ակադեմիան դա կարող է անել իր արտաբյուջետային միջոցներով, բայց նա բյուջետային կառույց է, և արտաբյուջետային միջոցները  քիչ են։ Մենք արտաբյուջետային միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատում ենք, բայց, ամեն դեպքում, դա միայն Ակադեմիայի գործը չէ։ - Մենք խոսում ենք տնտեսության և կիրառական գիտության մասին, բայց պետության խնդիրների լուծման տեսանկյունից կարևոր են նաև հայագիտությունն ու հասարակագիտական ուղղությունները։ Ուզում եմ մի օրինակ բերել․ 2023-ի վերջին Ակադեմիայում ստեղծվեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, որը պետք է արձագանքի Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին պաշտոնական մակարդակով արվող հայտարարություններին։ Տպավորություն է, որ հիմնադրամի ստեղծումը շատ ուշացած է, քանի որ Ադրբեջանը նոր չէ սկսել նմանատիպ քարոզչություն իրականացնել։ Եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին խնդիր չի դրել, որ մեզ գիտական այդպիսի կենտրոն է պետք, ինչո՞ւ Ակադեմիան ավելի վաղ հանդես չի եկել այս կամ նմանատիպ այլ կառույցներ ստեղծելու նախաձեռնությամբ։ - Ես համոզված չեմ, որ Ակադեմիան նախկինում նման նախաձեռնությամբ հանդես չի եկել․ հավանաբար հանդես է եկել։ Ամեն դեպքում, Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտնականներն առանձին միշտ աշխատում էին, Արտգործնախարարության խողովակներով անընդհատ մեզնից նյութեր էին ուզում։  Իսկ հիմա այդ նախաձեռնությունը ծագեց այն բանից հետո, երբ տեղեկացանք, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրենց մի քանի ինստիտուտների՝ Արևելագիտության, Պատմության, Հնագիտության, հանձնարարված է, որ նրանք գիտականորեն հիմնավորեն «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մենք միանգամից արձագանքեցինք, և դա ընթացք ստացավ։  Եվ այդ կառույցը ոչ միայն Արդբեջանի, այլև ընդհանրապես մեր պետականության, պետության շահերի դեմ ցանկացած ոչ ադեկվատ հայտարարության պետք է արձագանքի։ ԳԱԱ Հասարակական գիտությունների բաժանմունքը և ինստիտուտները բավականին ակտիվ են։ Ուրիշ բան է՝ ինչու պետության կողմից նախկինում դա լիարժեք չի արվել։  Բայց որ ուշացած է, միանշանակ․ 25 տարի է՝ Ադրբեջանն, իր ամբողջ քարոզչական ապարատը ներդրած, աշխարհում սուտ տեղեկություններ է տարածում, իսկ մենք լսում ենք, ինչ-որ մի հոդվածի հակադարձում ենք։ Դա նույնպես պետք է արվեր առավել համակարգված։  - Ակադեմիական քաղաքի թեմայով ես նաև զրուցել եմ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Երբ խոսում էինք ԳԱԱ մասին, պարոն Հայոցյանը նշեց (նրան մեջբերում եմ ոչ ուղիղ), որ  Ակադեմիան շատ է կենտրոնացած իր ինստիտուտների վրա, Ակադեմիան չպետք է վարչարարությամբ զբաղվի, և նրա դերն ավելի շատ պիտի լինի մեր մտավոր ներուժի համախմբումը։ Համաձա՞յն եք այս ձևակերպմանը։ - Ակադեմիան իրականացնում է տնօրենների ընտրություն։ Նույն պարոն Հայոցյանը նախկինում բազմիցս նշել է Ակադեմիայի այդ գործառույթի կարևորությունը և արդյունավետությունը։ Մենք, օգտագործելով մեր համակարգի՝ տնօրեն նշանակելու մեխանիզմը, համակարգի ինստիտուտների ղեկավարումը բավականին երիտասարդացրել ենք․ ինչքան տնօրեն նշանակել ենք, նրանց մեծ մասը  երիտասարդ են, մնացած դեպքերում ուղղակի համապատասխան թեկնածուներ չեն եղել։ Իհարկե, կա թերություն համակարգում․ հիմնական, ամենամեծ թերություններից մեկն այն է, որ ակտիվ չէ կապն Ակադեմիայի բաժանմունքների և ինստիտուտների միջև։ Դրան ես այս երկու տարվա մեջ փորձում էի ինչ-որ կերպ լուծում տալ։ Այդ լուծումը տալու համար առաջին հերթին, և՛ պարոն Հայոցյանը լավ գիտի, և՛ նախարարությունում լավ գիտեն, պետք է բարեփոխում կատարել հենց Ակադեմիայի նախագահությունում։ Նախագահությունում բարեփոխում կատարելու համար պետք է Ակադեմիայի կանոնադրությունը փոխվի, իսկ կանոնադրությունը փոխելու համար պետք է օրենքը փոխվի։ Կա «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենք, որտեղ հստակ կետեր են գրված, որոնցից չես կարող շեղվել կանոնադրությունը կազմելիս։ Խոսքը վերաբերում է Ակադեմիայի բաժանմունքները խոշորացնելուն, ղեկավար կազմի համար տարիքային սահմանափակում դնելուն։ - Անցած տարի ԳԱԱ ղեկավար կազմի տարիքային շեմը կարծես իջեցվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխություններով։ - Չի՛ եղել։ Հենց խնդիրն այն է, որ նախագիծը մտավ Ազգային ժողով, այնտեղ Ակադեմիայի մասով էլ կետ կար, բայց վերջին պահին Ակադեմիայի մասն ուղղակի հանել են նախագծից։ Նախ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որը վերանայված տարբերակով գնաց մինչև Կառավարություն, հետո ընթացք չստացավ, այդ կետը կար (նկատի ունի ԳԱԱ ղեկավար կազմի  համար տարիքային շեմի հաստատման մասին կետը,- խմբ․), դրանից հետո մենք փորձեցինք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի տարբերակով գնալ, Ազգային ժողովում քննարկումներն անցան, բայց  որոշման մեջ այդ կետը չհայտնվեց։  Հետո ես փորձեցի «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում երեք կետանոց առանձին փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նոր կանոնադրություն կազմելու, և դրան նախարարությունը ընթացք չտվեց՝ մեկնաբանելով, որ շուտով՝ հավանաբար մարտ ամսին, նոր օրենքը կգործի, բայց ակնհայտ է, որ դա չի լինի։  Ամեն դեպքում, պետք է օրենսդրական փոփոխություն կատարվի, որպեսզի ես կարողանամ բարեփոխումներ իրականացնել և, ամենակարևորը, դրանով ակտիվացնեմ ինստիտուտների հետ կապը։ Գործող համակարգով այս տարի մենք արդեն սկսել ենք գործընթացը, և մինչև փետրվարի 10-ը ԳԱԱ բոլոր բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները պետք է ինստիտուտների հետ քննարկեն և բարեփոխումների/միջոցառումների ծրագիր ներկայացնեն նախագահի հաստատմանը։  Ակադեմիայի բաժանմունքն այն օղակն է, որը նախագահությանը կապում է ինստիտուտների հետ․ ինստիտուտների բոլոր խնդիրները բաժանմունքը պետք է բերի նախագահություն։ Դա ակտիվ չի աշխատել, և դրա մասին խոսում են նաև մեր մի շարք տնօրեններ։ Բոլորն էլ գիտեն, որ ես եկել եմ ԳԱԱ առաջին հերթին այդ խնդիրը կարգավորելու ծրագրով։ Բայց դեռևս այդ հնարավորությունը չունեմ։  - Ինչո՞ւ չունեք։  - Ես չգիտեմ։ Ամենաշատը ես եմ ուզում բարեփոխումներ կատարել, բայց դա օրենքով պիտի թույլատրված լինի, իսկ դա դեռևս չկա։ Հարց է առաջանում՝ ինչ ենք մենք  ուզում. ունենալ լավ աշխատող, հետագայում հզո՞ր Ակադեմիա՝ Կառավարության թիկունքում կանգնած, թե՞ ունենալ նսեմ Ակադեմիա կամ էլ ընդհանրապես չունենալ։ Այս հարցի պատասխանը թողնում են մեր հասարակությանը։  - Ձեր պատկերացմամբ այս ամենն ինչպե՞ս կընթանա, ի վերջո, միավորման որևէ կոնսենսուսային տարբերակ կընտրվի՞։ - Ես չեմ կարող ասել, որովհետև մի շարք հարցեր կան՝ կապված և՛ ատեստավորման որոշ կետերի հետ, և՛ այն պահանջների հետ, որոնք առաջատար գիտաշխատողներին են վերաբերում (նկատի ունի գիտնականների ատեստավորման նոր կարգը,- խմբ․)։ Ինչքան գիտեմ, և՛ Ակադեմիան, և՛ ինստիտուտները, և՛ ԵՊՀ-ն՝ բոլորը, դեմ են արտահայտվել, բայց որոշումներ ընդունվել են։ Ես շատ եմ ուզում, որ լինի քննարկում։ - Հույս ունենանք, որ փետրվարի 15-ից հետո, երբ Կառավարությունը ստացած լինի ինստիտուտների ու բուհերի առաջարկները, քննարկումներ կլինեն։  - Քննարկումները պետք է այդպես չկատարվեն․ մենք ասացինք մեր տարբերակը, դուք կարծի՛ք հայտնեք, և մենք կորոշենք։ Տիկին նախարարը (նկատի ունի Ժաննա Անդրեասյանին,- խմբ․), երբ նոր էր նշանակվել, հրավիրեցինք ԳԱԱ, և կառուցողական հանդիպում տեղի ունեցավ գիտնականների հետ։ Վերջում նա խոստացավ, որ ցանկացած տարբերակ շրջանառության մեջ դնելուց առաջ ԳԱԱ–ում  քննարկում կլինի տնօրենների և առանձին գիտնականների հետ։ Այդ քննարկումը չի եղել։  Վարչապետը, երբ վերջին հանդիպմանը քննարկում էինք, ճիշտ բան ասաց՝ մեզ համար կարևորը գիտության կառավարման ճիշտ մոդելի ընտրությունն է։ Կան ինստիտուտներ, կա Ակադեմիա, կա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կան համալսարաններ, դրանց հենքի վրա պետք է մշակել կառավարման ճիշտ մոդել։ Ես ողջունեցի այդ առաջարկությունը և ասացի, որ, այո՛, պետք է   ընտրել գիտության կառավարման  ամենաճիշտ մոդելը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայկական գիտության զարգացման առանձնահատկություններն ու հարուստ պատմությունը, որը կարող է լինել սիմբիոզ, հիմնված մի շարք պետությունների գիտության և կրթության զարգացման պոզիտիվ  հիմնարար սկզբունքների վրա։   Ամեն դեպքում, վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը․ գիտությունը չպիտի կենտրոնացած լինի միայն մի տեղում։ Մենք կողմ ենք Ակադեմիական քաղաքի գաղափարին, դա մեգածրագիր է, բայց մենք դեմ ենք, որ մի բան առաջ տանելու համար եղած համակարգը պետք է քանդել և սկսել զրոյից։ Պետք է վերցնել գործող համակարգի դրական բաղադրիչները և դրանց հենքի վրա մշակել/կառուցել նոր, ժամանակի պահանջներին համահունչ, կատարելագործված  կառավարման համակարգ։    *«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի մասին մի քանի անգամ հիշատակվում է հարցազրույցում, դեռևս չի ընդունվել։ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:03 - 24 հունվարի, 2024
Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ 2024 թ․ հունվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային եւ ցամաքային անցման կետերով Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 618 անձ։ Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։  Այսինքն՝ հիշյալ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է բռնի տեղահանվածների 11 տոկոսը։ Ըստ ԱԱԾ-ից ստացված տվյալների՝ հիշյալ անձանցից 5473-ը նույն ժամանակահատվածում վերադարձել է Հայաստան, իսկ 7145 անձ չի վերադարձել։ Ստացվում է, որ սեպտեմբերի 19-ից մինչ հունվարի 5-ը Հայաստանից դուրս է եկել եւ չի վերադարձել ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանվածների 6 տոկոսը։ Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հայտնել նաեւ, թե բռնի տեղահանված անձանցից քանիսին է արգելվել հատել ՀՀ պետական սահմանը եւ ինչ հիմքերով։ Այս հարցը պայմանավորված էր նրանով, որ տեղահանման օրերին ազատվել եւ Հայաստան էին տեղափոխվել Արցախի կալանավորներն ու դատապարտյալները, որոնց նկատմամբ տարբեր քրեական գործերի շրջանակում ընտրված էին կալանավորում խափանման միջոցը եւ ազատազրկում պատժի տեսակը։ Դա նշանակում է, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրանց ելքի հնարավորության վրա արգելք է դրված։  ԱԱԾ-ն, սակայն, մեր այս հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել նաեւ հարցին, թե դեպի որ երկրներ են մեկնել բռնի տեղահանվածները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում, որով սահմանվեցին նաեւ նրանց փախստականի վկայական տրամադրելու կարգն ու պայմանները։ Գրավոր հարցմամբ դիմել էինք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ անձ է բռնի տեղահանվել, քանի՞սն է դիմել փախստականի անձը հաստատող փաստաթուղթ եւ/կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հարցրել էինք նաեւ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հայաստանյան որեւէ հասցեում հաշվառվել են։  Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ մի շարք անձինք սխալմամբ են հաշվառվել որպես բռնի տեղահանված, մի շարք անձինք էլ առ այսօր դիմումներ են ներկայացնում՝ այն մասին, որ իրենք սխալմամբ չեն հաշվառվել։ Այսինքն՝ թիվը դեռ ենթակա է փոփոխման ենթադրյալ սխալների վերահաշվարկի արդյունքում։ Հղում կատարելով Կառավարության հիշյալ որոշմանը՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հիշեցրել են, որ դրանով ժամանակավոր պաշտպանության ներքո են վերցվել ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, ինչպես նաեւ այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների՝ 2024 թ․ հունվարի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառվել է ԼՂ-ից տեղահանված 42 հազար 716 անձ կամ տեղահանվածների 37 տոկոսը, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել է 803 անձ կամ տեղահանվածների 0․7 տոկոսը։ Քաղաքացիության դիմումների մերժումներ չեն եղել։ Նույն օրվա դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու դիմում է ներկայացրել  36 հազար 819 անձ, տպագրվել է 36 423 վկայական: Դա կազմում է տեղահանվածների 32 տոկոսը։ Մյուս՝ 396 դիմումատուների մերժման հիմքերը Ծառայությունը չի մանրամասնել, նշել է՝ փաստաթղթավորման գործընթացում յուրաքանչյուր անգամ ուսուսմնասիրվում են դիմումատուի տվյալները, համապատասխանությունը ՀՀ քաղաքացիության մասին օրենքին՝ բացառելու ՀՀ քաղաքացիության հանգամանքը, ուսումնասիրվում է նաեւ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը։ Հավելենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ բռնի տեղահանվածները Հայաստանից դուրս գալու եւ մուտք գործելու համար 2024 թ․ հունվարի 28-ից սկսած անձնագրից բացի պետք է ունենան նաեւ փախստականի վկայական։ Անձնագիրն ու վկայականը վավեր են համարվելու միասին գործածելու դեպքում միայն։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Գլխավոր լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, ք․ Վայք, 27․09․2023
20:56 - 24 հունվարի, 2024
«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

2020 թ․ հոկտեմբերի 21-ին պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն»,– գրել է նա։ Ռուդիկը ՀՀ զինված ուժերի՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ Քիմիկների զորամաս) այն զինծառայողներից է, որոնք նույն այդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով մեկնել են Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել են մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ պատմելու որդու հետ կատարվածի իրեն հայտնի մանրամասները։  Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։  Հարցաքննության սկզբում Ալեքսանյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Ըստ վկայի՝ շրջափակման մեջ մնացածներին օգնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվել Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ իր որդին ժամկետային ծառայությունն անցել է Վարդենիսի զորամասում, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ պայմանագրային ծառայության է ընդգրկվել Քիմիկների զորամասում։ Եղել է վարորդ, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Պատերազմի ընթացքում հայրը որդու հետ կապի մեջ է եղել, բայց նրա մարտական ուղու մանրամասներին տեղյակ չի եղել։ Հետագայում է իմացել, որ անձնակազմը 3 ավտոբուսով շարժվել է՝ «Կիրի հանք» տեղանքում կայանելու նպատակով, սակայն սխալմամբ մտել է Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ արդեն հակառակորդն է եղել․  «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, տղաս հաղորդագրություն է գրել, որ մարտի են բռնվել, գրած է՝ գերի, նկատի է ունեցել շրջափակում, շրջափակման մեջ եմ, էս տեղում եմ․․․ Ասում էր միայն, որ թիկունքի պետ հրամանատար Բադեյանն էլ է իրենց հետ եղել (նրա կնոջ հարցաքննությունը՝ այստեղ)․․․ Մորը գրել է, որ չի կարող դուրս գալ, դուրս գա՝ կգլխատեն․․․ Ես էլ ժամը 6-ի կողմերը հետը խոսեցի, էրեխեն մանրամասն ասեց, որ գտնվում է ղամիշների մեջ, ասել եմ՝ զգույշ եղի, հեռախոսով մի զանգի, զարյադկա պահի, ինքը ասեց, որ մենակ է, ասեց՝ մարտի ենք բռնկվել, լրիվ փախան, ինքն էլ փախել է էդ կողմ»,– պատմեց Հրաչյա Ալեքսանյանը։ Նույն օրը նա մեկնել է Կապան, փորձել գտնել պատասխանատուներին եւ կազմակերպել որդու դուրսբերումը։ Վկայի խոսքով՝ թե՛ Աբգարյանը, թե՛ Մակարյանը իրեն սին հույսեր են տվել, խոստացել, որ այսօր–վաղը մի քայլ կձեռնարկեն, սակայն ստել եւ ոչինչ այդպես էլ չեն արել․ «Լույսը որ բացվեց, Արսենին եմ տեսել, ասել էրեխուս գտնվելու վայրը, ինքն էլ ասաց, որ դեպք է եղել՝ 2 ամիս թաքնված մնացել են, նոր դուրս եկել, ասացի՝ հիմա 2 ամիս պիտի սպասե՞նք, բա տեսնենք, ինչ է հնարավոր, մի բան կանենք․․․ Ես ամիսուկեսից ավելի գտնվել եմ Կապանում, զորամասի բակում էի քնում, չեն արել ոչ մի գործողություն, տեսնենք ինչ ա–տեսնենք ինչ ա․․․ Տեսնենք ինչ ա–ն ո՞րն ա պատերազմական գործողության ժամանակ»,– վրդովվեց հայրը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը Արձագանքելով վկայի այս խոսքին՝ Արսեն Աբգարյանը հարցրեց․ – Ի՞նչ եք կարծում՝ ես ինքնուրույն գործողություն կարո՞ղ էի էդտեղ պլանավորել եւ իրականացնել։ – Էդ դու մտածի, քո ղեկավարն ո՞վ է․․․ Իմ համար դու էիր ղեկավար, ես ոչ գեներալ էի լսել, ոչ ինչ–որ մեկը, ես ճշտեցի, որ էրեխեքը գտնվել են քո ենթակայության տակ, ես քեզ եմ գտել,– պատասխանեց վկան։ Նա պատմեց նաեւ, որ երբ Աբգարյանին հարցրել է, թե նա ոնց է դուրս եկել, վերջինս նախ պատասխանել  է, որ «փախուստ» հրաման է տվել, ապա ուղղել՝ ասելով՝ «նահանջ» հրաման․ «Ասում եմ՝ լավ, թող զինվորական տերմինով «նահանջ» լինի, ինչքա՞ն կարող ես նահանջ տալ՝ 1 կմ, 2 կմ, դու 20-25 կմ նահա՞նջ ես տվել, մինչեւ Կապա՞ն»։ Ալեքսանյանը կասկած հայտնեց, որ հրամանատարը զորքից շուտ է փախել, սպասել, թե ով դուրս կգա։ Արսեն Աբգարյանը խնդրեց կոնկրետ նշել, թե ով է իրեն նման բան ասել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ընդհանուր խոսակցություններից, իրավիճակից է այդպես եզրակացրել։ ԳՇ պետի նախկին տեղակալի մոտ վկան Աննա Հակոբյանին է հանդիպել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցերին ի պատասխան՝ Հրաչյա Ալեքսանյանը հայտնեց, որ որդու հաղորդագրությունները նաեւ Անդրանիկ Մակարյանին է ցույց տվել։ Վերջինս, ըստ նրա, անձամբ կարդացել է, դարձյալ ասել՝ այս երկու օրը մի բան կձեռնարկենք, բայց այդպես էլ ոչինչ չի արվել․ «Նույնիսկ հարց տվեցի՝ ո՞նց է եղել, որ սկզբից դու պիտի գնայիր․․․ Ասաց՝ գնայի, գերի ընկնեի, պագոններս պոկեին, ասեին՝ հայ գեներա՞լ է գերի ընկել»։ Վկայի խոսքով՝ Մակարյանը չի հերքել այն տեղեկությունը, թե ի սկզբանե իր ղեկավարած խումբը պետք է այդ ուղղությամբ մեկներ (նրա խումբը այլ ուղղությամբ է մեկնել,–հեղ․), ծնողի հարցին ի պատասխան հետաքրքրվել է, թե նա որտեղից այդ մասին գիտի․ «Ես լսել եմ նաեւ, որ ասել են՝ թուրքը գրավել է էդ տարածքը, ո՞ւր եք մտնում, Արսենն ասել է՝ հրաման ենք ստացել»։ Հրաման տվողը, ըստ նրա, նույն Մակարյանն է եղել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Վկայի խոսքով՝ Անդրանիկ Մակարյանի մոտ ինքը նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին է հանդիպել․ – Ես հա դիմում էի Մակարյանին, որ ինձ ընդունի, նույնիսկ թվում էր՝ չի ընդունի, հետո Աննա Հակոբյանն եկավ, խնդրեցի իրեն, ասեցի՝ էս ձեւ վիճակ է եղել իմ էրեխու հետ կապված, ինքը կանչեց Մակարյանին, Մակարյանը դիմավորեց, հանեց վերեւ, մի 20 րոպե հետո ինձ էլ կանչեց,– պատմեց վկան։ – Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր Զանգելանի դեպքերից,– հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Դե, խոսել ենք, ես ներկայացրի հաղորդագրությունը, իրավիճակն էլ բացատրի Աննա Հակոբյանին էլ, Մակարյանին էլ։ – Եվ ի՞նչ ասաց վարչապետի տիկինը։ – Մակարյանը ասեց՝ էս երկու օրը ինչ–որ գործողություն պիտի կատարենք, ու մինչ օրս կատարում են։ Ալեքսանյանի խոսքով՝ Մակարյանի հետ մեկ անգամ էլ Նախարարությունում է հանդիպել, որտեղ նա ծնողներին հայտնել է, թե վրիպակ է եղել․ – Ի՞նչ վրիպակ,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Գործողության վրիպակ, բայց ի՞նչ վրիպակ, եթե դու պատերազմ ես գնում, զորք ես տանում․․․ – Չպարզաբանե՞ց։ – Ասաց՝ ուղեկցողը փոխանակ աջ գնա, ձախ է գնացել,– հայտնեց դահլիճում գտնվող ծնողներից մեկը։ Տուժողի իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանն էլ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ Մակարյանը հենց ուղեկցողին է մեղադրել կատարվածի համար, սակայն մինչ օրս որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել։ Ինքը՝ վկան, մեղավոր համարեց թե՛ Աբգարյանին, թե՛ Մակարյանին․ «Երկուսն էլ ստեցին, ամիսներով պահեցին, ես չտեսա որեւէ գործողություն»,–ասաց նա։ Հրապարակվեց մահացած վկայի նախաքննական ցուցմունքը Այսօրվա դատական նիստին հրապարակեց նաեւ ժամկետային զինծառայող Սամվել Փիրոյանի հոր՝ Անդրանիկ Փիրոյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս ամիսներ առաջ մահացել է։ Նախաքննական ցուցմունքում Փիրոյանը պատմել է՝ իր որդին, որ ծառայում էր Քիմիկների զորամասում, 2020 թ․ հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայրից, հոր հետ կապի մեջ եղել մինչ հոկտեմբերի 20-ը։ Վերջին անգամ հեռախոսազրույցի ընթացքում որդին հայտնել է, որ Կապանում են, ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա։ Դրանից հետո, երբ որդին անհասանելի է դարձել, հայրը սկսել է հետաքրքրվել, լուր ստացել, որ որդին եւ նրա խումբը Կապանից մեկնել են Կովսականի ուղղությամբ՝ մարտական առաջադրանքի, սակայն 62-հոգանոց խմբից 40-ը չեն վերադարձել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սլոյանը, Անդրանիկ Մակարյանը Սամվել Փիրոյանը ավագ որդու հետ մեկնել է Կապան, որտեղ հանդիպել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին․ «Արսեն Աբգարյանը մեր հարցերին պատասխանեց, որ ընկել են ծուղակ, իրենք, բոյ տալով, մի կերպ փախել են մի քանի հոգով, իսկ մնացածից տեղեկություն չունեն»,– ցուցմունքն ընթերցեց մեղադրող դատախազը։ Փիրոյանը պատմել է նաեւ, որ հետագայում թշնամին վիդեոնյութեր է հրապարակել, որոնցից պարզորոշ երեւացել են հայկական զինված ուժերի՝ տասնյակից ավելի ծնկած զինծառայողներ։ Նրանց մեջ հայրը ճանաչել է որդուն եւ հասկացել, որ նա այլ զինծառայողների հետ գերի է ընկել։ Դրանից հետո, սակայն, որեւէ այլ տեղեկություն չեն կարողացել ստանալ, ԴՆԹ համընկնում եւս չի եղել։ «Տեղեկացնեմ նաեւ, որ երբ գտվում էինք Կապանում, զորամասի հրամանատարի հետ եկավ մի անծանոթ տղա՝ զինվորական համազգեստով, ասաց, որ ինքը Ռազմական ոստիկանության աշխատակից է, ասաց, որ իրենց հոկտեմբերի 19-ին  գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը  հանձնարարել է գնալ  Զանգելանի ուղղությամբ՝ ինչ–որ մոստ պայթեցնելու, որից հետո ինքը մոտ 10 հոգով նույն օրը մեկնել է՝ խնդիրը կատարելու, եւ երբ հասել է Զանգելան, ձայներ է լսել ու բարձունքի վրա նկատել է, որ թշնամին արդեն Զանգելանի ներսում է՝ լիքը տեխնիկայով ու զինվորներով, որը նկարահանել է ու զանգելով Անդրանիկ Մակարյանին՝ հայտնել, որ նշված պատճառով հրաժարվում է առաջադրանքը կատարել, նույնիսկ ասել, որ այդ վիդեոն ցույց է տվել Անդրանիկ Մակարյանին, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչու է հրաժարվում այդ հրամանը կատարելուց, այսինքն՝ սա ասում եմ նրա համար, որ Անդրանիկ Մակարյանը երկու օր առաջ գիտեր, որ Զանգելանում թշնամին մեծ ուժեր է կուտակել եւ իմանալով այդ մասին՝ չկազմակերպեց այնպես, որ հնարարվոր լիներ այդ ամենից խուսափել»,– 2021 թ․ հունիսի 8-ի հարցաքննության ժամանակ պատմել է Սամվել Փիրոյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ալեքսանյանը, նախագահող դատավոր Սարգիս ԴադոյանըՄիլենա Խաչիկյան
21:44 - 22 հունվարի, 2024
«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։ Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։ Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․ –Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։ Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։  Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։ – Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։ – Նորմալ,– պատասխանեց վկան։ – Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։ – Քաջը քաջ չէր․․․ –Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։ – Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։  Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։ Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։ – Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։ – Չէ։ – Ի՞նքն էր վարում։ – Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։ – Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։ – Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։ – Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․ – Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։ Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։  Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։ Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։ Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։ Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։ Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։ Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։ «Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։ Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։ Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
23:09 - 19 հունվարի, 2024
2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

38-ամյա Հարություն Թադեւոսյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վերջին ղեկավարն է։ Նրա 10-հոգանոց ընտանիքը 2020թ․-ից մինչ օրս ապրում է Երեւանի շինարարական քոլեջի հանրակացարանում։ Վերաբնակեցման ծրագրի շրջանակում Հայաստանից տեղափոխվելով Արցախ՝ Հարությունը նախ աշխատել է դպրոցում, ապա՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Զբաղվել է նաեւ գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Նա Արցախ է մեկնել 2007 թ․-ին, երբ ամուսնացած էր եւ ուներ դեռ 2 երեխա։ Այժմ բազմազավակ հայր է, ունի 1-19 տարեկան 8 երեխա՝ 2 տղա եւ 6 աղջիկ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմը փոխել է այս ընտանիքի պլաններն ու կյանքի բնականոն ընթացքը։ Նոյեմբերի 29-ին Հարությունը կնոջ ու դստեր հետ վերջին անգամ է գնացել Գանձա՝ իրենց տանը հրաժեշտ տալու․ 2020 թ-ի դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը, բացառությամբ Բերձորի, Սուսի, Աղավնոյի եւ Աղանուսի, 128 բնակավայրով հանձնվեց Ադրբեջանին․ «Տունը մաքրեցինք, ավլեցինք, փոշիները սրբեցինք, դուռը փակեցինք, կողպեքի բանալին դրեցինք էդտեղ ու եկանք»,- հիշում է Հարությունը։ Թեեւ 2020 թ․-ին Արցախից տեղահանվածների համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Հարությունին տրամադրվել է մինչեւ 10 մլն դրամի վկայական՝ Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում մայր գումարի ամսական մարման համար, սակայն նա այդ գնով իր բազմանդամ ընտանիքին համապատասխան տուն մինչ օրս չի գտել։  Հարությունի ընտանիքը, ինչպես 2020-ին բռնի տեղահանված մյուս արցախցիները, Կառավարության աջակցության վերջին ծրագրերի շահառու չեն, քանի որ այդ ծրագրերը նախատեսված են բացառապես 2023-ին տեղահանվածների համար։ Տարիների վաստակածը զրոյացել է մեկ օրում 2020 թ․-ին հաստատվելով Երեւանում՝ Հարությունը, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանի մյուս համայնքների ղեկավարները շարունակել են հեռավար կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները․ «Երբ եկանք, դեռ պարզ չէր՝ ինչ կլիներ, կմնայինք աշխատանքի թե ոչ, բայց քանի որ ժողովրդին աջակցելու, համակարգելու, տեղերը իմանալու խնդիր կար, շտաբ բացվեց, սկսեցինք գնալ-գալ, ժողովրդի հետ կապված խնդիրները բարձրաձայնել․․․ Արցախի ղեկավարությունից հրաման եղավ, որ 2022 դեկտեմբերի 31-ից ինչպես դպրոցների, այնպես էլ համայնքի ղեկավարների աշխատակազմերը լուծարվում են՝ քարտուղար, վարորդ, հաշվապահ։ Մեզ պահեցին, աշխատավարձերը շարունակեցինք ստանալ, ու մինչեւ էսօր աշխատում ենք, բայց այլեւս չենք ֆինանսավորվում»,- պատմում է Հարությունը, ում այս տարի՝ 2023 թ․ հոկտեմբերի 15-ին են տեղեկացրել, որ հոկտեմբերի 1-ից այլեւս չի վարձատրվելու, շարունակելու է աշխատել հասարակական հիմունքներով․ «Շտաբը ցրվեց, ու ամեն ինչ, ովքեր էնտեղ էին, ում կարողանում էինք որեւէ հարցով դիմել, որ իրենք դա հասցնեն ՀՀ կառավարությանը, հիմա չկան էլ, մնացել ենք սենց անորոշ։ Ինչ հարց կա, փորձում ենք մենք մեր ձեւով ճշտել»,- ասում է Հարություն Թադեւոսյանը։ Մինչ այս տարվա հոկտեմբերը աշխատավարձից բացի ընտանիքը Արցախից ստացել է նաեւ իրենց հասանելիք ամենամսյա նպաստը։ 2006 թ․-ից ի վեր Արցախում գործել է բազմազավակության նպաստ՝ ըստ երեխաների քանակի։ 4-րդ երեխայի ծննդից հետո՝ 2010 թ․-ից Հարությունն ու կինը դարձել էին դրա շահառու։ Որպես բազմազավակ ընտանիք՝ պետության կողմից նրանց պետք է հատկացվեր նաեւ բնակարան։ Շինարարությունն ավարտվել էր, վերանորոգման աշխատանքները, սակայն, անավարտ մնացին 2020 թ․ պատերազմի պատճառով։ 13 տարվա ձեռքբերածից Հարությունը կարողացել է Երեւան տեղափոխել միայն հեռուստացույցը, սառնարանն ու լվացքի մեքենան։ Տունը, ավտոմեքենան, 30 հա հողատարածքը, անասուններն ու փեթակները կորսվել են։  44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը որոշեց պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել պետական ֆինանսական աջակցություն, ինչի նպատակով կատարվեց վնասների գնահատում, եւ սահմանվեց փոխհատուցման չափ։ Թադեւոսյանների վնասը գնահատվեց 13 միլիոն դրամ, որից նրանք հասցրել են ստանալ 4 միլիոնը․ «Մենք ունեցել ենք ունեցվածք, այդքան տարիների ընթացքում ինչ-որ բան ենք ձեռք բերել, բնակարան, անասուններ, հող, ես միայն իմ մասին չեմ ասում, ընդհանուր, մարդիկ էդ ամենը կորցրել են, եկել են էստեղ, հիմա ուզում ենք հասկանալ՝ դրա դիմաց որեւէ փոխհատուցում կա՞, թե՞ չէ, ո՞վ պետք է անի, ինչքա՞ն ժամանակում պետք է անի, որ հասկանանք՝ մենք ոնց ենք էստեղ ապրելու, ի վիճակի ենք, թե չէ։ Էս պահի դրությամբ իմ տարիների աշխատանքը զրո է, ու ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ»,- ասում է Հարությունը։ Երեխաներից միակ չափահաս աղջիկն անցյալ տարի ընդունվել է Երեւանի պետական  համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսման վարձի մի մասը Արցախի կառավարությունը փոխհատուցել է։ Այժմ չկա նաեւ այդ փոխհատուցումը։ Մյուս աղջիկը սովորում է «Աբելյան» արվեստի դպրոցում, ֆինանսական խնդիրների պատճառով վտանգված է նրանց հետագա կրթությունը։ Քաղաքացին ակնկալում է, որ Կառավարությունը լուծումներ առաջարկի նաեւ 2020թ-ին բռնի տեղահանվածների խնդիրներին  Հարություն Թադեւոսյանն ասում է՝ մարդը, որպես կանոն, իր կենսակերպը կազմակերպում է՝ հիմնվելով ֆինանսական աղբյուրների կանխատեսելի հաշվարկների վրա, իսկ իրենք միանգամից են կտրվել թե՛ աշխատավարձից, թե՛ նպաստից, այդ պատճառով էլ հիմա անորոշության մեջ են։ Կինը չի աշխատում, քանի որ մանկահասակ երեխա ունեն, ինքը սննդի կետ է վարձել, փորձում է աշխատեցնել, նաեւ տաքսի վարել։ Այնուհանդերձ, դրանով, ըստ Հարությունի, հնարավոր չէ պահել 10-հոգանոց ընտանիքը, նաեւ պարտքեր է վերցրել․ «2020 թ․-ի տեղահանվածների վերաբերյալ Կառավարությունը ոչ մի որոշում չունի, եթե 2023 թ տեղահանվածները որոշակի աջակցություն, կարգավիճակ ստանում են, Արցախի վերաբնակիչների մեծ մասը ՀՀ-ից է գնացել, զրկված է ամեն ինչից, մեզ հետ կապված ոչ մի որոշում չկա, համենայն դեպս, որ կառույցին դիմել եմ՝ Սոցհարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն, ասել են՝ ձեզ հետ կապված բան չկա»,- ընդգծում է Հարությունը։ Նա այժմ ակնկալում է, որ Կառավարությունը կայացնի որեւէ որոշում, որն ուղղված կլինի իր եւ իր ճակատագրին արժանացած մարդկանց խնդիրների լուծմանը․ «Եթե խնդիրների լուծումը տրվի, հասկանամ, որ կկարողանամ ապրել էստեղ, շատ ուրախ կլինեմ, շատ եմ ուզում, ես իմ հայրենիքում եմ, իմ երկրում, բայց եթե սենց շարունակվի, ես նույնիսկ չեմ կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե ինչ-որ բան անեմ, մեկ էլ պարզվի՝ որ սխալ եմ արել, որովհետեւ ինչ-որ լավ բան էր լինելու, չանեմ՝ բա որ պարզվի՝ չի լինելու։ Էս անորոշությանը պետք է վերջ տալ, Էդ խնդիրները լուծելու համար պետք է արագ գործել եւ համ էլ խնդիրը լուծել, ոչ թե մարդուն թողնել խնդրի մեջ ու ասել՝ ինչ ուզում է, թող լինի, ոնց ուզում ես, կարգավորի։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ն ի՞նչ է պատրաստ ինձ համար անելու, որ ես էլ հասկանամ՝ ի վիճակի եմ [ոտքի կանգնել] թե չէ»,- ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում Կառավարությունն այս պահին նոր միջոցառում չի նախատեսում «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ հետաքրքրվելով արդյո՞ք նախատեսում են որեւէ սոցիալական աջակցություն սահմանել 2020-ին Արցախից տեղահանված, սակայն եկամտի աղբյուրներից 2023-ին զրկված անձանց համար։ Ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել են, որ այս պահին նման միջոցառում նախատեսված չէ։ Հաշվի առնելով, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով բազմազավակության նպաստի առանձին տեսակ սահմանված չէ՝ խնդրել էինք հայտնել նաեւ, թե այդ կատեգորիայի մարդկանց համար փոխարինող ի՞նչ մեխանիզմներ կան կամ նախատեսվո՞ւմ են արդյոք։ Ստացված պատասխանի համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք նորածին երեխաների համար ՀՀ-ում կարող են ստանալ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ եւ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 23.12.2021 թ. N 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցություն՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջներին՝ նրանց տվյալների բավարարելու դեպքում:  Հետաքրքրվել էինք նաեւ՝ 2020 թ․ պատերազմի վնասների փոխհատուցման անհատական գործերը Արցախի կառավարությունը փոխանցե՞լ է ՀՀ կառավարությանը, եւ արդյո՞ք Հայաստանը շարունակում կամ նախատեսում է շարունակել այդ միջոցառման իրականացումը։ Սոցհարցերի նախարարությունից, սակայն, նշել են, որ իրենք պատասխանատու գերատեսչությունը չեն եւ նման գործեր չեն ստացել։ Նույն հարցմամբ դիմել ենք նաեւ Կառավարությանը, որտեղից հարցումը վերահասցեագրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին։  Գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ի պատասխան մեր հարցերին, հայտնել է, որ հիշյալ անհատական գործերը ՀՀ կառավարությանը չեն փոխանցվել, եւ տվյալ հարցի վերաբերյալ քննարկում չի նախատեսվում․ «Չնայած նրան, որ նախկինում Լեռնային Ղարաբաղում իրականացվել են պետական աջակցության տարաբնույթ ծրագրեր, մինչ այս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ որոշումներ կայացնելիս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ եւ միջնաժամկետ կարիքների արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաեւ երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները», – ասված է պատասխանում։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի
20:22 - 10 հունվարի, 2024
ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բնութագրել է որպես «վրիպում»։ Խոսքն այն դեպքի մասին է, երբ զորամասի 62-հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ հայտնաբերելու եւ ոչնչացնելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել է քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Այժմ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Դեպքից հետո Մակարյանի հետ հանդիպման եւ այլ մանրամասների մասին երեկ Հակակոռուպցիոն դատարանում պատմեց Քիմիկների զորամասի գործով վկա, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի ԷՀՄ տեխնիկ–օպերատոր Հասմիկ Ղուկասյանը․ «Երբ պարոն գեներալին հարցեր են հղվել, պարոն գեներալը պատասխանել է, որ դե, պատերազմ էր, վրիպում կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել վրիպում, ես մեղավոր չեմ։ Ես հստակ չեմ կարող ասել՝ վրիպում ասելով՝ ինչ նկատի ուներ, ուղղակի երբ ծնողները սկսեցին հարցեր տալ դեպքի հետ կապված, դեպքը ընդհանուր մեկնաբանվեց որպես վրիպում, երբ ծնողները հարցրին՝ բա Դուք ոնց եք [փրկվել], [ասաց՝] բա ես որ չվերադառնայի, ո՞վ էր ձեր հարցերին պատասխանելու, ես 12 տարեկան տղա ունեմ»,– պատմեց Հասմիկը։ Հասմիկի ամուսինը՝ Արմեն Բադեյանը, որ ծառայել է նույն զորամասում՝ որպես զորամասի հրամանատարի տեղակալ–կոմունալ շահագործման ծառայության գծով թիկունքի պետ, նույնպես մասնակցել է այդ մարտական առաջադրանքին։ Նա անհետ կորած է մինչ օրս։ Վկայի խոսքով՝ զորամասի հրամանատարն ասել է՝ գնում եք շատ վտանգավոր գործողության Հասմիկ Ղուկասյանը մեղադրյալներից անձամբ չէր ճանաչում միայն Անդրանիկ Մակարյանին, մյուս երեքի՝ Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի հետ ծառայել է նույն զորամասում։ Փոխգնդապետ Արսեն Աբգարյանը այդ ժամանակ Քիմիկների զորամասի հրամանատարն էր, այժմ մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Հենց նա է ղեկավարել այն անձնակազմը, որ մեկնել է մարտական հիշյալ առաջադրանքին։ Փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը, որ զորամասի շտաբի պետն էր, մեղադրվում է իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ զորամասի համալրման բաժանմունքի՝ այդ ժամանակվա պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վերջիններս դեպքի ժամանակ գտնվել են իրենց զորամասում։ Լուսանկարում՝ Հասմիկ Ղուկասյանը Դատարանում ցուցմունք տալով՝ Ղուկասյանը պատմեց, որ Քիմիկների զորամասի անձնակազմը իր մշտական տեղակայման վայրից դուրս է եկել 2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Մինչ հոկտեմբերի 20-ը ինքն ամուսնու հետ ամեն օր 1-2 րոպե հեռախոսազրույց է ունեցել, սակայն նրա գտնվելու վայրի, մարտական առաջադրանքների մասին ոչինչ չի իմացել։ Հոկտեմբերի 21-ից արդեն ամուսնու բջջայինն անհասանելի է դարձել։ 2 օր անց նա Պաշտպանության նախարարությունում աշխատող իր ծանոթից է տեղեկացել անձնակազմի շրջափակման մեջ ընկնելու մասին, ինչից հետո սեփական հետաքննությունն է սկսել, հանդիպել ամուսնու զինծառայակից ընկերների հետ, փորձել պարզել նրա ճակատագիրը․ «Մեկը ասում էր՝ տեսել եմ, որ դուրս է եկել, մեկը ասում էր՝ չեմ տեսել, պարոն Աբգարյանին էլ եմ զանգել, հարցրել եմ՝ Արմենից ի՞նչ լուր ունեք, որտե՞ղ է, ինչո՞ւ կապի դուրս չի գալիս, պատասխանել է՝ կգամ, կնստենք, կխոսենք»,– ասաց վկան։ Նրա խոսքով, սակայն, Աբգարյանը հետագայում հստակ տեղեկություն չի ունեցել, ասել է, որ մեքենայից իջնելուց հետո իր ամուսնուն չի տեսել, ենթադրել է՝ հնարավոր է անգամ նա ինքն իրեն կրակած լինի, որպեսզի գերի չընկնի, իրեն ուժեղ լինելու հորդորներ է տվել։ Բուն մարտական գործողության մասին եւս, ըստ վկայի, Աբգարյանը զորամասում չի խոսել, չի ներկայացրել՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչու, բայց ծնողների հետ զորամասի տարածքում առանձին զրույցներ ունեցել է։ Ընդհանուր հարցուփորձից բացի Հասմիկը նաեւ ադրբեջանական տեսանյութերն է նայել։ Զանգելանի դպրոցի վրա, ուր անձնակազմը սխալմամբ հասել է հոկտեմբերի 21-ին, ադրբեջանական դրոշը ծածանվելիս է եղել դեռ հոկտեմբերի 19-ից․  «Ես բոլորի հետ խոսում էի, հարցնում էի՝ Արմենի մազերը կտրվա՞ծ էին թե՞ ոչ, որպեսզի հասկանամ՝ տեսանյութերում երեւացող մարդը, որ նման է իրեն, ինքն է թե չէ, հարցնում էի՝ ի՞նչ է հագել․․․ Ես ավելի շատ նման բաներ էի հարցնում, ամեն մեկը ինչ–որ ինֆորմացիա էր տալիս, որով ես փորձում էի էդ փազլը հավաքել, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ողջ է թե ողջ չէ․․․ Արդյունքում իմացա, որ «սանրման» աշխատանք է իրականացվել։ Երբ պարոն Աբգարյանը գործողության մասին տեղեկացրել է, ասել է, որ գնում եք շատ վտանգավոր գործողության, որ կլինեն նաեւ զոհեր, որովհետեւ գործողությունը շատ լուրջ է, հորդորել է, որ էն մարդիկ, որոնք ընտանիքներ ունեն․․․ Եղել է կամավորության սկզբունքով, ովքեր ցանկություն ունեն, մասնակցեն, ստիպողաբար չի եղել»,– պատմեց վկան։ Անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ Հասմիկ Ղուկասյանի տեղեկություններով՝ երեք ավտոբուսով եւ մեկ վիլիսով անձնակազմը պիտի հասներ մինչեւ «Կիրի հանք» կոչվող տեղանք, այնտեղից ոտքով շարունակեր, մինչդեռ շարունակել է ավտոբուսներով եւ հասել մինչեւ Զանգելանի դպրոց․ «Երբ հասել են, իջել են ավտոբուսներից, ու մեկն ասում է՝ միանգամից են կրակոցները սկսել, մեկը ասում է՝ մի քանի րոպեից մարտի մեջ են մտել, էդ խառնաշփոթից ոչ մեկը որեւէ հստակ բան չի պատմում»,- ասաց վկան՝ նշելով, որ հակառակորդի թվակազմն էլ, ըստ իր լսածի, հստակ չէ, եղել է 300-ից մինչեւ 500։ Վկայի տեղեկություններով՝ անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ։ Ըստ նրա՝ պարզից էլ պարզ է, որ իրենց զորամասը լրիվ այլ գործողություն էր կատարում, իրենք մարտական գործողության չպիտի մասնակցեին։ Լուսանկարում՝ Արսեն Աբգարյանը –Դուք զրահաբաճկոն ունեցե՞լ եք,– վկային հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանը։ – Չէ։ –Ինչո՞ւ։ –Չի հատկացվել։ –Այսինքն՝ պահեստում չի եղել։ –Ոչ մի կերպ։ –․․․Ի սկզբանե ասվել է, չէ՞, որ ես, Արմենը, Փնջոյանը եւ վարորդս եղել ենք վիլիսի մեջ, հետո Փնջոյանը գնացել է, նստել Պիկապը։ Ինչի՞ համար է գնացել։ –Ես տեղեկություն չունեմ, ուղեկցող է եղել հավանաբար [պիկապում]։ –Այսինքն՝ ինչ–որ մեկը ուղեկցել է մեզ։ Բայց ոչ ոք չի՞ ասել՝ ինչի համար է Փնջոյանը իջել,– հարցրեց Աբգարյանը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Աբգարյանը եւս չպարզաբանեց իր այդ հարցը։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ վկան տեղեկություն ունի՞, որ ինքը թույլ չի տվել իր ամուսնուն մեկնել մարտական առաջադրանքի, սակայն ամուսինը հակառակվել է․  – Այո, միայն չի հորդորել, նաեւ ստիպել է, բայց իմ ամուսինը չի լսել, գնացել է։ – Ինչի՞ համար է հորդորել,– հարցրեց նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը։ – Ուղղակի իրենց ընկերական․․․ Հստակ չեմ կարող ասել․․․,– ասաց վկան։ Արսեն Աբգարյանը պարզաբանեց․ – Քանի որ անձնակազմից մի խումբ էր մեկնել, մեծամասնությունը մնացել էր Կապանի զորամասում, եւ որպես վերադաս զորամասում եղել է միայն ինքը, այդ իսկ պատճառով մատակարարման խնդիրն էլ առաջադրված է եղել իրեն, ինքը անձնակազմին սնունդ պիտի մատակարեր, էդ հարցերի շուրջ կազմակերպեր բոլոր գործողությունները, քանի որ ինքը հանդիսացել է զորամասի թիկունքի պետը։ Վկայի խոսքով՝ Արսեն Աբգարյանի եւ Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպումների արդյունքում ինքը, ամեն դեպքում, իր հարցերի պատասխանները չի ստացել։ Թե ումից է վկան իր ունեցած տեղեկությունները հավաքել, դժվարացավ կոնկրետ հիշել, ասաց՝ ընդհանոր բոլորի հետ խոսել է, բայց անուններ տալ այժմ չի կարող, կարող է ասել միայն, որ մանրամասն տեղեկություններ ունեցել են զինծառայողներ Գեորգի Հախնազարովը եւ Սահակ Կիրակոսյանը։ Զորամասի հրամանատարի գործողությունների մասին, ըստ նրա, զինծառայողները իրեն ոչինչ չեն պատմել։ Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցերին, թե ինչու անձնակազմը ավտոբուսներից չի իջել եւ ինչու է նախատեսված վայրից ավելի հեռուն գնացել, վկան պատասխաններ չուներ, ասաց՝ իրեն հայտնի է միայն, որ երկու խումբ է եղել․ «Ըստ իմ տեղեկությունների՝ ի սկզբանե երկու խումբ է եղել․ մեկը ղեկավարել է Անդրանիկ Մակարյանը, մյուսը՝ Արսեն Աբգարյանը։ Քանի որ տեղեկություն ունեին դիվերսիոն խմբի մասին, պիտի գնային, շրջափակեին իրենց, բայց քանի որ Աբգարյանի խումբը սխալմամբ թե չգիտեմ՝ ինչի հետեւանքով հայտնվել է շրջափակման մեջ, տեղի է ունեցել այս դեպքը։ Պարոն Մակարյանի խումբը՝ էլի 62-հոգանոց, եղել է ինչ–որ սարի հետեւում, հիմնականում կապի գնդի ստորաբաժանում է եղել, ու երբ մերոնք հայտնվել են շրջափակման մեջ, մերոնց մեջ 12 հոգի հետախուզող է եղել, մեր 12–ը եւ պարոն Մակարյանի խմբի 12-ը իրար ճանաչելիս են եղել հետախուզության զորքերից, շրջափակման մեջ գտնվողները զանգել են, խնդրել են իրենց օգնություն ցուցաբերեն, բայց էնտեղից, հստակ չեմ կարող ասել ինչ պատճառներով, ամեն դեպքում, օգնություն չի հասել»,– պատմեց Հասմիկը։ Լուսանկարում՝ Դավիթ Նավասարդյանը Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ։ Մասնավորապես, նախաքննության ժամանակ  վկան ավելի մանրամասն էր պատմել այս դրվագի մասին, նշել, որ հետախույզներից Լյուդվիգը զանգահարել է Գեւորգին (հայտնի է Գիվի անվամբ),  կցկտուր մի քանի բառ ասել, եւ Գեւորգը, հասկանալով, որ մյուս խումբը ընկել է շրջափակման մեջ, Անդրանիկ Մակարյանին առաջարկել է կրակել հակառակորդի ուղղությամբ, նրանց ուշադրությունը շեղել, սակայն Մակարյանը, հեռախոսով խոսելով ինչ–որ մեկի հետ, իրենց նահանջի հրաման է տվել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ նախաքննության ժամանակ իր հիշողությունն ավելի թարմ է եղել, հիմա այդ մասին չի հիշել, այդ իսկ պատճառով չի նշել։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր նաեւ, որ հարցին, թե ինչու չէին ունեցել պայթուցիկներ, Արսեն Աբգարյանը պատասխանել է՝ եթե տային, ավտոբուսների մեջ խաղալու էին դրանց հետ, եւ կարող է՝ իրենք իրենց վնասեին։ Ասել է նաեւ, որ կրակոցները սկսվելուց հետո Աբգարյանը, հավանաբար հասկանալով, որ շրջափակման մեջ են ընկնելու, տվել է նահանջի հրաման։ Այս մասին եւս դատարանում վկան չէր նշել։ Ի վերջո, տեղի ունեցածը վրիպում էր թե միտում հարցին Հասմիկ Ղուկասյանը չկարողացավ հստակ գնահատական տալ։ Վկայի տեղեկություններով՝ Գեւորգ Նշանյանը զորամաս է վերադարձել առանց գրավոր թույլտվության Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը Հասմիկ Ղուկասյանին խնդրեց պատմել՝ ինչ է իրեն հայտնի Գեւորգ Նշանյանի՝ զորամաս վերադարձի մասին։ Նա ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի՝ մարտական գործողություններից առերեւույթ խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ այժմ մեղադրվում են  Սարգիս Կուլակչյանն ու Էլլադա Հարությունյանը։ Վկան պատմեց, որ Գեւորգ Նշանյանը զորամասի կազմով մեկնել է մարտական գործողության հոկտեմբերի 8-ին, սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, 12-ին կամ 13-ին, առանց որեւէ փաստաթղթի վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ պատճառաբանելով, որ անհետ կորած բարեկամ ունի, որի որոնողական աշխատանքներով պետք է զբաղվի։ Հարցին, թե ինչու նրա վերադարձը գրանցամատյանում չի արձանագրվել, վկան պատասխանեց՝ իբրեւ պիտի հետ դառնար։ Սակայն նա այդպես էլ չի վերադարձել մարտական գործողության վայր, հետագայում մարտական գործողության մասնակցության պարգեւատրում է ստացել։ Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպաններ Ամրամ Մակինյանը, Մարտիկ Մարտիրոսյանը Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը հետաքրքրվեց․ – Թույլտվությա՞մբ է վերադարձել։ – Ես հստակ չգիտեմ, իմ ունեցած տվյալներով՝ գրավոր թույլտվություն չի եղել։ – Առանց զորամասի հրամանատարին տեղեկացնելու հնարավորություն ունե՞ր գալու։ – Չէ,- պատասխանեց վկան։ –Այսինքն՝ առնվազն զորամասի հրամանատարի հրաման կամ թույլտվություն եղել է,– եզրահանգեց պաշտպանը։  Հասմիկ Ղուկասյանը նշեց՝ տվյալ դեպքում անձը պիտի հրամանագրվեր երկու տեղում էլ․ թե՛ այնտեղ, որտեղից դուրս է եկել, թե՛ այնտեղ, որտեղ վերադարձել է, սակայն եթե մի տեղից նրա ելքը չի հրամանագրվել, շարային մասի պետը մյուս տեղում վերադարձը հրամանագրել չէր կարող։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին։ Գլխավոր լուսանկարում՝ վկա Հասմիկ Ղուկասյանը, դատավոր Սարգիս Դադոյանը Միլենա Խաչիկյան
13:59 - 10 հունվարի, 2024
Դատարանը մերժեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը

Դատարանը մերժեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված էր հերթական դատական նիստը։ Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է  2020 թ․ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։  Շուրջ երկու տարվա դատական քննությունից հետո նրա վերաբերյալ գործը քննող դատավորը փոխարինվեց մեկ այլ դատավորով, ինչի արդյունքում ավարտական փուլում գտնվող գործի քննությունը վերսկսվեց ամենասկզբից։ Ըստ այդմ, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր ապացույցների, մասնավորապես գործում առկա տեսանյութերի հետազոտումը, սակայն հերթը դրան չհասավ։ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը նիստի սկզբում հայտարարեց, որ պաշտպանական կողմը քրեական գործի հետագա քննությունը դռնփակ իրականացնելու միջնորդություն ունի։ Քրեական դատավարության նախկին օրենսգիրքը (1998 թ․), որի կարգավորումներով քննվում է այս գործը, սահմանում է, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ: Հաշվի առնելով օրենքի այս պահանջը՝ դատավորը խնդրեց դատավարության մասնակի չհանդիսացող անձանց լքել նիստերի դահլիճը։ Այդպիսով, լրագրողները միջնորդության բովանդակային քննությանը չմասնակցեցին։  Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդությունը ներկայացրել է՝ դատական նիստի ընթացքում անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով պաշտպանական եւ տուժող կողմերի միջեւ պարբերաբար սրվող լարվածությունը։ Տուժող եւ մեղադրող կողմերն առարկել են միջնորդության դեմ՝ պնդելով, որ դատարանն ի զորու է ապահովել անվտանգությունը դռնբաց քննության պայմաններում։ Լսելով կողմերին՝ դատարանը մերժել է միջնորդությունը։ Դրանից հետո գործի բովանդակային քննություն այլեւս տեղի չի ունեցել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 19-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմին Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան
17:58 - 08 հունվարի, 2024
8 բուհից 7-ը հրաժարվում է «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ հանրային մեկնաբանությունից

8 բուհից 7-ը հրաժարվում է «Ակադեմիական քաղաքի» վերաբերյալ հանրային մեկնաբանությունից

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ հայեցակարգի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հոկտեմբերին որոշեց հարցազրույցների շարք սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս ծրագրի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Այս ընթացքում մենք արդեն հարցազրույցներ ենք հրապարակել Գիտությունների ազգային ակադեմիայի` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ։ Զուգահեռ հարցազրույցի հրավեր ենք ուղարկել նաև 8 բուհերի, սակայն դրանցից 7-ի ռեկտորները կամ գիտության գծով պրոռեկտորները հրաժարվել են հարցազրույց տալ։ Հարցազրույցի հրավերն ընդունել է միայն Տնտեսգիտական համալսարանը։ Քանի որ բարձրագույն կրթության համակարգում «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը խոշոր փոփոխություններ է ենթադրում, պետական բուհերի դիրքորոշումն այդ փոփոխությունների վերաբերյալ կարևոր է։ Այդ է պատճառը, որ հարցազրույցի հրավերը մերժած բուհերին խնդրել ենք մեկնաբանել, թե որն է հրաժարվելու պատճառը։ Ստորև ներկայացնում ենք նրանց մեկնաբանությունները։   Հայաստանի ազգային ագրարային համալսարան (21․11․2023) Ագրարային համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանն «Ինֆոքոմի» լրագրողի հետ հեռախոսազրույցում նշեց, որ  Ագրարային համալսարանը ողջունում է բուհերն ուժեղացնելու նախաձեռնությունը, բայց ծրագիրը սաղմնային փուլում է, այդ պատճառով իրենք մեկնաբանություն չեն կարող տալ։ Իսկ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի վերաբերյալ առաջարկներն արդեն ներկայացրել են Կառավարություն։   Երևանի պետական համալսարան (22.11.2023) Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանը դեռ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ համալսարանում ներքին քննարկումները դեռևս շարունակվում են։   Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (22․11․2023) Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը պաշտոնական գրություն ուղարկեց, որում նշվում էր․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ինչպես նաև ՀՀ կառավարությանը համալսարանի կողմից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ հարցազրույցի տրամադրումը մերժվել է, քանի որ դրանք քննարկման ու մշակման փուլում են»։   Հայկական պետական մանկավարժական համալսարան (23․11․2023) Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը գրություն ուղարկեց, որում նշվում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հանրային քննարկումները դեռ ընթացքի մեջ են, և կառավարության համապատասխան որոշումը տեղադրված է e-draft հարթակում` ազատ քննարկման համար, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն այն ուսումնասիրում է, հետևում գործընթացներին՝ ձևավորելու համար հիմնավորված դիրքորոշում։ Հընթացս ՀՊՄՀ-ում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով՝ ռեկտորի  գլխավորությամբ, համապատասխան մասնագետների և դեկանների ներգրավմամբ, որոնք համակարգում են գործընթացը։ Քանի որ ուսումնական տարվա սկիզբը ծանրաբեռնված էր՝ պայմանավորված Արցախից ներգաղթած մեր հայրենակիցների ուսումնառության իրավունքներն ապահովելու խնդրով, նաև այժմ բուհն անցնում է հավատարմագրման հերթական փուլը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումը նախատեսել ենք բուհի գիտական խորհրդի առաջիկա նիստերում»։ Նշենք, որ Կառավարությունն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն ընդունել է հոկտեմբերի 19-ին։ Այսինքն՝  Մանկավարժական համալսարանի՝ գրավոր պատասխանը մեզ ուղարկելու պահին հայեցակարգի նախագիծը տեղադրված չէր միայն e-draft հարթակում, այլ հաստատված էր Կառավարության կողմից։   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (24․11․2023) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը գրություն ուղարկեց, որտեղ նշվում է․ «Տեղեկացնում ենք, որ այս օրերին խիստ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չենք կարող  հարցազրույցը կազմակերպել։ ԵԹԿՊԻ-ում այս պահին ընթանում են ծավալուն աշխատանքներ` կրթական ծրագրերի բարելավումների, ինչպես նաև ուսանողական նախագծերի ներկայացման նոր կարգի մշակման և նախապատրաստման ուղղությամբ»։   Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդհանուր բաժնի աշխատակցի հետ մի քանի հեռախոսազանգ ունեցանք․ բուհը, սակայն, ո՛չ նշեց՝ ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում հարցազրույցի հրավերը, ո՛չ էլ որևէ գրավոր կամ բանավոր մեկնաբանություն տրամադրեց։   Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարան (26.12.2023) Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի խոսնակը խնդրեց պաշտոնական մեկնաբանության համար դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Ռաֆայել Թովմասյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում խոստացավ հստակեցնել՝ արդյո՞ք Պոլիտեխնիկական համալսարանն ընդունում է հարցազրույցի հրավերը, թե՞ ոչ։ Սակայն մեր հետագա զանգերն անպատասխան մնացին։   Աննա Սահակյան
16:49 - 27 դեկտեմբերի, 2023
 «Սիթի բայք»-ին փոխարինելու է եկել «ռուսական կրկնօրինակը»՝ ChargeFast անունով

«Սիթի բայք»-ին փոխարինելու է եկել «ռուսական կրկնօրինակը»՝ ChargeFast անունով

«Ովքեր կցանկանան նոր աշխատանք, գրեք ինձ։ «Սիթի բայքի» կրկնօրինակի պես։ Նոր է բացվել կայքը»,- «Ինֆոքոմի» տելեգրամյան ալիքում այսպիսի մեկնաբանություն է թողնում «Բարբի տիկնիկ» անունով մի օգտատեր։ Այս մեկնաբանությունը միանգամից հիշեցնում է «Սիթի բայք» հարթակը, որի մասին մի քանի օր առաջ «Հետքը» հետաքննություն էր հրապարակել։ «Սիթի բայք»-ն առերևույթ ֆինանսական բուրգ էր, որն աշխատում էր հետևյալ սկզբունքով․ պետք էր գրանցվել կայքում, որևէ չափի «ներդրում կատարել» և ստանալ եկամուտներ։ Այլ մարդկանց հրավիրելու դեպքում էլ եկամուտներ էին ստացվում նրանց «ներդրումներից»։ «Հետքի» հրապարակումից հետո Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: «Բարբի տիկնիկ» անունով օգտատիրոջը գրեցինք, որ հետաքրքրված ենք առաջարկվող «աշխատանքով» և խնդրեցինք մանրամասներ ներկայացնել։  «Սիթի բայքին ծանո՞թ եք։ Եթե այո, նույն կրկնօրինակն է՝ ռուսական տարբերակով»,- պատասխանեց օգտատերը «Ինֆոքոմի» լրագրողին։ Հարցին, թե ինչպես են գումար աշխատում այս հարթակի միջոցով, «Բարբի տիկնիկը» պատասխանեց. «Ներդրումային ծրագիր է։ Առնվազն 3400 դրամից օրական մեծ եկամուտ ունեցող ծրագիր է։ Ամենօրյա պտտախաղ կա էնտեղ, դա էլ եք խաղում և կարող եք նվերներ կամ գումար ստանալ դրանից։ Կարող եք թիմ հավաքել իմ պես և թիմից ստանալ ևս տոկոսներ։ Երկուշաբթիից ուրբաթ կարող եք կանխիկացնել։ Հայաստանում էլ կար այդ ծրագիրը, էստեղ փակվեց, ժամկետը լրացավ, դրամով էինք կանխիկացնում։ Սա նոր է բացվել, սոմ տարադրամով է աշխատում»։ Նրա նշած, դրամով աշխատող ծրագիրը հենց «Սիթի բայքն» է, որի կայքն այժմ անհասանելի է, և որտեղ «ներդրում կատարած» մարդիկ տելեգրամյան խմբերում բողոքում են, որ չեն կարողանում իրենց հասանելիք գումարները կանխիկացնել։ Իսկ այս նոր հարթակը, որն, ըստ օգտատիրոջ, ռուսական է, աշխատում է Ղրղզստանի դրամական միավորով՝ սոմով։ Օգտատերը նշեց, որ պետք է գրանցվել, VIP արժեքներից որևէ մեկը գնել և ստանալ ամենօրյա եկամուտ՝ «այդ ներդրումից ստացված տոկոսների» տեսքով։ Մեր լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես կարող է գումար աշխատել՝ թիմ հավաքելով։ «Հրավերի հղումը պատճենում եք և տարածում, տեղեկացնում ձեր գրառումով, որ այսպիսի աշխատանք կա։ Սոց ցանցերում՝ Ֆբ, Տիկ-տոկ, Ինստա, կարող եք տարածել։ Եթե գրանցվեն ու ներդնեն, վիպ գնեն, նրանցից տոկոսներ եք ստանալու ամեն օր։ Եկամուտը օրական շատ մեծ կլինի։ Ես Սիթի բայքով օրական 70 հազար ստանում էի, բայց փակվեց»,- ասաց օգտատերն ու քայլերը բացատելիս ուղարկեց «Սիթի բայքի» իր օգտահաշվից լուսապատճեններ։ Օգտատիրոջ կարծիքով «Սիթի բայքի» փակվելու պատճառն, իբր, այն է եղել, որ որոշ օգտատերեր Հայաստանից միևնույն հեռախոսահամարով մի քանի օգտահաշիվ են բացել և «5 մլն դոլար գողացել կայքից»։ «Բարբի տիկինիկի» ներկայացրած «ներդրումային ծրագիրը» գործում է ChargeFast անվան ներքո։  ChargeFast-ը ներկայանում է որպես Հոնկ Կոնգում 2017-ին գրանցված համաշխարհային ընկերություն, որը զբաղվում է հեռախոսների շարժական լիցքավորիչների սպասարկմամբ։ Ընկերությունն, իբր, նշված ծառայությունները մատուցում է նաև Չինաստանում, Թայլանդում և Թայվանում։ Կայքում, սակայն, հրապարակված է ևս մի տեղեկություն, ըստ որի` ChargeFast-ը գրանցված է Ղրղզստանում «Тез Заряд» անունով։ Ղրղզստանի պետական ռեգիստրում, իսկապես, «Тез Заряд» անունով մի ընկերություն կա, որը գրանցվել է այս տարվա հուլիսի 26-ին, իսկ ղեկավարը Շեզդբեկ Սեյդակմատովիչն է։ «Тез Заряд»-ի ռեգիստրի տվյալներում, սակայն, ChargeFast անունը հիշատակված չէ։  ChargeFast-ի կայքում նշվում է նաև, որ իրենց նպատակն է Ղրղզստանում ներդումներ ներգրավել։ Այս սխեման կրկին հիշեցնում է «Սիթի բայքը»։ Վերջինիս թիմից էլ նշում էին, որ իրենք հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ամերիկյան Citi bike ընկերության հայաստանյան ծրագիրն են։ Ամերիկյան ընկերությունը, սակայն, հերքել էր նրանց հետ կապը։ Հեռախոսների շարժական լիցքավորիչների սպասարկմամբ զբաղվող հարթակ Հոնկ Կոնգում իրոք գործում է։ Սակայն պարզվում է, որ այդ ընկերությունը կոչվում է ոչ թե ChargeFast, այլ ChargeSPOT: Ղրղզական ChargeFast-ը գողացել է ChargeSPOT-ի տարբերանշանը, լուսանկարները, տեսանյութերը և ներկայանում է որպես միջազգային ընկերության ներդրումային ծրագիր։ Առաջին նկարը ChargeFast-ի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից է։ Երկրորդ նկարը ChargeSPOT-ի՝ 2020-ին տեղի ունեցած միջոցառումից է։ Ակնհայտ է, որ տեսանյութում SPOT-ը խմբագրել ու դարձրել են Fast։ Այս լուսանկարը ևս ChargeFast-ի տելեգրամյան ալիքից է։ Իսկ ChargeSPOT-ի ֆեյսբույքան էջի հրապարակման հղումով կարող եք տեսնել լուսանկարի իրական տարբերակը։ Կրկին SPOT-ը խմբագրվել ու Fast է դարձել։ Այսպիսով, «Սիթի բայքի» մասին հրապարակված հետաքննությունից և քրեական վարույթի նախաձեռնումից հետո Հայաստանում սկսել է շրջանառվել մեկ այլ հարթակ, որը գործում է նույն այն սխեմայով, ինչ «Սիթի բայքը»։  ChargeFast-ը ներկայանում է որպես միջազգային կազմակերպության ներդրումային ծրագիր, սակայն ոչ մի կապ չունի Հոնգ Կոնգում գործող ChargSPOT ընկերության հետ, ավելին՝ գողացել է նրա տարբերանշանը, լուսանկարներն ու տեսանյութերը։ ChargeFast-ն առերևույթ աշխատում է ֆինանսական բուրգի սխեմայով, քանի որ առաջարկում է «ներդրում կատարել» մի բիզնեսում, որի հետ կապ չունի, իսկ ChargeFast-ում գրանցվող մարդիկ եկամուտ են ստանում կա՛մ իրենց «ներդրումից», կա՛մ այլ մարդկանց ներգրավելուց։ Հայաստանի Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է, որով գույք ներդրողին կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձին առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության: Աննա Սահակյան
19:58 - 25 դեկտեմբերի, 2023
2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

Արցախցի Նոննա Մինասյանն այսօր կարող էր բնակվելիս լինել Շուշիի իր տանը, որն այլեւս չկա, աշխատեցնել հացի փուռը, որն ամուսնու հետ ծրագրում էր բացել, եւ զբաղվել իր սիրելի լուսանկարչությամբ Արցախի պետական թատրոնում։ Բայց նա այսօր Երեւանում է։ 36 տարեկանում 4 պատերազմ, 2 տեղահանություն ապրելուց հետո Նոննան հիմա էլ հայտնվել է սոցիալական խնդիրների առաջ։ Առանց սեփական տանիքի, անձնական մի քանի իրերը ճամպրուկում, իսկ կորստի ցավը՝ սրտում, նա կրկին փորձում է նոր կյանք սկսել։ Ամեն ինչ սկսվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Նոննան դուրս է եկել Շուշիի իր տանից․ հետո պիտի պարզվեր՝ անվերադարձ։ Պատերազմի հետեւանքով նա եւ ամուսինը կորցրել են ունեցածը, փորձել արտասահմանում ոտքի կանգնել, նաեւ՝ բուժում ստանալ։ Այդ նպատակով ստիպված են եղել հաշվառվել Հայաստանում։ Չհարմարվելով, սակայն, կարճ ժամանակ անց վերադարձել եւ շարունակել են ապրել Արցախում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են նաեւ Ստեփանակերտից։ Այժմ, չնայած տեղահանված լինելու փաստին, նրանք չեն կարողանում օգտվել տեղահանվածների համար Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից։ Պատճառը 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված լինելն է, ինչը արգելք է վեցամսյա եւ երկամսյա 50-հազարական դրամ աջակցությունները ստանալու համար։ «3 տարի է՝ սպասում էինք՝ տեսնենք՝ ինչ է լինում» 44-օրյա պատերազմի ժամանակ Նոննան քրոջ եւ ընկերուհու հետ Շուշիից տեղափոխվել է նախ Բերձոր, ապա՝ Երեւան։ Ամուսինը մնացել է Արցախում, մասնակցել ռազմական գործողություններին։ «Տան իրերից ոչինչ չէի վերցրել, միայն տեսախցիկս, ինձ համար ամենաթանկ բանը դա էր, դե, հետո, որ գիտես՝ գնում ես, հետ գաս, շատ ուշադրություն չես դարձնում՝ ինչ կա։ Տեսախցիկս, նոթբուքը ու մի քանի տաք շոր, որովհետեւ Բերձորում ցուրտ էր․․․ Մենք չենք իմացել, չենք գիտակցել, որ հետ չենք գալու, բայց ամուսինս էնտեղ էր, ընթացքում խնդրում էի՝ նկարներ, դիպլոմներ ուղարկի, որովհետեւ ասում էր՝ սա լավ չի վերջանալու»,– պատմում է Նոննան։ 2020 թվականին Երեւանում ապրել են ընկերուհու, ապա վարձակալած մի բնակարանում, իսկ երբ պատերազմն ավարտվել է, վերադարձել են Ստեփանակերտ․ «Պատերազմը որ ավարտվեց, գնացինք Ստեփանակերտ, դե, Շուշին էլ չկար, ոչ մի բան չունեինք, ու էնքան խառն էր ամեն ինչ․․․ Ընկերներ ունեինք Գերմանիայում, ասացին՝ եկեք, գոնե աշխատեք 1-2 տարի, հետո հետ կգնաք, կտեսնեք՝ ինչ է անում պետությունը, գուցե տուն կտա, մի բան կտա․․․ Ամուսինս էլ առողջական խնդիրներ ուներ (պատերազմի հետեւանքով,–հեղ․), ասացինք՝ ավելի լավ, կգնանք, էդ խնդիրներն էլ կլուծենք, նաեւ աշխատանքային հրավեր ունեինք»,– նշում է Նոննան։ Որոշելով ժամանակավորապես դուրս գալ Արցախից՝ ամուսինները դիմել են Լեհաստանի դեսպանատուն, որտեղ, սակայն, նրանց ասել են, թե Ղարաբաղի քաղաքացիները չեն կարող դիմել․ «Մենք սովորական կապույտ անձնագիր ունենք՝ 070 կոդով, անձնագրի խնդիր չէր, այլ գրանցման, մենք հետո մտածեցինք՝ քանի որ Շուշին չկա, քաղաքը չկա, դու չես կարող նման թղթով ճամփորդել, գուցե դեպորտի խնդիր լինի, եւ որպեսզի պետությունը չմտածի՝ սա ուր է, ինչ է, կամ էլ մեզ Բաքու չուղարկի, ասացին՝ միանգամից փոխեք, երեւի տենց խնդիր էր կամ իրենց ասվել էր, որ պիտի փոխվի․․․ Դուրս եկանք, էլի շատ դժվարությամբ գրանցվեցինք Երեւանում՝ ամուսնուս եղբոր տանը»։ Հաշվառումը փոխելուց հետո Նոննան փաստաթղթային այլ խնդիրներ է ունեցել, մեկնել է միայն նրա ամուսինն։ Նա գնացել է նախ Լեհաստան, ապա՝ Գերմանիա, այնտեղից՝ Ռուսաստան, սակայն օտար երկրում չհարմարվելով՝ երկու ամսից վերադարձել է Արցախ։ Ընտանիքը դիմել է Արցախի կառավարությանը եւ որպես Շուշիից բռնի տեղահանված՝ նրանց սենյակ է հատկացվել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում․ «Պետությունն ասաց՝ տուն գտեք, կգնենք։ Մեզ հասնում էր 44 քմ, բայց նախ տենց փոքր տուն չի եղել Ստեփանակերտում, գտնում էինք, օրինակ, 54 քմ, ինչի համար մենք պիտի երկու միլիոն ավելացնեինք, մենք էլ էդքան գումար չունեինք։ Մտածեցինք տուն վարձակալել, բայց վարձերն էլ շատ բարձր էին, դա էլ չկարողացանք ու դիմեցինք, Սոֆիա հյուրանոցում սենյակ տվեցին։ Շատ լավ էր, շատ գոհ էինք, կարեւորը Ստեփանակերտում էինք՝ մեր հողի վրա, էնքան որ գայինք տուն, գնայինք գործի, մինչեւ տեսնեինք՝ ինչ է լինում․․․ Մենք 3 տարի է՝ սպասում էինք, որ տեսնեինք՝ ինչ է լինում, վերջ չկա, սկիզբ չկա, ոչ մի բան չկա, հիմա էլ՝ նույնը»։ Նոննան այդ ժամանակ սկսել է աշխատել Ստեփանակերտում բացված գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար, ամուսինը բարեկամների ֆինանսավորմամբ սկսել է զբաղվել Շոշ գյուղում գտնվող եւ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված իր հայրական տան վերանորոգման աշխատանքներով․ «Ամուսինս աշխատանք չէր գտնում, ծանր բան իրեն չէր կարելի, ուզում էր մնալ Շոշի տանը, բայց ես էի վախենում, որովհետեւ սահմանը շատ մոտ էր, իրենց (ադրբեջանցիների,–հեղ․) դրոշները ծածանվում էին, Շուշիի իմ տունն էի տեսնում, ամեն անգամ վախենում էի վարագույրը քաշել կամ պատուհան լվանալ, ասում էի՝ հեսա սնայպերը կխփի, Ֆեյսբուքում մի երկու բան կգրեն, ու վերջ»,– հիշում է Նոննան։ «Հետո նորից սկսվեց պատերազմը» Եվ հիշողություններն իրար վրա դարսելով՝ գալիս, հասնում է 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին․ «Հետո նորից սկսվեց պատերազմը, առավոտից սկսեցին՝ մի բան էն չէ, գյուղերում խփել են․․․ Ես աշխատանքի էի, ուսուցչուհի հաճախորդ ունեի, ինքն էլ երբեք չէր ուշանում, մի 10 րոպե է՝ չէր գալիս, դու մի ասա՝ էրեխեքին արդեն տարել են նկուղ, դուրս եկա՝ զանգեմ, ու սկսվեց․․․  Թե ինչ գմփոց, թե ինչ էր կատարվում․․․ Բոլորը լացում էին, ճչում, սկսեցին Ստեփանակերտի վրա խփել, էդ քաոսի մեջ բոլորս վազում էինք, չգիտեինք՝ ինչ ենք անում․․․ Գնացինք նկուղ, նկուղում էլ ոչ մի բան չկար, անպատրաստ, գոնե լույս էլ չէին դրել»,– ասում է Նոննան ու նշում՝ այդ խառը իրավիճակում ամեն տեսակ իրարամերժ տեղեկություն տարածվում էր․ «Հենց ժամը 1-ին [պատերազմը] ավարտվեց, ամուսինս եկավ, ասաց՝ ժամանակ են տվել, տարբեր բաներ են խոսում, մեկը ասաց՝ 7 ամսից պիտի դուրս գանք, մեկը ասաց՝ 30 հազար մարդ պիտի մնա, մեկը ասաց՝ 3000 մարդ պիտի մնա, ով շուտ դուրս գա, դուրս գա․․․ Մեզ սպանել է մեր պանիկան, ուրիշ ոչինչ․․․ Մեկ-մեկ մտածում եմ՝ որ մնայինք, կարո՞ղ էին էդքան մարդու վնասել, թե՞ պանիկա մտցրին, որ բոլորս դուրս գանք․․․ Մինչեւ ավարտը՝ ժամը 11–ին մոտ, ասացին՝ 2 ժամից բոլորս դուրս ենք գալու, ով ինչ ունի, թող հավաքի, էն որ դեռ խփում էին, ես գնացել, ճամպրուկս էի հավաքում, ինչ էդ սենյակում ունեի, որ նորից չթողնեմ, հետո ամուսինս եկավ, ասաց՝ 120 հազար մարդ 2 ժամից ո՞նց է դուրս գալու, էդտեղ ավելի վատացանք»,- հիշում է Նոննան։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Նոննայի ընտանիքը եւս բռնել է տեղահանության ճամփան․ «Ամբողջ կյանքս հաց թխած չկայի, բլոկադայի ընթացքում թխեցի, սկեսուրս մի քիչ ալյուր ուներ, սեւ օրվա էր պահում, իբր դրանից սեւ օր պիտի լիներ։ Բերեց, ասեց՝ կարաս հաց թխես, որ ճամփին վերցնես, էն էլ թխեցի, սաղ բաժանեցի, մի հատը դրեցի իրենց մեքենան, դե էրեխեք էին ողջ հյուրանոցում»։ Ամուսինները Հայաստան են հասել սեպտեմբերի 28-ին, որովհետեւ ճանապարհին մեքենան փչացել է, ստիպված են եղել հետ դառնալ Արցախ՝ այն վերանորոգելու։ Մեկ օր անց նորից ճանապարհվել են դեպի Հայաստան․ «Ճամփին՝ ոչ հաց, ոչ ջուր, մենակ մեղր էի վերցրել, որ մի–մի գդալ վարորդներին տամ»,– ասում է Նոննան։ Հայաստանի գրանցման պատճառով Նոննան ու ամուսինը սոցիալական աջակցություն չեն ստանում  Հայաստան գալով՝ ամուսինները հաշվառվել են Վայքում, սկզբում մնացել Նոր Գեղի գյուղում։ Այնտեղ մեկ անգամ ստացել են տեղահանվածներին հասանելիք պարենային օգնությունը, նաեւ 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը։ Հետագայում Երեւան տեղափոխվելով՝ իմացել են, որ աջակցության մյուս ծրագրերից օգտվել չեն կարող․ «Լրացրել ենք օնլայն, [համակարգը] չէր ընդունում, ասում էր՝ Երեւանի գրանցում ունեք, գնացի Սոցհարցերի նախարարություն, ասացի՝ ուզում եմ դիմում գրել, ղարաբաղցի եմ, բայց Երեւանի գրանցում ունեմ, ի՞նչ պիտի լինի, կստանա՞մ էդ գումարը թե՞ չէ, մի աղջիկ դուրս եկավ, ասաց՝ այո, կստանաք, մի քիչ սպասեք, ծրագրերը խառն են, շատ ժողովուրդ եք եկել, ասացի՝ հա, հասկանալի է, ասացի՝ դիմում կարո՞ղ եմ գրել, ասաց՝ չէ, որովհետեւ մեկ է, փոխանցվելու է․․․ Երկուշաբթի օրը (դեկտեմբերի 10-ին,–հեղ․) նորից գնացի, մի աղջիկ եկավ, ասաց՝ Երեւանի գրանցում ունեցողներին չի հասնում, գիտեք, ասացի՝ կարո՞ղ եմ դիմում գրել, որ գրավոր պատասխանեք, ասաց՝ չէ, չեք կարող, ու տենց ճամփեցին տուն»,- պատմում է Նոննան։ Հույսով, որ պիտի պետական ֆինանսական աջակցություն ստանային, Երեւանում տուն են վարձակալել, բայց հիմա հայտնվել են խնդրի առաջ․ «Հիմա ես ինձ զգում եմ սենց՝ ոչ պետությանն եմ պետք, ոչ բնությանը, ես չեմ ասում՝ ամեն ինչ տվեք, բայց մարդկանց մարդու տեղ դրեք, որ հասկանանք, որ կանք, գոնե կեսը տվեք, ասեք՝ որ դուք սենց եք, էսքան եք ստանում, բայց ընդհանրապես ոչ մի բան․․․ Ու իմ նման հազար մարդ կա, մնացել ենք շվարած»,– ասում է Նոննան։ Նա այժմ վերադարձել է մատնահարդարի իր աշխատանքին, իսկ ամուսինը մեքենա է վարձակալել, տաքսի է վարում։  Նոննա Մինասյանի կարծիքով՝ եթե աջակցության ծրագիրը բռնի տեղահանվածների համար է, սխալ է հաշվառման պայմանը նախատեսելը, որովհետեւ ըստ նրա՝ Կառավարությունը շատ լավ իմացել է՝ ով է Արցախում գտնվում․ շրջափակման օրերին Երեւանի հաշվառում ունեցողները խանութներից օգտվելու կտրոնները ուրիշ տեղից էին ստանում, ՌԴ հաշվառում ունեցողները՝ ուրիշ․ «Սխալ պայման է, խի՞ են տենց որոշել, պարզ է, որ էդ մարդիկ ոտքի են  կանգնելու, ասեն՝ ինչի՞ եք սենց անում, ինչի՞ եք էսքան պրոբլեմի մեջ նորից պրոբլեմ սարքում։ Շանս չեն տալիս, որ ոտքի կանգնես, հետո գոնե դու քո գլխի ճարը կգտնես։ Հո չե՞նք ասում՝ ընդմիշտ մեզ օգնեք, բայց սխալ է, որ մեկին տալիս են, մեկին՝ չէ»,– նշում է բռնի տեղահանված արցախցին։ Կառավարությունը խնդրին տեղյակ է, վերջնական լուծում դեռ չկա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդրին տեղյակ են, այս պահին դրա վերաբերյալ վերջնական լուծում չկա, հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի։ Հարությունյանը բացատրեց՝ 50-հազարական դրամների երկու ծրագրերի հիմքը առաջին՝ 100-հազարական դրամի ծրագիրն է։ Համակարգը ավտոմատ եղանակով ստուգում է՝ եթե անձինք ստացել են 100-հազարական դրամ աջակցությունը, արդեն անցում է կատարվում որոշակի ֆիլտրերի՝ ըստ կոնկրետ ծրագրի։ Այդ ֆիլտրերը, ինչպես, օրինակ, հաշվառման ամսաթիվն է կամ Հայաստանում սեփականություն ունենալը, Հարությունյանի խոսքով, ի սկզբանե նախատեսվել են՝ կանխելու ոչ թիրախային խմբի անձանց շահառու դառնալը․ «Մեծ քանակությամբ մարդիկ մինչեւ այդ գտնվել են այստեղ, դա ինչ-որ ձեւ ստուգելու մեխանիզմ էր, Վայքում կամ Կոռնիձորում հաշվառումը դեռ ոչինչ չի ասում, բոլորն էլ հաշվառվել են, բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրինակ՝ այստեղ գտնվող անձը գնացել է, այդ հոսքի մեջ հաշվառվել է»,- նշում է Հարությունյանը։ Հարցին՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավոր չէ՞ր ճշտել, թե ովքեր են բռնի տեղահանման օրերին փաստացի գտնվել Արցախում, Հարությունյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիմքը միայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալներն են․ «Մեր օրակարգում այս հարցը կա, նորից կնայենք, բայց այսպես ասեմ․ եթե խնդիրը դառնում է զանգվածային, սկսում ենք անդրադառնալ, եթե մի քանի դեպքերով է, չենք անդրադառնա, կփորձենք այլ կերպ օգնել, էդ հարցով մեզ էլի դիմողներ են եղել, ուսումնասիրել ենք, պարզվել է՝ մերժման հիմքը այլ է, այսինքն՝ դա առաջին ֆիլտրն է, դրանից հետո գնում են մի շարք ֆիլտրեր՝ կոնկրետ ծրագրերով»,- մանրամասնում է Արտակ Հարությունյանը։ Դիմումների թիվը, ըստ Հարությունյանի, այս պահին չի գերազանցում 100-ը․ «Եվ եթե պարզվի, որ այդ խնդրով ընդամենը 50 հոգի է, բայց այդ կետը որոշումից հանելու արդյունքում ոնենանք, օրինակ, 3000 սխալ վճարում, բազմապատկեք դա 50 հազարով, բազմապատկեք 6 ամսով․․․ Պիտի փորձենք անհատական ինչ-որ բան անել»,- ասաց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ աջակցության վեցամսյա ծրագիրը նման բողոքների հիման վրա փոփոխության ենթարկվեց։  Նշենք, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստանում երբեւէ հաշվառված անձինք ծրագրի շահառու չեն, ինչը, սակայն, խնդիրներ էր ստեղծում բռնի տեղահանվածների համար, քանի որ փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստ ստանալու համար նրանք պիտի հաշվառվեին Հայաստանում։ Օրենսդրական փոփոխությամբ՝ Կառավարությունը սահմանեց, որ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են, այդպիսով դուրս մնացին միայն սեպտեմբերի 19-ից առաջ հաշվառված, սակայն դրանից հետո տեղահանվածները։ Արտակ Հարությունյանն առաջարկեց, որ այդ անձինք իրենց խնդիրները ձեւակերպեն եւ անհատական դիմումներ ներկայացնեն նախարարությանը, խոստացավ՝ տվյալ դեպքում անձամբ հետեւողական լինել դիմումի ընթացքին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի, ք․ Վայք, 27 սեպտեմբերի, 2023 թ․
19:29 - 22 դեկտեմբերի, 2023
Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական

Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ։   Պարո՛ն Կարաբեկյան, երբ խոսում ենք բուհերում հետազոտական բաղադրիչից, գիտական ինստիտուտների տնօրեններն, օրինակ, նշում են դասախոսների ծանրաբեռնվածությունը՝ որպես առաջին խնդիր։ Մասնավորապես, ասում են, որ դասախոսներն արժանապատիվ աշխատավարձ ստանալու համար 600-700 դասաժամ են պարապում, խիստ ծանրաբեռնված են և հետազոտությամբ զբաղվելու ժամանակ չունեն։ ՀՊՏՀ-ում ի՞նչ իրավիճակ է այս համատեքստում, դասախոսների քանի՞ տոկոսն է բացառապես դասախոսությամբ զբաղվում։ Ես սովորաբար սաստիկ շեշտ չեմ կատարում թվերի վրա։ Մենք սիրում ենք թվերով ինչ-որ բան ներկայացնել․ երբեմն դա տպավորիչ է, երբեմն՝ ոչ։ Կարծում եմ՝ ճիշտ է ավելի շատ որակական գործընթացների մասին խոսել։ Ամեն դեպքում, վերին աստիճանի արդիական և կարևոր հարց բարձրացրիք։ Ես լիովին չէի համաձայնի, որ հետազոտական բաղադրիչի բացակայությունը կամ սակավությունը պայմանավորված է միայն ծանրաբեռնվածությամբ։ Ինչո՞ւ։ Եկեք հասկանանք՝  հետազոտությունն ինչ է։ Մենք շատ դեպքերում, երբ ասում ենք հետազոտական բաղադրիչ, նկատի ունենք բարձր գիտությունը։ Գիտություն, հետազոտություն տերմինները բավական ընդարձակ են. որոշ դեպքերում ծածկում են մեկը մյուսին, իսկ որոշ դեպքերում նշում են հետազոտական ստեղծագործական գործունեության բավական սպեցիֆիկ ոլորտներ։ Բանն այն է, որ եթե դու դասավանդում ես, ապա կամա թե ակամա պետք է հետազոտություն անես․ խոսքը պարտադիր միայն գիտական հետազոտության մասին չէ, որովհետև դասընթաց պատրաստելը, դասընթաց վարելը հետազոտական գործունեություն է։  Եթե ստույգ տերմիններով խոսենք, հետազոտական բաղադրիչ ոչ թե բուհը պետք է ունենա, այլ կրթական ծրագիրը։ Բուհը պետք է ունենա գիտության ոլորտում որոշակի ռազմավարություն, վարի այն, բայց այդ բոլորը, վերջիվերջո, կապված են կրթական ծրագրերի հետ։  Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանին և դասախոսների ընդհանուր ծանրաբեռնվածությանը, ապա այստեղ շատ ավելի բարվոք է վիճակը, որովհետև  մեկ դրույքի հաշվարկը, արդեն մի քանի տարի է, մոտավորապես 350  ժամ է։ Այդ առումով, իհարկե, կա հնարավորություն, որ դասախոսների համար ապահովվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ նաև գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու։ Ամենագլխավորը գիտության և կրթության ինտեգրումն է։ Այն, ինչը շատ դեպքերում մենք անվանում ենք հետազոտական բաղադրիչ, բայց, կարծում եմ, այդպիսով նեղացնում ենք շրջանը։ Գիտության և բարձրագույն կրթության ինտեգրումը բազմակողմ գործընթաց է։ Մի կողմից, ցանկալի է, որ  մասնագիտական դասընթացներ վարող դասախոսները նաև այդ լորտում որոշակի հետազոտություններ իրականացնեն. ոչ միայն գիտամեթոդական բնույթի, որոնք կապված են դասընթացի պատրաստման և դասընթացի ընդհանուր որակի հետ։ Պետք է հասկանալ, որ այդ դասընթացի որակը մեծապես կախված է նաև այն բանից, թե որքանով է այն հիմնված տվյալ ոլորտում դասախոսի ինքնուրույն ներդրման վրա։  Երկրորդ ասպեկտն այն է, որ, միևնույն ժամանակ, դասախոսի դերակատարությունն է փոխվում ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում․ որևէ անձ, անգամ լավագույն գիտնականը կամ դասախոսը, չի կարող տիրապետել ամբողջական ինֆորմացիայի այս կամ այն ոլորտում։ Բաց աղբյուրներ կան, ինֆորմացիան տարածվում է այնպիսի արագությամբ, որ դու չես կարող ամեն ինչից տեղյակ լինել։ Հետևապես՝ դասախոսի դերակատարությունը ժամանակակից կրթական պրոցեսում ուսանողների ուսումնառության գործընթացը կազմակերպելն է, իրենց իսկ ուսանողների հետազոտական (ուսումնառությունը նույնպես հետազոտություն է, իմացաբանական գործընթաց է) աշխատանքը կազմակերպելը և այդ հետազոտական աշխատանքի միջոցով նրանց պատրաստելը որպես մասնագետներ։ ՀՊՏՀ պրոռեկտորն «Ինֆոքոմի» իմ գործընկերոջ հետ հարցազրույցում մի քանի ամիս առաջ պատմել էր համալսարանում իրականացվելիք երկու ծրագրի մասին․ առաջինը դասախոսների հրապարակած գիտական հոդվածների համար լրավճարների տրամադրման կարգի ներդրումն էր, երկրորդը՝ գիտական ամսագրերում հրապարակումների ներառումը դասախոսական անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Այս ծրագրերն ի վերջո կյանքի կոչվեցի՞ն, այժմ գործարկվա՞ծ են։ Այդ գործընթացը սկսված է։ Այն շատ ճիշտ ուղղությամբ տանող գործընթաց է: Ավելին ասեմ՝ ՀՊՏՀ-ի՝ դասախոսների գործունեության գնահատման համակարգը, որը բազմագործոն համակարգ է, ներառում է նաև դասախոսների, այսպես ասեմ, ինքնավերլուծական աշխատանքը։ Դասախոսի՝ հաջորդ տարվա պլանավորումը նույնպես հաշվի է անռվում այդ համակարգում, հաշվի է առնվում, թե որքանով է իր իսկ պլանավորածը նա կատարել։ Այսինքն դասախոսների համար կա՞ հնարավորություն ընտրելու, թե աշխատանքի որ մասն են տրամադրելու դասավանդմաը, որ մասը՝ գիտական գործունեությանը։ Հիմա պիլոտային փորձարկում է գնում, որովհետև, ամեն դեպքում, դա նաև մշակույթի փոփոխության հարց է։ Իսկ մշակույթի փոփոխությունը, հասկանում եք, որ բավական բարդ գործընթաց է։ Պիլոտային ծրագրի ընթացքը գոհացնո՞ւմ է, դասախոսների մոտ շահագրգռվածություն կա՞։ Դեռ, իհարկե, վաղ է խոսել, բայց, անշուշտ, շահագրգռվածություն կա․․․ Եթե դեռևս ոչ բոլորի մոտ, դա անխուսափելի է։ Գիտեք, մենք շատ անգամ, երբ խոսում ենք փոփոխությունների մասին, միշտ մոռանում ենք, որ ցանկացած ոլորտում, այդ թվում, բնականաբար, բարձրագույն կրթության մեջ մարդու շահագրգռվածությունն առաջանում է այն ժամանակ, երբ նա արդյունք է տեսնում։ Ներգրավվածության ծավալները որքան մեծ լինեն, որքան շատ մարդիկ մասնակցեն բուհի՝ տարբեր ոլորտներում գործունեությանը, այնքան, իհարկե, հաջողությունն ավելի մեծ կլինի։  Որպես բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում որոշակի տարիների փորձ ունեցող մարդ՝ կարող եմ ասել, որ լավատեսորեն եմ մոտենում այս գործըթացների հաջողությանը, որովհետև տեսնում եմ, որ ՀՊՏՀ ղեկավար կազմը երիտասարդ և աշխատունակ, շատ բանիմաց թիմ է։ Գիտական հոդվածների համար լրավճարների տրամադրման համակարգն, ինչպես հասկացա, դեռ գործարկված չէ, բայց առաջիկայում կգործարկվի։ Այն ընթացքում է արդեն։ ՀՊՏՀ-ում գիտական տարբեր թեմաներով հետազոտություններ են իրականացվում, գործում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որը ևս հրապարակումներ է անում․․․ Եվ նաև տարբեր ծրագրեր է իրականացնում պետական կառույցների պատվերով, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Թեմայից դուրս մի հարց․ պատվերի մեխանիզմը լա՞վ է աշխատում։ Երբեմն խոսակցություններ են լինում, որ գերատեսչություններն այնքան էլ լավ չեն կարողանում պատվերներ ձևակերպել։ Իմ տպավորությամբ այստեղ այդ առումով շատ դինամիկ համագործակցություն է։ Նախ, գերատեսչություններում ներգրավված մասնագետները մեծ մասամբ դասավանդում են ՀՊՏՀ-ում: Եթե կապը կա առօրեական գործունեության մեջ, ապա դա լուրջ հիմք է  երկխոսության համար։ Եվ նրանք էլ գիտեն՝ ում են պատվեր ձևակերպում և ինչ ակնկալիքներ կարող են ունենալ։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք պահանջարկ և առաջարկ հարաբերության մասին, չպետք է մոռանալ, որ դրանք առանձին վերցված և բոլորովին մեկը մյուսի նկատմամբ դոմինանտ բաներ չեն, որովհետև, մի կողմից, ասում են՝ պահանջարկն է ձևավորում առաջարկը, բայց, մյուս կողմից, շատ դեպքերում հենց առաջարկն է ձևավորում պահանջարկի որոշակի դաշտ։ ՀՊՏՀ-ի դեպքում կարծես հատվել են առաջարկն ու պահանջարկը։ Բալանսավորված է, և դա, բնականաբար, կոլեգիալ մթնոլորտ է ապահովում, որտեղ այդ բոլոր գործընթացները շատ սահուն են։ «Ամբերդ»-ի գործունեությունից բացի՝ մեկ այլ հարցի անդրադառնանք։ Վերջերս «Ինֆոքոմը» ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էր, թե ինչիպին է գիտությունը հայաստանյան բուհերում։ Մենք վերցրել էինք Web of Science շտեմարանում ինտեքսավորված ամսագրերում բուհերի հրապարակումները, և ՀՊՏՀ-ն 2021-2022 թթ․ տվյաներով 7-րդն էր 20 հրապարակմամբ։ Բացի այդ, երբ նայում ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) տարբեր դրամաշնորհային մրցույթների արդյունքները, տեսնում ենք, որ այլ բուհերի և գիտական կազմակերպությունների հետ համեմատած՝ Տնտեսագիտական համալսարանն ամենաակտիվներից չէ։ Միջազգային հրապարակումների թիվն ավելացնելու և ԲԿԳԿ-ի մրցույթներին ավելի ակտիվորեն մասնակցելու ուղղութամբ ՀՊՏՀ-ում ի՞նչ քայլեր են իրականացվում։ Եկեք էլի ոչ բացարձակ թվերով խոսեմ։ Հայաստանի բուհական և ընդհանրապես ակադեմիական համակարգի համար հիմա կարևոր է նաև գործընթացի դինամիկան․ կա՞ աճ, թե՞ չկա աճ, և որչա՞փ է այդ աճը։ Օրինակ՝ միջազգային պարբերականների մասով, Scopus կամ Web of Science շտեմարաններում եղած հրապարակումների մասով ինձ համար շատ կարևոր ցուցանիշ է ոչ թե բացարձակ թիվը, այլ այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատությամբ 30%-ով տոկոսով աճել են [ՀՊՏՀ–ի հրապարակումները]։ Գուցե, եթե մենք վերցնենք շատ կոնկրետ թիվ կամ եթե համեմատենք, օրինակ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կամ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետի հետ, դա, ինչպես Դուք եք ասում, ոչ ամենաակտիվը կլինի, որովհետև դրանք թվեր են, որոնք տարբեր մասնագիտությունների համար էլ տարբեր են։ Կարևորը դինամիկան է, որովհետև այդ 30%-ի աճը պայմանավորված է թե՛ այն հանգամանքով, որ դասախոսների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, թե՛ երիտասարդ դասախոսների ակտիվացմամբ և ներգրավմամբ։ Բազմաթիվ գործոններ կան․ միջավայրը փոխում ես, շահագրգռվածությունը բարձրացնում ես, և սկսվում է գործընթաց։ Հասկանալի է, որ դու չես կարող մեկ, երկու, նույնիսկ երեք տարվա ընթացքում բացարձակ թվերով միջազգային մրցակցություն ունենալ, բայց եթե ապահովում ես տևակայուն աճ, դա նշանակում է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես և վաղ թե ուշ կհասնես այդ հաջողություններին։ Իսկ ի՞նչ կասեք դրամաշնորհային ծրագրերին մասնակցության մասին։ Հոկտեմբերին ավարտվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ֆինանսավորմամբ մի ծրագիր, մեկնարկել է դրամաշնորհային մեկ այլ ծրագիր։  Վերջերս շատ է խոսվում նաև բարձրագույն կրթություն-գիտություն տարանջատվածության մասին: ՀՊՏՀ-ն փորձե՞լ է համագործակցել գիտական կազմակերպությունների հետ։ Հայաստանում գործում է, օրինակ, Գիտությունների ագային ակադեմիայի (ԳԱԱ)՝ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը։ Բնականաբար: Երբեմն մենք մոռանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, և մասնագիտական շրջանակներն էլ այդքան մեծ չեն։ Անգամ տնտեսագիտության կամ կառավարման ոլորտում, որը շատ մեծ համայնք է մեր մասշտաբներով, այնուամենայնիվ, այնքան մեծ չէ, որ դու կարողանաս ունենալ երկու կամ երեք ոչ համագործակցող կառույց։ Չմոռանանք նաև, որ բացի գիտական կազմակերպությունից, տվյալ դեպքում՝ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտից՝ նաև տարբեր այլ բուհերում կան տնտեսագիտության գծով մասնագիտություններ, բաժիններ, ֆակուլտետներ։  Այսինքն, սա հստակ, որոշակիորեն սահմանափակված համայնք է, և անշուշտ, Տնտեսագիտության ինստիտուտի գիտական կազմը դուրս չէ այդ համագործակցությունից։ Կենտրոնական, ակտիվ դերակատարությունը տվյալ ոլորտում պատկանում է հենց Տնտեսագիտական համալսարանին, որտեղ, քիչ առաջ Ձեզ ասացի, ներգրավված են ոլորտի գործնական մասնագետներ և հետազոտողներ։ Կարո՞ղ եք համագործակցության կոնկրետ օրինակներ հիշել։ Ես հիմա կդժվարանամ որևէ կոնկրետ օրինակ բերել։ Ներկա վիճակում, ընդհանրապես, դժվար թե ճիշտ կլինի, որ շատ կոնկրետ օրինակների մասին խոսենք, որովհետև համակարգը հիմա  կտրուկ փոփոխությունների առաջ է կանգնած։ Այդ ժամանակ պետք է հաշվի առնեք, որ ինչ-որ մի բան, որը համակարգի գոյության մեկ փուլում կարող է գնահատվել որպես դրական կամ բացասական, կարող է բացարձակապես նշանակություն չունենալ վաղվա գործընթացների տեսանկյունից, երբեմն կարող է նաև հաշվի էլ չառնվել։ Գանք այն թեմային, որի համար սկսել ենք այս զրույցը։ Ո՞րն է ՀՊՏՀ դիրքորոշումը մի կողմից՝ բուհերի խոշորացման, Ակադեմիական քաղաքի կառուցման, մյուս կողմից՝ գիտական կազմակերպությունների՝ բուհերին ինտեգրվելու վերաբերյալ։ Շատ կարևոր, բայց նաև հակասական գործընթաց է։ Խոշորացումից սկսենք։ Նախ, Ձեզ անկեղծորեն ասեմ, որ խոշորացումը կարևոր գործընթաց է, որը տեղի է ունենում բազմաթիվ երկրներում, կան բազմաթիվ օրինակներ, և որը անհրաժեշտություն է մեր բուհական համակարգի համար։ Մենք այս պահին ունենք, եթե կոպիտ հաշվարկ անեմ, մոտ 80 հազար ուսանող ամբողջ Հանրապետությունում։ Խոսքը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) տիրույթում գործող բուհերի մասին է։ Դա մոտավորապես եվրոպական երկու-երեք միջին մեծության համալսարանների ուսանողների թիվ է։ ԿԳՄՍ նախարարության տիրույթում գործող բուհերի թիվը 23 է։ Դրան գումարած՝  այդ բուհերն ունեն մասնաճյուղեր, և այդ թիվն էապես աճում է։ Մենք գործ ունենք այդպիսի մի քանակի հետ, որի բաղադրիչները կազմված են այնպիսի բուհերից, որոնք կարող են ունենալ 700, 800, 1000 ուսանող։ Ես կարող եմ ասել, որ, օրինակ, 2020 թվականից մինչև 2023 թվականը ավելի քան 1400-ով աճել է Տնտեսագիտական համալսարանի ուսանողների թիվը։ Այս պահին քանի՞ ուսանող ունեք։ 8915, իսկ 2020 թ․ եղել է 7442։ Ես ինչո՞ւ հիմա բերեցի այդ թիվը, որովհետև միայն կոնկրետ տարվա ընդունված ուսանողների թիվը կարող է համադրելի լինել ինչ-որ մի բուհի ուսանողների ընդհանուր քանակին։ Ե՛վ ռեսուրսների կառավարման, և՛ միջազգային մրցունակության բարձրացման համար,  բնականաբար, խոշորացումը կարևորագույն գործընթաց է։ Մյուս կողմից, խոսում են Ակադեմիական քաղաքի մասին, ընդ որում՝ շատ ակտիվ են խոսում, և կարծես թե խոշորացումը, դրա մեխանիզմները շատ քիչ են քննարկում։ Իրականում դրանք, թեկուզ և փոխկապակցված, բայց տարբեր գործընթացներ են։ Բուհերի խոշորացումը ոչ միշտ և ոչ պարտադիր է նշանակում, որ դրանք պիտի ֆիզիկապես որևէ տեղ տեղափոխվեն։ Ֆիզիկապես տեխափոխելը բացատրվում է նրանով, որ ավելի լավ միջավայր է ստեղծվում բուհերի համար։ Ես գիտեմ այդ բոլոր փաստարկները։ Ուզում եմ պարզապես ֆիքսել, որ մենք հասկանանք՝ դրանք տարբեր գործընթացներ են։ Եվ եթե մենք ինչ-որ տեղ դա արհեստականորեն մեկը մյուսով ենք պայմանավորում, կարող են առաջանալ որոշակի թյուրիմացություններ, որոնք, ի վերջո, կարող են վատ անդրադարձ ունենալ համակարգի զարգացման վրա։ Շատ կարևոր է ոչ միայն «ինչը» («ինչի» կարևորության մասին ես ասացի` բուհերի խոշորացումը), այլև «ինչպեսը». ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս գնահատել տարբեր բուհերի ռեսուրսների բնույթը, որակական և քանակական բնութագրերը, մասնագիտական ուղղվածությունները։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ ինչպիսի՞ նպատակ դնել, ի՞նչ ուղով շարժվել, համալսարանակա՞ն մոդելներով, որտեղ կարող են լինել տարբեր բնույթի կրթական ծրագրեր և ֆակուլտետներ, թե՞ պրոֆիլային բուհերի։ Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքում, որի մաս ենք մենք կազմում, դոմինանտը կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, թրենդն այն է, որ մենք գործ ունենք պարզապես համալսարանների հետ։ Անշուշտ, կան նաև որոշ պրոֆիլային բուհեր, բայց դրանք փոքրամասնություն են կազմում։ Օրինակ, Դանիայում խոշորացման գործընթացի արդյունքում առաջացան մի քանի համալսարաններ, որոնց մեջ կան տարբեր տեսակի կրթական ծրագրեր, մասնագիտություններ, և որոնք տեղակայված են կոնկրետ քաղաքներում (ինչպես հիմա մենք ունենք, օրինակ, Շիրակի պետական համալսարան, Երևանի պետական համալսարան)։ Այդ թվում և գիտական կազմակերպությունների խոշորացման տեսանկյունից այսպես է կազմակերպված։ Դա երկու դրական կողմ ունի․ համենայն դեպս, պահպանվում է մրցակցությունը, մրցունակությունը: Եվ բացի դրանից՝ համալսարանի կամ բուհի առկայությունը այս կամ այն վայրում միջավայրատեղծ հանգամանք է: Իսկ ի՞նչն է խանգարում, որ բոլոր համալսարանները լինեն մի միջավայրում։ Ես նկատի ունեմ տվյալ համայնքի, տվյալ քաղաքի  զարգացման համար միջավայրաստեղծ հանգամանք։ Եթե պրոյեկտենք Հայաստանի վրա, արդյո՞ք նկատի ունեք, որ մի համալսարանը լիներ, օրինակ, Գյումրիում, մյուսը՝ Կապանում։ Մեկը լիներ Գյումրիում, մեկը կամ երկուսը լիներ Երևանում, մեկը լիներ անպայման հարավում, որտեղ կա հիմա Գորիսի պետական համալսարանը։ Խոշոր քաղաքներում, ամեն դեպքում, պետք է լինեին։ Ի վերջո, եթե մենք գնայինք, այսպես ասած, աշխարհագրորեն տեղակայված համալսարանների ուղով, ապա մենք կունենայինք 4-5 համալսարան։ Այնուամենայնիվ, այս տարբերակը չընտրվեց։ Շատ համալսարաններ արտասահմանում  ունեն իրենց կամպուսները, ունեն և քաղաքում տարբեր շենքեր, բայց նաև կառուցում են իրենց կապմուսները, որտեղ ուսանողները սովորում և ապրում են։ Հիմա [Հայաստանում] ընտրվել է «ազգային կամպուսի» գաղափարը, այսինքն՝ բոլորը պետք է լինեն մի տեղում։ Կարևորն այն է, որ մենք դեռևս չգիտենք՝ դա ինչ կառուցվածք է ունենալու։ Մենք գործընթացին հետևում ենք զուտ լրատվության միջոցով։ Դա, ցավոք, երևի թե չի նպաստում այդ գաղափարի իրական քննարկմանը կամ բոլոր տեսակի ռիսկերի և հնարավորությունների  բացահայտմանը, վերլուծմանը։ Դա մասնակցության լուրջ պակասն է, որովհետև այն, ինչ քննարկվում է, ինչին մենք ականատես ենք, 90-95%-ով շինարարական նախագիծ է։ Ոչ միայն բուհերն են խոշորացվում, այլ նաև գիտական կազմակերպություններն են իրենց հերթին խոշորացվում և միացվում բուհերին։ Այս համակարգերի ինտեգրման համար պարտադի՞ր պայման է, որ երկուսը միասին գործեն, թե՞ կարող էին նաև առանձին գործել ու սերտ համագործակցել։ Ես համաձայն եմ, որ խոշորացման գործընթացը, բնականաբար, երկուսին էլ պետք է, բայց կարծում եմ՝ դա առնվազն նշանակում է, որ փուլերով այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Նախ, պիտի խոշորացվեն գիտական կազմակերպությունները, զուգահեռաբար պետք է գնա բուհերի խոշորացման գործընթաց, որպեսզի մենք իմանանք՝ ինչը ինչի հետ է ինտեգրվում։ Երբ քիչ առաջ ասում էի, որ հիմա շատ դժվար է այս կամ այն օրինակի մասին խոսելը, հենց դրա համար էի ասում, որ մենք չգիտենք՝ այս մեկը և այն մյուսը ինչպիսի սխեմաներով պիտի ինտեգրվեն։ Երկրորդ հանգամանքը խոշորացման առումով, որի մասին ես մտմտում եմ․ հիմա ես և Դուք խոսում ենք, և ես նույն հարցերը կարող էի Ձեզ տալ, որովհետև, գուցե ինչ-որ մի այլ ռակուրսով, բայց գրեթե նույն քանակի ինֆորմացիա ունեմ, որքան Դուք, որովհետև չեմ մասնակցում այդ քննարկումներին։ Խոշորացրինք գիտական կազմակերպությունները և բուհերը, X գիտական կազմակերպությունը միավորեցինք Y բուհի հետ։ Արդյո՞ք դա նշանակում է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում։ Կառավարությունն ասում է, որ մեխանիզմներ են մտածելու, բուհերի կառավարման համակարգն են լավացնելու։ Ինչպե՞ս, ո՞վ է դա անելու։ Ասում են՝ եկեք բոլորով անենք։ Եկե՛ք։ Ոչ մի հրավեր մենք դեռ չենք ստացել, և ոչ մի բուհ դեռ չի ստացել։ Բուհերին ասել են մինչև փետրվարի 15-ը ներկայացնել առաջարկներ։ Մեկ ամիս առաջ Տնտեսագիտական համալսարանը ներկայացրել է առաջարկներ, դրա մասին հավանաբար մենք դեռ կխոսենք։ Բայց ես կուզենայի ավարտել միտքս․ միավորումն ավտոմատ կերպով չի նշանակում բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում, որովհետև եթե գիտական կազմակերպությունը մտնի բուհի կազմ և գոյություն ունենա այնտեղ որոշակի ավտոնոմ կարգավիճակով  (դրա մասին էլ են խոսում), խնդիրը չի լուծվի։ Դա կլինի ընդամենը ծածկի փոփոխություն։ Ի՞նչ տարբերություն՝ լինի ԳԱԱ ինստիտո՞ւտ, թե՞, օրինակ, ԵՊՀ։ Կարո՞ղ եք ասել։ Ճիշտ է, պետք է բուհերում, բացի կառավարման համակարգից, փոխվի կրթական ծրագրերի ամբողջ փիլիսոփայությունը։  Ուզում են փոխել։ Ո՞վ է ուզում։ Երբ Կառավարությունն ասում է՝ ներկայացրեք հայեցակարգային առաջարկներ, չի՞ նշանակում արդյոք, որ այդպիսով կրթական և գիտական հանրությանը հրավիրում է միասին բոլոր խնդիրների, հարցերի լուծումները գտնել։ Դուք չունե՞ք այդպիսի տպավորություն։ Ես դեռ չեմ կարող ունենալ այդպիսի տպավորություն, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեմ․ ես չգիտեմ՝ ինչ է լինելու հետո, ինչն է քննարկվելու:  Երբ այդ նույն հարցերը տալիս եմ որոշում կայացնողներին, ասում են՝ իրենք սևով սպիտակին չեն գրել, որ պարտադիր այս կազմակերպությունը պիտի  միանա այն մեկին, որ հենց այսպես պիտի լինի․ իրենք ասում են՝ ներկայացրեք ձեր առաջարկները, միասին քննարկենք։ Շատ ճիշտ մտադրություն է, այո՛։ Ես ինքս, մոտավորապես արդեն մեկ տարի է, սպասում եմ որևէ այդպիսի քննարկման այդ թեմայով և մեծ սիրով կմասնակցեմ, որովհետև ուզում եմ իմանալ այն բոլոր հարցադրումների պատասխանները, որոնց մասին խոսեցինք։ Իհարկե, այդ ամբողջ քաղաքաշինական նախագիծը շատ գրավիչ է (նկատի ունի «Ակադեմիական քաղաք» ծրագիրը), բայց, օրինակ, որևէ կլաստերում խոշորացված բուհերն ինչպիսի՞ն պիտի լինեն։ Կա, այսպես կոչված, Կրթական կլաստեր։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչ է նշանակում Կրթական կլաստեր։  Ենթադրվում է, որ Մանկավարժական համալսարանը պիտի լինի հիմքում։ Այո՛, ճիշտ ասացիք, «ենթադրվում է»․․․ Բազմաթիվ ուղղություններ են մնում, որոնք, հայտնի չէ, որ կլաստերում կհայտնվեն։ Կլաստերն ի՞նչ է, համալսարա՞ն է, ինչպիսի՞ աֆիլյացիաներ կամ կապակցումներ պիտի ունենան նույն կլաստերում տեղակայված գիտական կազմակերպությունները։ Բազմաթիվ հարցեր կան, առանց որոնց պատասխաննների, ես էլ չեմ ասում` քննարկման, շատ դժվար է այս պահին որևէ գնահատական տալ։ Այս գործընթացը մոդելի փոփոխություն է: Հայաստանն ավանդաբար ունեցել է ակադեմիական գիտություն, հիմա լինելու են համալսարաններ, որոնցից դուրս գիտական անկախ կազմակերպություններ, մեկ-երկու բացառություններով, չեն գործելու։ Արդյո՞ք նպատակահարմար է գիտական ու կրթական բոլոր կառույցները մի հովանու տակ հավաքել (նկատի ունեմ Ակադեմիական քաղաքը): Շատ դժվար կացության մեջ ենք։ Մենք քննարկում ենք այն, ինչի մասին հստակ պատկերացում մեզ տրված չէ։ Որպես ակադեմիական կենսագրություն ունեցող մարդ եմ Ձեզ ասում․ մինչև չհասկանաս՝ սա ինչ է, չես կարող դրա վերաբերյալ կարծիք հայտնել կամ ասել՝ ավելի լավ է այսպես կամ այնպես: Եթե մենք խոսում ենք խոշորացման գործընթացի մասին, եկեք պատկերացնենք հետևյալը. մենք ուզում ենք գիտությունը բերել բուհեր, մենք մոդել ենք փոխում, այդ մոդելը պարզ միավորմամբ չի փոխվի։ Դու պիտի ուժեղացնես և փոխես բուհն առաջին հերթին, որովհետև այդ գիտական կազմակերպությունը գալու է այդտեղ, ունենաս համապատասխան կրթական ծրագրեր, որպեսզի այդ միավորվող գիտական կազմակերպության մասնագետները ներգրավվեն այդ ծրագրում։ Որոշ դեպքերում գուցե և չդասավանդեն․ դասավանդումն էլ տարբեր մակարդակի կարող է լինել։ Եթե խոսքը հետազոտության մասին է, ուրեմն ուսանողը կարող է ներգրավվել հետազոտության մեջ։ Հենց այդպես էլ լինելու է։ Այդպես լինելո՞ւ է։ Կառավարությունն ասում է, որ լինելու է։ (Ժպտում է) Երբ Դուք ասում եք՝ «այդպես լինելու է», չի նշանակում, որ ես չեմ ուզում՝ ադպես լինի։ (Շարունակում է նախորդ միտքը) Այսինքն՝ դու պիտի ապահովես նախադրյալներ, մեխանիզմներ, որ գործընթացը չլինի մեխանիկական։ Դրա համար առաջին հերթին պիտի փոխես բուհի ներքին գործունեության մեխանիզմը։ Ի՞նչ է նշանակում ինտեգրվել, եթե մենք այս պահին նույնիսկ չունենք դասական իմաստով կրթական ծրագրեր։ Ունենք որոշակի ուսումնական պլաններով աշխատող [ծրագրեր], որոնք կոշտ են, չեն ապահովում բավարար ճկունություն, չեն ապահվում ուսանողների համար որոշակի անհատական հետագծեր ստեղծելու հնարավորություն, այդ թվում՝ հետազոտական։ Կրեդիտային համակարգը դեռևս կիսատ է աշխատում, միայն կուտակային ուղղությամբ, շա՜տ քիչ, համարյա աննշան աշխատում է, այսպես ասած, կրեդիտների փոխանցման իր ֆունկցիայով և բացարձակապես չի աշխատում ներքին շարժունության ֆունկցիայով: Պիտի խոշորացվեն նաև կրթական ծրագրերը, բայց դրա հետ մեկտեղ այդ խոշորացվածների մեջ պիտի ապահովվի ուսանողների՝ տարբեր մասնագիտացումների հնարավորությունը։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոշ տեղեր ինչ-որ քայլեր են անում դրանց լուծման ուղղությամբ, որոշ դեպքերում դրանց խանգարում է մեր նորմատիվ դաշտը։ Մոտավորապես 7-8 (եթե ոչ ավելի) տարի է` աշխատանք է տարվում «Բարձրագույն կրթության», իսկ հետո՝ արդեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ուղղությամբ։ Հիմա այս գործընթացը, որը սկսվել է՝ խոշորացումը, բուհերի և գիտական կազմակերպությունների միավորումը, մնացած բոլոր խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե զուգահեռաբար և որպես նախադրյալ նաև չընդունվի այդ օրենքը։ «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի» շրջանակներում հստակ դրված է բուհերի և գիտական կազմակերպությունների կազմակերպաիրավական նոր ձևի ստեղծումը։ Դա նշված է որպես խնդիր, որպես նպատակ, և շատ ճիշտ նպատակ է, որովհետև «պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»  կամ «հիմնադրամ» ձևերը չեն համապատասխանում ակադեմիական հաստատության նպատակներին և գործունեության հիմնական կերպին (Հայաստանում բուհերն ու գիտական կազմակեպրությունները կա՛մ ՊՈԱԿ-ներ են, կա՛մ հիմնադրամներ,- խմբ․)։ Արդյո՞ք այդ խնդիրը պիտի լուծվի հետո։ Ո՛չ, ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է առաջնահերթ լինի կամ գոնե գնա խոշորացված համալսարանների կամ կլաստերների ստեղծմանը զուգահեռ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ առաջարկում եք բարձրագույն կրթության և գիտութան համակարգերում եղած խնդիրները փուլ առ փուլ լուծել, հետո մտածել խոշորացման կամ միավորման մասին։ Այդ փուլերն այդ աստիճան տարանջատված չեն։ Կարելի է երկու խոշոր փուլ առանձնացնել։ Առաջին փուլում՝ մինչև 2027 թվականը, մշակել և ընդունել գիտակրթական հաստատությունների կազմակերպաիրավական նոր ձևերը, խոշորացման մեթոդաբանությունը որոշել և մինչև 2026 թ․ ավարտը կազմակերպել այդ գործընթացը։ Երկրորդ փուլում (նկատի ունի՝ 2027-ից հետո,- խմբ․) արդեն խթանել խոշորացված բուհերի և գիտական կազմակերպությունների տարբեր տեսակի, տարբեր աստիճանի համագործակցություններ, ալյանսներ, ապա նախաձեռնել ինտեգրումը բուհերին և ստանալ երկրի գիտակրթական լանդշաֆտը։ Այս վերջին հայտարարությունները ես լավ չեմ ընկալում՝ կապված այն բանի հետ, որ միջանկյալ հեռանկարում մենք ոչ մի տեղ ոչ մի բուհ չենք ունենալու՝ բացի Ակադեմիական քաղաքից։ Այս ամենը Տնտեսագիտական համալսարանի հայեցակարգային առաջարկներում ներկայացվե՞լ է։ Այս փուլայինն իմ անձնական առաջարկն է, որը, որպես մասնագետ, դեռևս գարնանն ուղարկել եմ պարոն Հայոցյանին և տիկին Անդրեասյանին (ԲԿԳԿ նախագահին և ԿԳՄՍ նախարարին,- խմբ․)։ Որպես փորձագե՞տ եք ուղարկել։ Նաև որպես  մարդ, որը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համակարգողն է եղել և մինչև հիմա փորձում է ինչ-որ ձևով ջատագովություն անել այս օրենքին։ Նրանցից արձագանք եղե՞լ է։ Ընդհանուր բնույթի։ Իսկ Տնտեսագիտական համալսարանի առաջարկը խոր վերլուծած, 40 էջանոց փաստաթուղթ է։  Վերջերս ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստի ընթացքում հայտարարվեց, որ ԿԳՄՍՆ-ին «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ համալսարան ունենալու հայեցակարգ է ներկայացվելու։ Ճի՞շտ եմ հասկանում, որ սա հենց ՀՊՏՀ հայեցակարգային առաջարկի մի մասն է։  Դրա մի մասն է․ փաստաթուղթը մի քանի հատված ունի։ Նախևառաջ, վերլուծության է ենթարկվում համալսարանական պատկերը, այդ թվում՝ տարբեր տեսակի ուղղությունների հիման վրա ստեղծվող կամ խոշորացված բուհերի։  Երկրորդ հատվածն ինչ-որ տեղ բխում է այն բանից, ինչի մասին մենք արդեն խոսեցինք․ հայտնի չէ ոչ միայն այն, թե որ կլաստերի մեջ պիտի մտնի Տնտեսագիտական համալսարանը, այլև այն, թե, ընդհանրապես, ինչպես է խոշորացվելու․ [տնտեսագիտության և կառավարման ուղղությունն] արդյո՞ք գնալու է Տեխնոլոգիական կլաստեր Ագրարային համալսարանի համապատասխան կրթական ծրագրի հետ, թե՞ լինելու է որևէ կլաստերում առանձին ուղղություն։ Եթե ԵՊՀ-ն ունի կլաստերի կարգավիճակ, արդյո՞ք այդ ուղղությունը պիտի միավորվի դեռևս այստեղ մնացող կլաստերին (ԵՊՀ հիմքի վրա ստեղծվող Դասական կլաստերը մնալու է Երևանում և ավելի ուշ  է տեղափոխվելու Ակադեմիական քաղաք,- խմբ․)։  [ՀՊՏՀ առաջարկներում] շատ տրամաբանված հիմնավորումներ են բերվում, որոնք վերաբերում են անպայման «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղություն ունենալուն, որովհետև այն՝ որպես ուղղություն, նշված չէ (նկատի ունի՝ այդ ուղղությունը չկա «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում)։ Ասում էին մինչև 8, հիմա մենք ունենք ընդամենը 6 (նկատի ունի, որ Ակադեմիական քաղաքում կարող է տեղավորվել մինչև 8 համալսարան, բայց Կառվարությունը հայտարարել է 6-ի մասին,- խմբ․)։ ՀՊՏՀ-ն առաջարկում է, որ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ մի առաձին համալսարա՞ն լինի։ Կառույց, որը, հավանաբար, կլինի որևէ կլաստերում։ Բայց մյուս խնդիրն այն է, որ երբ կլաստերների նկարագրությունը նայում ես, նրանք արդեն իսկ սահմանափակ են։ Օրինակ՝ Կրթական կլաստերից խոսեցինք, դրա մի մասը հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, բազմաթիվ այլ ուղղությունների, որոնք կապված են, հասարակագիտության կամ հումանիտար ուղղության հետ․․․  Գուցե հումանիտար ուղղությունը գնալու է Արվեստի՞ կլաստեր։ Այսինքն՝ մի շարք անորոշություններ կան, և այդ անորոշություններն, ինչպես հիմա ընդունված է ասել, հասցեավորելու շատ պատճառաբանված առաջարկություններ են արվում ՀՊՏՀ փաստաթղթում։ Ես կարծում եմ, որ հավանաբար կլինեն էլի առաջարկություններ տարբեր բուհերից, և շատ կարևոր է, թե ինչ հարթակում դրանք կքննարկվեն։  Պատկերացրեք, որ բոլոր տնտեսագիտական ուղղությունները (նկատի ունի՝ տարբեր բուհերի բաժիններն ու ֆակուլտետները,- խմբ․) պետք է միավորվեն, ենթադրենք, որևէ համալսարանում, օրինակ՝ ԵՊՀ-ում։ Պատկերացնո՞ւմ եք՝ [ուսանողների թվի] ինչպիսի կտրուկ աճ է լինելու, եթե այսպես խոշորացնենք։ Իսկ կա՞ անհրաժեշտություն այդ բոլորն ուղիղ ձևով խոշորացնելու, կա՞ անհրաժեշտություն, որ բոլորը մի տեղ միավորվեն, եթե միավորվեն, ո՞րն է այդ կլաստերը։ Տնտեսագիտություն կամ տնտեսություն ասվածն անմիջականորեն կապված է ամեն ինչի հետ. չեք կարող Տեխնոլոգիական համալսարանում, եթե ցանկանում եք այնտեղ առևտրայնացման որոշակի գործողություններ կատարել, չունենալ այդ ուղղությունը։ Այսինքն, անհրաժեշտություն կա, որ ոչ թե կրթական նույնատիպ ծրագրերը մի համալսարանում լինեն, այլ ամեն համալսարանն իրե՞նն ունենա։ Մրցունակության հարցն է այդպես բարձրացվում։ Հիմա ես ասում եմ այն պատկերացումները, որոնց վերաբերյալ կան վերլուծություն և որոշակի առաջարկներ ՀՊՏՀ փաստաթղթում։ Բայց նաև ես ինքս եմ հարցադրումներ անում։ Ես և Դուք միասին հիմա մտածում ենք, որ կարող է լինել այսպես, կարող է լինել այնպես, ոչ թե՝ այսպես և վերջ։ Որովհետև եթե դու առանց նախապես գնահատելու ասում ես՝ այսպես ենք որոշել, այսպես սիրուն է, ճիշտ է, հարմար է կամ հեշտ է, բայց հետո ի՞նչ է լինելու, դա խնդիր չի՞ առաջացնելու։ Օրինակ, երբ Վրաստանում միավորվեցին գիտական կազմակերպությունները և համալսարանները՝ առանց համալսարանները նախապատրաստելու այդ միավորմանը, մեծ խնդիրներ առաջացան։ Թբիլիսիի նախկին Մանկավարժական ինստիտուտին, որը վերածվել էր համալսարանի, միացրին Վրաստանի Ակադեմիայի՝ Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտը, որը հայտնի հոգեբանական դպրոց էր նույնիսկ նախկին Խորհրդային միության տարածքում։ Այնպես ստացվեց, որ այդ  համալսարանը պարզապես պատրաստ չէր դրան նույնիսկ  ֆինանսապես․ մարդիկ 6 ամիս աշխատավարձ չէին ստանում։ Ինստիտուտի՞ աշխատակիցները։ Այո՛։ Շատերը գնացին։ Բնականաբար, հետո հասկացան, որ այդ ձևով միացնելը ճիշտ չէր, առանձնացրին, բայց արդեն կոտրված էր։ Սա վատ փորձ է, ընդ որում՝ ասեմ Ձեզ, որ ի պատիվ վրացի մասնագետների՝ [քննարկումներից մեկի ժամանակ] նրանք պատմում էին այդ փորձից և շեշտում էին, որ ուղղությունը ճիշտ է, բայց դրա իրականացման ձևը շատ կարևոր է․ «Արե՛ք այդպես, բայց մե՛զ պես չանեք»։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ այդ նույն ուղղությամբ չի գնա գործընթացը, բայց դա նաև քննարկման ընդհանուր բովանդակային մակարդակի հետ է կապված։ Շատ մեծ հույս ունեմ, որ խոշորացման գործընթացը կիրականանա թեկուզ այն փուլային տարբերակով, որի մասին ես Ձեզ ասացի։ Որպես 15 տարի բարձրագույն կրթության կազմակերպման խնդիրներով զբաղվող և որոշակի փորձ ունեցող մարդ՝ ասեմ՝ ինչու եմ գնահատում ՀՊՏՀ փաստաթուղթը, որին ծանոթացել եմ, նաև մի երկու առաջարկություն էլ ես եմ արել։ Որովհետև այնտեղ կա վերլուծություն, այնտեղ կա գնահատական, այսինքն՝ դա ակադեմիական բնույթի առաջարկ է։ Եթե ամբողջացնենք ՀՊՏՀ առաջարկները, արդյո՞ք ՀՊՏՀ-ն ուզում է գոյություն ունենալ որպես մի առանձին կառույց՝ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ։  Կառավարությունն առանձնացրել է 6 ուղղություն, հայտարարել է մինչև 8 ուղղության կամ բուհի մասին։ Մենք հիմնավորում ենք, որ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությունը նույնպես պետք է ընդգրկվի դրա մեջ։ Մնացած հարցերն արդեն քննարկելի են։ Ես, իհարկե, որևէ վտանգ չեմ տեսնում այն բանում, որ արդեն մեկ ամիս է՝ ոչ մի առանձնահատուկ արձագանք չկա (նկատի ունի՝ Կառավարությունից,- խմբ․)։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ սպասում են [այլ առաջարկների], որ շրջանակ լինի։ Չնայած, ըստ իս, որոշակի արձագանքները միշտ կարևոր են հենց այն նկատառումով, որ ակադեմիական մարդկանց յուրահատկությունը պիտի կարողանաս օգտագործել։ Բացի այդ՝ այսպիսի մի կարևոր, շատ պարզ հոգեբանական բան էլ կա․ եթե դու ուզում ես հաջողությունների հասնել քո բռնած գործում, և, միևնույն ժամանակ, կանխել ոչ հիմնավորված, բայց շատ բնական դիմադրությունը, խոսի՛ր մարդկանց հետ, բե՛ր քո կողմը, դարձրո՛ւ մասնակից գործընթացին, քանի որ եթե նա առարկի կամ դիմադրի, կդիմադրի արդեն ինքն իրեն։ Եվ ես կարծում եմ, որ դա պետք է լինի մեր թե՛ բոլոր բուհական կառույցների, թե՛ գիտական կազմակերպությունների, թե՛, առավել ևս, այդ գործընթացը տանող գերատեսչությունների հիմնական մտահոգությունը՝ գործը գլուխ բերելու հարցում։  Գլխավոր լուսանկարը՝ ՀՊՏՀ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի Աննա Սահակյան
20:23 - 21 դեկտեմբերի, 2023
Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սոցիոլոգիայի տեսություններն ասում են, որ սահմանը պարզապես քարտեզի վրայով անցնող գիծ չէ. այն կենդանի սուբյեկտ է, որը ձևավորում են այնտեղ ապրող անհատները․․․ Իսկ ինչպե՞ս են հենց սահմանին ապրող մարդիկ ընկալում սահմանամերձությունն, ու ի՞նչ կարելի է իմանալ սահմանի ֆենոմենի մասին՝ ուսումնասիրելով մարդկանց կենսափորձը։ Այս թեման երկու տարի առաջ հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտողներին։   Սահմանամերձությունը  Ծնունդով Գորիսից Մարիամ Միրզոյանը 2021-ին սովորում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետում և մի ծրագրի շրջանակում քանակական հարցումներ էր իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ շփումների ժամանակ նա հասկացավ, թե որքան հետաքրքիր կլիներ հետազոտել սահմանին ապրող մարդկանց կենսափորձը։ Մարիամին տպավորել էր հատկապես Տավուշի Չինարի գյուղը, որտեղ, ինչպես ինքն է ասում, բնակիչների առօրյա կյանքի մեջ մտած էր սահմանամերձությունը։ Մարիամը Երևան վերադառնալուն պես Մարիամն այդ մասին պատմեց ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանին։ Այդպես Հարությունն ու Մարիամը որոշեցին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կենսափորձի միջոցով բացատրել սահմանամերձության գաղափարը։ Նրանք դիմեցին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ին*, հետազոտության համար ֆինանսավորում ստացան ու սկսեցին աշխատանքները։ Առաջին բանը, որ արեցին, տեսության ուսումնասիրությունն էր։ Այս փուլում հասկացան, որ սահմանամերձության՝ որպես սոցիոլոգիական երևույթի ուսումնասիրությունները շատ քիչ են։ Բացի այդ՝ միջազգային իրականության մեջ սահմանը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ «Մեր իրականության մեջ կա սահման, սահմանից այն կողմ՝ թշնամի, և թե՛ ֆիզիկական տարածության, թե՛ սոցիալական առումով այդ սահմանը գծված է։ Պատերազմի գործոնը կա նաև։ Իսկ արտասահմանում այդպիսի սահմանամերձություն չկա․ այնտեղ էթնիկ սահմանների մասին է խոսքը»,- ասում է Մարիամը։ Հայաստանում սահմանամերձության ֆենոմենը նկարագրելու համար հետազոտողներն ընտրեցին երկու մարզ՝ Տավուշը և Սյունիքը։ Տավուշը սահմանամերձ էր դարձել դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, իսկ Սյունիքը սահմանամերձ դարձավ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։ Հարությունի և Մարիամի հիպոթեզն այն էր, որ բնակիչների՝ սահմանամերձության մասին ընկալումները տարբեր էին լինելու այս երկու մարզերի բնակավայրերում։ Հարությունը Այս տարի՝ ամռանը, Հարությունն ու Մարիամը եղան Տավուշում և Սյունիքում, ամեն մարզում հինգ գյուղ այցելեցին և բնակիչների հետ նարատիվ խորին հարցազրույցներ անցկացրին։ Մարիամն ասում է, որ նարատիվ խորին հարցազրույցները կենսափորձ ուսումնասիրելու հիմնական մեթոդն են։ Հարությունն էլ հիշում է, որ սոցիոլոգիական հետազոտություններում հայտնի այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառել էին մեկ այլ հետազոտության ժամանակ, որը վերաբերում էր Խորհրդային բնակտարածության ձևավորմանը։ «Այնքան հետաքրքիր, մեծ բազաների հիման վրա չափումներ կան, թե ինչպես էին Խորհրդային շրջանում բնակարան տրամադրում։ Եվ այնտեղ անարդարության, միտումնավորվածության բացահայտումներ կան։ Մենք ընդամենը կենսագրական պատումներով, երբ մարդիկ պատմում էին՝ ինչպես էին բնակարան ստանում, նույն եզրահանգումներին ենք եկել, նույն եզրակացությունն ենք արել որակական հետազոտությամբ, ոչ թե մեծ բազաներ գեներացնելով և վիճակագրական հաշվարկներով»։ Այս մեթոդի հիմքում ընկած է ոչ թե հետազոտությանը մասնակցող մարդկանց քանակը, այլ նրանց հետ անցկացված հարցազրույցների բովանդակությունը։ Հետազոտողները մարդկանց այնպիսի հարցեր են տալիս, որոնց միջոցով պատում է ձևավորվում։ «Եթե սկզբից մինչև վերջ որևէ հարցազրույց լսեք կամ կարդաք, կնկատեք, որ այն, ինչ-որ մի կարևոր երևույթ հիմքում դնելով, մարդու կյանքի պատմությունն է։ Մեր դեպքում այդ կարևոր երևույթը սահմանամերձությունն էր, և մի քանի ժամանակաշրջաններ կային՝ գյուղը սահմանամերձությունից առաջ, պատերազմական շրջանում, սահմանամերձեցման շրջանում և դրանից հետո»,- ասում է Մարիամը։   Անցյալը ոչ թե անցյալում, այլ ներկայում Ամեն գյուղում Հարությունն ու Մարիամը նարատիվ խորին հարցազրույց անցկացրին երկու բնակչի հետ։ Հարցազրույցների մասնակիցները պիտի ծնված լինեին մինչև 1970 թվականը, այսինքն՝ 1988-ի Արցախյան շարժման ժամանակ առնվազն 18 տարեկան եղած լինեին և գիտակից փորձառություն ունենային։ Մարիամը պատմում է՝ մտավախություններ ունեին, որ բնակիչները չեն ցանկանա խոսել, բայց իր՝ Գորիսից լինելն ու Սյունիքի բարբառն իմանալը շատ էր օգնում գործին։ Դե քանի որ Սյունիքի ու Տավուշի բարբառները նման են, նրան սիրով ընդունեցին նաև Տավուշում։ «Տավուշի Չինարի գյուղում՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, մեկն ինձ հարցրեց՝ դու որտեղի՞ց ես, ասացի՝ Գորիսից եմ, ասաց՝ վա՜յ, դու մեր «земляк»-ն ե՞ս, բա ինչի՞ մեր բարբառով չես խոսում։ Տեսե՛ք, «մեր բարբառով» ասաց»,- պատմում է Մարիամը։ Հարությունն ասում է, որ բարդ է ճշգրիտ վերականգնել այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ, օրինակ՝ 1988-ին․ «Ուղղակի հիշողությունը անցյալն է այսօր․ անցյալն անցյալում չէ։ Շատ բարդ է անցյալն անցյալում դուրս բերել»։ Հետազոտողների համար կարևոր էր, որ բնակիչներն անցյալի իրողությունները պատմեին ոչ թե այնպես, ինչպես դրանք հիշում էին ներկայում, այլ տեղափոխվեին անցյալ ու խոսեին հենց անցյալի համատեքստում։ Այս նպատակով բնակիչների հետ հարցազրույցների մի հատվածն անցնում էր քայլելով․ նրանք Հարությունի ու Մարիամի հետ շրջում էին իրենց գյուղում և ցույց տալիս, թե իրենց պատմած որ դեպքը որտեղ է տեղի ունեցել՝ զուգահեռ վերապրելով անցյալում կատարվածը։ Դա օգնում էր անցյալի ավելի շատ շերտեր բացահայտել։ Բնակիչների հետ հարցազրույցների ժամանակ ընդգծվում էր «մենք»-ի ու «նրանք»-ի գաղափարը։  Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Երևի կմտածեք, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները «նրանք» են համարում միայն սահմանից այն կողմ եղող թշնամուն, իրենց բառերով՝ թուրքին։ Բայց Հարությունն ու Մարիամը պատմում են, որ ինչ-որ հարցերում բնակիչները «նրանք» են համարում նաև Հայաստանի ոչ սահմանամերձ հատվածում ապրողներին։ «Քանի որ ես էլ Գորիսեցի էի, սյունեցիների համար «մենք» էի»,- հիշում է Մարիամը։ Հարությունն ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանի սահմանի մասին է, որքան հենց բնակիչների սահմանի մասին․ «Նրանց սահմանը չի վերջանում Ադրբեջանում․ այստեղից էլ կա սահման։ Այդ «նրանք»-ը նաև մենք ենք (ծիծաղում է), որովհետև սահմանի բնակիչն ասում է՝ մենք Հայաստանի դարպասն ենք, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, մենք առաջին գիծն ենք, մենք չլինենք՝ մի մակարդակ ավելի է մոտենալու քեզ վտանգը»։   «Դոստն» ու «քիրվան» դառնում են թշնամի Հարցազրույցների փուլն ավարտելուց ու դրանք բնակիչների լեզվից սոցիոլոգիայի լեզու թարգմանելուց հետո Հարությունի ու Մարիամի հիպոթեզն ապացուցվեց․ Տավուշում և Սյունիքում ընկալումների տարբերություն կար։ Պատճառն, անշուշտ, պատմական է․ սահմանամերձեցումը երկու մարզերում տարբեր ընթացք է ունեցել։ Մի կողմից Տավուշն է, որի բնակիչները մինչև 1988-ի Արցախյան շարժումն ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի, որոշ ադրբեջանցիների նաև իրենց «դոստն» էին համարում (թուրքերեն՝ dost՝ մտերիմ ընկեր): Տավուշի մարզի Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) «Տավուշը շատ ինտեգրված, շատ ակտիվ տարածաշրջան էր Խորհրդային շրջանում։ Նույնիսկ հայկական և ադրբեջանական գյուղերի բաշխվածությունը եթե նայենք (մինչև հիմա անկլավային ամենաբարդ խնդիրն այդտեղ է), այնքան ներկառուցված են իրար մեջ․ մի տեղ շուկան էր, մի տեղ՝ հիվանդանոցը, ու դա և՛ հայի, և՛ ադրբեջանցու համար էր, այսինքն՝ ռեգիոնալ ինտեգրացիա կար»,- ասում է Հարությունը։ Հետո սկսվեց պատերազմը, «դոստը» դարձավ թշնամի, հայերը սկսեցին Ադրբեջանից դուրս գալ, ադրբեջանցիները՝ Հայաստանից։ «Դու «դոստի» հետ ապրել ես կողք կողքի, ընկերություն ես արել, պատերազմի ժամանակ հասկացել ես, որ նա թուրք է, բայց կապն այնքան ուժեղ է, որ դու նրան վատ չես ուզել, նա էլ քեզ, ու երբեմն իրար օգնել եք»,- նշում է Հարությունը։ Եվ Տավուշում բնակիչները սկսեցին անմիջականորեն մասնակցել սահմանների ձևավորմանն ու սահմանամերձեցմանը՝ կռվելով, առաջ գնալով, հետ քաշվելով։ Հենց բնակիչներն այստեղ գծեցին իրենց ու թշնամու միջև սահմանը։ Մյուս կողմից Սյունիքն է, որտեղ դեպքերն այլ ընթացք ստացան։ Տավուշի «դոստը» Սյունիքում «քիրվա» էր կոչվում (թուրքերեն՝ kirve՝ քավոր, հայերենում օգտագործվում էր մտերիմ իմաստով): Ինչպես Տավուշում էին որոշ ենթակառուցվածքներ ընդհանուր, այնպես էլ Սյունիքում․ ադրբեջանցիներն, օրինակ, Գորիսի շուկայից էին օգտվում, սյունեցիները՝ Կուբաթլուով անցնող գնացքից։  Արցախյան առաջին պատերազմը սկսվեց, և «քիրվան» դարձավ թշնամի։ Բայց ի տարբերություն Տավուշի, որտեղ բնակիչներն իրենք էին սահմանը գծում, Սյունիքում մարդիկ գիտակցում էին, որ թշնամին կա, բայց իրադարձությունների բերումով այդ թշնամին նրանց մոտիկ չէր։ «Կար Արցախ, և ինչ-որ մի տեղ՝ 100 կիլոմետր այն կողմ, կանգնած էր ադրբեջանցին»,- ասում է Հարությունը։  Սյունիքի Դավիթ Բեկը (լուսանկարը Մարիամին են ուղարկել գյուղի բնակիչները)Մինչև «քիրվայի»՝ թշնամի դառնալը, հայերի ու ադրբեջանցիների միջև, իհարկե, կային ոչ ֆորմալ սահմաններ։ Մարիամն, օրինակ, հիշում է իր զրուցակիցներից մեկի պատմածները Սյունիքի Էվազլար ճանապարհահատվածի մասին, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ «Էվազլարի հատվածն իրենցը չէ, մերն է։ Քանի որ մեզ պետք է եղել, որ ճանապարհի ամբողջ հատվածը մերը լինի, մեր ապուպապերն իրենց հետ ինչ-որ կտորներով փոխել են, այսինքն՝ եթե մի ճանապարհը մենք ենք վերցրել, որ մեր ճանապարհն ամբողջական դառնա, մի փոքր հատված այսինչ տեղից իրենց ենք տվել»,- բնակիչներից մեկի խոսքերն է վերապատմում Մարիամը։ Հարությունի խոսքով սյունեցիներն 90-ականների պատերազմից հետո ապրում էին՝ գիտակցելով, որ իրենց կողքով անցնում է Ադրբեջան պետության վարչական սահմանը, բայց նրանք ժամանակի հետ մոռանում էին՝ ինչ է նշանակում այլ էթնոսի հետ տարածք կիսել։ «Թշնամի-բարեկամ-քիրվա-թշնամի․․․ Կորել է, գնացել է, արթնացել եմ՝ էլ չկա, վակուում է։ Ու սրա մեջ սյունեցին կորցրել է համակեցության փորձառությունը։ Իսկ տավուշցին անընդհատ մեխանիզմ է զարգացրել՝ ինչպես ապրի դրա հետ, դա դարձել է իր առօրյան։ Սյունեցու համար սա ինչ-որ կտրուկ փոփոխություն է, որովհետև այն, ինչ 30 տարի առաջ կար, կարծես չի էլ եղել, մեկ էլ հանկարծ՝ դիրք, ադրբեջանցի, վտանգ, կրակ, ռիսկ»- ասում է Հարությունը։ Սյունիքում հետաքրքրական է հատկապես Խորհրդային ուշ շրջանում ձևավորված բնակավայրերի օրինակը։ «Նրանք չեն էլ հասցրել կրել այդ սահմանայնությունը որպես բնակավայր։ Ու հիմա նրանց համար կրկնակի շոկ է։ Եթե Սյունիքի հին բնակավայրերն ունեն հիշողություն, ապա նոր բնակավայրերը չունեն ո՛չ հիշողություն, ո՛չ կուտակած փորձառություն»,- նշում է Հարությունը։   Այն, ինչ Սյունիքում լուծում է, Տավուշում կարգի տապալում է Հարությունն ու Մարիամն ասում են՝ հարցազրույցների ժամանակ բնակիչներին մի պրովոկատիվ հարց էին տալիս․ «Եթե հանդիպեիք Սյունիքի (Տավուշի) սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ Պատասխանները տարբեր էին։ Տավուշում, օրինակ, կային այսպիսի պատասխաններ․ «Մենք ինչպե՞ս էինք ապրում էսքան տարի․ ոչինչ, կհարմարվեն»։ Սյունիքում էլ ասում էին, որ մինչև վերջին դեպքերը երբևիցե չեն մտածել, որ այնտեղ՝ Տավուշում, մարդիկ ամեն օր ապրում են սահմանին։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Հետաքրքիր է այն, որ Սյունիքում իրենց խնդիրների լուծումը բնակիչները կապում են ուրիշների հետ, ասում են՝ թող գան, սահմանագծեն, սահմանազատեն։ «Սյունիքում կա բնակչի օտարվածություն գործընթացից, որովհետև նա գնացել նստել է, սպասում է՝ սահմանազատեն ու սահմանագծեն։ Որովհետև չեղավ կոնսենսուս, եղան կտրուկ որոշումներ, ու մարդը հայտնվեց քաղաքական, պատերազմական ելքի, հատկապես՝ պարտության փաստի առաջ։ ․․․․ Բայց եթե սահմանագծումը Սյունիքի համար լուծում է, Տավուշի համար կարգի խափանում է, որովհետև ասում են՝ մենք գծել ենք արդեն, սովոր ենք: Գծել նորից, անկլավը տալ, մյուսը վերցնել նշանակում է մեզ նորից մտցնել փուլ, որի մեջ մենք պետք է սահման հասկանանք»,- ասում է Հարությունը։   Սահմանի կենդանի քարտեզները Հետազոտողների այցելած բնակավայրերից շատերի համար սահման է հենց ճանապարհը, որը նրանց կապում է Հայաստանի մնացած հատվածին, բայց թշնամու նշանառության տակ է։ «Նրանք խոսում էին ռիսկերի և վախերի մասին, որի համատեքստում, եթե, օրինակ, ճանապարհը փակվի, ռազմական գործողություններ սկսվեն, շրջափակման մեջ են հայտնվելու։ Նույն ճանապարհն է՝ և՛ որպես փրկություն, և՛ որպես վտանգ»,- ասում է Մարիամը։ Նարատիվ խորին հարցազրույցների ընթացքում Մարիամը հասկացավ, որ  կարելի է բնակիչներից պարզել, թե իրենց բնակավայրերում նրանք ինչն են անվտանգ համարում, ինչը՝ վտանգավոր։ Այս նպատակով Հարությունն ու Մարիամն ընտրեցին մտային քարտեզների մեթոդը։ Սա Ոսկեպարի քարտեզն է, բայց այս քարտեզում այն Ոսկեպարն է, որը տեսնում ենք բոլորս։ Իսկ ինչպիսի՞ն է Ոսկեպարի քարտեզը այն բնակչի աչքերով, որի համար սահմանամերձությունը սովորական երևույթ է դարձել։ Կամ ինչպիսի՞ն են Բերդավանի քարտեզը՝ բերդավանցու և Կոռնիձորի քարտեզը՝ կոռնիձորցու աչքերով։ Սա հասկանալու համար հետազոտողները հարցազրույցների ընթացքում բնակիչներին խնդրեցին գծել իրենց բնակավայրի քարտեզը՝ կապույտով նշելով ակտիվ հատվածները, կանաչով՝ անվտանգ, կարմիրով՝ վտանգավոր, շագանակագույնով՝ լքված, չօգտագործվող։ Ոսկեպարի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ եկեղեցին էլ է վտանգավոր գոտում Կաղնուտի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ Դավիթ Բեկ տանող ճանապարհը վտանգավոր գոտում է Տեսության ուսումնասիրության և նարատիվ խորին հարցազրույցների հիման վրա Հարությունն ու Մարիամն արդեն հոդված են գրել և ուղարկել միջազգային գիտական ամսագրերից մեկին։ Հոդվածն այժմ գրախոսման փուլում է, սպասում են տպագրմանը։ Բնակիչների գծած մտային քարտեզները դեռ վերլուծում են։ Հարությունը համաձայն է, որ իրենց հետազոտության համատեքստում հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաև հակառակ կողմի պատկերացումները․ չէ՞ որ սահմանն ունի երկու կողմ։ Իհարկե, հասկանալի պատճառներով սա անհնար է։ Ադրբեջան գնալ ու այնտեղի բնակիչների հետ խոսել չեն կարող, իսկ Ադրբեջանում դժվար թե սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի այդ թեմայով։ «Այնտեղ շատ սահմանափակ է, հետազոտական համայնքը շատ ճնշված է»,- նշում է Հարությունը։ Խոսելով իրենց հետազոտության նշանակությունից՝ Հարությունն ասում է, որ Հայաստանում 90-ականներից հետո տարածքային կառավարման հարցն ընկալվել է որպես վարչական, ադմինիստրատիվ, քաղաքական, տնտեսական գործընթաց։  «Միշտ վերևից իջնող, մակրոմակարդակում դիտարկվող գործընթացներ են ընթանում։ Աշխարհում էլ, երբ խոսվում է սահմանային հետազոտությունների մասին, շատ հաճախ մակրոանալիզներ կարող եք տեսնել՝ վերևից, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տարբեր առումներով։ Իսկ ո՞վ է ապրում այն տեղում, որի մասին խոսում ես․ մարդու կենսափորձը, փորձառությունը լավ չեն հասկացվում»,- ասում է նա։ Իրենց հետազոտությամբ Հարությունն ու Մարիամը փորձել են հարցը հասկանալ հենց միկրոմակարդակում՝ հիմքում ունենալով բնակիչների կենսափորձը։  «Քաղաքականություն մշակելու համար այտեղից կարելի է շատ խորհուրդներ քաղել, շատ հարցեր դուրս բերել՝ հասկանալու համար՝ ինչի հետ գործ ունեն, ինչպես վարվեն։ Վաղը Հայաստանի վարչապետը գուցե ռեգիոնալ լուրջ լուծում պարունակող «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարում, բայց այդ խաչմերուկի սահմաններին կանգնած մարդիկ ովքե՞ր են, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են տեսնում, ինչպե՞ս են վերապրում այս ամբողջը։ Այս հարցերը հաճախ դուրս են մնում»,- նշում է նա։ Հարությունն ասում է՝ իրենց այս ուսումնասիրությունը հետազոտական նոր հարցեր է բացում․ «Շեշտադրել ենք հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ կարելի է մտորել ու դարձնել նոր թեմաներ»։   Գլխավոր լուսանկարում՝ Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի   *«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը», որի աջակցությամբ Հարությունն ու Մարիամն իրականացրել են հետազոտությունը, տեղեկացնում է՝ պարտադիր չէ, որ հրապարակման մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն իր տեսակետները։  
19:28 - 13 դեկտեմբերի, 2023
«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հարութ Ղարախանյանի հոր՝ Ալեքսանդր Ղարախանյանի վկայությամբ՝ Հայաստանում եւ Արցախում մինչեւ վերջին մարդը զեկուցված է եղել, որ իր որդին ու նրա ծառայակիցները ողջ են եւ կոնկրետ վայրում գտնվում են շրջափակման մեջ, սակայն ոչ մեկը՝ գնդի հրամանատարից մինչեւ վաշտի հրամանատար, ոչինչ չի ձեռնարկել նրանց դուրս բերելու համար։ Հարութ Ղարախանյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի լեյտենանտներից է, որ պատերազմի ժամանակ եղել է մոտ 1․5 տարվա զինծառայող։ Հիշեցնենք՝ դա այն գումարտակն է, որին հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Վահանյանն այժմ մեղադրվում է իշխանության անգործություն դրսեւորելու եւ թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Զորքի մեծ մասին փրկվել չի հաջողվել։  Ըստ Ալեքսանդր Ղարախանյանի՝ հակառակորդի նպատակն է եղել զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Ղարախանյանը պատմեց, որ իր տեղեկություններով՝ ուսումնական գումարտակին ուղարկել են Խուռհատ սար Հադրութ քաղաքը պաշտպանելու նպատակով․ «Խուռհատ սարն են բարձրացրել, որ պաշտպանեն Հադրութ քաղաքը, էդ միակ ճանապարհն էր, որով Ջաբրայիլից կարողանում ես ուղիղ հասնել Հադրութ քաղաքի վրա, «9–րդ կմ» կոչվող խաչմերուկ կար, էդտեղ մեր զորքը կանգնած էր, լավ պահում էր, իսկ թշնամին մոտիկացել է հենց սարի ուղղությամբ, էրեխեն ամսի 10–ին ասում ա՝ колона է գալիս չեմ կարող ասել՝ իրար հետեւից քանի ավտո, բայց  մի հատ կրակոց չկա, ոչ մի բան չկա, մեր հրետանին չի աշխատում, ասում է՝ տակներս արդեն լցվել են անասելի ձեւով, շատ–շատ են գալիս, կուտակումներ են․․․ Դրանից հետո կապը ընդհատվում է, ես էլ ինչքան փորձում եմ զանգել, զանգ չի գնում»։ Բուն մարտը, ըստ նրա, սկսվել է առավոտյան 09։30-ի մոտակայքում։ Սարում զորքը բավարար չափով զինված է եղել է թե ոչ՝ հայրը չգիտեր, ասաց՝ տեղյակ է, որ մինչ այդ նորմալ զենք–զինամթերք ունեցել են․ «Ինչ վերաբերում է Քարամյան Արթուրի ցուցմունքին (Արցախի ԱԱԾ գնդապետ,-հեղ․), որ սարը խրամատավորված է եղել, դա սուտ է, ես կարամ անձամբ տղուս դիրքը ցույց տամ, որ գնացել եմ, 4 հոգու հանել, էդտեղ խրամատ չի եղել, գնացեք, էդ մարդուն նորից կանչեք սուտ ցուցմունքի համար»,– նշեց նա։ Իշխան Վահանյանը Որ անձամբ Վահանյանն է եղել հրամանատար, հայրը չի իմացել, նրան չի ճանաչել, բայց որդուց լսել է, որ սպաները թողել, փախել են, ու ըստ նրա՝ զորքն այդ պատճառով է ընկել շրջափակման մեջ․ «Ես 1992 թ․–ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է, ու մինչեւ վերջին շունչը պիտի դա պարտականություն լինի, դա կյանքից թանկ է, բայց մարդիկ էդ չեն արել, իրենց զինվորին լքելու համար, համաձայն տրիբունալի, իրեն հասնում է растрел»,- ասաց զոհվածի հայրը։ Մարտի ժամանակ Հարութը երկու ոտքից վիրավորվել է։ Թե ով է տվել նահանջի հրամանը, հայրը չգիտեր, լսել էր միայն, որ սարից իջնելուց հետո դարձյալ հարձակման են ենթարկվել, զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը, ըստ նրա, հակառակորդի պլանն է եղել։ Շրջափակման մեջ մնացածներին հանելու համար խումբ է ձեւավորվել Հարութն ու ծառայակից ընկերները՝ ընդհանուր 14 հոգի, թաքնվել են անտառներում։ Այդ մանրամասները նա հետագայում ծառայակից մի նորակոչիկից է իմացել․ «Ով իրեն քաշել ա անտառ, էդ էրեխան ա ինձ ներկայացրել, երբ գնացել էինք Խնձորեսկի հոսպիտալ, պառկած էր էնտեղ, ասել ա՝ ես եմ քաշել, տղերքն էլ մնացել են մոտը, հնարավորություն եղել ա հելնելու, Հարութն ասել ա՝ ինձ թողեք, հելեք, էրեխեքը չեն թողել, ասել են՝ առանց քեզ չենք հելնելու․ կամ միասին ենք հելնելու, կամ մնում ենք կողքիդ»։ Որդու վիրավորման մասին հայրը նույն օրը երեկոյան է տեղեկացել։ Թույլտվություն է ստացել, մեկ այլ պաշտպանական շրջանից, որտեղ ինքը ծառայում էր որպես պահեստապետ, մեկնել է Հադրութ․ «Հոկտեմբերի 10–ին հասնում եմ Տող գյուղ, գիշերը մնում եմ էնտեղ, ամսի 11–ին գնում եմ Թութակներ կոչվող բարձունքը, ինձ դիմավորում է Դավիդովը, ներկա են լինում Աղաբեկյան Արթուրը, Միրզոյան Սերգոն։ Շտաբի պետը՝ Վարդանյան Կամոն, մոտիկանում, հարցնում է՝ ինչ է եղել, ասում եմ՝ սենց բան կա, եկել եմ՝ հասնեմ էրեխուն»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ղարախանյանի խոսքով՝ դրանից հետո տղաներին դուրս բերելու համար խումբ է ձեւավորվել, որը ղեկավարել է «Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանը․ «7-8 հոգով իջնում ենք Հադրութ, ու էդտեղ մեր մարտը սկսվում է, հակառակորդը արդեն մտած է քաղաքի մեջ․․․ Հետը կապ եմ հաստատում, շատ ցածր է խոսում, ասում է՝ համ հետեւներս են կանգնած, համ դեմներս, մեզ են ման գալիս, էդ ժամանակ որոշում է կայացվել покрышка վառել, որպեսզի ծխի վրա ասեն՝ ուղղությունը ոնց են տեսնում, մենք էլ վերցնենք կոնկերտ իրենց տեղը գտնելու ուղղությունը․․․  Покрышка-ն գտնում ենք, բերում, որ վառենք, снайпер-ը սկսում է մեր վրա կրակել, ու էդտեղ մարտը սկսվում է»։ Անբավարար միջոցների պատճառով խումբը որոշել է նահանջել․ «էրեխեն էդ ժամանակ դեռ լինում ա Հադրութում, 2 հատ հինգհարկանի շենքեր կան, офицерский շենքեր են ասում, այ դրանից մի 500 մետր բարձր, կապ է տալիս, ասում՝ պապ, բա էդ դո՞ւք եք, ասում եմ՝ հա․․․ Էդ օրը ոչ մի բան չի ստացվում, մյուս օրը զանգում, ասում է, որ Վանք գյուղում են։ Ճանապարհին հանդիպել են իրենց ծառայակիցներին, տեղավորվել 2 տան մեջ․ 14-ը՝ մի տան, 16-ը՝ մյուս»։ Ալեքսանդր Ղարախանյանի տեղեկություններով՝ հոկտեմբերի 10–ին թշնամին դեռ Հադրութի մատույցներում չի եղել, մտել է մոտակա գյուղեր՝ Վանք, Վարդաշատ, Թաղասեր, բայց քաղաք տանող ճանապարհը բաց է եղել, փակվել է միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11–ին։ Նշենք, սակայն, որ մինչ այս հարցաքննված այլ անձինք հայտնել են, որ զորքի մի մասը շրջափակման մեջ է ընկել, որովհետեւ որոշել է գնալ Հադրութի ուղղությամբ, ուր արդեն հակառակորդն է եղել։ Շրջափակումից 1․5 ամիս անց զինծառայողները դեռ օգնության սպասելիս են եղել Հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 23-ը որդու հետ կապը կորել է։ 23-ին, ըստ հոր տեղեկությունների, որդին փորձել է իրեն զանգել, բայց չի հաջողվել, կապ է հաստատել «Ղարաբաղ տելեկոմ»–ի օպերատորի հետ։ Այս դրվագի մասին ավելի վաղ ցուցմունք էր տվել նաեւ տուժողի իրավահաջորդ Ռուստամ Այվազյանը, պատմել՝ Հարութը զանգել է՝ օգնության, ասել՝ ուզում են Շուշիով դուրս գալ, նրան էլ տեղեկացրել են, որ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված։ Զանգից մոտ 15 րոպե հետո, ըստ Ալեքսանդր Ղարախանյանի, Կառավարության շենքում գտնվող ծնողներն այդ մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են պատմել։ Շրջափակման մեջ գտնվողների վերաբերյալ զեկուցվել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այդ ժամանակ տեղեկություններ են ունեցել ողջ 300 զինծառայողի մասին, Արթուր Աղաբեկյանն էլ ասել է, թե հայրը վրդովված է, չափազանցված թիվ է ասում։ Այդ նույն ընթացքում Ալեքսանդր Ղարախանյանը որդու անունը հոսպիտալում գտնվողների ցանկում է տեսել․ «Ես ու Սերգոն գտնվում էինք Հերհեր գյուղում, շտաբի պետին եմ մոտենում, հարցնում՝ կարա՞ք ասեք՝ Ղարախանյան Հարութը որտեղ ա, բացում են իրենց մատյանը, ասում՝ հոսպիտալ, ասում եմ՝ կարա՞ք ասեք՝ էրեխուս ով ա տարել հոսպիտալ, ճակատը պաչեմ, եթե էդ էրեխեն անտառում է․․․ Դուք ո՞նց եք գրել հոսպիտալ, եթե էդ էրեխան մնացել է Վանք գյուղի մոտքերը»։ Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ դրանից հետո տղաներին փրկելու բոլոր փորձերը ձախողվել են․ «Մենք ամեն օր մարտի էինք բռնվում, մտնում ռազվետկա, հելնում, ու ինչքան փորձում էինք մտնել դեպի գյուղ, մեզ չէին թողնում, էդ ժամանակ ղեկավարը եղել է Մանուկյան Դավիթը, քանի անգամ փորձել ենք մտնել, կես ճանապարհը, կարելի է ասել, մտած՝ հրաման են տվել՝ հետ դարձեք, սպեցնազը մտել ա, ռազվետկեն մտել ա, հենա էրեխեքին հանում են, դուք եկեք, ուրիշ տեղ կուղարկենք»։ Շրջափակման մեջ գտնվող անձանակազմին, սակայն, այդպես էլ դուրս չեն բերել։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը Այսօր պետք է հարցաքննվեր նաեւ տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը, որը, սակայն, պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հայտնեց, որ Մկրտչյանը առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող գալ, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, ասաց՝ Մկրտչյանը դատարանին նման տեղեկություն չի հայտնում, այլ խոստանում է գալ եւ չի գալիս։ Այդ վարքագիծը անհարգալից համարելով՝ դատարանը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ գրություն է ուղարկել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ պարզելու համար Արցախից բռնի տեղահանված այն վկաների եւ տուժողի իրավահաջնորդների՝ Հայաստանում բնակության հասցեն, որոնք պիտի հարցաքննվեն այս գործով։ Գրության պատասխանը դեռ չի ստացվել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին։     Միլենա Խաչիկյան
23:55 - 11 դեկտեմբերի, 2023
«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ նույն զորամասի հատուկ մշակման վաշտի քիմիկ–գազազերծող Գաբրիել Արզումանյանը։ Նա զորամասի այն քիչ ծառայողներից է, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ի՝ Կովսականում տեղի ունեցած հարձակումից հետո կարողացել է խուսափել հակառակորդի տեսադաշտից եւ փրկվել։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Դատարանում ցուցմունք տալով՝ Արզումանյանը հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է ծառայությունից, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Գաբրիել Արզումանյանի խոսքով՝ անձնակազմին զրահաբաճկոններ չեն հատկացրել Տուժող Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ պատերազմի մեկնարկից օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի մոտակայքում, դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրից եւ ուղեւորվել Սյունիքի մարզ։ Մեղրիի, Լիճքի զորամասերում մի քանի օր անցկացնելուց հետո եկել են Կապանի զորամաս։ Հենց այդտեղ էլ տեղեկացել են մարտական առաջադրանքի մասին։ Արզումանյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավելի քան 150–հոգանոց անձնակազմը շարվել է, եւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հայտնել է հաջորդ օրվա մարտական առաջադրանքի մասին, ասել՝ պետք է գնան մոտ 50 հոգով։ Մեծ մասը, նրա խոսքով, ինքնակամ է գնալու ցանկություն հայտնել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ գնացողները ընտրվել են միայն ըստ ցանկությա՞ն թե՞ նաեւ ըստ հաստիքի՞, տուժողը դժվարացավ պատասխանել։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանը հայտնել էր, որ իրեն այդ մարտական առաջադրանքին որպես հետախույզ են ուղարկել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը «Հրամանատարն ասում էր՝ պատրաստվենք, որ առավոտյան խնդիր պիտի կատարենք, մեր ունեցվածքը պատրաստենք, զենքերը, հանդերձանքը․․․ Զինանոցից զենքերը ստացանք, փամփուշտները․․․ Հաստիքով ինչ ունեինք՝ կասկա, վեշ–մեշոկները, էդ էր մեր հանդերձանքը։ Զրահաբաճկոն չենք ունեցել, չեմ կարող պատասխանել, թե ինչու»,– պատմեց Արզումանյանը։ Նրա խոսքով՝ բուն առաջադրանքի, դրա տեղանքի, դիրքավորման մասին այդ օրը խոսակցություն չի եղել, հաջորդ օրը լուսադեմին՝ մեկնելուց առաջ են զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ու ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնել, որ պետք է գնան՝ սանրման աշխատանքների։ Մեղադրողը խնդրեց բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սանրման աշխատանքը․ «Բառը ուղիղ իմաստով հասկանալով․․․ Ո՞նց բացատրեմ․․․ Հետո ասացին՝ քիչ անձնակազմ կա տվյալ տեղում, վիրավորներ․․․ Պիտի գնանք, էդ անձնակազմին․․․ Թե հնարավոր կլինի վերացնելու, գերեվարելու․․․»։ Մեղադրող Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ նախկինում երբեւէ չի մասնակցել այդպիսի աշխատանքի կամ դրա վերաբերյալ որեւէ դասընթացի։ – Հարցրի՞ք՝ մեզնից ի՞նչ սանրող,– հետաքրքրվեց դահլիճում գտնվող տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը։ – Ոչ։ –Իսկ տենց հարց առաջացե՞լ է։ –Շատ հարցեր են առաջացել, երկրի իրավիճակից ելնելով՝ չենք ուղղել ոչ մի տեղ, հենց մեկը էն, որ չենք ունեցել բռոնիկ։ – Այսինքն՝ դուք քիմիկ եք, դուք պատրաստվածություն ունեցե՞լ եք, որ գնում եք։ – Հոգեպես պատրաստ ենք եղել։ – Եթե ֆիզիկապես պատրաստ չէիք, հոգեպեսով ի՞նչ էիք անելու։ –Դե ֆիզիկապես Էջմիածնից էլ չպիտի գնայինք,– նշեց տուժողը։ Ի պատասխան հարցին, թե որտեղ էր նախատեսվում այդ առաջադրանքը, նա տվեց Կովսական քաղաքի, այլ ոչ թե Կիրի հանքի անունը, ուր ի սկզբանե նախատեսված էր գնալ․  –Կովսականի մոտակայքում, էդ ուղղության վրա,– ասաց նա։ – Կովսականի ուղղության վրա՞ թե՞ շրջանում,– ճշգրտող հարց հղեց դատախազը։ – Էդ չեմ կարող ասել, տեղանքը, որպես այդպիսին, Զանգելանի կողմերն էր։ Առավոտյան ենք իմացել, որ ուղղությունը Զանգելան է լինելու։ – Ո՞վ ասաց Ձեզ այդ մասին։ – Եթե չեմ սխալվում, գեներալ Մակարյանը։ Տուժողի իրավահաջորդները Տուժողի իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ Արզումանյանը տեսե՞լ էր այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները իրենց դրոշն էին դնում Կովսականում, ինչն արդեն հուշում էր, որ թշնամին այնտեղ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տեսել է դեռ հոկտեմբերի 19-ին, բայց դրա վերաբերյալ էլ հարցեր չի տվել, որովհետեւ այդ լուրերը անընդհատ հերքվում էին։ – Բայց գնացիք ու տեսաք, որ իրականությանը համապատասխանում էր։ – Փաստորեն։ Տուժողը չհիշեց, որ «Կիրի հանք» տեղանքի մասին երեկոյան կամ առավոտյան հրամանատարներից լսած լինի, ասաց՝ դրա մասին միայն մարտից հետո է տեղեկացել։ Տուժողը չմտաբերեց ոչ մարտից առաջ, ոչ ընթացքում հնչած որեւէ հրաման Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 21-ին լույսը դեռ լրիվ չբացված ճանապարհ են ընկել։ Առջեւից գնացել է ուղեկցող մի մեքենա, որից հետո՝ հրամանատարի ՎԻԼԻՍ–ը, ապա՝ իրենց 3 ավտոբուսները։ Ոստիկանական անցակետը, որտեղ նախատեսված էր անձնակազմի կայանումը, Արզումանյանը նկատել է, բայց կանգառ, ըստ նրա, այդտեղ չի եղել։ Տուժողի խոսքով՝ վերջնական կանգառը եղել է ճամփաբաժան մի հատվածում, ինքը մտածել է, թե հենց դա է իրենց վերջնակետը։ Ավտոբուսներից իջնելուց տասը րոպե չանցած՝ հակառակորդը կրակ է բացել․ «Իջանք, տեղանքն էինք նայում՝ ուր ենք, խի․․․ Երբ բլուրի վրա սկսեցին շատանալ․․․ Նենց չէր, որ պարզ համազգեստը երեւում էր, բայց ոնց որ մերը չլիներ, մեր համազգեստը չէր, կանաչավուն, անծանոթ․․․ Արդեն կրակոցը սկսվեց մեր վրա աջից, ձախից, վերեւից․․․ Խուճապը երբ սկսեց, սկսեցին վազել էս կողմ–էն կողմ․․․ Էդ պահին նկատել եմ զորամասի հրամանատարին․․․ Մինչեւ խուճապը, երբ իջել ենք՝ ոչ»։ Մեղադրողի հարցին, թե այդ մի քանի րոպեների ընթացքում՝ մինչ հարձակումը, ինչ հանձնարարություն են ստացել, տուժողն ասաց, որ որեւէ սպայի կողմից որեւէ հանձնարարություն չի եղել։ Նա չմտաբերեց կոնկրետ հրաման նաեւ հարձակումից հետո։ Ասաց՝ ՀՀ ԶՈՒ–ից այլ գործողություն այդտեղ չի եղել, մինչդեռ Մակարյանն իրենց հայտնել էր, որ նախքան իրենց գնալը այնտեղ պիտի հրետանի աշխատի։ «Երբ սկսեցին կրակել, աջից–ձախից գոռում էին՝ դիրքավորվեք, թաքնվեք, տարբեր կողմից գալիս էր էդ ձայնը․․․ Նենց վիճակ է եղել, որ ով որտեղ հասցրել, թաքնվել է, որովհետեւ անկանոն կրակում էին մեր վրա»,– պատմեց նա։ Թե որքան էր հակառակորդի թիվը, տուժողը չկարողացավ հստակ հայտնել, 100-ից մինչեւ 500 թվեր մատնանշեց։ Ըստ տուժողի՝ հարձակման պահին ավտոբուսները թողել, հեռացել են Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ ինքը բլուրի տակ դիրքավորվել է ու սկսել կրակել։ Կրակի ղեկավարում որեւէ մեկի կողմից նույնպես չի եղել, կրակոցները վերեւից են եղել, ինքն էլ այդ ուղղությամբ է կրակել․ «Իմ հետ իմ կողքին եղել է ՄՈԲ–ի տղաներից Արթուրը, Արմանը, մեր պայմանագրայիններից Դավիթը Դանիելյան, ու Սերգեյը, Արտաշատի ՄՈԲ–ն էր, իրարից մոտ 10-15 մետր հեռավորության վրա պառկած ենք եղել, հետո իրար պահելով՝ իրար կողք ենք եկել»։ Արզումանյանը նշեց՝ այդ 4 հոգուց բացի իրենց անձնակազմից էլ ոչ ոքի չի տեսել։ Ուղեկցող մեքենան եւ ավտոբուսները պտտվել եւ առանց անձնակազմի հեռացել են, իր ենթադրությամբ՝ փրկվելու համար։ Դատավարության մասնակիցները Հրաձգությունը 30-40 րոպե է տեւել, դրանից հետո կրակը մի փոքր թուլացել է, եւ սկսել է երեւալ հակառակորդի տեխնիկան՝ БТР–ը, որ կրակելով շարժվել է իրենց ուղղությամբ։  Հիշյալ 5 հոգով ստիպված են եղել թռչել առվի մեջ․ «Մեր կանգնած տեղից 50 մետր շոշ էր, տակը՝ առու, թռել ենք էդ առվի մեջ, առու ասվածը գյուղի կանալիզացիան էր»։ Ջուրը նետվելիս Արզումանյանը վիրավորվել է, հետագա 700-800 մետրը ստիպված են եղել 7-8 ժամում անցնել։ Ամբողջ ընթացքում հակառակորդը վերեւից դուրս գալու, հանձնվելու կոչեր է հնչեցրել։ Հասել են գյուղի սկզբնամաս, մի տան մոտակայքում հանդիպել իրենց մի քանի համածառայակիցների, միասին սպասել՝ մութն ընկնի, որ ճանապարհը շարունակեն։ Ապա դուրս են եկել եղեգների դաշտ, որտեղ էլ հանդիպել են հրամանատար Արսեն Աբգարյանին։ Հարցին, թե ի՞նչ էր անում Աբգարյանը, տուժողը պատասխանեց՝ երեւի նույնը, ինչ մենք՝ պատսպարվում։ – Ի՞նչ եք զրուցել։ – Չենք զրուցել, գիշեր էր, սպասել ենք լույսը բացվել ա, նորմալ իրար դեմք առավոտյան ենք տեսել՝ ով ով ա, ոնց ա։ Ես ոչ թե ասեմ՝ ի վիճակի չեմ եղել, այլ հիմնականում պառկած եմ եղել․․․ Համ ահագին արյուն եմ կորցրած եղել, համ հանգստի կարիք ունեի։ – Իսկ զորամասի հրամանատարի կողմից հրաման, կարգադրություն ստացե՞լ եք։ – Ոչ, էն ա եղել, որ սպասել ենք լույսը բացվի, հելել ենք գետի ափին, շարունակել ենք ճանապարհը դեպի թիկունք։ Կիրի հանքի ուղղությամբ դուրս գալով՝ նրանք ի վերջո փրկվել են։  –Հրամանատարությունը մեղավորություն ունի՞, որ նշված տեղը չեք կանգնել,– հարցաքննության ավարտին հետաքրքրվեցին տուժողների իրավահաջորդները։ – Ես տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, անձամբ չեմ տիրապետել։ – Անցել է 3 տարի, ոնց էլ չլինի՝ ամեն օր կմտածես, կհիշես․․․ Ո՞վ է էդ ամեն ինչի մեղավորը։ – Ով մեզ էնտեղ ուղարկել է,– պատասխանեց Գաբրիել Արզումանյանը։ Հրապարակվեց տուժող Արթուր Ստեփանյանի նախաքննական ցուցմունքը Հարցաքննված մյուս տուժողը Արթուր Ստեփանյանն էր, որի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ դատական նիստին։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանն այսօր միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքից երկու դրվագ, քանի որ դրանցում եւ դատաքննական ցուցմունքում որոշակի հակասություններ էր տեսնում։ Նավասարդյանը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, որ Ստեփանյանը տվել է 2021 թ․ հուլիսի 20-ին․ «Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ 24։00-ի սահմաններում, մեր զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասաց, որ առավոտյան շուտ պատրաստվում ենք խմբով մեկնել Զանգելան, որտեղ խնդիր է դրվելու հակառակորդի ներթափանցած դիվերսիոն խմբերին հայտնաբերել եւ ոչնչացնել եւ ավելացրել՝ ով է ցանկանում կամավոր մասնակցել այդ գործողությանը»,– ասաց մեղադրողը։ Տուժող Արթուր Ստեփանյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախորդ նիստին Ստեփանյանը նշել էր ոչ թե դիվերսիոն խմբերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու, այլ ինչ–որ անձանց՝ հակառակորդին կամ վիրավորներին դուրսբերելու հրահանգի մասին։ Այսօր ասաց՝ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը։ Մյուս դրվագն էլ վերաբերում էր Անդրանիկ Մակարյանի գործողություններին, ինչի վերաբերյալ տուժողը նախաքննության ժամանակ ասել էր․ «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05։30-06։00-ի սահմաններում, շարվել ենք Կապանի հրետանային գնդի շարահրապարակում, եկավ Մակարյանը, դարձյալ բացատրեց խնդիրը եւ մեր կողմից ակնկալվող գործողությունները՝ ասելով, որ ընդհանուր գործողությունը ղեկավարելու է ինքը, այն պետք է կատարենք 2 խմբով, իսկ մյուս խումբը, որի կազմում լինելու է ինքը, Կովսականին մոտենալու է մեր գնացած ուղղությանը հակառակ կողմից,– ընթերցեց մեղադրողը։ Ստեփանյանն ասաց, որ ինքը հակասություն չի տեսնում, գնալու էին վիրավորներին հանելու, եւ հնարավոր է՝ թաքնված մարդիկ լինեին, դրանից պետք է զգույշ լինեին, ոչնչացնեին։ Ինչ վերաբերում է Մակարյանի՝ խմբի կազմով հակառակ կողմից մոտենալու հանգամանքին, նա ասաց, որ երեք տարի է անցել, դա չի հիշում, այդ պատճառով էլ նախորդ նիստին չի նշել։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ինֆոքոմի
15:44 - 09 դեկտեմբերի, 2023
Պետական կրթաթոշակները բարձրացվել են մոտ 13 անգամ, հատկացվել՝ միայն Մանկավարժական համալսարանի 228 ուսանողի

Պետական կրթաթոշակները բարձրացվել են մոտ 13 անգամ, հատկացվել՝ միայն Մանկավարժական համալսարանի 228 ուսանողի

18-ամյա Հասմիկն այս տարի ընդունվել է Երեւանի պետական համալսարան եւ ուսումնական տարվա սկզբում իր ուսանողական էլեկտրոնային փոստի հասցեին ստացել ֆակուլտետից ուղարկված ռեկտորի հրամանը՝ այն մասին, որ 2023-2024 թթ ուստարվա առկա ուսուցման 1-ին կուրսի անվճար համակարգ ընդունվածներին սեպտեմբերի 1-ից հատկացվելու է կրթաթոշակ։ Նրան տրամադրվել է նաեւ համալսարանի կողմից բացված բանկային քարտ՝ կրթաթոշակը ստանալու նպատակով։  Օրեր անց, սակայն, Հասմիկը եւ անվճար համակարգ ընդունված նրա կուրսընկերները Ուսանողական խորհրդի հայտարարությունից տեղեկացել են, որ իրականում կրթաթոշակակիր չեն, քանի որ ուսումնական տարվա նախաշեմին Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է կատարել։ Ֆակուլտետից այդ մասին իրազեկում, սակայն, այլեւս չի եղել։ Այս տարվա օգոստոսի 24-ին Կառավարությունը փոփոխել է բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափն ու պայմանները։ Եթե նախկինում պետական բոլոր բուհերի բոլոր բաժիններում պետպատվերով, ինչպես նաեւ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներն էին ստանում կրթաթոշակ, այժմ սահմանվել է պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկ, որոնք սովորելու դեպքում միայն ուսանողը կդառնա կրթաթոշակակիր։ Այս տարվանից կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի 11 կրթական ծրագրերում սովորողները միայն Պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառվել է բացառապես Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկակական, այլ կերպ ասած՝ ԲՏՃՄ (STEM) ուղղություններով մասնագիտական մանկավարժության 11 կրթական ծրագիր։ Դրանք են՝ ֆիզիկա, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն։ Այսինքն՝ այս տարվանից պետական կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի վերոնշյալ բաժինների առկա համակարգի բակալավր եւ մագիստրատուրա ընդունված ուսանողները միայն (հեռակաները նախկինում էլ կրթաթոշակակիր չեն եղել, իսկ ասպիրանտների կարգը չի փոխվել), իսկ մյուս համալսարանների այս կամ այլ բաժիններում պետպատվերով սովորողները այսուհետ չեն ստանալու կրթաթոշակ (բացառությամբ մինչև 2023-2024 ուստարվա ընդունվածների)։ Այս ուսումնական տարում կրթաթոշակ են ստանալու Մանկավարժական համալսարանի հիշյալ բաժիններում սովորող բոլոր ուսանողները, հաջորդ տարվանից գործելու է առաջադիմության շեմ։ Կատարված փոփոխությամբ կրթաթոշակի չափն ավելացել է միջինում 13 անգամ։ Առաջին կուրսում հիշյալ մասնագիտություններ սովորող բոլոր ուսանողները կստանան 70 հազար դրամ, հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 հազար, իսկ 90,01% եւ բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար։ Նոր որոշմամբ անդրադարձ կա նաեւ հաշմանդամություն ունեցող եւ առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան սովորողների կրթաթոշակների կարգին։ Տարբեր հիմքերով կրթաթոշակի միաժամանակ հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը: Կառավարության այս որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 25-ին։ 5000-ական դրամ կրթաթոշակների կարգը գործում է միայն մինչեւ 2023-2024 ուստարին ընդունվածների համար  Մինչեւ հիշյալ օրենսդրական փոփոխությունը բուհերում կրթաթոշակների կարգը եւ չափը սահմանվում էր ՀՀ վարչապետի՝ 1999 թ․ N 217 եւ ՀՀ կառավարության 2006 թ․ N 1183-Ն որոշումներով։ Դրանց համաձայն՝ ուսանողներին պետական կրթաթոշակ էր տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաեւ մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաեւ նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Բակալավրում պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 5000 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200, իսկ մագիստրոսներինը` 5500: Քննաշրջանի ավարտին միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 6050 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը եւ մագիստրոսներինը` 6300։ Կրթաթոշակների այս կարգը այժմ գործում է միայն 2023-2024 ուստարվանից առաջ ընդունվածների համար։ Ըստ նախագծի հիմնավորումների՝ կրթաթոշակների համար բյուջեից հատկացումները նպատակային չեն եղել Օրենսդրական այս փոփոխության հիմնավորումներում, որ հեղինակել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, նշված է, որ բարձրագույն եւ մասնագիտական կրթության ոլորտում կրթաթոշակների համար պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա նպատակային չի համարվում եւ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով, որ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում (մինչեւ 5000 դրամ կրթաթոշակը վերաբերում է միջին մասնագիտական եւ նախնական արհեստագործական  ուսումնական հաստատություններին)։ Ըստ հիմնավորումների՝ կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններն ու չափերը կնպաստեն ՀՀ տնտեսությունը եւ աշխատաշուկան նոր եւ որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաեւ համապատասխան բուհերի՝ հիշյալ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության եւ գրավչության բարձրացմանը։  Կառավարության նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնագիտությունների ընտրությունը պայմանավորել է դրանց ցածր պահանջարկով․ «Վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար, միեւնույն ժամանակ ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով նոր, երիտասարդ ուսուցիչների»,- ասել է նա։ Կրթաթոշակների նոր չափը, Անդրեասյանի խոսքով, էական ազդեցություն կունենա ԲՏՃՄ ուղղություններով սովորող ուսանողների թվի աճի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն, որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից մեր ստացած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ ուստարում հիշյալ մասնագիտությունների կրթաթոշակների համար պետբյուջեից տրամադրվել է 181 միլիոն 440 հազար դրամ։ Այս տարի բակալավրում բոլոր 11 մասնագիտություններին հատկացվել է 348 տեղ, որից համալրվել է 64-ը, իսկ մագիստրատուրայում՝ 7 մասնագիտություններին (տեղեր չեն հատկացվել Մաթեմատիկա-Ֆիզիկա, Մաթեմատիկա-Ինֆորմատիկա, Կեսաբանություն-Քիմիա, Աշխարհագրություն-Բնագիտություն ծրագրերին)՝ 224 տեղ, որից համալրվել է 170-ը։  Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի բակալավրի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում  Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի մագիստրատուրայի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում  Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել Նախագծի քննարկման փուլում` գերատեսչությունները տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ են ներկայացրել փոփոխության վերաբերյալ։ Դրանց մի մասն ընդունվել է ամբողջությամբ, մի մասը՝ մասամբ, մի մասն էլ մերժվել է։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ չհաղթահարված է մնացել միայն Ֆինանսների նախարարության բացասական կարծիքը։  Ամփոփաթերթում Ֆիննախի  կարծիքն ամբողջությամբ ներառված չէ, նշված է միայն, որ նախարարությունը նախագիծը խնդրահարույց, իսկ դրա հետագա քննարկումը ոչ նպատակահարմար է համարել՝ նախքան վերոհիշյալ հարցերի համակողմանի ուսումնասիրությունն ու հստակեցումը:  «Վերոհիշյալ հարցերի» բովանդակությանը ծանոթանալու համար դիմել ենք Ֆինանսների նախարարությանը եւ ստացել նախագծի վերաբերյալ կարծիքն ամբողջությամբ։ Ըստ այդմ, Ֆինանսների նախարարությունը նշել է, որ բացահայտված չեն կրթաթոշակի չափերի ձեւավորման սկզբունքները, իսկ առաջարկվող կրթաթոշակի չափերի փոփոխությունը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից տարեկան կտրվածքով լրացուցիչ մոտ 1.3 մլրդ դրամի հատկացման անհրաժեշտության, ինչը անհարկի կմեծացնի այդ մասնագիտությունների գծով կրթական ծախսերը՝ առանց ցանկալի արդյունքների եւ արդյունավետության ապահովման: Ֆիննախը նշել է նաեւ, որ պարզ չէ, թե կրթաթոշակի ավելացման առաջարկությունն ինչպես է ազդելու այդ մասնագիտությունների գծով ընդունելության ցուցանիշների լավարկման եւ համապատասխան մասնագիտությունների գծով շուկայի պահանջարկի բավարարման վրա․ «Ուսանողության շրջանում նշված մասնագիտությունների գծով կրթություն ստանալու ցածր պահանջարկը, մեր կարծիքով, առհասարակ կրթաթոշակի ոչ գրավիչ լինելու մեջ չէ, այլ տվյալ մասնագիտությունների գծով բուհերի կողմից տրամադրվող գիտելիքների եւ իրական հատվածում ներկայիս տնտեսության պահանջներին դրանց մասնագիտական որակավորման անհամապատասխանությունը, կամ էլ աշխատաշուկայում այդ մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի ցածր մակարդակը, և որպես արդյունք՝ նշված մասնագիտությունների ոչ գրավիչ/մրցունակ աշխատավարձերը»,- ասված է կարծիքի մեջ։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը, ըստ էության, փոխարինում են ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։  ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Հասմիկը, սակայն, այն կարծիքին է, որ կլինեին ուսանողներ, որոնց այդ՝ թեկուզ չնչին գումարը օգտակար կլիներ։ Ըստ նրա՝ եթե անգամ ֆինանսական առումով գլոբալ փոփոխություններ չբերեր, առնվազն իր եւ իր կուրսընկերների համար մոտիվացիայի առիթ կլիներ։ Նախագծի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահությունը՝ նշելով, որ դիմել է ԵՊՀ գիտական խորհրդի սովորող անդամներին՝ խնդիրը ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում քննարկելու համար։ ԵՊՀ-ն օրերս առաջարկությունների նախագիծ է ներկայացրել Կառավարությանը Նոյեմբերի 16-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստը։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Խորհուրդը հաստատել է առաջարկությունների նախագիծ, որը նոյեմբերի 28-ին ուղարկել է Կառավարություն։ Նախագծով ԵՊՀ ԳԽ-ն առաջարկել է, որ վերոնշյալ 11 մասնագիտություններից բացի պետական կրթաթոշակ սահմանվի Կառավարության նախկին որոշման պայմաններին բավարարող բոլոր ուսանողների համար, եւ այդ որոշմանը տրվի հետադարձ ուժ, որ փոխհատուցվի 2023 թ․ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների կրթաթոշակը։ Դրանից բացի, առաջարկել է սահմանաչափերը նախատեսելիս վերանայել նախկին որոշմամբ սահմանված պետական կրթաթոշակի չափը՝ էականորեն լավարկելով այն եւ ներդնելով պետական կրթաթոշակի սահմանաչափի հաշվարկման համապատասխան սկզբունքներ։ «ԳԽ առաջարկությունների համար հիմք են հանդիսացել իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ № 1183-Ն որոշումը, որը սահմանում է պետական կրթաթոշակներից օգտվելու ընդհանուր պայմանները՝ հստակ նախատեսելով կրթաթոշակի տրամադրումը նշված համակարգում սովորող բոլոր ուսանողների համար, մինչդեռ № 1430-Ն և № 217 որոշումները սահմանում են այդ կրթաթոշակի սահմանաչափերը՝ ի կատարումն № 1183-Ն որոշման: Հետևաբար ներկայումս № 1183-Ն որոշման համաձայն՝ բոլոր ուսանողներն ունեն այդ կրթաթոշակից օգտվելու իրավունք, սակայն ՀՀ Կառավարությունը չի սահմանել այն սահմանաչափը (բացառությամբ հիշյալ 11 մասնագիտությունների), որի համատեքստում մյուս կրթական ծրագրերում սովորող ուսանողները 2023-2024 թթ ուստարվանից սկսած պետք է իրացնեն պետական կրթաթոշակ ստանալու իրենց իրավունքը»,- հայտնեց ԵՊՀ խոսնակը։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ ԵՊՀ «Կրթաթոշակի մասին» հրամանի ընդունումը, որ ստացել է ուսանողը, եղել է անճշտության հետեւանք։ Մեկ այլ հրամանով այն համարվել է անվավեր։ Կրթության փորձագետը ընտրված լուծումը ոչ ամբողջական է համարում Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս քաղաքականությունը պետք է ամբողջական շղթայով վարել։ «Ենթադրենք՝ այդ ուղղություններին տվեցինք կրթաթոշակ, մարդը եկավ, անվճար սովորեց, 70-80 հազար կրթաթոշակ ստացավ ու գնաց՝ այլ ոլորտում աշխատելու, ի՞նչ է ստանալու կրթության ոլորտը այս ամենից»,- հարց է բարձրացնում փորձագետը՝ նշելով, որ ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատել պարտադրելը եւս ժամանակակից աշխարհում կենսունակ մեթոդ չէ։ Խաչատրյանի խոսքով՝ հավանականություն, որ սովորողներից մի քանիսը կաշխատեն կրթության ոլորտում, կա, բայց դա լիարժեք չէ։ Այս ձեւով, ըստ նրա, կարող է Մանկավարժական համալսարանի ուսանողների թիվը ավելանալ, ինչը պարտադիր չի նշանակի, որ նաեւ ուսուցիչների թիվը կավելանա։  Սերոբ Խաչատրյանը մեկ այլ հարց էլ է բարձրացնում․ կրթաթոշակի ընտրված չափը հավասար է դպրոցում մեկ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձին, ինչը եւս ճիշտ չէ։ Լուծումը, ըստ նրա, աշխատաշուկայում ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելու մեջ է․ «Եթե ուզում ենք, որ մարդիկ գլուխ ջարդեն մանկավարժ դառնալու համար, այս ոլորտում էլ պետք է աշխատավարձի, սոցիալական երաշխիքների հարց լուծենք, այսինքն՝ մի քանի բան զուգահեռաբար անենք, միայն կրթաթոշակով չի լինի, կրթաթոշակը դրա մի մասն է»,– ասում է փորձագետն ու նշում՝ որ մարդուն նախ հետաքրքիր է, թե որքան է վարձատրվելու՝ տվյալ մասնագետը դառնալով։ Խաչատրյանն ընդգծում է՝ այսօր ուսանողը պատրաստ է լինում նույնիսկ 1 միլիոն դրամ ուսման վարձ վճարել, եթե իր մասնագիտացումը հետագայում ապահովելու է բարձր վարձատրություն։ Մեկ այլ խնդիր էլ, ըստ Սերոբ Խաչատրյանի, այն է, որ կրթաթոշակի բարձրացումը տեղի է ունեցել մյուս ուսանողներին կրթաթոշակից զրկելու հաշվին։ Փորձագետի կարծիքով՝ միգուցե ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով է կրթաթոշակ հատկացվել միայն մեկ բուհի, բայց այնպես չէ, որ մասնագետների պակասի խնդիրը միայն մանկավարժությանն է վերաբերում. այն առկա է թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական ոլորտներում։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ վարչապետի աշխատակազմի դիտարկումներին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, որ ընդունելության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ընդհանուր համատեքստում կքննարկվի մասնագիտությունների ցանկի վերանայման հարցը: ԿԳՄՍՆ-ին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո այդ հարցն արդյո՞ք քննարկվել է։ Եթե այո, ի՞նչ եզրահանգման է եկել նախարարությունը եւ ի՞նչ հիմնավորմամբ, իսկ եթե ոչ, ե՞րբ է պատրաստվում քննարկել։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից այս հարցին հստակ պատասխան չի տրվել։ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտնել է, որ բարձրագույն կրթության ոլորտն այժմ բարեփոխումների ընթացքի մեջ է․ «2022թ. դեկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից բխող գործողությունների ծրագրում, ի թիվս այլնի, ամրագրված են հետեւյալ միջոցառումները. բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում եւ բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով, ինչպես նաեւ բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում եւ փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների՝ բուհական կրթական համակարգից դուրս մնալու դեպքերը»,- ասված է պատասխանում։   Գլխավոր նկարի ետնապատկերը՝ ԵՊՀ ֆեյսբուքյան էջից Միլենա Խաչիկյան
17:45 - 06 դեկտեմբերի, 2023