ԿԱՐԴԱԼԻՔ

Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

2021-ին քիմիկոս Մարինա Աղայանը, որ 2000-ականներին մեկնել էր արտասահման՝ գիտական գործունեություն ծավալելու, ապա թողել էր գիտությունն ու բիզնեսով էր զբաղվում, վերադարձավ Հայաստան՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնադրելով գիտական նոր թիմ։ Մարինա Աղայանի՝ Հայաստան վերադարձով մեր երկրում երիտասարդ գիտնականների թիվն ավելացավ ևս մեկով։  2023-ին Հայաստանում եղել է 4312 գիտնական։ Այս գիտնականների շուրջ 31%-ը մինչև 35 տարեկան է, 27%-ը՝  35-49, 17%-ը՝ 50-64, 25%-ը՝ 65 տարեկան և բարձր։* Գիտնականների տարիքային բաշխվածությունը, սակայն, միշտ չէ, որ այս տեսքն է ունեցել։ 2016 թվականին, օրինակ, 35 տարեկանից ցածր գիտնականներն ընդամենը 25% են կազմել, մինչդեռ 65 և ավելի տարեկան գիտնականները՝ 29%: Հետագա տարիներին այս համամասնությունն աստիճանաբար փոխվել է, իսկ էական փոփոխություն արձանագրվել է 2022 թվականին։ Կառավարությունն այս փոփոխությունը պայմանավորում է գիտության ֆինանսավորման աճով, երիտասարդներին գիտական գործունեության մեջ ներգրավելուն և ասպիրանտներին աջակցելուն միտված ծրագրերի ներդրմամբ։ Գործադիրը, սակայն, դեռ գոհ չէ աճի տեմպից։ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթույթան և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահն ասում է՝ գիտություն եկած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի։ Կառավարությունը ցանկանում է իրականացնել «արդյունավետ սերնդափոխություն»՝ ստեղծելով երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու ինստիտուցիոնալ համակարգ։  Կառավարությունը սերնդափոխության և գիտության ու կրթության մեջ առկա այլ խնդիրները լուծելու նպատակով նախատեսում է խոշորացնել պետական բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և դրանց միավորմամբ ստեղծել 6 մեծ համալսարաններ, որտեղ գիտական կազմակերպությունները կգործեն որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող ստորաբաժանումներ։ Բարձրագույն կրթության և գիտության՝ միավորման միջոցով ինտեգրումն, ըստ կառավարության, կլուծի գիտության արդյունավետ սերնդափոխության խնդիրը։  Բուհերից ու գիտական կազմակերպություններից «Ինֆոքոմի» հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին երիտասարդ և միջին տարիքի (մինչև 50 տարեկան) գիտնականների համամասնությամբ առաջատար են բուհերը, նրանցից մի փոքր հետ են մնում գիտական անկախ կառույցները, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներն են, իսկ ամենավերջում՝ գերատեսչական գիտական կառույցները։   Ինչպիսին է պատկերը բուհերում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ), Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) առաջատարներն են երիտասարդ և միջին տարիքի գիտնականների համամասնությամբ։ Նրանց հաջորդում են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։¹ Վերջին տարիներին երիտասարդ՝ մինչև 35 տարեկան գիտնականների թվի կտրուկ աճ է գրանցել Երևանի պետական համալսարանը, նվազում՝ Շիրակի պետական համալսարանը։ Բոլոր բուհերի տվյալները կարող եք տեսնել՝ թերթելով նկարները։*   Ինչպիսին է պատկերը Գիտությունների ազգային ակադեմիայում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) 5 գիտական կառույցներ նույնքան երիտասարդ են, որքան ամենաերիտասարդ բուհերը։ Մասնավորապես, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միասին 2024-ին կազմել են մոտ 87%, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում՝ 80%, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (ՔՖԻ)՝ մոտ 74,6%, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ)՝ 71,4%, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ԻԱՊԻ)՝ 65,2%։ ԳԱԱ 31 գիտական կազմակերպություններից² 17-ում մինչև 50 տարեկան գիտնականների համամասնությունը 50%-ից բարձր է, սակայն մնացած 14 կազմակերպություններում իրավիճակը կտրուկ տարբեր է վերոնշյալից․ մինչև 50 տարեկան գիտնականների ներգրավվածությունը ցածր է 50%-ից։ ԳԱԱ բոլոր 33 կառույցներում վերջին տարիներին որոշակիորեն աճել է երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը։ Կտրուկ աճ է գրանցել Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը՝ 2024 թվականին գրեթե կրկնապատկելով մինչև 35 տարեկան գիտնականների թիվը։ Առանձին ինստիտուտներում գիտնականների՝ ըստ տարիների տարիքային բաշխվածությունը կարող եք ուսումնասիրել՝ թերթելով նկարները։   Ինչպիսին է պատկերը գիտական անկախ կառույցներում Մեր ուսումնասիրած գիտական անկախ կառույցներից միայն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) է հետ մնում բուհերից։ Առաջատարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն (ՀՑԹԻ) է, որտեղ երիտասարդ և միջին տարիքի գիտնականները 2024-ին կազմել են մոտ 94%, հաջորդում է Մատենադարանը՝ մոտ 66,7%-ով, ապա ԱԱԳԼ-ն է՝ մոտ 52%-ով։  Ստորև կարող եք տեսնել նաև, թե այս կառույցներում ինչպես է փոփոխվել տարբեր տարիքային խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։ Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտն ու Մատենադարանը այն եզակի կառույցներից են, որոնք խոշորացումից ու միավորումից հետո գործելու են առանձին։   Ինչպիսին է պատկերը գերատեսչական կառույցներում Բացի ԳԱԱ ինստիտուտներից ու անկախ կառույցներից՝ Հայաստանում գործում են նաև գերատեսչական կառույցներ։ Մենք հավաքագրել ենք Առողջապահության և Էկոնոմիայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գիտական հաստատությունների տվյալները։  Ստորև կարող եք տեսնել, թե գերատեսչական կառույցներում ինչպես է փոփոխվել տարիքային տարբեր խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։   *** Այսպիսով, ԳԱԱ կազմում և դրանից դուրս կան գիտական կազմակերպություններ, որոնք այս պահի դրությամբ, չգործելով որևէ համալսարանի կազմում, ավելի երիտասարդ են, քան բուհերից շատերը։  Մենք զրուցել ենք այդ գիտական կազմակերպություններից մի քանիսի տնօրենների հետ՝ խնդրելով ներկայացնել, թե նրանք երիտասարդներին ներգրավելու և գիտության մեջ պահելու ինչ քաղաքականություն են վարում։   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) մեկն է ԳԱԱ ամենաերիտասարդ ինստիտուտներից։ Ստորև ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այս կառույցում երիտասարդացումը նոր երևույթ չէ․ դեռ 2016-ին ինտիտուտում մինչև 50 տարեկան գիտնականները կազմում էին 57,3%, և այդ թիվը գնալով աճել է՝ 2024-ին հասնելով 71,4%-ի։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանն ինստիտուտում աշխատում է 1998-ից։ Նա հիշում է, որ դեռ նախկին տնօրենի՝ Աննա Բոյաջյանի օրոք էր երիտասարդներին ներգրավելը ինստիտուտի կարևոր առաջնահերթություններից մեկը, և երբ 2015-ին ինքը ստանձնեց տնօրենի պաշտոնը, «բավական լավ բազա կար»։ Ինչպե՞ս էր ստացվում երիտասարդներին գրավել ու պահել գիտության մեջ 2000-ականներին, երբ գիտության ֆինանսավորումն այսօրվա համեմատ շատ քիչ էր։ Պատասխանելով այս հարցին՝ Արսեն Առաքելյանը մի քանի քայլ է առանձնացնում՝ ՄԿԻ-ն դեռ 2000-ականներից ուներ հետաքրքիր ու ժամանակակից հետազոտական ուղղություններ, երիտասարդներն առաջին իսկ օրվանից ընդգրկվում էին հետազոտական աշխատանքներում, նրանց հնարավորություն էր տրվում լաբորատորիայում աշխատելու և սխալվելու, երբ հետազոտական որևէ ծրագիր էր իրականացվում, չէր ստեղծվում այնպիսի իրավիճակ, որ միայն լաբորատորիայի ղեկավարը կամ ավագ գիտաշխատողները վարձատրվեին․ վարձատրվում էին բոլորը, Հայաստանում ֆինանսական սուղ պայամանների պարագայում ՄԿԻ-ն դիմում էր միջազգային ֆոնդերի և ֆինանսավորում ներգրավում, երիտասարդ գիտաշխատողներին որոշ ժամանակով ուղարկում էին արտասահմանում հետազոտություններ իրականացնելու։ Արսեն Առաքելյանի խոսքով այս ամենի շնորհիվ երիտասարդները զգում էին, որ իրենք թիմի մաս են։ Խոսելով այն մասին, որ Հայաստանում շատ հաճախ խնդիր կա նաև միջին տարիքի գիտնականների, որոնք պետք է ղեկավարեն երիտասարդներին, Արսեն Առաքելյանն առանձնացնում է երկու պատճառ։ Նախ՝ շատերը, որոնք հիմա պիտի միջին տարիքային խմբում լինեին, ժամանակին հեռացել են Հայաստանից կամ առհասարակ թողել են գիտությունը, բացի այդ՝ հաճախ է եղել, որ լաբորատորիաների վարիչները բավարար ջանք չեն գործադրել նոր պոտեցնիալ ղեկավարներ կրթելու և պատրաստելու ուղղությամբ: Նա նշում է, որ ՄԿԻ-ում այդ խնդիրը չկա․ իհարկե, ունեցել են լաբորատորիաներ, որոնք փակվել են, սակայն հիմնական ուղղությունների դեպքում ղեկավարումը հնարավոր է եղել փոխանցել ավելի երիտասարդ գիտնականի, որը շարունակել ու զարգացրել է այդ ուղղությունը՝ ըստ անհրաժեշտության ձևափոխելով և արդիականացնելով։ Իսկ երիտասարդ գիտնականների՝ ղեկավարելու կարողությունները զարգացնելու համար ՄԿԻ-ն հնարավորություն է ստեղծում երիտասարդական գիտական խմբերի ձևավորման համար։ Արսեն Առաքելյանի խոսքով, եթե լինում են այնպիսի երիտասարդ գիտնականներ, որոնք ցանկանում են գործել որպես առանձին գիտական միավոր, նրանց այդ հնարավորությունը տրվում է։ ՄԿԻ տնօրենը նշում է՝ արդեն ունեցել են նախադեպեր, երբ նման խմբերի հիման վրա նոր լաբորատորիաներ են ստեղծվել ինստիտուտում։ Խոսելով այն մասին, թե ինչպիսին է կապը բուհերի և ուսանողների հետ, Արսեն Առաքելյանն ասում է՝ չնայած նախկինում այդ կապը ոչ ֆորմալ էր, երիտասարդների ներհոսք տեղի էր ունենում, քանի որ «Հայաստանը փոքր է, և անձնական կապերն աշխատում են»։  Այժմ այդ կապը ֆորմալացված է․ ՄԿԻ-ին Հայ-ռուսական համալսարանում բազային ամբիոն ունի։ Արսեն Առաքելյանը բազային ամբիոնները համագործակցության լավ տարբերակ է համարում, ասում է՝ թղթաբանությունը շատ է, բայց արդյունքը երևում է այն ուսանողների տեսքով, որոնք հետո գալիս են գիտություն, կամ եթե անգամ այլ ոլորտ են ընտրում, ունենում են գիտելիքի բավարար մակարդակ այդ ոլորտում կայանալու համար։ Հարցին, թե արդյո՞ք բուհերի հետ միավորումը և ուսանողներին ուղիղ հասանելիությոնը կնպաստի արդյունավետ սերնդափոխությանը, ՄԿԻ տնօրենը պատասխանում է՝ սերնդափոխության խնդիրները կարելի է լուծել շատ տարբեր եղանակներով։ «Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ չափելի նախնական տվյալներ չունենք․ տրամաբանության տեսակետից հնչում է շատ լավ, բայց խնդիրը միայն ուղղակի հասանելիությունը չէ։ ․․․․ Միավորումն ամենակարևոր բանը չէ սերնդափոխության հարցում․ ավելի շատ մտածելակերպի փոփոխություն է պետք։ Անգամ եթե մեր ինստիտուտը միավորվի ինչ-որ մի բուհի հետ, եթե մեր լաբորատորիայի ղեկավարը չփոխի իր մոտեցումը նոր կադրերի վերաբերյալ, համալսարանի ներսում լինի, թե դրսում, լաբորատորիան չի զարգանա։ Իսկ եթե ուզի, երբևիցե չի խանգարի այն փաստը, որ ինչ-որ համալսարան գտնվում է 10 կմ հեռավորության վրա»,- ասում է Արսեն Առաքելյանը ՄԿԻ տնօրենը նշում է՝ սերնդափոխության մասին խոսակցություններն, արդեն տարիներ է, ինչ կան, և այդ տարիների ընթացքում կարելի էր պիլոտային ծրագիր իրականացնել, որը միտված կլիներ բարձրագույն կրթության և գիտության մերձեցմանը․ «Օրինակ, լիներ բազային ամբիոնների, համատեղ հետազոտական ծրագրերի մրցույթ կամ համատեղ մշակվող կրթական ծրագրերի նախաձեռնություն։ Դժվար բան չէ»։   Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ԳԱԱ մեկ այլ կառույցի՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին (ՔՖԻ), միայն վերջին տարիներին է հաջողվել երիտասարդ գիտնականների թվի զգալի աճ ապահովել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է ՔՖԻ-ում փոխվել տարիքային խմբերի համամասնությունը 2016-ից մինչև հիմա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը վերջին տարիների երիտասարդացումը պայմանավորում է նախ այն հանգամանքով, որ ինտիտուտում փակվել են անարդյունավետ գործող լաբորատորիաները, ստեղծվել են 5 նոր լաբորատորիաներ ու գիտական նոր խմբեր, երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի։ ՔՖԻ-ն առաջիկայում նոր երիտասարդ թիմեր էլ է ստեղծելու։ ՔՖԻ տնօրենը երիտասարդացման հարցում կարևորում է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ վերջին տարիների քաղաքականությունը։ Խոսքը, մասնավորապես, հետազոտական դրամաշնորհային ծրագրերում երիտասարդ կադրերի պարտադիր ներգրավման և որոշ ծրագրերի դեպքում՝ այդ երիտասարդներին բազային աշխատակիցներ դարձնելու պահանջի, ինչպես նաև երիտասարդներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման ուղարկելու ծրագրի մասին է։ «ԲԿԳԿ թե՛ պահանջները, թե՛ վարած քաղաքականությունը խիստ համահունչ են եղել մեր ուզածին, և դա ինչ-որ պահի սիներգիկ էֆեկտ է տվել, որ կտրուկ է եղել աճը»,- ասում է ՔՖԻ տնօրենը։ Հաշվի առնելով, որ երիտասարդներն անփորձ են ու կարող են գիտական կարիերան չշարունակել՝ Սեյրան Մինասյանը կարևորում է ոչ միայն երիտասարդների ներգրավումը, այլ նաև ինստիտուտում տարիքային խմբերի այնպիսի համամասնության ապահովումը, որ համակարգը հավասարակշռված և ինքնավերարտադրվող լինի։ Սա ենթադրում է, որ ինտիտուտում պիտի լինեն նաև բավարար քանակի ավագ, առաջատար, գլխավոր գիտաշխատողներ, այսինքն՝ փորձառու գիտնականներ, որոնք կղեկավարեն երիտասարդ կադրերին։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ խոսքը հիմնականում 40-60 տարեկան գիտնականների մասին է․ ժամանակին միայն իրենց ինստիտուտից 20 գիտնական է հեռացել, որոնք հիմա տարիքային այս խմբում պիտի լինեին։ Ավելի փորձառու գիտնականների ներգրավելու ուղղությամբ քայլերից խոսելով՝ Սեյրան Մինասյանը նշում է․ «Դուք չունեք այն կախարդական փայտիկը, որով հարվածեք սեղանին, և միանգամից ութ 45 տարեկան լիդեր հայտնվի ինստիտուտում․ դա անհնար բան է։ Այսինքն` մի մասը բնական ճանապարհով պետք է ձևավորվեն»։ ՔՖԻ տնօրենի խոսքով այդ տարիքի գիտնականներ ներգրավելու այլ ճանապարհներ էլ կան։ ՔՖԻ-ում, օրինակ, վեջին տարիներին երկու լաբորատորիա է ստեղծվել, որոնց ղեկավարները 40 տարեկան տարիքային խմբում են, նախկինում հետազոտություններ էին իրականացնում արտասահմանում և ինչ-ինչ պատճառներով վերադարձել են Հայաստան։ ԲԿԳԿ արտերկրի գիտնականների` Հայաստանի գիտական համակարգին ինտեգրման ծրագրով ինստիտուտ եկած գիտնականներից մեկը ևս տարիքյաին այդ խմբում է։  Սեյրան Մինասյանը կարևորում է, որ 65 տարեկան և բարձր տարիքային խմբի սփյուռքահայ գիտնականների ներուժը ևս օգտագործվի, նրանց ղեկավարությամբ էլ երիտասարդ թիմեր ձևավորվեն Հայաստանում։ Վերջերս, օրինակ, ՔՖԻ-ում նոր լաբորատորիա է ստեղծվել, որի ղեկավարումը ստանձնել է սփյուռքահայ գիտնական Գագիկ Գուրզադյանը։ Վերջինս նախկինում հետազոտություններ է իրականացրել Դալիանի տեխնոլոգիական համալսարանում և այժմ տեղափոխվել է Հայաստան։ Սեյրան Մինասյանի խոսքով կարևոր է ուշադրության կենտրոնում պահել արտասահմանում գիտական կարիերան ավարտող կամ թոշակի անցնող հայազգի գիտնականներին ու նրանց հրավիրել Հայաստան՝ երիտասարդ թիմեր ձևավորելու։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև իրենց ինստիտուտում կձևավորվի տարիքային խմբերի ցանկալի համամասնություն։ Խոսելով բուհերի հետ կապի մասին՝ Սեյրան Մինասյանն ասում է՝ իրենց խմբերի ու լաբորատորիաների վարիչների առնվազն 30%–ը դասավանդում է։ Մյուս կողմից նա նշում է մի կարևոր խնդիր․ որքան էլ դասավանդեն ու համալսարանների հետ կապ ունենան, քիմիա մանսագիտությամբ դիմորդների թիվը շատ փոքր է՝ ի տարբերություն ֆիզիկայի, որտեղ վերջին տարում դիմորդների թիվն ավելացել է։  Հարցին, թե արդյո՞ք բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը կնպաստի սերնդափոխությանը, ՔՖԻ տնօրենը պատասխանում է՝ կախված է միավորման մեխանիզմներից։ «Կարելի է և՛ միավորված աշխատել, և՛ առանձին․ ամեն ինչ կախված է մեխանիզմից։ Եթե գործողությունները բալանսավորված լինեն, այն մակարդակի հարաբերություններ, ինքնուրույնության աստիճան լինեն, որ ոչ թե մեկը մյուսի հաշվին լինի, այլ հակառակը, մեխանիզմն այնպես դրված լինի, որ դրդի իրար հետ աշխատելու, այդ դեպքում կարելի է մեծ բանի հասնել»,- ասում է նա։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանի՝ հետազոտություններ իրականացնող այն եզակի կառույցներից է, որոնցում երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միշտ գերակշիռ մեծամասնություն են կազմել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվել տարիքային տարբեր խմբերի համամասնությունը թանգարան-ինտսիտուտում 2016-2024 թթ․ ընթացքում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հիշում է՝ այստեղ աշխատանքի ընդունվեց 2013-ին, և արդեն այդ ժամանակ անձնակազմը երիտասարդ էր։ Թագարան-ինստիտուտի տնօրենը սա պայմանավորում է երկու հանգամանքով՝ ցեղասպանագիտությունը Հայաստանի համար բավականին երիտասարդ գիտակարգ է,  Հայաստանի համար այս ուղղությունը շատ կարևոր է, և երիտասարդներին ներգրավելը միշտ ավելի հեշտ է եղել։ Նա նշում է, որ անգամ այն ժամանակներում, երբ գիտության ֆինանսավորումը ցածր էր, մարդիկ մնում էին ոլորտում, քանի որ դա իրենց առաքելությունն էին համարում։  Էդիտա Գզոյանի խոսքով հիմա կադրեր ներգրավելն անհամեմատ հեշտ է դարձել՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ բոլոր ծրագրերում հստակ պահանջ կա երիտասարդ գիտաշխատողներ ներգրավելու։ Նա նշում է՝ 2025-ին արդեն հասցրել են 5 երիտասարդի ընդունել աշխատանքի, նաև թեմատիկ նոր ուղղություններ են ուզում ավելացնել, որոնց համար մասնագետներ կպահանջվեն։ Տնօրենի խոսքով դեպի թանգարան-ինտսիտուտ երիտասարդների հոսքն ապահովվում է ասպիրանտուրայի ու բուհերում դասավանդման միջոցով։ Այս տարի ԵՊՀ-ում վերաբացվելու է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, և թանգարան-ինտիտուտի գիտնականները ԵՊՀ-ից ծրագրում դասավանդելու հրավեր են ստացել։ Էդիտա Գզոյանը նշում է՝ եթե ԵՊՀ-ից այդ առաջարկը չլիներ, ինքն էր համագործակցության քայլ անելու։ Այժմ թանգարան-ինտիտուտը նախատեսում է կապեր հաստատել նաև այլ բուհերի հետ՝ համագործակցելու և՛ դասավանդման, և՛ ուսանողների համար այցեր կազմակերպելու ձևաչափերով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում խնդիր է մեծահասակ գիտնականների պակասը։ էդիտա Գզոյանը նշում է՝ ժամանակ է պետք, մինչև միջին տարիքի գիտնականները կտեղափոխվեն ավելի բարձր տարիքային խմբեր, և ինստիտուտում կլինեն բոլոր սերունդների գիտնականներ։   Գիտնականների թիվն աճում է, բայց ոչ սպասվածի պես Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է գիտնականների ընդհանուր թվի աճ։ Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Ստորև ներկայացված են ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում (և՛ բազային, և՛ դրամաշնորհային) ներգրավված բոլոր գիտնականների տվյալները: Ինչպես երևում է,  գիտնականների թվի աճ նկատվել է և՛ 2022-ին, և՛ 2023-ին, և՛ 2024-ին (պատկերն ինտերակտիվ է)։ 2024-ի դեկտեմբերին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշել էր, որ վերջին տարիներին հնարավոր է դարձել ավելացնել գիտնականների առավել արդյունավետ և պրոդուկտիվ՝ 35-39 տարեկանների հատվածը՝ հնարավորինս կանխելով ուղեղների արտահոսքը գիտությունից։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարիքային այս խմբում իրոք աճ կա․ ստորև ներկայացված է ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում ներգրավված 35-39 տարեկան գիտնականների թիվը։ «Դեպի գիտության տարբեր ճյուղեր երիտասարդների զգալի ներհոսք ապահովել» ներկայիս կառավարող ուժը խոստանում էր դեռ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ։ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ծրագրում նշվում էր, որ տեղի կունենա գիտնականների աշխատավարձերի բարձրացում, կիրականացվեն երիտասարդ գիտնականներին թիրախավորող և սփյուռքահայ գիտնականների ինտեգրմանն ու վերադարձին ուղղված ծրագրեր։   Արդյունքում ակնկալվում էր, որ մինչև 2026-ը արտերկրի գիտական կենտրոններում կվերապատրաստվի 400 գիտնական, իրականացվելիք ծրագրերի շահառու կդառնա 400 ասպիրանտ, 200 հետդոկտորական հետազոտող, Հայաստան վերադարձած կլինի 60 գիտնական, և կստեղծվի 60 հեռավար ղեկավարվող լաբորատորիա։ Ընտրություննեից հետո կառավարության հնգամյա ծրագրում ևս վերահաստատվում էր, որ նախատեսվում է մինչև 2026 թ․ Հայաստան վերադարձնել 60 գիտնականի և 60 հեռավար ղեկավարվող գիտական խումբ ստեղծել։ Խոսելով գիտնականների թվի աճի և այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերի մասին՝ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ ավելացել են հետազոտական դրամաշնորհային մրցույթները, այդ մրցույթներում առնվազն երկու երիտասարդ ունենալու պահանջ կա, դրամաշնորհներում երիտասարդների միջին աշխատավարձն էլ կրկնապատկվել է՝ 70 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։ Բացի այդ՝ բարձրացել են գիտնականների բազային աշխատավարձերը։ «Մեծ խթաններ կան երիտասարդներին դրամաշնորհային ծրագրեր բերելու։ Բացի դրանից՝ բարձր տարիքի [գիտնականների] արտահոսքն է բերում նրան, որ ինստիտուտները և բուհերը փորձում են նոր կադրեր բերել, իսկ նոր կադրերը հիմնականում երիտասարդ են․ տարիքով մեծ նոր կադրեր այդքան չկան»,- ասում է նա։  ԲԿԳԿ  նախագահը, սակայն, նշում է, որ գիտնականների թվի աճից դեռևս գոհ չեն, քանի որ գիտություն մուտք գործած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի՝ հաշվի առնելով, որ երիտասարդները կարող են լքել գիտությունը, այլ կարիերա ընտրել, բացի այդ՝ ղեկավարելու փորձառություն չունեն։  Կառավարությունը նախընտրական և հնգամյա ծրագրերում նշված թվերից հետ է մնում․ մինչև 2026 ասպիրանտների աջակցության ծրագրի 400 խոստացված շահառուի փոխարեն այս պահի դրությամբ նրանց թիվը դեռևս 139 է, Հայաստանի գիտնականների հետդոկտորական ծրագիր չի իրականացվել, իրականացվել է միայն մասնագիտական վերապատրաստման ծրագիր, և եթե կառավարությունը խոսում էր 400 գիտնականի մասին, 2024-ի տարեվերջի դրությամբ վերապատրաստման ծրագրի շահառու դարձած գիտնականների թիվը 47 է, իսկ Հայաստան գիտնականների վերադարձին միտված՝ ինտեգրման ծրագրի շահառու է դարձել 14 գիտնական, որոնցից ոչ բոլորն են վերադարձել, մինչդեռ կառավարությունը խոստանում է մինչև 2026 թվականը Հայաստան վերադարձնել 60 գիտնականի։ Վերջին ծրագի՝ սպասվածի պես չընթանալը ԲԿԳԿ նախագահը պայմանավորում է նրանով, որ ծրագրի մասնակիցներից ի սկզբանե պահանջվում է ֆունդամենտալ որոշումներ կայացնել, ինչի համար քիչ ժամանակ է տրվում։ «Մարդը պետք է որոշի, որ իր այնտեղի ապրուստը թողնում է, գալիս է Հայաստան։ ․․․․ Ի սկզբանե շատ-շատ բան է պահանջվում այդ մարդուց, և գալիս է, առերեսվում է մեր իրականության հետ, ու շատ ժամանակ նաև չի հաջողվում»,- ասում է նա։ Սարգիս Հայոցյանը խոսքով այս ծրագրի թիրախը հիմնականում այն մարդիկ են, որոնք Հայաստանից մեկնել են արտասահման ասպիրանտական կրթություն ստանալու, գուցե արդեն մեկ հետդոկտորական աշխատանք են իրականացրել և այժմ պիտի որոշեն՝ վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ գիտական կարիերան շարունակել արտասահմանում։ Ինտեգրման ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կառավարությունը նախատեսում է այն բաժանել երկու մասի․ նախ մասնակիցներին մի տարով հրավիրել Հայաստան և հնարավորություն տալ իրենց հետազոտությունների համար թիմ հավաքելու։ Նախատեսվում է թիմ հավաքելու դեպքում միայն նրանց առաջարկել Հայաստան վերադառնալու որոշում կայացնել։ Իսկ հարցին, թե ինչու է կառավարությունը հետ մնում նախընտրական ծրագրի խոստումներից, և արդյո՞ք այս բոլոր ռիսկեր հաշվի չեն առնվել, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ թվերի հետևից աշխատում են չվազել․ «Մենք, ըստ էության, խնդիր չունենք թիվ ապահովելու․ այդ պարագայում որակի առումով ենք տուժելու, իսկ դա գիտության մեջ նշանակում է սխալ խթաններ ներարկել հասարակության մեջ»։ Հարցին, թե ինչու էր այդ դեպքում կառավարությունը հավակնոտ թվեր գրում նախընտրական ծրագրում, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ ծրագիրը նաև ուղերձ է, թե ինչ է ուզում կառավարությունը․ «Կարող էինք գրել 10 գիտնական, անեինք, ուրախ լինեինք, ու ոչինչ չփոխվեր։ Կարող էինք նաև 600 գրել ու չանել։ Կարող էինք նշաձողն իջեցնել, [Սփյուռքից] չկայացած գիտնականների բերել, 60 թիվը նկարել, ասել՝ 60 ասել ենք, 60 էլ արել ենք։ ․․․․ Կարևորը, որ մենք ունենք մեխանիզմ, որը փորձարկված է ու անընդհատ բարելավում է իր առաջարկը»։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը գիտություն մուտք գործած երիտասարդներին պահելու ուղղությամբ։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ նախ ղեկավարման պոտեցնիալ ունեցողների համար երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության մրցույթ են անցկացնում։ Բացի դրանից՝ իրականացնում են հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, որի շրջանակում արտասահմանցի գիտնականները Հայաստանում երիտասարդ թիմով լաբորատորիա են ստեղծում ու հեռավար ղեկավարում այն։ Սարգիս Հայոցյանը նշում է, որ մինչ այս պահը մոտ 45 հեռավար լաբորատորիա է ստեղծվել (կառավարության ծրագրով մինչև 2026 թ․ նախատեսվում է ունենալ 60-ը), և ի զարմանս իրենց՝ հետաքրքրություն կա ոչ միայն սյփուռքահայ, այլև օտարազգի գիտնականներից․ ձախողված օրինակներ կան, բայց այս ծրագրից մեծամասամբ գոհ են։   «Այս պարագայում և՛ մրցունակ միջազգային թեմա է, և՛ երիտասարդ խումբը փորձառու ղեկավարի առաջնորդությամբ է աշխատում»,- ասում է նա։   Ասպիրանտուրայում սովորողների ու գիտական աստիճան ստացողների թիվը նվազում է Գիտական կառույցների՝ երիտասարդ գիտնականներով համալրման հիմնական ուղիներից մեկը ասպիրանտների ներգրավումն է։ Մինչև 2022 թվականը, սակայն, ասպիրանտների թիվը կայուն նվազել է՝ 2016 թվականի 1202-ի փոխարեն 2022-ին հասնելով 737-ի։  Ազգային ժողովի կողմից 2022-ի ավարտին վավերացրած «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ասպիրանտների թվի կտրուկ աճ։ Արդեն 2023 թվականին նկատվում է աննշան աճ․ 2022-ի համեմատ ասպիրանտների ընդհանուր թիվն աճում է 8-ով։ Ընդ որում՝ եթե գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը նվազում է, ապա բուհերինն աճում է։ Ստորև ներկայացված է, թե բուհերում և գիտական կազմակերպություններում ինչպես է փոխվել ասպիրանտների թիվը 2016-2023 թթ․ ընթացքում։ Եթե ուզում եք տեսնել միայն գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը, սեղմեք «Բուհերի ասպիրանտներ» կատեգորիայի վրա՝ փակելով այն, և հակառակը։   Վերջին տարիներին միայն ասպիրանտների թիվը չէ, որ նվազում է․ կառավարության կողմից բուհերին ու գիտական կազմակերպություններին հատկացվող ասպիրանտական տեղերը ևս 2020-2023 թթ․ նախորդ տարիների համեմատ քիչ էին։ Արդեն 2024-2025 ուսումնական տարում հատկացված ասպիրանտական տեղերը կտրուկ՝ 45%-անոց աճ են գրանցել։ Ասպիրանտական տեղերը կառավարությունը հատկացնում է բուհերի ու գիտական կազմակերպությունների հայտերի հիման վրա։ Ամեն կառույց կառավարությանը հայտ է ներկայացնում, թե քանի ասպիրանտի կարիք ունի տվյալ տարի, կառավարությունն էլ հայտերը հաստատում է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, ինչպիսիք են առաջարկվող ասպիրանտական հետազոտության թեման, ղեկավարներին, գերատեսչությունների պահանջները և այլն։ ԲԿԳԿ նախագահի խոսքով պահանջված մասնագիտություններով դիմորդների ու մինչև ասպիրանտուրա հասնողներ թիվը մեծ չէ, բացի այդ՝ իրենք տեղեր հատկացնելիս կարևորում են, որ ասպիրանտական հետազոտությունների թեմաները մրցունակ լինեն։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը և ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանն, օրինակ, նշում են, որ ավելի մեծ թվով ասպիրանտների ղեկավարելու հնարավորություն և ցանկություն ունեն, քան իրենց տեղեր են տրվում։  Դիտարկմանը, թե ոչ բոլոր կառույցներն են գոհ իրենց հատկացված ասպիրանտական տեղերից, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ պոտենցիալ ղեկավարներին ու մրցունակ թեմաներին ծանոթանալու նպատակով այս տարի ԲԿԳԿ-ն, բուհերից ու գիտական կազմակերպություններից հայտեր ստանալուն զուգահեռ, հայտերը հավաքագրելու է նաև անմիջապես ղեկավարներից։ Կոմիտեն նոր համակարգ է գործարկել, որտեղ ասպիրանտներ ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները կարող են մուտքագրել իրենց թեմաները։ Այս տարի ԲԿԳԿ-ն բուհերին ու գիտական կազմակերպություններին խնդրելու է ասպիրանտական տեղերի հայտերը ներկայացնելիս առաջնորդվել հենց այն թեմաներով, որոնք նոր համակարգի միջոցով ներկայացրել են այդ կառույցների պոտենցիալ ղեկավարները։ Սա, ԲԿԳԿ նախագահի խոսքով, հնարավորություն է տալու ավելի լավ ծանոթանալու մրցունակ թեմաներին և ղեկավարելու պոտենցիալ ունեցող գիտնականներին։ «Տեսականորեն հնարավոր է սցենար, որ որևէ կառույց 10 շատ լավ հայտով դիմի, հետո այդ 10 տեղը հատկացնի վատ հայտերին։ Դրա համար [ասպիրանտական տեղերը հատկացնելուց հետո] հսկելու ենք, և եթե շեղում եղավ, հաջորդ տարի անդրադառնալու է նրանց հատկացված տեղերի վերաբերյալ կայացրած որոշման վրա»,- ասում է նա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը հայտերի ընդունման սկզբունքի նման փոփոխությունը դրական է գնահատում և հույս ունի, որ հայտերը ներկայացնելուց հետո իրենց այս տարի ասպիրանտական ավելի շատ տեղեր կհատկացվեն։ Սարգիս Հայոցյանը հիշում է, որ վերջերս ԲԿԳԿ-ն վերլուծություն էր իրականացրել, որը ցույց էր տվել՝ գիտությամբ զբաղվողների ու ասպիրանտների ղեկավարների վերածածկը Հայաստանում ընդամենը 10-20% է։ Մինչդեռ, ԲԿԳԿ նախագահի խոսքով, կարևոր է, որ ասպիրանտներին ղեկավարեն հենց այն մարդիկ, որոնք ակտիվ գիտական գործունեություն են ծավալում։ Սարգիս Հայոցյանն ասում է՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ-ն հետազոտական 400 թեմա է ֆինանսավորում, դա ասպիրանտական տեղերի պոտենցիալն է, այսինքն՝ ամեն մի թեմայով ասպիրանտական մեկ տեղ։ ԲԿԳԿ նախագահը չի բացառում, որ այս նոր սկզբունքով հայտերը հավաքագրելու հետևանքով գուցե ասպիրանտական տեղերի թիվը կրկին նվազի․ նա նշում է՝ այնպես չէ, որ ասպիրանտներին ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները շատ են։ Մյուս կողմից՝ հնարավոր է համարում, որ ղեկավարելու պոտենցիալ ունեցող երիտասարդ գիտնականներ կան, որոնք այդ հնավորությունը չեն ունեցել և հիմա կունենան, եթե հայտեր ներկայացնեն։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո ասպիրանտական տեղերի հատկացման նոր կարգ է ընդունվելու, բացի այդ՝ օրենքը հնարավորություն է տալու, որ ասպիրանտներն արտասահմանից համաղեկավար ունենան։ Ասպիրանտների՝ գիտական կարիերա սկսելու և գիտության մեջ մնալու կարևոր նախապայմաններից է գիտական աստիճանի ստացումը։ Կարևոր է, իհարկե, շեշտել, որ որոշ դեպքերում մարդիկ նախընտրում են ասպիրանտուրա չդիմել, դառնալ հայցորդներ, թեկնածուական թեզի ուղղությամբ աշխատել և միանգամից գնալ պաշտպանության՝ ստանալով գիտական աստիճան։  Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում էր նաև գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած անձանց թվի անկում, և միայն 2024-ին է էական աճ գրանցվել։ ԲԿԳԿ նախագահը նշում է, որ աստիճանաշնորհման նոր կարգով դրվելու է միջազգային տպագրության պահանջ։ Նա չի բացառում, որ այս պահանջի ներդրման հետևանքով կարող է թեկնածուի գիտական աստիճան ստացողների թիվը կրկին նվազել, չի բացառում նաև, որ թիվը կարող է նույնը մնալ, սակայն որակական փոփոխություն տեղի ունենա, հնարավոր է՝ նույնիսկ աճ գրանցվի։   Միավորումը՝ միակ և ամենաարդյունավետ լուծո՞ւմ Վերը նշված խնդիրները լուծելու և գիտության արդյունավետ սերնդափոխության նպատակով կառավարությունը նախատեսում է միավորել բուհերն ու գիտական կազմակերպությունները։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ երիտասարդներին ներգրավելու առումով հաջողած գիտական կազմակերպությունները «բացառություններ են, որոնք գալիս են ապացուցելու օրինաչափությունները», և այդ «բացառիկ օրինակները» պայմանավորում է անհատական գործոններով։ Կառավարությունը, նրա խոսքով, խնդրին ցանկանում է ինստիտուցիոնալ լուծում տալ։  «Գիտությունը մեռնում է։ Կան որոշ բացառիկ ինստիտուտներ, որտեղ, այո՛, երիտասարդները շատ են կամ միայն երիտասարդներ են։ Բայց կա 35 հետազոտական ինստիտուտ։ Գիտական ինստիտուտներում 65 տարեկանից բարձր [գիտնականների թվի] մասին կանխատեսումը մտահոգիչ է․ 2028 թվականին մենք այդ սերնդում շատ ուժեղ անկում ենք ունենալու»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Ինչպե՞ս է կառավարությունը պնդում, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը սերնդափոխության ամենաարդյունավետ գործիքն է, եթե բուհերի գիտական թիմերը, ամենամոտը լինելով ուսանողներին, միշտ չէ, որ կարողանում են երիտասարդացում ապահովել։ Այս հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ պետք է նայել պաշտոնական տվյալները՝ բուհերում իրական պատկերը տեսնելու համար։  ԲԿԳԿ պաշտոնական տվյալները՝ բուհերում 2023 թ․ բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված գինականների մասին (2024-ի տվյալներն ամփոփված չեն), ցույց են տալիս, որ առաջատարը Հայ-ռուսական համալսարանն (ՀՌՀ)* ու Մանկավարժական համալսարանն (ՀՊՄՀ) են, որտեղ մինչև 49 տարեկան գիտնականները 2023-ին կազմել են համապատասխանաբար 77% և մոտ 71%,  իսկ ամենավերջին տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է (ՀԱԱՀ)՝ մոտ 39%-ով։  Կրկին ԲԿԳԿ տվյալներից, սակայն, պարզ է դառնում, որ մի շարք գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված մինչև 49 տարեկան գիտնականների համամասնությունն ավելին է, քան բուհերի մեծ մասում։ ԲԿԳԿ 2023-ի բազային ծրագրերում ներառված չէ ԻԿՐԱՆԵՏ  կենտրոնը, փոխարենը ներկայացված է ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների կենտրոնը, որը մեր հավաքագրած տվյալներում ներկայացված չէ։ Շարունակելով բուհերի գիտական թիմերում երիտասարդներին ներգրավելու թեման՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ բուհերը նոր են սկսել կառավարել իրենց գիտությունը, բուհերում կան գիտական լավ ստորաբաժանումներ, բայց այնտեղ էլ կրթությունն ու գիտությունն առանձնացած են։ «Այնպես չէ, որ ինչ-որ մեկից հիացած ենք, ինչ-որ մեկից դժգոհ ենք, այդ տպավորությունն էլ կա, ցավոք սրտի։ Բուհերում էլ մենք ունենք գիտությունն ու կրթությունն իրար մոտեցնելու խնդիր»,- ասում է նա։ ԲԿԳԿ նախագահն ապա շեշտում է, որ գիտական կազմակերպությունները չեն ներառվելու ներկայումս գործող բուհերի կազմում․ և՛ բուհերը, և՛ գիտական կազմակերպությունները խոշորանալու են, երկուսի միավորմամբ ձևավորվելու են խոշոր համալսարաններ, որոնք կառավարման բարեփոխված համակարգ են ունենալու։  «Ես երբեք չեմ պնդում, որ բուհերում գիտությունը շատ ավելի լավ է կառավարվում, քան ինստիտուտներում։ Պնդումը հետևյալն է․ բուհն ունի ուսանողների անընդհատ աղբյուր, որից, շատ լավ կլինի, որ գիտական ինստիտուտը ունենա որոշակի ինստիտուցիոնալ երակ սնվելու։ Այսօր ինստիտուտները երիտասարդացման հարցերը լուծում են ոչ ինստիտուցիոնալ ձևերով․ որոշ մարդիկ կան, որոնք դասավանդում են բուհերում կամ մագիստրոսական ծրագիր են անցկացնում, այսինքն՝ էլի «դիպչելով» բուհական համակարգին են բերում երիտասարդներին։ Այսօրվա բարեփոխման իմաստն այն է, որ դա լինի ինստիտուցիոնալ»,- ասում է նա։ Իսկ այդ ինստիտուցիոնալ համագործակցությունն, ըստ ԲԿԳԿ նախագահի, ունենալու է հետևյալ տեսքը․ նախ, ոչ բոլոր գիտնականներն են ունենալու դասավանդելու պարտավորություն․ դասավանդելու են նրանք, ովքեր ցանկանալու են, իսկ գիտական ինստիտուտներն իրենց լաբորատոր աշխատանքներսւմ ուսանողներին ներգրավելու պարտավորություն են ունենալու։ Ուսանողներն էլ կրթության պրոցեսում գիտությունից կտրված չլինելու հնարավորություն են ունենալու։  Հարցին՝ ուսումնասիրե՞լ են հաջողած գիտական ինստիտուտների փորձը՝ այդ փորձի հնարավոր ներդրման նպատակով, Սարգիս Հայոցյանը  պատասխանում է՝ իրենք «անգիր գիտեն բոլոր ինստիտուտները, և Կոմիտեի անձնակազմն էլ այդ ինստիտուտներից է գալիս»։  Իսկ ի՞նչ տվյալների ու փաստերի հիման վրա է կառավարությունը պնդում, որ սերնդափոխության ամենաարդյունավետ տարբերակը ոչ թե բարեփոխված գիտական կազմակերպություններ ու բուհեր ունենալն է, որոնք կգործեն առանձին ու կհամագործակցեն, այլ միավորումը։ Այս հարցին ի պատասասխան՝ ԲԿԳԿ նախագահը նշում է՝ Հայաստանում գիտությունը ծերանում ու մահանում է, և միայն ֆինանսավորումն ավելացնելը կամ երիտասարդներին ներգրավելը խթանելը բավարար չէ։ Սարգիս Հայոցյանի խոսքով պետք է ինստիտուցիոնալ խողովակ լինի, լաբորատորիաները պարտավորություն ունենան առնվազն մեկ ուսանողի իրենց հետազոտություններում ներգրավելու, որ կարողանան ընտրել այդ ուսանողներից լավագույններին։ Միևնույն ժամանակ, նա կարևորում է, որ կրթության մեջ հետազոտական բաղադրիչ լինի, և անգամ գիտական կարիերա չսկսելու դեպքում ուսանողները մրցունակ մասնագետներ դառնան։ Սարգիս Հայոցյանի խոսքով, բացի սերնդափոխությունից, կառավարությունը փորձում է միավորմամբ լուծել ծախսարդյունավետության խնդիրը։ Նրա խոսքով գիտական ինստիտուտները շատ են, և ամեն մեկն ունի առանձին վարչական անձնակազմ։  «Բուհերում ծախսարդյունավետությունը գիտության առումով շատ ավելի բարձր է, որովհետև բուհերը չեն կրկնօրինակում առնվազն վարչական անձնակազմն ամեն 20 հոգու համար»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Հարցին, թե ինչն է խանգարում խոշորացնել գիտական կազմակերպությունները և ունենալ մի քանի ուժեղ գիտական կազմակերպություն, նա պատասխանում է՝ բարեփոխումը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն։  «Կարող ես, այո՛, խտացնել բոլորին, ստանալ մի պետական ոչ առևտրային կազմակերպություն, վերադառնալ, դիցուք, այդ ինստիտուտի 1950 թ․ կարգավիճակին, երբ բոլոր աշխատակցիները երիտասարդ էին, էնտուզիաստիկ էին, հետո ծերանան էլի 50 տարով, ունենաս նույն խնդիրը։ Խնդիրը պետք է լուծես նաև պատմական հեռանկարի չափման մեջ։ Եթե օրենքով ստեղծում ես մի իրավիճակ, որտեղ գիտություն անելը հնարավոր է ու ավելի ձեռնտու է, բերում ես, դնում ես «հենց իր մատակարարման աղբյուրի կողքին», նա առաջնային ու ինստիտուցիոնալ հասանելիություն ունի այդ ուսանողներին, միակ մարտահրավերն է այդ լուսավոր ուսանողներին համոզել, որ գիտությամբ զբաղվելը լավ բան է։ Այնինչ, երբ բաժանված ես, ունես հեռավորությունը հաղթահարելու խնդիր, պատնեշ է այդ ամեն ինչի արանքում դրած, որտեղ գիտնականը պետք է ինքնուրույն այդ քայլերն քայլի, հասնի բուհ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։ ԲԿԳԿ նախագահը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ կառավարությունը փորձեց նաև գնալ գիտական կազմակերպությունների խոշորացման ճանապարհով, սակայն «համակարգից դիմադրություն եղավ, ու չստացվեց»։  «Համակարգն ինքնուրույն առողջանալու կարողություն չունի․ վաղուց անդառնալիության կետը անցած է»,- ասում է նա՝ նշելով, որ չմիավորելը կնշանակի ժամանակավոր բժշկել ինստիտուտներն ու վաղ թե ուշ կրկին կանգնել ծերացման խնդրի առաջ։ Հիշեցնենք, սակայն, որ 2021-ին առնվազն ԳԱԱ նախագահությունը կողմ էր ինստիտուտների օպտիմալացմանը։ Հարցին, թե ինչու այսպիսի մեծ ու հավակնոտ փոփոխություններից առաջ կառավարությունը նախ պիլոտային ծրագիր չիրականացրեց, որի ժամանակ ի հայտ կգային ռիսկերը, կհիմնավորվեր, որ միավորումն իսկապես արդյունավետ լուծում է, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ հատվածական լուծումը չէր ունենա այն արդյունքը, ինչ ամբողջ համակարգի փոփոխությունը։ ԲԿԳԿ նախագահը շեշտում է, որ պիլոտ իրականացնելու ու մեծածավալ բարեփոխումները հետաձգելու ժամանակ չկա։ Նա նշում է՝ ինստիտուտների տարիքային խմբերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն են իրականացրել 2018, 2023 թվականների համար, ապա կանխատեսել՝ ինչպիսին կլինի պատկերը 2028-ին, և 65-ից բարձր տարիքային խմբի համար կանխատեսումը մտահոգիչ է։  «2028 թվականին անկում է լինլու 65 տարեկանից բարձրների մոտ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։  Դիտարկմանը, թե միավորմամբ այդ տարիքային խմբի անկման խնդիրը չի լուծվի, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ տասը տարի հետո սկսելը կնշանակեր տասը տարով ուշացնել բարեփոխումը։  «Այս իրավիճակը բերում է այդ հետևանքներին, հետևաբար, երբ դու այդ իրավիճակի 10%-ում ես բարեփոխում անում, մնացածը շարունակելու է նույն տրամաբանությամբ, որովհետև ոչինչ չի արգելում նրանց գնալ այդ ուղղությամբ։ Երբ դու անում ես էպիզոդիկ, չես կարող ունենալ մասնակցայնության այն էֆեկտը, ինչը որ կունենայիր բոլորով անելու դեպքում։ Եթե բոլորով լծվենք այս գործին, հաջողությունը շատ ավելի բարձր է, քան եթե մենք մի փոքրիկ օազիս փորձեինք ստեղծել։ Չանելու ռիսկերը շատ ավելի մեծ են, քան անելու ռիսկերը»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույն՝ «Ինչո՞ւ պիլոտային ծրագիր չեք իրականացնում» հարցին պատասխանել էր մի փոքր այլ կերպ։ Նախարարն անցած տարի մեզ հետ զրույցում պնդում էր, որ 2012-ին գերատեսչական երկու կենտրոններ Ագրարային համալսարանին միացնելը պիլոտային ծրագիր է եղել։ Այս միավորումը, սակայն, իրականացվել է 12 տարի առաջ և դուրս է ներկայումս կառավարության ձեռնարկած բարեփոխումների համատեքստից։ Սարգիս Հայոցյանի խոսքով միավորման մյուս նպատակն էլ տպագրությունների աճի պոտենցիալն է։ Նա նշում է, որ տպագրությունների աճը բուհերում «շատ ավելի դրամատիկ է», քան գիտական ինստիտուտներում։ «Բուհերում արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան գիտական կազմակերպություններում, որովհետև շատ ավելի ճկուն են ու շատ ավելի մեծ հասանելիություն ունեն ուսանողներին։ ․․․․ Ես չեմ պնդում, որ այսօր մեր բուհերում գիտությունը կազմակերպվում է չքնաղ եղանակով, և հետևաբար՝ պետք է բոլոր ինստիտուտները գնան ու սովորեն բուհերից։ Բայց բուհերն այսօր, ծախսելով շատ ավելի քիչ վարչական ռեսուրս գիտության վրա, ստանում են շատ ավելի մեծ գիտական արդյունք, քան գիտական ինստիտուտները»,- ասում է նա։   *** Այսպիսով, չնայած վերջին տարիների որոշ դրական տեղաշարժերին, Հայաստանի գիտական համայնքի մարտահրավերներից է շարունակում մնալ արդյունավետ սերնդափոխության իրականացումը։ Որպես խնդրի լուծման ճանապարհ կառավարությունն առաջ է բերել պետական բուհերի և գիտական կազմակերպությունների՝ համալսարանական կլաստերներում միավորելու նախագիծը՝ պնդելով, որ այս ինտեգրումը կնպաստի առավել արդյունավետ սերնդափոխությանը՝ ապահովելով ուսանողների ուղիղ հոսք դեպի գիտություն։ Չնայած դրան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ հետազոտողների ներգրավման ռազմավարություն ունենալու դեպքում կարելի է արդյունավետ սերնդափոխություն իրականացնել նաև բուհերից առանձին գործելու պարագայում։  Գործադիրի համոզմամբ, սակայն, այս հաջողված օրինակները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն, և միակ արդյունավետ ճանապարհը միավորումն է։ Սա այն դեպքում, որ այս ճանապարհի արդյունավետությունը հիմնավորող որևէ պիլոտային ծրագիր չի իրականացվել, իսկ վերոնշյալ գիտական ինստիտուտներում այսօր էլ սերնդափոխությունն առավել արդյունավետ է իրականացվում, քան շատ բուհերում։   *Տվյալների հավաքագրման մեթոդաբանությանը ծանոթանալու, հնարավոր շեղումները հասկանալու համար անցիր այս հղումով։  ⇑   ⇑   ⇑  ¹Կառավարությունը նախատեսում է ստեղծել 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ՝ Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական։ ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն մաս են կազմելու Դասական համալսարանի, ԵՊԲՀ-ն՝ Բժշկական, ՀԱՊՀ-ն և ՃՇՀԱՀ-ը՝ Տեխնոլոգիական, ՀՊՄՀ-ն՝ Կրթական, իսկ ՇՊՀ-ի և ՀՌՀ-ի՝ որևէ համալսարանում ներառվելու մասին տեղեկություններ չկան։ Այս պահին տեղեկություններ կան միայն Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական և Արվեստների համալսարաններում գիտական կազմակերպություններ ներառելու մասին։ Կրթականն, ըստ առկա տվյալների, ներառելու է միայն համալսարաններ, իսկ Սպայական համալսարանի կազմի մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա։ Մանրամասները կարդա այստեղ։  ⇑  ²Գիտությունների ազգային ակադեմիան ունի 33 կառույց, որոնցից ամենաերիտասարդները առանձնացնելիս չենք ներառել երկուսը՝ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Առաջինը կրթական գործունեություն ծավալող կառույց է, որը 2024-ի դրությամբ չունի բազային ֆինանսավորում, և միայն մի քանի երիտասարդ գիտնականներ ներգրավված են դրամաշնորհային ծրագրերում, երկրորդը փորձաքննություններ իրականացնող կառույց է։  ⇑    Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Սուսինա Խաչատրյանի
20:44 - 08 ապրիլի, 2025
Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժվել է

Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժվել է

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, մերժել է Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը։ Պաշտպան Նորայր Նորիկյանը, հիշեցնենք, միջնորդել էր նշանակել ռազմագիտական փորձաքննություն՝ պատասխանելու համար մի շարք հարցերի, առանց որոնց, ըստ նրա, հնարավոր չէ գնահատական տալ Գրիգորյանի գործողություններին։ Միջնորդության դեմ առարկել էր հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկանում է՝ միաժամանակ դատարանն անփոփոխ է թողնել Գրիգորյանի տնային կալանքը՝ դրա ժամկետը երկարաձգելով եւս 2 ամսով։ Նրա նկատմամբ ընտրված են նաեւ երկրից բացակայելու արգելք եւ 3 միլիոն ՀՀ դրամ գրավ խափանման միջոցները։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ՝ այն բանի համար, որ նա զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Գրիգորյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել, պնդել է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդել է 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը՝ նշելով, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանների էական փոփոխություն չի կատարվել, մասնավորապես, քրեական գործով ապացույցների հետազոտման ավարտ չի ազդադարվել: Ընդհակառակը՝ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացվել է, և շարունակում է բարձր լինել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, որը քննության ներկա փուլում կարող է չեզոքացվել տնային կալանք խափանման միջոցի շարունակական կիրառմամբ։ Մեղադրողի միջնորդության դեմ առարկել է մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը՝ նշելով, որ տեղի է ունեցել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանների էական փոփոխություն։ Մասնավորապես, քրեական գործով հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվել են ապացույցները, այդ թվում՝ հարցաքննվել են վկաները: Անդրադառնալով քրեական գործով հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացված լինելուն՝ Նորիկյանը հայտնեց, որ նշված խումբ ապացույցներն իրենց բնույթով այնպիսին չեն, որ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը դրանց վրա որևէ ազդեցություն գործադրելու հնարավորություն ունենար: Պաշտպանի գնահատմամբ՝ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի պատշաճ վարքագիծը քննության ներկա փուլում կարող է ապահովվել նաև վերջինիս նկատմամբ արդեն իսկ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների՝ գրավի և բացակայելու արգելքի միջոցով: Միևնույն ժամանակ դրանք անբավարար դիտարկելու դեպքում պաշտպան Նորիկյանը միջնորդել է համակցությամբ կիրառել նաև վարչական հսկողությունը։ Իր որոշմամբ դատարանն արձանագրել է, որ քննության ներկա փուլում դեռևս առկա է Հայկազ Գրիգորյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը․ «Մասնավորապես, Դատարանը փաստում է, որ ապացույցների հետազոտման ավարտ չի ազդարարվել, և վարույթի մասնակիցները քննության սույն փուլում դեռևս կարող են հանդես գալ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու, այդ թվում՝ արդեն իսկ հարցաքննված անձանց լրացուցիչ հարցաքննելու միջնորդություններով: Ավելին՝ պաշտպանության կողմը հայտարարել է նման միջնորդություններով հանդես գալու մտադրության մասին»: Հայկազ Գրիգորյանին վերագրվում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված մեկ դրվագ առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքի կատարում, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկումը՝ 6-12 տարի ժամկետով։   Միլենա Խաչիկյան
22:26 - 04 ապրիլի, 2025
«Գոռացի՝ կանգնե՛ք, զասադ է»․ Քիմիկների գործով վկան պատմում է ՝ ինչպես է ինքը փրկվել, եղբայրը՝ զոհվել

«Գոռացի՝ կանգնե՛ք, զասադ է»․ Քիմիկների գործով վկան պատմում է ՝ ինչպես է ինքը փրկվել, եղբայրը՝ զոհվել

«Ես 3 անչափահաս երեխա թողել եմ տանը, եկել դատարան։ 2 տարեկան երեխայիս թողել եմ 10 տարեկանի մոտ, պատուհանները փակել, եկել։ Չի կարելի էլի էսպես, չորս տարի է՝ էստեղ նստած եմ, բայց դրա համար մի պատճառ չկա», -Քիմիկների զորամասի գործով ամբաստանյալ Էլլադա Հարությունյանի խոսքերն են։ Հարությունյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ, հայտնի է որպես Քիմիկների զորամաս) համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, այժմ մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ․ մեղադրանքը առնչվում է՝ նույն զորամասի բաժանմունքի պետերից Սարգիս Կուլակչյանի հետ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։ Կուլակչյանն ու Հարությունյանը, սակայն, այս մեղադրանքը չեն ընդունում։ Էլլադա Հարությունյանը - Ասեք՝ կա՞ մի բան, որ ես կարող էի անել եւ չեմ արել,- դատակոչված վկա Ռաֆայել Փնջոյանին հարցրեց Էլլադա Հարությունյանը։ - Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես չեմ դա վերահսկել,- պատասխանեց վկա Փնջոյանը։ Վերջինս նույնպես պատերազմի ժամանակ ծառայել է այդ զորամասում, զբաղեցրել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետի պաշտոնը, հոկտեմբերի սկզբին սեփական ցանկությամբ միացել է Մեղրի մեկնող 62-հոգանոց անձնակազմին, իր խոսքով՝ օգնություն ցուցաբերելու համար։ Անձնակազմը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի կողմից առաջադրանք է ստացել՝ 2020թ․ հոկտեմբերի 21-ին մեկնել Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողություն իրականացնելու։ Քանի որ քիմիկները տեղանքին ծանոթ չեն եղել, ուղեկցողներ են նշանակվել։ Սակայն ստացվել է այնպես, որ նախանշված վայրում իջնելու փոխարեն նրանք խորացել են մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ էլ ընկել են շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Այս դրվագի համար էլ այժմ մեղադրվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք եւս առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ վկայի՝ Գեւորգ Նշանյանի հաշվառումը պետք է 4-րդ բանակային կորպուսը վարեր Էլլադա Հարությունյանը պատմեց, որ երբ պատերազմի ժամանակ ՄՈԲ-ից մեկի հայրը մահացել է, գնդից զինկոմիսարյատ գրություն է ուղարկվել, որպեսզի նրան թույլատրվի մեկնել՝ հուղարկավորությանը մասնակցելու։ Այդ գրությունը, որպես ի գիտություն, տրամադրվել է նաեւ իրենց զորամասին։ - Հիմա Գեւորիկի դեպքում ո՞նց պիտի արվեր,- հարցրեց նա վկային։ - Նույն ձեւով- պատասխանեց Ռաֆայել Փնջոյանը։ - Շարային մասը (նկատի ունի՝ իրեն,-հեղ․) իրավունք ունե՞ր առանց ԳՇ պետի հրամանի նրան ընդգրկել զորամասի ցուցակներում, երբ նա արդեն այլ գնդում էր (նկատի ունի՝ Էջմիածնից մեկնել էին Մեղրի՝ միանալու այնտեղի զորքին,-հեղ․)։ - Հարգելի՛ դատարան, երբ ստորաբաժանումը անցել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության ենթակայությանը, դարձել է դրա ստորաբաժանումներից մեկը, այսինքն՝ այդ անձնակազմի հաշվառումը՝ դուրս գալու թույլ տալու, վերադառնալու հետ կապված, պետք է վարեր 4-րդ բանակային կորպուսը (նկատի ունի՝ ոչ այն զորամասը, որի կազմում ծառայել է Էլլադան,-հեղ․)- պատասխանեց վկան։ Դատավոր Սարգիս Դադոյանը Հենց այս պատասխանն էլ վրդովեցրեց Էլլադա Հարությունյանին․ - Հարգելի՛ դատարան, անցած դատին մեր տան ծխից բոլորը հավաքվել էին․․․ Երբ ծնողներս Հայաստանում էին, օգնում էին, բայց հիմա․․․ Խնդրում եմ՝ վերանայեք էս հարցը, ինձ ընդառաջեք, թույլ տվեք գնամ տուն։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալը իրավունք ունի գնալ, երբ նիստը ավարտվի։ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ռազմական ոստիկանական հենակետ ճանապարհին չի եղել Ռաֆայել Փնջոյանի հարցաքննության մնացած ժամերն անցան մյուս դրվագի՝ մարտական առաջադրանքի մեկնելու վերաբերյալ հարցուպատասխանով։ Դեռ նախորդ նիստին ցուցմունք տալիս նա հայտնել էր, որ մեկնելուց առաջ Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի ցուցումով նստել է ուղեկցողի կողքին, մի քանի անգամ նրան հարցրել՝ գիտի՞ իրենց մինչեւ ուր է ուղեկցելու, եւ ստացել դրական պատասխաններ։  - Ուղեկցող Արման Նուրիջանյանն ասում է՝ եթե իմանայի, որ պիտի գնայինք Կիրի հանք, կգնայի էդտեղ, ի՞նչ իմաստ կար Զանգելան հասնելու։ Ըստ Ձեզ՝ նա իսկապես տեղյա՞կ էր կամ եթե տեղյակ լիներ, հանքում կկանգնե՞ր,- վկային հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ - Ուղեկցողը նշանակվել էր, որ մեզ ուղեկցեր նախորոշված կետ։ Եթե նա չի իմացել, մենք էլ չենք իմացել, այդ դեպքում ի՞նչ էր անում նա այդտեղ․․․ Արսեն Աբգարյանն ասել է՝ հանքի մոտ ռազմական ոստիկանական կետ կա, էդտեղ պիտի կանգնեինք, բայց ես չեմ իմացել տեղանքը, ռազմական ոստիկանության հենակետ էլ չի եղել, եթե լիներ, կհասկանայինք, որ դա է,- պատասխանեց վկան։ - Նուրիջանյանն ասում է՝ իմացել է, որ պիտի դեպի Զանգելան տանի։ Այսինքն՝ սխալ է իմացել երթի վերջնակետը։ Դուք հավատո՞ւմ եք։ - Եթե տեղանքի անունը իմանար, տեղանքի հստակ կոորդինատներ ասեին, հայ մարդ է, դժվար՝ մեզ մտցներ Զանգելան։ Ուր ասել են, այդտեղ էլ տարել է։ Երբ ասացինք՝ շատ ենք եկել, նա ասաց՝ ռազմական ոստիկանական պոստ պիտի լիներ, չկար, դրա համար շատ եկանք։ - Իսկ նա այլ ցուցմունք է տվել․ ասել է, որ գիտեր, թե Զանգելան տանող ճանապարհը պետք է ցույց տա, ու կանգ է առել, երբ հասել է այն խաչմերուկին, որտեղից պիտի ասեին՝ որ ուղղությամբ երթ կատարեր, մինչդեռ Դուք ասում եք՝ շինությունը տեսաք, ասեցիք՝ կանգնի։ - Ես պնդում եմ, որ ես եմ իրեն ցուցում տվել, որ կանգնի, քանի որ այդքան մոտ չպիտի լինեինք Զանգելանին։ - Արման Նուրիջանյանը իր ցուցմունքում նշել է նաեւ, որ ավտոմեքենայում Ձեզ հետ խոսակցություն է ունեցել, մտավախություն հայտնել, որ հակառակորդը Զանգելանի մոտ է, իսկ Դուք ասել եք՝  օպերացիա ենք ծրագրում, եւ մեր վերահսկողության տակ է։ Նման բան հիշո՞ւմ եք։ -  Չի եղել նման խոսակցություն, եղել է այն մասին, որ մենք էս կողմից ենք գնալու, Անդրանիկ Մակարյանի ղեկավարած խումբը՝ մյուս կողմից։ Երկու կողմից գնալու ենք, սպասենք հետագա խնդիրներին, որ սանրման աշխատանքներ կատարենք։ Ձախից՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Մեղադրող Նավասարդյանը հիշեցրեց նաեւ, որ ճանապարհին մի ոստիկան են վերցրել, մի քանի մետր այնկողմ իջեցրել, եւ փորձեց հասկանալ՝ հարց չի՞ ծագել, թե այդ ոստիկանն ինչ էր անում այդտեղ, եթե հենակետ չկա։ -Չէ, չի եղել ճշգրտող հարց․․․ Մարդիկ էին կանգնած՝ սովորական կապույտ համազգեստով (նկատի ունի՝ ոչ ռազմական ոստիկանության համազգեստով,-հեղ․), որպես այդպիսին՝  հենակետ չի եղել, ոչ արգելափակոց, ոչ մի բան,- պնդեց վկան։ Նախորդ նիստին վկա Ռաֆայել Փնջոյանը պատմել էր նաեւ, որ երբ ավտոբուսներից իջել են ու հասկացել, որ սխալ տեղանք են եկել, Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասել է՝ ավտոբուսները պտտվեն, որ հետ գնան, սակայն դիմացի բլուրներից հակառակորդն արդեն նրանց նկատած է եղել։ Կիսաքանդ շինությունների հետեւոմ դիրքավորվելուց եւ մոտ 40 րոպե ինտենսիվ մարտ վարելուց հետո կրակը փոքր–ինչ նվազել է, զորքը՝ ցաքուցրիվ եղել։ Թաքնվելով, ոտքով գետին հակառակ գնալով՝ վկային հաջողվել է Արսեն Աբգարյանի եւ մի քանիսի հետ լուսադեմին դուրս գալ շրջափակումից։ - Գիշերը, երբ ղամիշների մեջ թաքնված էիք, փորձե՞լ ենք վերադաս հրամանատարության հետ կապ հաստատել, տեղեկացնել՝ ինչ վիճակում եք։ - Այո, ես մի քանի անգամ փորձել եմ բջջայինով, կապ չի եղել։ - Իմ տղայի հետ ես անձամբ եմ խոսել, ո՞նց չի եղել,-վրդովվեց ծնողներից մեկը։ Հիշեցնենք՝ շրջափակման մեջ մնացած զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը դեպքի օրը զանգահարել է տուն, նաեւ հաղորդագրություն գրել՝ տեղեկացնելով, որ թաքնված է եւ հետ գալու տարբերակ չունի․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն, հորս արեւ, լավ մնացեք, թեթեւ տարեք, չլացես, հերոս ունես, մա՛մ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ, դուխով, հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կփոխեն, աղաչում եմ՝ չլացես»,– ասված է հաղորդագրության մեջ։ Տուժողների իրավահաջորդները -Դուք փախուստի եք դիմել մարտի դաշտից՝ այնտեղ թողնելով մեր տղաներին,- բղավեցին դահլիճում գտնվող մայրերը։ - Չենք փախել։ - Բա դուք որտե՞ղ եք նկարվել։ - Ամսի 22-ին, որ գնդապետ Գեւորգյանն է ընդառաջ եկել մեզ, այդ պահին։ - Փախել, հետ եք եկել ու այ տենց ժպտալով նկարվել եք, հա՜, ինչների՞դ վրա էիք բերաններդ բացել,- վրդովվեցին տուժողների իրավահաջորդները՝ դատարանին ցույց տալով այդ լուսանկարը։ Ըստ վկա Դավիթ Կատանյանի՝ իրենց ասվել է, որ պիտի թշնամու ընդամենը 15-հոգանոց խմբի հայտնաբերեն Հակակոռուպցիոն դատարանում երեկ հարցաքննվեց նաեւ վկա Դավիթ Կատանյանը․ վերջինս դեպքին մասնակից զինծառայողներից է։ Դավիթը փրկվել է, նրա եղբայրը՝ զոհվել։ Վկա Կատանյանը պատմեց, որ սեպտեմբերի 29-ին ինքն ու իր հարազատ եղբայրը կամավորագրվել են, մեկնել Կապանի գունդ, մինչեւ հոկտեմբերի 16-ը մարտական գործողությունների մասնակցել Ջրականում։ 19 օր առանց հրամանատարի մնալով եւ հիասթափություն ապրելով՝ Դավիթը հրաժարվել է մասնակցել հետագա գործողություններին․ «Հոկտեմբերի 17-ին եկել ենք տուն, լույս 18-ին հետ եկել Կապանի գունդ, որտեղ ժողով եղավ, ասացին՝ պիտի գնաք Կուբաթլու, հրաժարվեցինք, ոնց հասկանում էինք՝ զորքին տանում էին, թողնում, անհետանում։ Այդպես ինձ Կապանում ձերբակալեցին, տարան ռազմական ոստիկանություն, ասացին՝ կամ ձեր՝ Մասիսի ջոկատից մարդ կտանեն, կամ քեզ կդատապարտեն»։ Ի վերջո, Դավիթը համաձայնել է․ Մասիսի իրեն ծանոթ Գեւորգ անունով մի զինծառայող (մականունը՝ Գիվի) նրան տեղեկացրել է, որ Անդրանիկ Մակարյանի հրամանով հետախույզները պիտի Ա կետից Բ կետ գնան, որտեղ հակառակորդի 15-հոգանոց խմբի շարժ են նկատել։ Ըստ Գեւորգի խոսքերի՝ ինքը Մակարյանի գլխավորած խմբի հետ մի ուղղությամբ է գնալու, Դավիթը՝ քիմիկների հետ՝ մյուս ուղղությամբ, երկու կողմից շրջափակելով հակառակորդին՝ մաքրելու են, դուրս գան․ «Ասաց՝ քայլելով կգնանք, ձեր հետ էլի մարդիկ կգնան, ես գնալու օրն եմ իմացել, որ քիմիկների մասին էր, ասաց՝ մի քանի հոգի են, կխփեք, զասադ կնստեք, կգանք․․․ Հանելուկը նրանում է, ինչից եմ ես ներվայնանում էլի, որ եթե մարտական գործողություն ես ղեկավարում, գեներալ մարդ ես, ինչքան պիտի անփույթ պիտի լինես, որ զորքը աջից ուղեկցես (նկատի ունի Մակարյանին,-հեղ․) ու ձախի հետ կապ չպահես, հետո էլ մեղադրում են գյուղացուն, ուղեկցողներին, ուղեկցողը կապանցի տղա է, իրեն ուր ասել են, էդտեղ է տարել։ Իմ հարազատ եղբայրն է զոհվել, իմ 2 ընկերները, ոնց կարելի է էլի»,- վրդովվեց Կատանյանը։ -  Արսեն Աբգարյանին մինչեւ մեկնելը տեսե՞լ եք,- հարցրեց մեղադրողը։ - Չէ։ - Մակարյանի կողմից ամբողջ անձնակազմին հրահանգավորում չի՞ արվել։ - Չեմ տեսել։ - Քրեական գործով նման տվյալներ ունենք, հնարավո՞ր է՝ Դուք չեք մասնակցել։ - Բացառվում է, զենքերը իրար հետ ենք ստացել։ Կատանյանի խոսքով՝ թշնամուն առաջինը ինքն է նկատել եւ փորձել ավտոբուսները կանգնեցնել Դավիթ Կատանյանը պատմեց, որ ընդհանուր ճանապարհը տեւել է մոտ 40 րոպե, ի տարբերություն նախորդ վկայի՝ պնդեց՝ ռազմական հենակետ տեսել է։ Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցին, թե ինչ տեսք ուներ այն, վկան պատասխանեց՝ պոստ էր, ծառերի տակ սեւ ֆորմաներով կանգնած էին։ «Զինվորները ավտոբուսների մեջ քնած էին, ես խասյաթ ունեմ՝ եթե ճանապարհն անծանոթ է, չեմ քնում, որ հետ գալիս իմանամ, ու որ տեսա պոստեր կան, որ սապյորը միներ էր շարում, մտածեցի՝ անիմաստ չէր դա, մեջս մի վախ ընկավ․ եթե սապյորը շարում է, մենք էլ խի՞ ենք գնում առաջ։ Էդտեղ սարերի վրա նկատեցի թուրքերին, գոռացի՝ կանգնեք, զասադ է, տղերքին արթնացրի։ Բայց վարորդն ասաց՝ մինչեւ դիմացի ավտոբուսը չկանգնի, չի կարող։ Եթե էդ առաջին խաչմերուկի վրա կանգներ՝մոտ 300 մ հետ, էդպես չէր լինի։ Հեռախոսս հանել եմ, որ զանգեմ ախպորս, զգուշացնեմ՝ առաջ չգան (երկու ավտոբուսները հետ էին մեզնից), կապ չի եղել»,- պատմեց վկան՝ հավելելով, որ շրջափակման միջից է կարողացել կապ հաստատել Վահագ անունով զինծառայողի հետ, տեղեկացրել, որ զոհ ու վիրավոր ունեն, սակայն հետո հեռախոսն ընկել է գետը, եւ կապը կորել է։ Հարցին, թե սակրավորները ճանապարհից ինչքան հեռավորության վրա էին, վկան պատասխանեց՝ 1 մ, նույնիսկ զարմացել են՝ իրենց տեսնելով, բարեւել, անցել։ Նրանցից մոտ 15 րոպե հետո արդեն ավտոբուսները կանգ են առել, իջել են եւ ստացել շրջանաձեւ պաշտպանություն անցնելու հրաման։ Թե ում կողմից, վկան չմտաբերեց, ասաց՝ հաջորդ օրն է իմացել, որ իրենց հրամանատարը Արսեն Աբգարյանն է եղել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, Անդրանիկ Մակարյանը, Ամրամ Մակինյանը Աբգարյանի պաշպան Դավիթ Դավիդյանը հետքրքրվեց՝ կարո՞ղ են արդյոք դուրս եկածներին փախած համարել, հնարավորություն կա՞ր մնալու, մարտ շարունակելու կամ մյուսներին օգնելու։ Վկան, սակայն, բացասական պատասխանեց, հասաց՝ դուրս եկածներից մեկն էլ ինքն է, որ եղբորն է կորցրել։ Հիշեց՝ նույնիսկ երբ տեսել է սպա Բադեյանի զոհվելը, չի կարողացել նրա մարմինը մոտեցնել իրենց։ Հարցին, թե ինքը ինչպես է փրկվել, Կատանյանը պատասխանեց՝ հրաշքով։ Վկայի համոզմամբ՝ զորքի հանդեպ անուշադիր վերաբերմունք է եղել Դավիթ Կատանյանի խոսքով՝ ինտենսիվ մարտը մեւել է մոտ 40 րոպե, հակառակորդը մոտեցել է ընդհուպ մինչեւ 6 մետր, նրանց թվում նաեւ դիվերսանտներ են եղել։ Իրենց թաքստոցում եղել են 6 հոգով, որոնցից միայն 4-ն է կրակել․ -Ի՞նչն էր պատճառը, որ բոլորը չէին կրակում։ -Վախը․ հետներս պովր կար, ֆիզկուլտի դասախոս, որ չէր տիրապետում ավտոմատին․․․ Զորահավաք եք արել, կանչել եք, էդ մարդը ԱԿԱ զենք կյանքում չի բռնել, շերեփ է բռել, էդ մարդուն խի՞ եք տանում (հիշյալ խոհարարը գերեվարվել է, հետագայում վերադարձվել, նրա ցուցմունքը կարդացեք այստեղ,-հեղ․)։ Որոշ ժամանակ մարտ վարելուց հետո Կատանյանը մի քանիսի հետ գետի ճանապարհով դուրս է եկել Կիրի հանք, որտեղ քիմիկների մեկ այլ խումբ կար։ Սկզբում մտածել են, թե իրենք հակառակորդ են, զինաթափել են, համոզվել, որ հայ են․ «Մի փոխգնդապետ է դիմավորել, ասացինք՝ Զանգելանից ենք գալիս, ասաց՝ խի՞ եք գնացել, մենք հրաման ենք տվել, որ գռադով խփեն էնտեղ։ Ընգերս ասաց՝ բայց մեզ հրամանով են տարել, ասաց՝ տենց հրաման չի եղել»։ Դավիթ Կատանյանը փորձել է հիշյալ Գիվիից տեղեկանալ, թե ինչու չեն միջամտել, իրենց օգնության չեն հասել, վերջինս էլ պատասխանել է, որ Անդրանիկ Մակարյանը նահանջի հրաման է տվել․ «Եթե դու գիտես՝ մանկության ընկերդ մեզ հետ է, մինչեւ հիմա անհետ կորած է, դու իրեն թողնում ես զասադի մեջ ու գնում, հրամանն էլ մի կողմ, մարդ չես, ընկեր չես»։ -Իսկ Անդրանիկ Մակարյանի հետ խոսե՞լ եք։ - Խոսել եմ, ասել է՝ դու պատկերացնո՞ւմ ես՝ որ ես զոհվեի, հակառակորդը կասեր՝ հայ գեներալ է խփել, ազգային հերոս կտային։ - Նահանջի մասին չե՞ք հարցրել։ - Չէ, եթե մարդը ֆակտ ասում է՝ եթե ես զոհվեի, դրանից հետո ի՞նչ հարցնեի․․․ Ինձ հետո կադրերի բաժնից Վարդանյանն ասաց՝ բունտ անեիր, հրաժարվեիր մարտի գնալ։ - Այսինքն՝ Վարդանյանը տեղյա՞կ էր, թե ուր եք գնում։ - Դե, փաստորեն։ Տուժողների րավահաջորդները հետաքրքրվեցին, թե կատարվածի համար Կատանյանը ում է մեղավոր համարում․ - Ով մարտական գործողությունը ղեկավարել է, մեզ տարել է՝ Մակարյանը, ինքն է տարել, ինքը կա, ես կամ, բայց մնացածը չկան, թող ինքը գնար Զանգելան, մենք գնայինք մյուս ուղղությամբ։ Մենք պիտի իջնեինք, ոտքով գնայինք, հետո ենք իմացել, որ ուղեկցողը շատ է տարել։ Զորքի հանդեպ անուշադրություն է եղել։ Վկաների հարցաքննությունը կշարունակվի ապրիլի 9-ին։     Միլենա Խաչիկյան
14:04 - 03 ապրիլի, 2025
500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

Երևանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ տեղեկացրել էր Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու նորոգման աշխատանքների սպասվող ավարտի մասին։ Այդ հրապարակման մեկնաբանություններում բնակիչները դժգոհում էին արված աշխատանքի որակից։  Փետրվարին «Ինֆոքոմն» այցելել էր վերջին 2 տարում Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգված այգիներ, ուսումնասրել արված աշխատանքները, զրուցել այգու տարածքում զբոսնող մարդկանց/քաղաքացիների հետ և արձանագրել ժամկետների խախտումներ և նախագծային շեղումներ։  Պարզել ենք, որ Դավթաշենի Կենտրոնական այգում բարեկարգման աշխատանքների նախագծով սահմանված խաղասարքերից մի քանիսը բացակայում են։ Նախագծով նախատեսված, բայց տարածքում բացակայող խաղասարքերը և մարզասարքերըԲացի վերոնշյալից՝ ձմեռը տեղադրված ցայտաղբյուրից ջուրը հոսում և սառցակալում էր, հողերից դուրս ցցված խողովակներ կան, այգու վերջնամասում շինարարական աղբ է թափված, զուգարանը չի գործում։ Բարեկարգման աշխատանքները դեռ մեկ տարի առաջ պետք է ավարտված լինեին, սակայն մինչև օրս ավարտական ակտը ստորագրված չէ։  Չնայած ուշացումներին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը մեր զրույցում վստահեցրել է՝ բացակայող մարզասարքերը տեղադրվելու են։  «Պայմանավորվածություն ունենք շինարարի հետ, բացակայող մարզասարքերը պետք է տեղադրվեն, զուգարանը պետք է վերանորոգվի» - նշեց Ասլանյանը։    440 մլն դրամ պետական բյուջեից՝ այգու բարեկարգման աշխատանքներին  2023 թվականի ապրիլի 13-ին Կառավարությունը որոշեց Երևան քաղաքում հրատապություն պահանջող մի շարք հարցերի լուծման համար քաղաքին մոտ 10 մլրդ դրամ տրամադրել։  Որոշմամբ նախատեսվում էր գումարը տրամադրել Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման, ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև այգիների վերանորոգման և այլ աշխատանքների իրականացման համար։ Օրեր անց արդեն Երևանի ավագանու նիստում հաստատվեց Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքների համար Կառավարության հատկացրած գումարից 632 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը։ Իսկ հաջորդ ամիս՝ մայիսին, այս որոշման շրջանակում  «Երվադա» ՍՊ ընկերության հետ 437 մլն դրամ արժեքով պայմանագիր կնքվեց՝ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Տեխնիկական հսկողության իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթած «Միկան» ՍՊ ընկերության հետ էլ պայմանագիրը կնքվեց 600 հազար դրամով, և սա այն դեպքում, երբ այս աշխատանքների իրականացման համար բյուջեով  6․9 միլիոն դրամ էր նախատեսվել տրամադրել։  «Երվադա» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեր շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։  Ընկերությունն այգու բարեկարգման աշխատանքները սկսեց օգոստոսի 15-ին։ Այդ աշխատանքները պետք է ավարտվեին 270 օրում՝ հաջորդ տարվա մայիսի 25-ին, այնինչ նախանշված ավարտից գրեթե մեկ տարի անց էլ այգու բարեկարգման շինաշխատանքների ավարտական ակտը տրված չէ։ Այգու այժմյան վիճակը և նախագիծը Միաժամանակ, քաղաքապետարանը պնդում է, որ Դավթաշենի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ ավարտական ակտը ներկայումս հավաքագրման և շրջանառության փուլում է։«Երվադա» ընկերության հետ կքնված պայմանագրի համաձայն՝ եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը նշված ժամկետները խախտում է, նրանից գանձվում է համապատասխան տուգանք՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով:  Տուգանքի չափը հաշվարկվում է սահմանված ժամկետից հետո ներկայացված կատարողական ակտերի հիման վրա։ Քանի որ «Երվադա» ընկերությունը փաստացի աշխատանքներ է իրականացրել և դրանց համար կատարողական ակտեր ներկայացրել մինչև 2024 թվականի դեպտեմբերի 23-ը, այդ պահի դրությամբ տուգանքի չափը կազմել է 14 մլն դրամ։ Հարց է առաջանում, եթե կապալառու ընկերությունը դեռ չի ավարտել աշխատանքները, ապա ինչպե՞ս է հայտ ներկայացնում ավարտական ակտ ստանալու համար։  Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ ավարտական ակտը ստորագրվում է մի քանի սուբյեկտների (Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության) կողմից, բայց կարող է նաև չստորագրվել, եթե աշխատանքները չեն ավարտվել կամ անհամապատասխանություններ կան։ Իսկ եթե շինարարը մինչ ավարտական ակտ ստանալը աշխատանքներ իրականացնի և դրանց համար կատարողական ակտ ներկայացնի, ապա տուգանքների չափը կմեծանա։    Նախագծային շեղում՝ Դավթաշենի մեկ այլ այգու կառուցման ընթացքում Տուգանքներ են սահմանվել նաև Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան N 200 դպրոցի հարակից տարածքում պուրակ հիմնող «Կապիտալ շին քոնսթրաքշն» և «Բիդեք» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի նկատմամբ։  Պուրակի հիմնման աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 28-ին՝ պայմանագրային 60 մլն դրամ գնով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնրել է «Միկան» ՍՊ ընկերությունը։ Պուրակի կառուցման աշխատանքները սկսել են ապրիլի 28-ին։ Նախատեսված 210 օրվա փոխարեն աշխատանքները ավարտվել են 320 օր անց։ Քաղաքապետարանից հայտնում են՝ ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվել, որոնց ընդհանուր չափը կազմել է 1.67 մլն դրամ։  Այգու այժմյան տեսքը և նախագիծը Պուրակ մեր այցի ժամանակ պարզեցինք, որ այգու տարածքում նախագծից շեղումներ կան։ Մասնավորապես բացակայում էին նախագծով սահմանված շատրվանները, իսկ ֆուտբոլի դաշտը հակառակ ուղղությամբ էր կառուցված։  «Կապիտալ շին քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Համլետ Կարապետյանն այգու նախագծային փոփոխությունների մասին խոսելիս մեր զրույցում ասաց, որ ոռոգման ցանցի հետ կապված խնդիրներ են եղել՝ ջուր չի մատակարվել, շատրվանները չեն կառուցվել։ Ըստ շինարարի՝ նախագծից շեղումները հիմնականում պայմանավորված են լինում թերի նախագծման աշխատանքներով, հետագայում կապալառու ընկերությունն է ահազանգում այդ խնդիրների մասին և նախագծային փոփոխություների վրա ժամանակ ծախսում։ Կարապետյանի համոզմամբ՝ թերի նախագծային աշխատանքներն են նպաստում շինարարական աշխատանքների ավարտի երկարաձգմանը։  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը, խոսելով այգում եղած նախագծային շեղումների մասին, նշեց, որ փոփոխության պատճառը տնկված ծառերն են եղել, որոնք խանգարել են խաղադաշտի կառուցմանը։ Ծառերը չվնասելու համար փոխել են խաղադաշտի ուղղությունը։ Ինչ վերաբերում է շատրվաններին և ոռոգման խնդրին, ապա, Ասլանյանի պնդմամբ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԻ հետ համատեղ պլանավորում են ապագայում կաթիլային ոռոգման ցանց անցկացնել, այգու հողային հատվածները կանաչապատել։  «Քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերում նախատեսված է եղել շատրվանների կառուցում, սակայն բացակայում էին պոմպակայանի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմանները, որոնք շինարարության գնման պայմանագրի կնքումից հետո հնարավոր չէր ապահովել, հետևաբար կատարվել է աշխատանքների ծավալների 15 տոկոսի համադրում` չփոփոխելով պայմանագրի արժեքը», - մեր հարցմանն ի պատասխան նշում են քաղաքապետարանից՝ առանց ներկայացնելու ծավալների համադրման մանրամասները։  Այսպիսով, Դավթաշենում այգու բարեկարգման և պուրակի կառուցման համար ծախսվել է ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն համայնքի բնակիչները նախագծին համապատասխան այգիները ստացել են ուշացմամբ և նախագծային շեղումներով։ Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան  
18:22 - 01 ապրիլի, 2025
«Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների ցուցմունքները

«Ասացին՝ զանգել են էրեխեքին, թուրքն է պատասխանել»․ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների ցուցմունքները

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի 3 զորամասի 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդների հարցաքննությունների փուլը մոտենում է ավարտին։ 55 իրավահաջորդներից 45-ը հարցաքննվել է, 3-ը Հայաստանի Հանրապետությունում չէ, 2-ը ներկայացրել է տեղեկանք, որ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ ներկայանալ դատարան, եւս 5-ը դեռ պետք է հարցաքննվի (մյուսները, ըստ ամենայնի, տուժողի իրավահաջորդ ճանաչված չեն)։ Նրանք այն անձինք են, որոնց որդիները եւ այլ հարազատներ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտունիից «9-րդ կմ» կոչվող տեղանք մեկնելու հրաման են ստացել։ Սակայն վաշտը անցել է նախապես որոշված այդ տեղամասը, քանի որ նրանց ոչ ոք չի դիմավորել։ Այդպիսով նրանք հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, որտեղ էլ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են։ Զոհվածների հարազատները, սակայն, կատարվածի վերաբերյալ հստակ տեղեկություններ չունեն, որոշները չգիտեն անգամ՝ իրենց հարազատը երբ, որտեղ եւ ինչ հանգամանքներում է զոհվել։ Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար այժմ մեղադրվում են նույն զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք, սակայն, իրենց վերաբերյալ դատական նիստերին ներկա չեն գտնվում, դատարանի որոշմամբ՝ դատաքննությունն ընթանում է նրանց պաշտպանների մասնակցությամբ։ Արեւ Պետրոսյան Արեւ Պետրոսյանը, որ զոհված Կամո Շահվերդյանի կինն է, պատմեց, որ պատերազմը սկսելուն պես ամուսնուն կանչել են, գնացել է 3-րդ պաշտպանական շրջան, ընդգրկվել 7-րդ վաշտում։ Կնոջ հետ կապի մեջ է եղել մինչեւ հոկտեմբերի 6-ը: «Լսել էի, որ Ջալալ Հարությունյանի (ՊԲ հրամանատարը,-հեղ․) եւ Կամո Վարդանյանի (ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը-հեղ․) հրամանով գնացել էին Հադրութ՝ օգնության, եւ էնտեղ նրանց պիտի դիմավորեր Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը-հեղ․), որը չի դիմավորել։ Վաշտը գնացել է ու էլ չկա։ Տարբեր բաներ էին ասում, որ գերի է, որ շրջափակման մեջ է․․․ Փորձեցի հանդիպել Գոռ Իշխանյանին, տեսնել՝ նա ինչ է ասում: Ես այդ ժամանակ մորգերում ամուսնուս էի ման գալիս, ուզում էի հասկանալ՝ շարունակե՞մ ման գալ թե՞ շրջափակման մեջ էին։ Երեք անգամ գնացի, ասացին՝ տեղում չէ, կգա, մինչեւ երեկոյան հինգը նստեցի, սպասեցի, քանի որ երեխես էլ էդ ժամանակ չկար, Եղնիկներում էր ծառայում, հետ եկա Հայաստան, շարունակեցի որոնումներս»,- պատմեց տուժողի իրավահաջորդը։ Ամիսներ անց՝ 2021 թ․ հունվարի 15-ին, որդուց ԴՆԹ նմուշառումով հաստատվել է Արեւ Պետրոսյանի ամուսնու զոհվելու հանգամանքը։ Շողիկ Հարությունյան Շողիկ Հարությունյանը զոհված ժամկետային զինծառայող Ռազմիկ Մադաթյանի մայրն է։ Նա պատմեց, որ որդին վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 6-ին, ասել է՝ ամեն ինչ լավ է, լավ է լինելու, չմտածես․ «Ասաց՝ ինձ պարգեւատրել են, մամ, ամեն ձեւով կռվել ենք։ Շատ ուրախ էր․․․ Ասաց՝ հիմա մեզ տանում են Հադրութ, հարցրի՝ ինչի՞, ասաց՝ տենց ա պետք, զինվոր չկա, չեմ կարող երկար խոսել, կապերի խնդիր կա, ասացի՝ ոչինչ, քեզ լավ նայի, զգույշ եղի, կապի մեջ եղի։ Դրանից հետո էլ ոչ մի լուր չունեցանք»։ Հարությունյանի խոսքով՝ ուր ասես, ում ասես, դիմել են, միայն պատերազմի դադարից հետո են տեղեկացել, որ հոկտեմբերի 9-ին Հադրութը, իր խոսքով, տվել են, իսկ հոկտեմբերի 11-ին՝ տղաներին ուղարկել այնտեղ․  «Հրադադարից 13 օր անցել էր, ոչ մի լուր չունեի ոչ փոքրիցս, ոչ մեծիցս, ես ու եղբայրս գնացինք Ղարաբաղ, մտանք Արայիկ Հարությունյանի շենք, ուզում էինք իրեն տեսնել, ինքը տեղում չէր, փոխարինողն էր, ուղղակի անունը չեմ հիշում հիմա, ասաց՝ չեք գտնի նրանց, մենք էլ լուր չունենք, սպասում ենք՝ Կարմիր Խաչը մտնի էդ տարածք»։ Դրանից հետո Շողիկ Հարությունյանը գնացել է «Մարտունի 3»՝ հենց այն զորամաս, որտեղ ծառայում էր որդին՝ հանդիպելու նրա հրամանատար Գոռ Իշխանյանին․ «Հարցրինք՝ ո՞ւր են մեր էրեխեքը, ասաց՝ մենք էլ ենք սպասում, Կարմիր խաչը գնացել է․․․ Բայց գրիչը ձեռքին դողում էր․․․ Դուրս եկանք, եղբորս ասացի՝ էրեխեքը չկան, ու էդ պահին Գոռ Իշխանյանին թե մեկ ուրիշին, լավ չեմ հիշում, եղբայրս հարցրեց՝ ի՞նչ կա մեր էրեխեքից, նա էլ պատասխանեց՝ զանգել ենք, հեռախոսին թուրք է պատասխանել, էդտեղ եղբայրս հասկացավ, որ լավ հոտ չի գալիս։ Հետ եկանք, ասացինք՝ գոնե Ջրականի էրեխեքից տեղյակ պահեք, էդպես փոքրիս գտա»: Ամիսներ անց միայն տիկին Շողիկը ԴՆԹ նմուշ է հանձնել․ Կարմիր Խաչը այդ տարածքներից մարմիններ էր դուրս բերել, որոնց մի մասը՝ այրված․ «Ես լսել եմ, որ իրենք քիչ են եղել, թշնամին՝ շատ, դրա համար շրջափակման մեջ են ընկել, մեկ էլ լսել եմ, որ Գոռ Իշխանյանը գումարով ծախել է էրեխեքին»: Մեղադրողների ճշգրտող հարցերին ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդը դժվարացավ հավելյալ տեղեկություններ հայտնել իր այս հայտարարության վերաբերյալ, ասաց՝ անձամբ ոչ ներկա է եղել, ոչ լսել, ուրիշներն են փոխանցել։ Սիրուշ Միրզաբեկյան Սիրուշ Միրզաբեկյանը զոհված Գրիշա Միրզաբեկյանի կինն է։ Նա պատմեց, որ ամուսինը պատերազմ է մեկնել կամավոր, նույնիսկ իրար չեն էլ տեսել․ «Քանի որ էրեխեքս անչափահաս էին, ինձ ստիպեցին գալ Երեւան, դուրս եկա, եկա էստեղ, նույնիսկ իր տեղը չգիտեի, միայն գիտեի, որ դիրքերում է։ Վերջին անգամ հոկտեմբերին խոսեցինք, ոչ մի բան չասաց, միայն գիտեի, որ մեր գյուղից 7 կամավորով միացել էին 7-րդ վաշտին»։ Միրզաբեկյանի խոսքով՝ քանի որ ամուսինը հայր չուներ, իսկ մայրը անկողնային հիվանդ էր, ինքն էր նրան խնամում, իսկ որոնողական աշխատանքներով զբաղվում էր իր եղբայրը․ «Մեկ ասում էին՝ ողջ է, մեկ՝ չէ, բայց ես հույսս կորցրած էի․ եթե ողջ լիներ, ինձ կզանգեր»,- հուսահատ ասաց տուժողի իրավահաջորդը։ Բորիկ Սարգսյան Հարցաքննված մյուս ծնողը Բորիկ Սարգսյանն է՝ զոհված Արմեն Սարգսյանի հայրը։ Նա  դեպքի վերաբերյալ մանրամասն ոչինչ չգիտեր, ասաց՝ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել, ասել՝ տանում են Հադրութ․ «Ասաց՝ որ գամ, կզանգեմ, մինչեւ էսօր չի զանգել․․․»։ Հրամանատար Գոռ Իշխանյանի հետ Սարգսյանը բջջայինով է խոսել, վերջինս էլ ասել է՝ էրեխեքին ման են գալիս, որ գտնեն, տեղյակ կպահեն։ Մուրադ Հարությունյան Զոհված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանի հայրը՝ Մուրադ Հարությունյանը, նույնպես տեղեկություններ չուներ, անգամ չգիտեր՝ որտեղ ու ինչպես է որդին զոհվել։ Նշեց միայն՝ հոկտեմբերի 11-ին է զանգել, ասել՝ անհասանելի է լինելու։ Դրանից հետո ոչ որդու հետ է խոսել, ոչ էլ որեւէ մեկին հանդիպել։  Հետագայում Հարությունյանը եւս ԴՆԹ նույնականացման միջոցով է գտել որդու մարմինը։ Էլմիրա Սիրելյան Զոհված զինծառայող Նաիրի Սիրելյանի մայրը՝ Էլմիրա Սիրելյանը, դժվարացավ ցուցմունք տալ, ասաց՝ տղայից հետո հիշողություն չունի։ Հայտնեց միայն, որ երբ վերջին անգամ որդին զանգել է, ասել է՝ մեզ տեղափոխում են Հադրութ, չմտածես, մամ ջան, լավ կլինի․ «Ու ես խոսակցություններից լսել եմ, որ այդ ընթացքում ռումբը ընկել է մեքենայի մեջ։ Ուրիշ բան չգիտեմ»։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Շողիկ Հարությունյանը, պաշտպանները, դատավորը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
17:09 - 01 ապրիլի, 2025
Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի

Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի

44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող Երվանդ Իսկանդարյանի պնդմամբ՝ այն պահին, երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը իրենց երթը շարունակելու հրաման է տվել, հակառակորդի անօդաչու թռչող սարք երկնքում ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի։ Այս ցուցմունքը ամբողջովին հակասում է Վերանյանին առաջադրված պաշտոնական մեղադրանքին, ըստ որի՝ նա պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել ԱԹՍ-ի ձայնի լսելի լինելու պայմաններում։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի շրջանի Իշխանաձոր գյուղի խաչմերուկում։ Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հրամանից րրոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին, որում ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմն էր։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Անդրանիկ Վերանյանն այս մեղադրանքը չի ընդունում։ Երվանդ Իսկանդարյանը, որ հետախուզական վաշտից էր, այդ օրը գտնվել է փոխգնդապետ Վերանյանի «Պիկապ» տեսակի մեքենայի բաց թափքում։ Որպես հետախույզ-դիտորդ՝ նրա պարտականությունն էր մշտապես հետեւել օդը մաքուր է, թե չէ (այսինքն՝ ԱԹՍ-ի առկայությունը), որեւէ շարժի կամ վտանգի դեպքում մեքենայում գտնվող հրամանատարներին (նույն մեքենայում էին նաեւ Արտյոմ Պողոսյանն ու Աբգար Խաչատրյանը) տեղեկացնել։  Իսկանդարյանը կանչվել էր հարցաքննության պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, ուստի Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը նրան մի շարք հարցեր հղեց։ Ըստ վկայի՝ եթե ԱԹՍ լիներ, առաջինն ինքը մեքենայի թափքից կիջներ Պատասխանելով հարցերին՝ վկա Իսկանդարյանը պատմեց, որ Արցախ են մեկնել 2020 թ․ հոկտեմբերի 3-ին։ Նշեց՝ հոկտեմբերի 9-ի իրադարձությունները հիշում է որոշ չափով․ 5 տարի է անցել։ Իսկանդարյանի խոսքով՝ ԻՍՎ անձնակազմին առաջին անգամ հանդիպել են դեպի Իշխանաձոր տանող ճանապարհի վրա․ «Խոսկացություն է եղել, Վերանյանը հարցրել է սպաներից մեկին՝ ինչ եք անում, վառելիքի հարցերով էին, ասել է՝ լցրեք, միացեք մեզ, ուրիշ բան չի եղել։ Մենք շարունակել ենք ճանապարհը, որ տեսնենք՝ զորքից ով կա մնացած, որ վերցնենք, սաղի հետ իջնենք»։ Երկրորդ անգամ հրամանատարական «Պիկապը» ԻՍՎ անձնակազմին հանդիպել է մոտ մեկուկես ժամ անց Իշխանաձորի խաչմերուկում։ - Մինչեւ խաչմերուկ հասնելը ԱԹՍ-ի ձայն լսելի՞ էր,- հարցրեց պաշտպանը։ - Չէ, շատ ուշադիր ենք եղել,- պատասխանեց վկան։ - Վկա Ավո Զաքարյանի ցուցմունքից պարզ է դառնում, որ ԱԹՍ-ն մինչեւ խոցելը մոտ 30 րոպե օդում թռչել է։ Հնարավո՞ր է՝ այդքան ժամանակ օդում լիներ, բայց Դուք բաց թափքով ավտոմեքենայի մեջ չլսեիք։ - Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դժվար․․․ - Դիտորդի պարտականությունները որո՞նք են։ - Օդին ուշադիր լինես, դիմացդ, կողքերդ, հետեւդ նայես, որ եթե վտանգ զգաս թշնամու կողմից, մնացածին տեղյակ պահես, մեքենայից իջնեք, մի տեղ պատսպարվեք։ - Ստացվում է՝ լավ չեք կատարե՞լ Ձեր պարտականությունները։ - Լավ կատարելով չէ, մենք իրենց պես ավտոմատ մեխանիզմ չենք, տեխնիկա է, կարող ենք մեկը տեսնել, մեկը չտեսնել․․․ - Լավ, հասաք խաչմերուկ, հետո՞։ - Էդ ժամանակ մեր զինվորները եկան, հարցրին՝ ինչ եք անում, տղերքից պատասխանեցին՝ վերեւը բան կա, օդը կեղտոտ է, դրա համար չենք գնում։ Վերանյանը ինձ հարցրեց՝ օդը մաքուր է, ես ասացի՝ ինչքանով որ տեսնում եմ, մաքուր է։ Եթե մաքուր չլիներ, իմ անվտանգությունից թանկ բան չկա ինձ համար, անձամբ կիջնեի մեքենայից, սաղս էլ գիտենք, որ էդ մեքենայի վրա ավելի շատ են կենտրոնացած, քանի որ հրամանատարական մեքենա է։ Դատավորի ճշտող հարցին՝ անմիջապե՞ս է Վերանյանի հարցին պատասխանել, պետք չէ՞ր՝ 2-3 րոպե սպասել, համոզվել, որ օդը իսկապես մաքուր է, վկան պատասխանեց՝ ասելով՝  -Չեմ կարող ասել։ Կարող է՝ 3 րոպե սպասեինք՝ չլիներ, 5 րոպե հետո լիներ։ - Իսկ եղե՞լ է իրավիճակ, որ մեկը փորձի օդ կրակել եւ ձեր ավտոմեքենայից Աբգար Խաչատրյանը իջնի ու չթողնի։ - Ես չեմ հիշում տենց բան։  - Իսկ նման բովանդակությամբ զրո՞ւյց՝ «ԱԹՍ-ն ձեր խնդիրը չէ, ՀՕՊ-ի խնդիրն է»։ - Չէ, ես չեմ լսել։ - Որ ասած լինի՝ կապ չունի՝ ԱԹՍ կա, թե չկա, նստեք, գնացեք։  - Ես տենց բան չեմ լսել։ - Որեւէ մեկը հանդիմանե՞լ է Վերանյանին այդ հրամանի համար։ - Չեմ հիշում տենց բան։ Շատ կարճ է տեւել, սպաներից մեկնումեկի հետ խոսեց եւ զույգ եղբայրներից մեկի, ասաց՝ նստենք, հասնենք մնացած զորքին։ Իրար հետեւից շարժվել ենք, ու դեպքը եղել է, էդքան բան։ Վկա Իսկանդարյանը նշեց, որ խոսակցություններ են եղել՝ «էնպես անեն, որ էրեխեքին փրկեն, ոչ մեկը չգնա, մսաղաց դառնա»։ Մեղադրող դատախազ Հայկ Մարգարյանի հարցին, թե ով է նման բան ասել, վկան չկարողացավ պատասխանել, ասաց՝ անձամբ ներկա չի եղել, լսել է։ Մեղադրողը ընդգծեց՝ ապացույցը, որի աղբյուրը չի վկայակոչվում, չի կարող արժանահավատ գնահատվել։ Իսկանդարյանի խոսքով՝ ճանապարհ ընկնելուց 15-20 րոպե անց ԱԹՍ-ի ձայնը դարձել է լսելի։ Երբ ուժեղացել է, ինքը ձեռքով հարվածել է, որպեսզի կանգնեցնեն, արագ դուրս են եկել ու պատսպարվել։ Ըստ նրա՝ Արցախ մեկնելուց առաջ իրենց այդպես էին հրահանգավորել։  Այդ պահին էլ հենց պայթյունի ձայնն է լսվել։ Անմիջապես նստել են մեքենա, շտապել ԻՍՎ անձնակազմի մոտ։ Մեղադրանքի կողմը փորձեց հասկանալ՝ ինչպես է վկան հրամանատարական մեքենայում հայտնվել Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը խնդրեց հայտնել՝ վկան ի՞նչ հարաբերություններ ունի Անդրանիկ Վերանյանի հետ․  -Զինվոր-վերադաս, բայց լավ ենք եղել, վատ ձեւերով չենք եղել։ - Մյուս զինծառայողներից ավելի մտերի՞մ։ - Չէ, ոնց որ մյուսների հետ, ով իրեն լավ է պահել, շնորհքով։ - Զորակոչվելուց հետո հանդիպել, զանգե՞լ եք Վերանյանին։ - Չեմ հանդիպել, եղել է՝ զանգել եմ։ - Դուք՝ շարքային զինվոր, նա՝ գնդի շտաբի պետ, արդյո՞ք դա արտասովոր չէ, եթե մտերմություն չեք ունեցել։ - Չեմ մտածել, որ յուրահատուկ զարմանալու բան կա։ Եթե մի բան լավ կանես, վիզ կդնես, քեզ կնվիրես գործիդ, մանավանդ պատերազմի ժամանակ, միշտ էլ քեզ ուշադրություն կդարձնեն, այդպես է օրինաչափությունը․․․ Ես այդ վերաբերմունքն եմ ցույց տվել։ Միասին պատերազմ ենք անցել, ուրիշ ի՞նչ ասեմ, օրեր ենք ապրել, որ դուրսը այլ մարդկանց հետ 10-20 տարի էլ ապրես, հեչ բան է։ - Իսկ ո՞նց է եղել, որ Դուք թափքում եք հայտնվել։ - Ով որտեղ պետք է եղել, հրամայել են, ինչ հրաման տվել են, կատարել եմ։ Մենակ ես չեմ եղել, էլի ավտոներ են եղել, սաղի վրա էլ մեր վաշտից մարդիկ են եղել։ Մենք հետախուզական վաշտից ենք եղել, մնացած վաշտերի հետ համեմատած՝ շատ ենք դիրքեր բարձրացել, ավելի վարժ ենք եղել։ Մեղադրողի դիտարկմանը, որ Արցախի ոստիկանները ուղիղ ցուցմունք են տվել այն մասին, որ այդ պահին ԱԹՍ-ի ձայնը եւ լսելի էր, եւ տեսանելի էր, վկան արձագանքեց․ «Ես բան չունեմ ասելու, ինչ տեսել եմ, ինչ գիտեմ, դա եմ ասում»։ - Ճիշտը ասա,- վրդովվեց զոհված զինծառայողի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Օհանյանը փորձեց հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ հենց ինքն է հայտնվել հրամանատարական մեքենայում։ - Վեց հոգի մարդ ենք եղել ծանր զենք ունեցող, ովքեր տիրապետել են էդ զենքերին, բաժանել են։ - Ո՞վ է բաժանել։ - Բախտի բերմամբ, լրացրել ենք, ցրվել ու շարժվել։ - Իսկ միայն Անդրանիկ Վերանյանի՞ն եք զանգել, թե՞ Արգամ Խաչատրյանի հետ էլ էիք մտերիմ։ - Արգամ Խաչատրյանին էլ եմ զանգել։ Ես իմ սպաների հետ կապ եմ պահել, մարտական ուղի ունեմ անցած, ամեն ինչն էլ փոխադարձ է,- պատասխանեց վկան՝ պնդելով, որ դեպքից ոչինչ չեն զրուցել։ - Ձեզ հետաքրքիր չէ՞՝ 18 զինծառայողի մահվան մեջ մեղավոր կա, թե չկա,- հարցրեց մեղադրողը։ - Սաղի ցավն էլ տանեմ, Աստված նրանց հոգիները լուսավորի, բայց էդպես ինչքան տղաներ զոհվեցին․․․ Եթե մեղավոր կա, թող պատժվի։ - Բոլորը միաբերան ասում են՝ երկնքում ԱԹՍ կար, բացառո՞ւմ եք, որ բոլորը տեսած ու լսած լինեն, Դուք՝ ոչ։ - Ես վստահ եմ, որ չեմ տեսել, ով ինչ է տեսել, ես ի՞նչ իմանամ, ամեն մարդ մի բան կարա տեսնի, պատկերացնի, էլի եմ ասում՝ ես իմ անվտանգության համար հաստատ կիջնեի, ոչ բոյ կերթար, ոչ կարեւոր գործողություն էր, էդ մի քանի րոպեն եղանակ չէր փոխի։ Որ իջնես, ապրելու շանսերդ ավելի շատ են, եթե իհարկե հատուկ գործողություն չէ, որ ուզած-չուզած կյանքի գնով պիտի կատարես։ Վկայի հարցաքննության ավարտին տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, որ դեպքի վայրում է եղել, հայտարարեց, թե նա սուտ ցուցմունք է տալիս․  «Ինձ թվում է՝ դատարանը ճիշտ կգնահատի վկայի ցուցմունքը, քանի որ մի քանի մարդկանց ասելով, մեր տեսածով, մեր լսածով, թուրքերի նկարածով, երեւում է, որ մենք էնտեղ ենք, ԱԹՍ-ն մեզ նկարում է, նստում ենք ավտոները, շարժվում ենք, բայց վկան այդ պահին չի տեսել․․․ Սխալ ցուցմունք է տալիս, կես ժամ հետո է դեպքը եղել, բայց շարժվել ենք, 5-6 ր հետո է եղել․․․ Բացի այդ, իրենք եկել են մի ժամ հետո, երբ ես պաժառնիկի ավտոյով կրակը հանգցրել, նստել էի։ Ես տեսել եմ իրենց ավտոն, կանգնել են 50-60 մ էն կողմ, մի հատ քար եմ վերցրել, որ վազեմ իրենց վրա, ընկել եմ, չեմ կարողացել գնալ, թողել, փախել են»։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանությամբ, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում էական հակասություններ կային։ Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժեց՝ հակասությունները էական չհամարելով։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 9-ին։   Միլենա Խաչիկյան
10:10 - 01 ապրիլի, 2025
Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ Հադրութ նահանջելիս փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է քննել այս հարցը։ Հովիկ Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարն էր, որին այժմ մեղադրում են չթույլատրված նահանջ իրականացնելու մեջ։ Ըստ քրեական գործի՝ առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության՝ Գաբրիելյանը նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։  Գաբրիելյանը տնային կալանքի տակ է, նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նահանջի մասին ո՞ւմ է զեկուցել Հովիկ Գաբրիելյանը  Այսօրվա նիստում դատարանը շարունակեց վկա Հրաչյա Ղազարյանի հարցաքննությունը։ Ղազարյանը, որ պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալը, նախորդ նիստին կարծիք հայտնեց, որ եթե չնահանջեին, մի քանի տասնյակ զոհ ավելին կունենայինք։ Նրա այդ ցուցմունքի առնչությամբ մի շարք հարցեր հղեց նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը․ Դատավոր Վարդգես Սարգսյանը - Հովիկ Գաբրիելյանը ո՞ւմ է զեկուցել նահանջի մասին։ - Վերադաս հրամանատարներին՝ կամ կորպուսի հրամանատարին (Ժիրայր Պողոսյանն է,–հեղ․), կամ կորպուսի շտաբի պետին (զոհվել է)։ Կոնկրետ չեմ կարող ասել, բայց որ երկուսից մեկին, դա միանշանակ է, ուրիշին չէր կարող,– պատասխանեց վկան։ - Ժիրայր Պողոսյանին ո՞նց կբնութագրեք։ - Լավ, բանիմաց, գրագետ հրամանատար։ - Ճշտախո՞ս է։ - Այո։ - Իսկ շտաբի պետի՞ն։ - Նույն ձեւ։ - Հարգելի՛ վկա, Ժիրայր Պողոսյանը դատարանում հարցաքննվել եւ պնդել է, որ իրեն եւ շտաբի պետին Գաբրիելյանը չի զեկուցել նահանջի մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։ - Քանի որ Գաբրիելյանի բոլոր զեկույցները ըստ իրավիճակի եղել է նրանց հետ, դրանից ելնելով եմ ասում։ -Բայց հարցիս չպատասխանեցիք․ կարո՞ղ է՝ Ժիրայր Պողոսյանը ստում է, իրականում զեկույց եղել է, եւ Դուք էլ տեսել եք։ Կամ նա է ստում, կամ գաբրիելյանը չի զեկուցել, սա եմ ուզում հասկանալ։ - Քանի որ կորպուսի հրամանատարին եւ շտաբի պետին ճանաչում եմ, Գաբրիելյանին էլ եմ ճանաչում, նրա բոլոր զեկույցները եղել են նրանց, դա էն խնդիրն է, որ պիտի զեկուցվեր նրանց։ Եթե տենց պնդում կա, չեմ կարող ասել,- պատասխանեց վկան՝ ըստ էության չպարզաբանելով այդ հակասությունը։ Ինչի՞ց է տպավորությունը, որ վերադաս հրամանատարն ասել է՝ ինչ ուզում եք, արեք Նախորդ անգամ հարցաքննվելիս վկա Ղազարյանը հայտնեց՝ երբ Գաբրիելյանը խոսել է վերադաս հրամանատարության հետ, ինքը չի լսել, թե մյուս կողմից բառացի ինչ են ասել, սակայն տպավորություն է ստացել, որ ասել են՝ ինչ ուզում եք, արեք։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը - Եթե չեք լսել՝ ինչ պատասխան է տրվել, որտեղի՞ց Ձեզ այդ տպավորությունը,– այսօր հարցրեց դատավորը։ - Խոսակցության բնույթից․ Գաբրիելյանը ջղայնացած բան էր ներկայացնում, դրանից եզրակացրել եմ․․․ - Բայց այդ տպավորությունը ինչի՞ց ստացաք։ - Քանի որ մինչեւ էդ Գաբրիելյան ասում էր՝ շրջափակման վտանգ կա, ու հետո որ կապով սկսեց խոսել, բացատրել՝ ինչ է, ոնց է, ու առանձնացավ, այդ պահից եմ հասկացել։ - Ինչո՞ւ դրանից տպավորություն չստեղծվեց, որ գալու են օգնության, այլ ստեղծվեց տպավորություն, որ ասում են՝ ինչ ուզում եք, արեք, եկող չկա։ - Բառացի նման արտահայտությունս վերաբերում է նրան, որ չեմ կարող ասել՝ տենց ասեց-տենց չասեց, տպավորությունս է դա եղել։ - Իսկ կարո՞ղ է Ձեր տպավորությունը սխալ է, որ ասել են՝ ինչ ուզում եք, արեք՝ հաշվի առնելով, որ այդ հետեւության գալու հանգամանքը որեւէ փաստական տվյալով առերեւույթ չեք կարողանում հիմնավորել։ - Տեսեք, ես ոչ թե չեմ պնդում այդ խոսակցությունը, եթե չեմ լսել, չեմ կարող պնդել, բայց տպավորությունս այդպիսին է։ Դատավոր Վարդգես Սարգսյանը հետաքրքրվեց նաեւ՝ Գաբրիելյա՞նն է իրեն այդպես ասել, ինչին վկան բացասական պատասխանեց։ Դատավորը արձանագրեց՝ հարցին ըստ էության պատասխան չտրվեց։ Ավելի ուշ պատասխանելով հարցին՝ լսե՞լ է, որ բառացի թույլ տված լինեն բնագիծը թողնել, վկան ասաց՝ ոչ։ Ղազարյանը հավելեց, որ անձնակազմը բարոյահոգեբանական վատ վիճակում էր, աշխատանքներ էին տանում մարտական ոգին բարձրացնելու համար։ Հարձակման իրատեսական վտանգ կա՞ր թե՞ ոչ Վկա Հրաչյա Ղազարյանը որեւէ տեղեկություն չուներ՝ իրենց նահանջը ինչ հետեւանքներ է ունեցել։ Ըստ քրեական գործի՝ մարդկային եւ նյութական կորուստների։ Նա նաեւ չգիտեր՝ իրենց աջ եւ ձախ կողմերում յուրային ինչ ստորաբաժանումներ են եղել։ Նշեց՝ նահանջելիս կարողացել են իրենց հետ վերցնել 3-4 հմմ եւ մի քանի բեռնատար։ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը - Ձեր ձախ կողմում նկատե՞լ եք տանկեր, որոնք փորձել են մտնել թիկունք,- հարցրեց դատավորը։  - Ձախում՝ ոչ։  - Տանկերի շարասյո՞ւն, հետեւակի առաջխաղացո՞ւմ․․․  - Նկատելի՝ ոչ։  - Պարոն Ղազարյան, ամենայն հարգանքով, Դուք Ձեզ ճշտախոս մարդ համարո՞ւմ եք։  - Այո,- պատասխանեց վկան։ Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Գաբրիելյանից աջ գտնվել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, եւ զորամասի հրամանատարի անձնակազմը՝ Համլետ Լեւոնյանի գլխավորությամբ։ - Ինչպե՞ս կբնութագրեք Հովիկ Գաբրիելյանին։ - Դրական։ - Ճշտախո՞ս, քա՞ջ մարդ է։ - Այո։ - Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Կոլյա Դավթյանին։ -Դրական։ -Համլետ Լեւոնյանի՞ն։ -Դրական։ Դատավորը հիշեցրեց նախորդիվ հարցաքննված սպաներ Կոլյա Դավթյանի եւ Համլետ Լեւոնյանի խոսքերը (նրանց ցուցմունքները կարդացեք այստեղ եւ այստեղ,-հեղ․), համաձայն որոնց՝ նահանջին անմիջականորեն նախորդած ժամանակահատվածում հակառակորդի առաջխաղացում, տանկերով բնագիծ հատելու տեսարաններ չեն եղել։ Վկան սա, ըստ էության, չհերքեց․ - Իկ ո՞րն է պատճառը, որ ցերեկը, երբ ինտենսիվ մարտեր են եղել, չեք նահանջել, բայց կեսգիշերնանց, երբ ակտիվ գործողություններ չեն եղել, նահանջել եք,- հարցրեց դատավորը։ - Դե, հարձակումը արվում է անսպասելի․․․ - Բայց փառք Աստծո, նման վիճակում չէիք գտնվում։ - Այդ հարցին ավելի կոնկրետ հրամանատարը կպատասխանի, ըստ իս՝ քանի որ չենք ունեցել գիշերային տեսանելիության սարքեր, աջակցող զինատեսակներ, ըստ երեւույթին, գիշերը հարձակման դեպքում դիմակայելու հնարավորություն բացարձակ չէինք ունենա։ - Բայց այդ հարձակումը իրատեսակա՞ն էր։ - Քանի որ դիմացը թշնամին կուտակված էր, միանշանակ իրատեսական էր, աջից էլ գիշերը գործողություններին բնորոշ ձայներ են լսվել։ - Համլետ Լեւոնյանն ու Կոլյա Դավթյանն ասում են՝ ոչ աջից, ոչ ձախից նման բան չի եղել, սա ո՞նց կպարզաբանեք։ - Միգուցե չեն լսել, ես իմ լսածն եմ ասում,- պատասխանեց վկան։ - Համլետ Լեւոնյանը ասում է՝ հորդառատ անձրեւ էր գալիս, ինչի պայմաններում տանկերը առաջխաղացում շատ դժվարությամբ կարող էին ունենալ, թրթուռները այդ ցեխի մեջ չէին կարող առաջ գալ։ Հարցաքննված մյուս վկան՝ Դավիթ Մկրտչյանը, ասում է՝ հմմ–ները թողել եք, քանի որ ցեխ էր․․․ Հիմա ոնց մեր տեսանելիությունն էր վատ, նույն կերպ հակառակորդինն էր վատ։ Այս հանգամանքները չե՞ն վկայում, որ առաջխաղացումը գիշերը իրատեսական չէր այդ եղանակային պայմաններում։ - Ես ոչ կարող եմ պնդել, ոչ հերքել, իրավիճակից ելնելով՝ իմ անձնական կարծիքն է, միգուցե սխալվում եմ։ - Հարգելի՛ վկա, ես ուզում եմ, որ Ձեր կարծիքը կառուցեք փաստերի հիման վրա, խնդրում եմ, որ փաստարկեք Ձեր կարծիքը։ Ինձ համար կարեւոր է ճշմարտությունը, թե որ կողմում կլինի դա, այդքան էլ կարեւոր չէ։ - Ըստ էության չեմ կարող պատասխանել,- արձագանքեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ իրավական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում առանց թույլտվության բնագիծը թողնելը։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ դա հանցագործություն է․ այն, որ զորքը այդտեղ է գտնվում, արդեն հրաման է։ Այնուհանդերձ, նշեց, որ եթե ինքը լիներ Գաբրիելյանի փոխարեն, միգուցե նույն կերպ վարվեր։  - Բայց միգուցե եւ ո՞չ,- հարցրեց դատավորը։ - Միգուցե ոչ։ Վկան հայտնեց նաեւ, որ ունեցել են սպառազինության եւ սննդի պակաս։ Դատավորը արձագանքեց՝ կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանը պնդում է կատարել, որ չի զեկուցվել այդ օրերի ընթացքում, որ սննդի կամ սպառազինության պակաս կամ կահավորման խնդիր կա։ Վկան դժվարացավ պարզաբանել այս հակասությունը, դատավորի հարցին ի պատասխան՝ ասաց՝  Պողոսյանի խոսքերը կասկածի տակ առնելու առիթ չունի։     Միլենա Խաչիկյան
21:16 - 24 մարտի, 2025
«Ով լավ տղա է, թող առաջ գա»․ ըստ ծնողի՝ այսպես է հրամանատարը համալրել մարտի մեկնող զորքի կազմը

«Ով լավ տղա է, թող առաջ գա»․ ըստ ծնողի՝ այսպես է հրամանատարը համալրել մարտի մեկնող զորքի կազմը

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Մարտունի 3 զորամասի 73-հոգանոց վաշտի կազմում մարտական առաջադրանքի է ուղարկվել ընդամենը 1 ամսվա ժամկետային զինծառայող Սարգիս Խաչատրյանը։ Ընդ որում, Սարգիսը եղել է այդ զորամասի 14-րդ, այլ ոչ թե 7-րդ վաշտից, որն էլ հենց հրաման էր ստացել՝ մեկնելու  Հադրութի «9-րդ կմ» կոչվող տեղանք։ Սարգսի մայրը՝ Նելի Մանուկյանը, հետագայում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես․ «Իմ տղային սեպտեմբերի 29-ին տեղափոխել են 7-րդ վաշտ, էդ տեղեկությունն ինձ տվող զինվորը 2023 թ․-ին զոհվել է, անունը Տիգրան էր․․․ Էդ էրեխեն ինձ ասաց, որ իրենց հրամանատարը՝ սպիտակցի Վահե Սահակյանը, ասել է՝ ով լավ տղա է, թող առաջ գա։ Այդպես իրենց վաշտից 18 նորակոչիկ մեկ քայլ առաջ է եկել՝ չիմանալով՝ ինչու․․․ Իմ տղան ինձ զանգել է ամսի 1-ին, 6-ին եւ 10-ին, ինձ հարց է տվել՝ մամ, ճի՞շտ  է, որ 5 հազար զոհ ունենք։ Մինչեւ հիմա ես մտածում եմ՝ հոկտեմբերի 10-ին իմ էրեխեն էդ հարցը ինձ խի՞ է տվել (նկատի ունի՝ պատերազմի այդ փուլում ինչպե՞ս է, որ շրջանառվել է պատերազմի ավարտին եղած զոհերի թիվը,-հեղ․)։ Ասել է՝ մամ, ժամս կանգնել է, ես էլ ասել եմ՝ չհանես ձեռքիցդ․ երեւի դա ներքին ձայն էր, հետո դրանով գտա որդուս․․․»։ Սարգիս Խաչատրյանն ու մյուս 72 զինծառայողներն անցել են նախապես որոշված «9-րդ կմ» տեղամասը, քանզի նրանց այդտեղ ոչ ոք չի դիմավորել, այդպիսով նրանք հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, որտեղ էլ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են։ Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար այժմ մեղադրվում են նույն զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք, սակայն, իրենց վերաբերյալ դատական նիստերին ներկա չեն գտնվում, դատարանի որոշմամբ՝ դատաքննությունն ընթանում է նրանց պաշտպանների մասնակցությամբ։ Նելլի Մանուկյանը, ինչպես նաեւ մի շարք այլ ծնողներ այսօր ներկայացել էին Երեւանի ընդհանուր իարվասության քրեական դատարան՝ որպես տուժողի իրավահաջորդներ հարցաքննվելու։ Նելլի Մանուկյան Նելլի Մանուկյանը դատարանում պատմեց, որ վերջին հեռախոսազանգի ժամանակ որդին՝ Սարգիս Խաչատրյանը, ասել է, որ հաջորդ օրն իրենց տանելու են զորամաս՝ լողանալու, հանգստանալու, զգուշացրել է, որ չի զանգելու, որ մայրն էլ չզանգի․ «Քանի որ ես որդուս երդման արարողությանն էլ ներկա չեմ եղել կորոնայի պատճառով, ոչ մեկին չեմ ճանաչել, ծանոթների միջոցով ճշտել եմ Սահակյան Վահեի համարը, զանգել իրեն։ Ասում եմ՝ ով եմ, ում ծնողն եմ, ասում է՝ տիկին, ես իմ վաշտի 18 զինվորի տվել եմ  7-րդ վաշտին, իրենց տարել են Ջրական, ու իրենք չկան։ Ասում եմ՝ այսի՞նքն չկան, ապրա՞նք են, որ տվել եք, դու իմ մի ամսվա էրեխուն ինչի՞ հիման վրա ես տվել, էդ էրեխեն մի անգամ չի կրակել, 7 օր հոսպիտալում է եղել, անգամ զորամասի տարածքը չգիտի, ասում է՝ տիկին, ինձ էլ չզանգես, ու անջատում է»։ Նելլի Մանուկյանը Նելլին պատմեց, որ հետո, երբ էլի է զանգել, Սահակյանը բառացի ասել է․  «Լսի, արա՛, ինձ էլ չզանգես, կարողա՞ ջոգել ես՝ տղուդ հերն եմ, պիտի իմանամ՝ տղադ ուր ա։ Դրա համար ինքը, իհարկե, ներողություն է խնդրել, բայց իր ներողությունն ինձ ոչ մի բան չի տալիս։ Գոռ Իշխանյանն ի՞նչ հիմունքով է իմ մի ամսվա ծառայող տղային տարել»,- վրդովվեց տուժողի իրավահաջորդը՝ հավելելով, որ իր որդու վաշտից բոլորը, բացի այդ 18 զինծառայողից, այսօր ողջ են։ Դիանա Ավագյան Հարցաքննված մյուս տուժողը Դիանա Ավագյանն էր, որի ամուսինն է եղել հիշյալ 73-հոգանոց զորքի կազմում։ Դիանան պատերազմում կորցրել է նաեւ եղբորը։ Այգեստանում կատարվածի վերաբերյալ Դիանան մանրամասն տեղեկություններ չուներ, ասաց՝ 14 տարվա ամուսիններ էին, բայց ամուսինը երբեք մանրամասն ոչինչ իրեն չի հայտնել, ասել է միայն, որ տեղափոխվելու են Հադրութ, եւ միայն ռադիոկապով է կարողանալու խոսել, երբ հասանելի կդառնա, կզանգի․ «Ես կյանքում չեմ ուզենա, որ այլ երեխաներ, ոնց որ իմ 4 անչափահաս երեխաներն են, առանց հայր մեծանան․․․ Առաջին անգամ է, որ դատի մասնակցում եմ, բայց խոսակցություններ եմ լսել, որ քանի որ իրենք չկան, փորձում են մեղքը բարդել իրենց վրա, բայց տենց չի լինի, ես էս դատին մասնակցում եմ հենց դրա համար, թեկուզ ինքը չկա, բայց նենց չեմ անի, որ իրենք չոր դուրս գան, մեղքը բարդեն ամուսնուս վրա։ Ով մեղավոր է, թող իր պատիժը ստանա՝ Ջալալ Հարությունյանը կլինի, թե Գոռ Իշխանյանը, թե մեկ ուրիշը»։ Դիանա Ավագյանը Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենց հայտնի չէ նման վարկած, թե որեւէ մեկը իր ամուսնուն է մեղադրում։ Փոխարենը նա հետաքրքրվեց՝ ըստ Դիանա Ավագյանի՝ Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր չկատարել իրեն տրված հրամանը։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ անձնակազմի զորաշարժի հրամանը զորամասի հրամանատար Իշխանյանին տվել է ՊԲ՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանը, իսկ 18-րդ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն էլ պետք է դիմավորեր նրանց․ «Հիմա եթե ես դպրոցում եմ ուսուցչուհի, իմ տնօրենը ինչ հրաման տա, պիտի կատարեմ, ու իմ ամուսնուն էլ ինչ հրաման տվել են, դա է կատարել, իմ ամուսինը որ 7-րդ վաշտի հետ գնացել է, իր չամուսնացած ընկերոջն ասել է՝ դու մնա, ես կգնամ, ես 4 անչափահաս երեխա ունեմ, դրա համար եմ գնում, դու մնա, որ դու էլ երեխա ունենաս»,- պատասխանեց տուժողի իրավահաջորդը։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Վազգեն Վարդանյանը - Հիմա Գոռ Իշխանյանը Ջալալ Հարությունյանի հրամանը կարո՞ղ էր չկատարել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանն առարկեց հարցի դեմ, դատավորը Կարապետյանին առաջարկեց այն վերաձեւակերպել․ - Քանի որ Դուք ուսուցչուհու օրինակը բերեցիք, դրա համար եմ հարցնում։ Ասացիք՝ Ձեր ամուսինը, իմանալով, որ ծանր առաջադրանքի է գնում, համաձայնվել է։ Բայց կարո՞ղ էր չգնալ։ - Ո՞նց կարող էր։ - Իսկ Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր իր վերադասի հրամանը չկատարել։ - Ինձ թվում է՝ եթե հրաման են տվել, ո՞նց չկատարի,- պատասխանեց Դիանան։ Աշոտ Չոբանյան Դիանայի այդ կարծիքին համաձայն չէր մեկ այլ տուժողի իրավահաջորդ, ՊՆ N զորամասի զինծառայող Աշոտ Չոբանյանը։ Նա զոհված Արմեն Չոբանյանի հայրն է․ «Գնդի հրամանատար կլինի, գումարտակի հրամանատար կլինի, եթե հասկանում է, որ ճիշտ հրաման չէ, եթե ինքը համոզված է դրանում ու կարող է դա ապացուցել, չեմ ասում՝ ուղղակի գիտի, այլ համոզված է, ապա կարող է չկատարել»,- ասաց նա։ Աշոտ Չոբանյանը, մյուս տուժողների իրավահաջորդները Չոբանյանը պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019 թ․-ին։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 11-ին․ «Գիտեր, որ ես էլ եմ մարտի դաշտում եղել, ուղղակի խաբել է, որ իր մասին չմտածեմ, չանհանգստանամ, ասել է՝ Մարտունի 3-ում ենք, մեր դիրքերում ենք, սաղ նորմալ է, մի մտածի, ու էդքանով ավարտվել է»։  Օրեր անց, երբ որդուց այլեւս լուր չի եղել, հայրը կապ է հաստատել Գոռ Իշխանյանի հետ․ «Մի քանի օր անցել է, զանգել եմ Իշխանյան Գոռին, ասել է՝ էրեխեքը ապահով տեղ են, արխային, ասել եմ՝ կապը կտրվել է, ի՞նչ է կատարվում, ասել է՝ սաղ նորմալ է, ուղղակի մարտական գործողություններ են»։ Մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցին՝ հեռախոսազանգից ի՞նչ տպավորություն ստացավ, Իշխանյանը տիրապետո՞ւմ էր իրավիճակին, Չոբանյանը պատասխանեց․ «Ինքն ինձ դուր չեկավ, ասաց՝ տեղակալներից մեկին ուղարկում էր էրեխեքի հետեւից, մթամ ինքը գիտեր՝ ուր են, իսկ դրանից հետո զանգերի էլ չպատասխանեց։ Ինքը, որպես գնդի հրամանատար, զորամասի բնագծերից դուրս իրավունք չուներ զորք տաներ, դա արդեն թերացում է»։ Պաշտպանի հարցին՝ իսկ եթե վերադասից հրաման ունե՞ր, նա պատասխանեց՝ ասելով՝ ուրեմն՝ վերադասն էլ է իր նման անփույթ։ Նա նշեց, որ նման դեպքերի համար նախատեսված է ռեզերվ։ - Ի վերջո, ի՞նչ է տեղի ուենցել, առ այսօր ի՞նչ է Ձեզ հայտնի։ - Գիտեմ, որ անփութության հետեւանքով է զոհվել․․․ Եթե ուղարկում են էրեխեքին, չեն հասցնում դիրքավորվել, ճակատ–ճակատ դուրս են գալիս թշնամու դեմ․․․ Հրամանատարդ պիտի տիրապետի օպերատիվ դրությանը, իմանա՝ եթե զորք է ուղարկում, էդ զորքը կարո՞ղ է դիրքավորվել, ամեն ինչը պիտի ճշտի, նոր, ոչ թե ինչ-որ մեկը պիտի դիմավորի, չի դիմավորում, անցնում են էդ տարածքը, գնում ճակատ–ճակատ․․․ Դա թերացում էլ չէ, չգիտեմ՝ ինչ է։ - Որտեղի՞ց այդ տեղեկությունը, որ իքս տեղանքի փոխարեն իգրեկ տեղանք են գնացել։ - Փաստ է, որ էրեխուն էդտեղից են բերել։ - Իսկ որ ի սկզբանե այլ տեղանքում պիտի գտնվեի՞ն։ - Շատ մարդիկ գիտեին, տարբեր մարդկանցից զանգերով ճշտել եմ։ Ձախից՝ Արման Բայադյանը, Դավիթ Կարապետյանը Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը պարզաբանեց՝ զորքին մի տարածքից մեկ այլ տարածք տեղափոխելը Ջալալ Հարությունյանի ղեկավարած կառույցի գործն է, իսկ Կանոնագրքով հստակ սահմանված է՝ եթե կոնկրետ մի ստորաբաժանման բնագծում է, կապի ապահովումը կատարում է կոնկրետ զորամասի շտաբը, բայց եթե մի քանի ստորաբաժանումներ են, կապի ապահովումը կատարում է Գլխավոր շտաբը․  - Հիմա եթե հանձնարարությունը գալիս է Ջալալ Հարությունյանի օպերատիվ շտաբից, ո՞վ է կապը ապահովում,- հարցրեց պաշտպան։ - Բա Կարեն Առստամյանը ինչի՞ է ասում՝ ինձ ոչ ոք տեղյակ չի պահել էդ զորքի շարժի մասին,- հարցին հարցով պատասխանեց ծնողը։ Նշենք, որ Կարեն Առստամյանը այս գործի շրջանակում ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նա այժմ մեղադրվում է մեկ այլ գործով եւ գտնվում է հետախուզման մեջ։ - Գոռ Իշխանյանի սխալը նրանում է, որ գնդի հրամանատար լինելով, չտիրապետելով տվյալներին՝ զորք է ուղարկում,- պնդեց ծնողը։ - Այսինքն՝ հրամանը չպիտի՞ կատարի,- հարցրեց պաշտպանը։ - Լսեք, մի բան ասեմ, այո, եթե 73 հոգի պիտի զոհվի, մի ողջ ստորաբաժանում, չպիտի կատարի։ Նվեր Մարտիրոսյանի պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Իշխանյանը հեռախոսով չէր կարող քննարկել գաղտնի տեղեկություններ, դրա համար է իրեն կարճ-կարճ պատասխանել, Չոբանյանն ասաց՝ հնարավոր է։ Դահլիճում գտնվող ծնողների մեկնաբանությունները զայրացրին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, վերջինս դատական սանկցիա կիրառեց ծնողներից մեկի նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից․ - Մենք մեր էրեխեքին ենք ուզում, ասում եք՝ լռեք-լռեք, ինչի՞ լռի, իրականություն է ասում։ Ես տեսնում եմ, որ Դուք, դատավոր լինելով, ջղայնանում եք, բա մենք ո՞նց չջղայնանք,- վրդովվեցին նրանք։ - Մարդկանց տներ են քանդվել, 5 տարի է՝ մենք մեր մերերին չենք կարողանում հիվանդանոցներից տուն բերենք, էդ որ տաքանում են մարդիկ, նորմալ է,- արձագանքեց Չոբանյանը։ Աննա Սարոյան Հարցաքննված մյուս ծնողը Աննա Սարոյանն էր՝ զոհված Գեւորգ Ներսեսյանի մայրը։ Նա պատմեց, որ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել․ «Ասեց՝ մամ, մի շաբաթ չեմ զանգելու, շատ խառնված էր, չանհանգստանաս, ուղղակի կապերի հետ լուրջ խնդիր կա, բայց դրանից րոպեներ անց իմ հորեղբոր տղային էր զանգել, ասել՝ մեզ տեղափոխում են չգիտեմ՝ ուր, հետո իմացա իրենից այդ նախադասությունը, հետո արդեն զանգերը անպատասխան էին։ Բնականաբար, փորձեցինք ծնողների հետ միահամուռ փնտրել, մի անգամ եկանք ՊՆ, բայց․․․ Պարզվել է, որ Գեւորգիս 73-հոգանոց վաշտին 3 մեծ մեքենաներով տեղափոխել են Հադրութ, հրաման են ի կատար ածում, էնտեղ պիտի դիմավորող ունենային, կարծեմ՝ Կարեն Առստամյանը, բայց չեն ունեցել, 4-5 կմ խորացել են դեպի Այգեստան, բայց այդ տարածքը գրավյալ տարածք է եղել ու ընկել են շրջափակման մեջ։ Գիտեմ, որ կռվել են մինչեւ վերջին պահը, ու ոչ մի տեղեկություն, ոչ մեկը չի վերադարձել»։ Աննա Սարոյանը - Իսկ Ջալալ Հարությունյանի մասին լսե՞լ եք այս գործով,- հարցրեց պաշտպան Կարապետյանը։ - Լսել եմ, որ իր հրամանով Գոռը հրաման է տվել գնալ Հադրութ օգնության։ - Տեղյա՞կ եք՝ ինչի չեն դիմավորել։ - Չէ, դատական նիստերին ինչքանով։ - Ո՞վ էր էդ ամենի մեղավորը։ - Եթե իմ ընկալմամբ պիտի լինի, մենք մեր էրեխեքին տվել ենք Գոռին, նա ասել է՝ 2 տարի մեր տրամադրության տակ են, չհամարձակվեք խնձոր անգամ ուղարկել, որովհետեւ նրանք մերն են, եթե տվել ենք, հենց Գոռից էլ պիտի ուզեինք, ուրիշ ում անունը տամ։ - Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր վերադասի հրամանը չկատարել։ - Պատերազմական իրավիճակը, իմ կարծիքով՝ այո, ինչո՞ւ ոչ, կարող էր չգնալ այդ քայլին, իմանալով, որ նման տեղ են գնալու, որ հետ չեն դառնալու։ Հրանտ Պապյան  5-րդ տուժողն էլ, որ հարցաքննվեց, Հրանտ Պապյանն էր։ Նա պատմեց, որ որդին 2020-ի հուլիսին է զորակոչվել Ասկերան, դեկտեմբերի 3-ին նրան տարել են Մարտունի 3։ Հրանտ Պապյանը Վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 10-ի երեկոյան․ «Ես, որպես զինվորական, ավելորդ հարցեր չեմ տվել, ասել եմ՝ ոնց ես, ասել է՝ լավ եմ, հետո, որ տեսա երկար ժամանակ չի զանգում, սկսեցի զանգահարել, շատ եմ փորձել, որ մարդ գտնեմ, չեմ գտել, անհայտ էր, ոչ մեկը ոչ մի բանից տեղյակ չէր։ Հետագայում խոսակցություններից եմ լսել, որ հրաման են տվել գնալ Հադրութ, Այգեստան, երբ Հադրութը ամսի 8-ին [արդեն] տված էր»։ Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը Տավուշի մարզում մեկ այլ դատական նիստի էր։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարություն արեց՝ նշելով, որ անհրաժեշտ է առավել հաճախակի նիստեր նշանակել, իսկ այլ նիստերի առկայության պայմաններում գոնե հեռախոսազանգով փորձել մի փոքր հետաձգել, քանի որ ենթադրյալ հանցանքի համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի լրանալուն քիչ ժամանակ է մնացել։ Նշենք, որ մեղադրյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, ինչը նշանակում է, որ դրա վաղեմության ժամկետը 5 տարի է, այսինքն՝ լրանալու է 2025 թ․ հոկտեմբեր ամսին։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 1-ին։   Միլենա Խաչիկյան
18:24 - 18 մարտի, 2025
Երեք նիստ է՝ դատարանում քննարկվում է Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու հարցը

Երեք նիստ է՝ դատարանում քննարկվում է Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու հարցը

2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն կա՞ թե՞ ոչ․ արդեն 3 նիստ է՝ Հակակոռուպցիոն դատարանում չի ավարտվում այս հարցի քննարկումը։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ՝ այն բանի համար, որ նա զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Գրիգորյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել, պնդել է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը դատարանին միջնորդել է նշանակել ռազմագիտական փորձաքննություն՝ պատասխանելու համար մի շարք հարցերի, առանց որոնց, ըստ նրա, հնարավոր չէ գնահատական տալ Գրիգորյանի գործողություններին՝ 1․ տվյալ իրադրության պայմաններում արդյո՞ք իրավաչափ են եղել Հայկազ Գրիգորյանի ձեռնարկած քայլերը եւ տրված հրամանները նահանջի մասին, 2․ կոնկրետ ո՞ր հանգամանքներն են հանդիսացել Հայկազ Գրիգորյանի կողմից նշված հրամանի իրական նպատակներն ու պատճառները, 3․ արդյո՞ք Գրիգորյանը իր ենթակա անձնակազմով իր զորու էր կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը կամ դիմագրավել հակառակորդին։  4․ արդյո՞ք տվյալ տարածքում գտնված ժամանակահատվածում զինծառայողները չեն եղել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Գրիգորյանի գործողությունները միտված չեն եղել անձնակազմի անվտանգությունն ապահովելուն, 5․ Հայկազ Գրիգորյանի կողմից ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տրված նահանջ հրամանի արդյունքում արդյո՞ք խափանվել է որեւէ մարտական առաջադրանքի կատարում, եթե այո, ապա ի՞նչ մարտական առաջադրանք է խափանվել հատկապես այդ հրամանի հետեւանքով, 6․ եթե չլիներ այդպիսի հրաման, արդյո՞ք կկատարվեր վերը նշված մարտական առաջադրանքը, թե ոչ, 7․ արդյո՞ք Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանով կազմաքանդվել են նշյալ զորամասի եւ 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը եւ զորաշարվածքը, արդյո՞ք բացառապես դրանով պայմանավորված են հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել պաշտպանության խորքը, 8․ արդյո՞ք բացառապես Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանի պատճառով է հակառակորդին հաջողվել գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած առաջին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը, 9․ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում ի՞նչ վնաս է հասցվել կամ առհասարակ դրանք ի՞նչ հետեւանք են թողել մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա։  Դատարանը նրան առաջարկել էր լրացնել միջնորդությունը՝ այդ թվում մանրամասնելով նաեւ այն իրադրությունը, որով պաշտպանական կողմը հանգել է փորձաքննության անհրաժեշտության։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ: Պաշտպանը կասկածի տակ է դնում մեղադրանքի հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը Այսօրվա նիստին պաշտպան Նորիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, վկա Արսեն Խաչատրյանը իր ցուցմունքում հայտնել է, որ հակառակորդը ունեցել է 3 տանկ, 100 հետեւակ, կենդանի ուժը շատ է եղել, դրա համար էլ կարողացել է գրավել հրամանատարական դիտակետը․ Խաչատրյանը նշել է, որ նորակոչիկներին մարտական գործողություններում ներգրավելը չի բխում գործող Մարտակարգից, եւ որ նորակոչիկների անձնակազմը ներդաշնակման ցածր մակարդակի վրա է եղել. «Իմ հարցին՝ եթե Հայկազ Գրիգորյանը չնահանջեր, ըստ վկայի՝ հակառակորդը դարձյալ չէ՞ր գրավի այդ բնագիծը, վերջինս կոնկրետ պատասխան չի տվել, ասել է՝ 50/50»,– նշեց պաշտպանը։ Նրա խոսքով՝ թեեւ Մարտական կանոնագիրքը պաշտպանական կողմին ամբողջությամբ հասանելի չէ, սակայն դատարանում հրապարակված դրույթներում ուղղակիորեն նշված է, որ այդ կանոնները պետք է կիրառել ստեղծագործաբար․ «Այսինքն՝ ցանկացած հրամանատար իրավասություն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու, հատկապես՝ պատերազմական իրավիճակում»,– շեշտեց Նորիկյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ առաջնորդվել ձեւական կանոններով։ Իրր ցուցմունքում վկան թեեւ ընդունել է, որ նահանջի հետեւանքով են դիրքերը գրավվել, բայց եւ նշել է՝ մարտունակության տեսանկյունից անձնակազմը չէր կարող լուծել իր առջեւ դրված խնդիրը։ Նորիկյանը մեջբերեց նաեւ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքից դրվագներ՝ հիշեցնելով, որ ըստ Պողոսյանի՝ ուժերի հարաբերակցությունը 1/15 է եղել․ «Իմ այն հարցին՝ երբ Հայկազի վաշտը դուրս է եկել այդ դիրքից, արդյոք չի խախտվել ձեր այդ բնագիծը, Պողոսյանը պատասխանել է՝ եւ խնդիր է առաջացրել, որ դուրս է եկել, եւ ոչ, քանի որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբեր տարբեր տեղերում եղել են, հիմա ասել՝ այլ տեղով են անցել թե նրանց պաշտպանական շրջանով, ես չեմ կարող։ Մյուս հարցին՝ եթե վաշտը մնար ու 80 նորակոչիկ զոհ տար, մարտական խնդիրը այդպիսով կլուծվե՞ր, Պողոսյանը պատասխանել է՝ եթե մնար, միասին էինք նահանջելու։ Միաժամանակ հրամանատարը հստակ նշում է, որ եթե ինքը նահանջի հրաման չտար, ապա 2-րդ եւ 3-րդ վաշտերի անձնակազմը կզոհվեր։ Հարցին, թե ի վերջո ինչ վնաս են կրել նահանջի արդյունքում, եթե 1-ին գումարտակի հրամանատարն ասում է՝ նահանջից մի քանի օր անց հետ են գրավել ՀԴԿ–ն, զորամասի հրամանատարը դժվարացել է հստակ պատասխանել»։ Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ նշված ցուցմունքներով առնվազն կասկածի տակ են դրվում Հայկազ Գրիգորյանի մեղադրանքի հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը եւ հավաստվում իրենց միջնորդության պատճառաբանվածությունն առ այն, որ փորձագիտական մակարդակով գնահատված չեն Գրիգորյանի գործողությունները։ Ըստ մեղադրողի՝ Գրիգորյանի գործողությունների իրավաչափությունը գնահատելը իրավաբանական հարց է, ոչ փորձագիտական Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց պաշտպանի միջնորդությանը՝ պնդելով, որ վերջինս ցուցմունքները մեջբերում է հատվածական․ «Երբ 1-ին հարցի մեջ նշում եք «տվյալ իրադրության պայմաններում», ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչ իրադրության մասին է խոսքը, ո՞րն է իրադրությունը, ի՞նչ նկատի ունեք, որ նորակոչիկնե՞ր են, իրադրությունը սա՞ է։ Եթե ասում ենք իրադրություն, պիտի ներկայացնենք հակառակորդի հարձակում, բարոյահոգեբանական վատ վիճակ եւ այլն, եւ այլն։ Ինձ համար հասկանալի չէ՝ մենք փորձագետին ինչ ենք հարցնելու։ Փոխարենը ունենք իրադրություն, որտեղ չկա հարձակում, իրադրությունը այն է եղել, ինչ սեպտեմբերի 27-ին, սա հաստատվել է վկաների ցուցմունքներով։ Եթե բարոյահոգեբանական վիճակն է հարցը, դա էլ է սահմանված՝ վաշտի հրամանատարըտ պատասխանատու է բերել, այդ վիճակը պարզել, ոչ թե ասել՝ ճիշտ եք ասում, եկեք գնանք, տեսնենք ինչ է, մի հատ էլ մի դիրք էն կողմ գտնվող անձնակազմին ասել՝ դուրս ենք գալիս»։ Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ գնահատելու համար՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունները իրավաչա՞փ են եղել թե ոչ, պետք է դրանք համադրեն նորմատիվ իրավական ակտերի հետ, իսկ դա լրիվ իրավաբանական հարց է․ «Մարտական կանոնադրության համաձայն՝ պաշտպանությունն իրականացվում է հակառակորդին առավելագույն կորուստ պատճառելով, նրա գերազանցող ուժերով հարձակումը կասեցնելու, տեղանքի կարեւորագույն կետերը, նույնիսկ շրջափակման եւ հարեւանների կապի բացակայության պայմաններում առանց ավագ պետի հրամանի չթողնելով։ Հիմա մենք ունենք ցուցմունքներ, որ ոչ շրջափակման մեջ են եղել, ոչ կապի բացակայություն է եղել։ Մեզ ի՞նչ հատուկ գիտելիքներ են անհրաժեշտ, որ համադրենք Հայկազի դեպքի հետ եւ նոր կարողանանք եզրակացություն կատարել»։ Նույն կանոնադրության համաձայն՝ նահանջը կատարվում է վաշտը մարտունակ վիճակում ժամանակին, որոշված շրջան հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջան զբաղեցնելով։ Մեջբերելով այս դրույթը՝ մեղադրողը պնդեց՝ ցուցմունքներով հաստատված է, որ ոչ պաշտպանական շրջան են որոշել, ոչ հասել․ «Հիմա արդյո՞ք այդքան բարդություն է ներկայացնում իրավաչափությունը գնահատելը»։ Անդրադառնալով պաշտպանի երրորդ հարցին՝ արդյո՞ք Գրիգորյանի վաշտը ի զորու էր կատարել իր առջեւ դրված խնդիրը կամ դիմագրավել, մեղադրողը հիշեցրեց, որ հարեւան երկու վաշտերը ի զորու են եղել, ավելին՝ հարեւան վաշտից 20 հոգի Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջից հետո եկել եւ տեղակայվել է այդ դիրքերում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ այն 200 հոգին այդ հնարավորությունը ունեին, Հայկազ Գրիգորյանի 100 հոգին՝ ոչ»,– հարց հնչեցրեց Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ զորամասի հրամանատարը Հայկազ Գրիգորյանի գործողությունները որակել է փախուստ։ Պաշտպան Նորայր Նորիկյանը հակադարձեց, թե՝ այդպիսի փախուստ չի լինում․ «Հնարավոր չէ՝ մարդ փախչի մի գործողությունից, երկու օր հետո բարձր պաշտոնի նշանակեն, ասեն՝ դե շարունակիր նույն գործողությունները։ Եթե փախչեր, կգնար, ընդհանրապես չէր մասնակցի պատերազմին։ Կարող եք ասել՝ սխալ նահանջ է, կանոնադրությանը չհամապատասխանող գործողություն է, բա մենք էլ էդ ենք ասում, թող մասնագետները դա գնահատեն»։ Անդրադառնալով պաշտպանի 4-րդ հարցին՝ արդյո՞ք չեն գտնվել վտանգավոր տեղանքում, մեղադրողը ընդգծեց՝ թե՛ տրամաբանորեն, թե՛ ներքին ծառայության կանոնագրքով՝ եթե պետք է զորքի անձնակազմի անվտնգությունը հանգեցնի առաջադրանքի խափանման, պիտի ընտրես առաջադրանքի կատարումը․ «Էս դեպքում էլ ի՞նչ հարցադրում անենք փորձագետին, հարցնենք՝ լա՞վ է արել, որ անվտանգությունն է կարեւորել»։ Պաշտպանը դարձյալ առարկեց մեղադրողին՝ պնդելով, որ վարույթի հիմքում մասանգիտական խոսք չկա, կա գեղեցիկ ձեւակերպված իրավաբանական տեքստ, բայց պաշտպանության կողմը կարծում է, որ դա բավարար չէ։ Տեւական ժամանակ հակադարձումներից հետո կողմերը ավարտեցին ելույթները, նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանը հայտնեց՝ միջնորդության լուծման համար դատարանը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 24-ին։   Միլենա Խաչիկյան
22:53 - 17 մարտի, 2025
«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց

«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց

«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի այս խոսքերն է հիշում մայրը՝ Սաթենիկ Աղաջանյանը, որ այսօր ներկայացել էր դատարան՝ որդուն առնչվող քրեական գործով ցուցմունք տալու։ Հովիկ Մուրադյանը 2020 թ․ եղել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատարը, հոկտեմբերի 9-ին գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գլխավորությամբ մեկնել է Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Արդեն 3 տարի դատարանը քննում է այդ սարում տեղի ունեցած դեպքերի, դրանց նախորդած ու հաջորդած իրադարձությունների հանգամանքները։ Ըստ քրեական գործի՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Հովհաննես Մուրադյանը երկրորդ խմբի՝ Հադրութի ուղղությամբ գնացածների կազմի միակ սպան է եղել։ Դատարանում հարցաքննված վկաների մեծ մասը հայտնել է, որ նա գյումրեցի մի կամավորականի հետ խորհրդակցելու արդյունքում է որոշել շարժվել այդ ուղղությամբ։ Ճանապարհին, սակայն, թշնամու կրակի տակ է ընկել։ Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում  է իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Ձախից՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, Մուրադյանին այսօր ճանաչեց տուժող, նրա մորը՝ տուժողի իրավահաջորդ։ Ցուցմունք տալով՝ որդեկորույս մայրը հայտնեց, որ վերջին անգամ Հովիկի հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․ «Տղաս զանգեց, ժամը 4-ն էր, 2 բառ խոսեց՝ մամ, ասավ, լավ եմ, էլ չեմ կարող խոսել, հետո կզանգեմ, բայց հետո էլ զանգ չստացանք»։ Տիկին Սաթենիկի խոսքով՝ ծանոթներից հետաքրքրվելով են տեղեկացել, որ Հովիկ Մուրադյանը մեկնել է Խուռհատ սար, հետագայում՝ Վահանյանի փախուստից հետո, հայտնվել շրջափակման մեջ․ «Նույնիսկ տղաս զանգել է, ասել` մենք անտառում ենք,  շրջափակման մեջ ենք, եկեք մեզ օգնության, ոչ մեկը չի գնացել, ոչ տեղ է եղել, ոչ մի բան․․․ Նույնիսկ ես եկել եմ նախարարություն, ասել եմ` էրեխեքը շրջափակման մեջ են, եկեք, օգնեք, նախարարությունից ինձ ասացին՝ որ գնանք, մենք էլ զոհվե՞նք, մեր ընկերներից մեկը գնացել է, որ փրկի, զոհվել է, մենք ու՞ր գնանք․․․ Ես չգիտեմ ինչ ասեմ, էս սարքած գործ էր թե ինչ էր, էդ էրեխեքին միանգամից կոտորեցին, որ  բանակի վերջը տան, որ իրանց արածը անեն, երկիրը ծախեն․․․ Գոնե որ Ղարաբաղը  մնար, ասեինք՝ հա․․․»,– վրդովվեց տուժողի իրավահաջորդը։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ հրամանատարության մասին որդին ի՞նչ է ասել, Սաթենիկ Աղաջանյանը պատասխանեց․ «Ինքը ինձ ոչ մի բան չի ասել, ուժեղ հազում էր, ես ասեցի՝ Հովիկ ջան, դեղ չկա՞՝ խմես, ասաց` հա, մամ, հեսա կգնամ, կպառկեմ բուժկետ․․․ Բայց հա, Իշխան Վահանյանը միշտ լարված է եղել է իմ տղայի հետ, էդ էլ ասեմ, տղայիս ասում էր՝ դու զինվորին լավ մի նայիր, Ալիեւի նման նայիր»։ Կողմերը այլ հարցեր չունեին տուժողի իրավահաջորդին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով նրան, հարցրեց՝ ինչ-որ բան ունի՞ ավելացնելու․ «Ի՞նչ ասեմ․․․ Մեր երեխեքը հերոս են, ժառանգները նրանց կհիշեն որպես հերոս, իսկ Իշխան Վահանյանի երեխան նրան կհիշի որպես դավաճան»։ Հովիկ Մուրադյանի դին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2021 թ․ հունվար ամսին։ Մոր տեղեկություններով՝ որդին զոհվել է գլխի շրջանում հրազենային վիրավորումից։ Դատարանում հարցաքննված զինծառայողներից մեկը՝ Նարեկ Սիրունյանը, Մուրադյանի զոհվելու ականատեսն է եղել․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»,– նշել է նա՝ հավելելով, որ միայն Մուրադյանն է պատերազմի առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել իրենց կողքին․ «Ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա»։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը տուժողի իրավահաջորդ ճանաչեց նաեւ զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Մխիթարյանի եղբորը՝ Վարազդատ Մխիթարյանին։ Վարազդատ Մխիթարյանը Էրիկն այն զինվորն է, որի գերեվարման տեսանյութը ադրբեջանական զլմ–ները ակտիվորեն տարածում էին։ Այդ տեսանյութով է ընտանիքը հաստատել նրա գերեվարման փաստը։ Հետագայում, սակայն, նրա դին է ստացել։ Եղբայրը պատմեց, որ Էրիկը ծառայել է 5-րդ գումարտակի առանձին՝ հետախուզական դասակում՝ որպես հետախույզ։ Տեղյակ է, որ եղել է Խուռհատ սարում, բայց թե ինչպես է գերեվարվել, ինչ հանգամանքներում, առ այսօր չգիտեն․ «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 8-ին, երբ Հադրութի դպրոցում էր,  ոչ մի բան չի ասել, ասել է՝ լավ ենք, դպրոցում ենք, չի ասել` ուր են գնալու, ինչ են անելու, ինչ գործողություններ են անելու, իսկ այն տեղեկությունները, որ գտնվել է սարում, հետո իջել է, գերեվարվել մեդնք հետո ծառայակիցներից ենք իմացել․․․ Նարեկ անունով մի զինվոր, որ վիրավոր էր, բերել էին Աշտարակի հիվանդանոց, նա ասաց՝ սաղ փախել են, պատասխանատուն եղել է ինքը`  Իշխան Վահանյանը, որ վիրավոր զինվորների է վերցրել ու իջել, բայց ինքը վիրավոր չի եղել»,– պատմեց եղբայրը։ Նիստի ավարտին դատավորը հայտնեց, որ դատարանը, ըստ էության, սպառեց գործի ապացուցողական զանգվածը․ Սակայն դատարանը սեփական նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին հարցումներ է կատարել, որոնց պատասխանները դեռեւս չեն ստացվել, ուստի անհրաժեշտ է այս դատական նիստը հետաձգել, ստանալ այդ պատասխանները, հրապարակել նիստում եւ նոր անցնել քննության հաջորդ փուլին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին։     Չկանոնակարգված նահանջի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ։ Գլխավոր լուսանկարում՝ Սաթենիկ Աղաջանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
21:10 - 13 մարտի, 2025
ՀՀ-ն հրաժարվել է ընդունել Բրիտանիայում դատապարտված ՀՀ քաղաքացուն․ ինչ են ասում փաստաբանն ու լիազոր մարմինը

ՀՀ-ն հրաժարվել է ընդունել Բրիտանիայում դատապարտված ՀՀ քաղաքացուն․ ինչ են ասում փաստաբանն ու լիազոր մարմինը

ՀՀ քաղաքացի Ա․ Ա․-ն, որը տեւական ժամանակ չի բնակվում Հայաստանում, 2021թ․-ին Մեծ Բրիտանիայում դատապարտվել է շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար, նրա նկատմամբ պատիժ է սահմանվել մոտ 30 տարի ազատազրկում։ 2024թ․ մարտին Մեծ Բրիտանիան նրան Հայաստանին փոխանցելու ուսումնասիրության հարցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությանը, սակայն ՀՀ-ն նույն տարվա հուլիսին կայացրած որոշմամբ հրաժարվել է ընդունել իր քաղաքացուն՝ ի թիվս այլնի որպես հիմք նշելով ՀՀ-ի հետ սոցիալական կապի թույլ լինելը, Հայաստանում նման հանցագործությունների տոկոսային աճը՝ հիմնվելով օպերատիվ-հետախուզական մարմինների տրամադրած տվյալների վրա։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնեց Ա․ Ա․-ի փաստաբան Լեւոն Սահակյանը։ Վերջինիս վստահորդը 2024թ․ սեպտեմբերի 13-ին Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ իր Հայաստան վերադարձի առաջարկը մերժելու որոշումը վերացնելու եւ իրեն ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ փոխանցելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Վարչական դատարան հայց ներկայացնելուց 3 ամիս անց՝ 2024թ․ դեկտեմբերին, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը, որը, ի թիվս այլնի, սահմանում է նաեւ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի պարտադիր չափորոշիչները, եւ որոնք, ըստ Լեւոն Սահակյանի, Ա․ Ա․-ին ՀՀ չընդունելու որոշման հիմք է ընդունել Արդարադատության նախարարությունը․ «Այսինքն՝ իմ վստահորդի վերաբերյալ Արդարադատության նախարարության որոշումը կայացնելու պահին Հայաստանի Հանրապետությունում նշված օրենքը դեռեւս ընդունված չի եղել»,- նշում է փաստաբանը՝ միաժամանակ նկատելով, որ քանի որ հայցը պարտավորեցման է, չի բացառվում, որ տվյալ օրենքը համարվի կիրառելի՝ չնայած ավելի ուշ ընդունված լինելու հանգամանքին։ Փաստաբանը Արդարադատության նախարարության որոշման մեջ հակասահմանադրական հիմքեր է տեսնում Այժմ Լեւոն Սահակյանն ու իր վստահորդը պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Վարչական դատարան, որ Դատարանը կասեցնի վարույթը եւ դիմի Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությանը գնահատական ստանալու։  Փաստաբանի կարծիքով՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը հակասում է Սահմանադրության տրամաբանությանը, մասնավորապես այն նորմին, որով սահմանված է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացին ՀՀ-ի պաշտպանության ներքո է (ՀՀ սահմանադրություն, հոդված 47, մաս 8 - Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են)։ Սահակյանը նշում է, որ ՀՀ սահմանադրությամբ ուղղակիորեն արգելված է ՀՀ քաղաքացուն հանձնել այլ երկիր (ՀՀ սահմանադրություն, հոդված 55, մաս 2 - Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի)։  «Հիմա կոնկրետ մեր գործով, եթե այս անձը նույն հանցանքը կատարեր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դեմ, եւ Մեծ Բրիտանիան պահանջեր ՀՀ քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ ուղղակիորեն կաշկանդված կլիներ վերջինիս Մեծ Բրիտանիային հանձնելու հարցում»,- նշում է փաստաբանը՝ հավելելով նաեւ, որ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ ինչպես յուրաքանչյուր ոք իրավունք ունի դուրս գալ ՀՀ-ից, այնպես էլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մուտք գործել ՀՀ․  «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ՀՀ քաղաքացու իրավունքը չի կարող սահմանափակվել անգամ օրենքով, ու տվյալ պարագայում, երբ այլ երկրի իշխանությունները պատրաստ են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձնել Հայաստանի Հանրապետություն, քաղաքացին էլ ցանկանում է վերադառնալ, Հայաստանում կրել իր պատիժը, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է նրան ընդունել՝ առաջնորդվելով ինչ-որ չափորոշիչներով․ սա, կարծում եմ, ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշեց փաստաբանը։  Սահակյանը դժվարացավ մեկնաբանել, թե որն է այս օրենքի նպատակը կամ տրամաբանությունը՝ նշելով, որ դրա գոյությունը տգեղ է ոչ միայն հակասահմանադրականության իմաստով, այլ նաեւ այսօրվա իրավիճակի համատեքստում [նկատի ունի Բաքվում պահվող հայ գերիներին]։ Ինչ վերաբերում է օրենքի այն նորմին, ըստ որի՝ դատապարտյալին ՀՀ-ին փոխանցման արգելք կարող է հանդիսանալ նաեւ պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանությունը կամ գերբեռնվածությունը, ինչպես նաև նույն հանցագործության համար դատապարտված և պատիժը կրող դատապարտյալների քանակը, փաստաբանը մեկնաբանում է, որ այդ տեխնիկական խնդիրը ՀՀ կառավարության պարտադիր լուծման հանգամանք է, այլ ոչ թե ՀՀ քաղաքացու խնդիրը։ «Երբ գալիս է ՀՀ քաղաքացու՝ ԶՈՒ զորակոչման տարիքը, նրան զորակոչում են, իսկ եթե նա չի ներկայացել զորակոչման, քրեական վարույթ են նախաձեռնում, մինչեւ իսկ անձին ենթարկում քրեական պատասխանատվության, բայց այդ ժամանակ ոչ մեկը չի հարցնում` ՀՀ-ի հետ սոցիալական կապ կա՞, թե չկա՞, անձը ՀՀ-ում է, Մեծ Բրիտանիայում թե այլուր։ Իսկ երբ հարցը վերաբերում է սեփական, թեկուզ հանցանք կատարած քաղաքացու իրավունքներին տեր կանգնելուն, սոցիալական կապը, պատիժը կրելու հիմնարկի գերծանրաբեռնվածությունը նրան չընդունելու, նրա ՀՀ վերադարձը մերժելու առիթ են դառնում»,- նշում է փաստաբանը։ Որն է Արդարադատության նախարարության որոշման հիմնավորումը «Ինֆոքոմը» ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրեց տրամադրել Մեծ Բրիտանիայի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Ա․ Ա․-ին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելը  նպատակահարմար չհամարելու որոշման հիմնավորումը, սակայն նախարարությունը մերժեց այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ գործը Վարչական դատարանի տիրույթում է, ուստի այս հարցով սպասում են Դատարանի վճռին։ Նախարարությունից միայն հայտնեցին, որ որոշման հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի 2021թ․ հոկտեմբերի 21-ի հրամանը, որով հաստատվել է դատապարտյալների փոխանցման կարգը։ Ըստ հրամանի՝ Արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանումը դատապարտյալի փոխանցման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝   դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայրի պետությունում մինչև դատապարտվելը բնակվելու, աշխատելու, սոցիալական կայուն կապեր ունենալու, ընտանիքի անդամների և (կամ) մերձավոր ազգականների՝ մշտապես բնակվելու մասին տվյալների առկայությունը,  դատապարտող օտարերկրյա պետության տարածքում մինչև դատապարտվելը դատապարտյալի և (կամ) նրա ընտանիքի անդամների բնակության ժամանակահատվածի, աշխատելու, սոցիալական կայուն կապեր ունենալու մասին տվյալների առկայությունը, դատապարտյալի փոխանցումն իրականացնելու դեպքում պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանության և (կամ) գերբեռնվածության վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված դիրքորոշումները եւ այլն։ Դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորող հիմքերը՝ մինչեւ նոր օրենքի ընդունումը  «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ընդունման հիմնավորման մեջ ասված է, որ դրա ընդունումը, ի թիվս այլնի, բխում է նաեւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից, քանի որ դրանք այդ պահի դրությամբ որեւէ ներպետական իրավական ակտով կարգավորված չեն եղել: Օրենքի ընդունման պահին ՀՀ-ում քրեական վարույթներով իրավական օգնությունը իրականացվել է ՀՀ միջազգային պայմանագրերի եւ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված մի շարք դրույթների համաձայն:  ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում այդ ոլորտի հարաբերությունների կարգավորման նորմեր ընդհանրապես չեն ներառվել՝ դրանք դիտարկելով ոչ թե դատավարական օրենսգրքի, այլ առանձին օրենքի կարգավորման առարկա: Այդ պայմաններում շարունակել են գործել հին օրենսգրքի համապատասխան նորմերը, ինչպես նաեւ նախարարի վերոբերյալ հրամանը։ Հետագայում արդեն Արդարադատության նախարարությունը մշակել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը՝ որպես հիմք ընդունելով ինչպես միջազգային կոնվենցիաները, այնպես էլ նախարարի հրամանը, որում ամրագրված են դատապարտյալների փոխանցմանն առնչվող ներպետական իրավակարգավորումները։ Արդարադատության նախարարությունը միջազգային կոնվենցիաների հիման վրա դատապարտյալների վերադարձի մի շարք դիմումներ է մերժել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի հիմնավորման մեջ որոշ թվային տվյալներ է ներկայացրել նախարարությունը․ օրինակ՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի մարտի 23-ի  եվրոպական եւ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թվականի մարտի 6-ի Մոսկվայի կոնվենցիանների հիման վրա 2021 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է օտարերկրյա պետության քրեկատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող 69 դատապարտյալի փոխանցմանն առնչվող դիմում, որոնցից 63-ը մերժվել է, իսկ 2022 թվականի ընթացքում եղած 71 դիմումներից մերժվել է 64-ը: 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է 36 ՀՀ քաղաքացու դիմում, որոնցից 5 քաղաքացու դիմում մերժվել է, մեկ քաղաքացի հրաժարվել է փոխանցվելուց, իսկ 30 քաղաքացու դիմում այդ պահին գտնվել է ուսումնասիրության փուլում: Այսպիսով, փաստաբան Լեւոն Սահակյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալին Հայաստան փոխանցելու որոշումը հակասում է ՀՀ սահմանադրության մի շարք նորմերի։ Նա նշում է, որ իր վստահորդի դիմումը մերժելու հիմքերն օրենքում ամրագրվել են Արդարադատության նախարարության որոշումը վերացնելու հայցից հետո, ինչը համապատասխանում է իրականությանը, սակայն Արդարադատության նախարարությունը պնդում է, որ որոշման հիմքում եղել է նախարարի՝ 2021թ․ հրամանը, որով կարգավորվել են այդ ոլորտի հարաբերությունները։ Հայարփի Բաղդասարյան
18:55 - 12 մարտի, 2025
Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ

Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ

Տիեզերական երկարատև առաքելություններին նախապատրաստվելիս կարևոր է հաշվի առնել, թե առողջական ինչ ռիսկեր կան տիեզերագնացների համար։ Այդպիսի ռիսկերից են գալակտիկական տիեզերական ճառագայթները, որոնք առաջանում են մեր գալակտիկայի ներսում տեղի ունեցող գործընթացների արդյունքում և պոտենցիալ վնաս են ներկայացնում կենդանի օրգանիզմների համար: Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթները կարող են օրգանիզմի վրա երկարատև ազդեցություն ունենալ՝ պոտենցիալ վնաս հասցնելով սրտանոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաև ունեն սեռային յուրատիպություն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։    Գիտնականների վարկածը Հետազության հեղինակները նշում են, որ գիտական գրականության մեջ տիեզերական ճառագայթման ազդեցությամբ պայմանավորված՝ քաղցկեղի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկերի առաջացման գործընթացները համեմատաբար լավ են նկարագրված: Սակայն սահմանափակ են կենդանիների և մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները՝ ճառագայթման հետևանքով սրտանոթային և այլ հիվանդությունների զարգացման ռիսկերի վերաբերյալ։ Գիտական գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր չափաբաժնով ճառագայթման և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի միջև նշանակալի կապ գոյություն ունի, սակայն ցածր չափաբաժնով ճառագայթումների մասին տվյալները հստակ չեն։   Այդ է պատճառը, որ գիտնականները հետազոտության համար ընտրեցին գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթներ,¹ և մկներին ցածր չափաբաժնով ճառագայթման ենթարկելով՝ ուսումնասիրեցին վերջիններիս օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները՝ հասկանալու համար առողջության վրա ունեցած հնարավոր ազդեցությունները։ Նրանք վարկածն այն էր, որ այս ճառագայթումները կարող են ունենալ քրոնիկ ազդեցություն և տիեզերական երկարատև առաքելությունների ժամանակ բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հարաբերական ռիսկը։ Գիտնակակնները ենթադրում էին, որ կախված մկների սեռից, ճառագայթման տեսակից և ճառագայթումից հետո անցած ժամանակից՝ կարող են ազդեցության որոշ փոփոխություններ նկատվել։    Թեմայի ընտրությունն ու հետազոտության ընթացքը Հոդվածի առաջին հեղինակ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանա Զախարյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, Հայ-Ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար։ Մարդու գենոմիկայի լաբորատորիան ուսումնասիրում է հոգեկան առողջության, միջերկրածովյան ընտանեկան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) և այլ հիվանդությունների վրա ազդող գենետիկական ռիսկերը։  Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը նշում է՝ այս հետազոտության թեմայի ընտրության առիթ հանդիսացավ Սրտանոթային հետազոտությունների ինստիտուտի (Մաունթ Սինայի համալսարան, Նյու Յորք) պրոֆեսոր Դավիթ Ղուկասյանի հետ համագործակցությունը։ Գիտնականի խոսքով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պրոֆեսոր Ղուկասյանի հետ կենսաինֆորմատիկայի ոլորտում համատեղ աշխատելու առիթներ նախկինում ունեցել էր, սակայն համագործակցությունը ֆորմալ հիմքերի վրա դրվեց ADVANCE հետազոտական ծրագրի մեկնարկով, որը ենթադրում է Հայաստանում հետազոտական թիմերի ձևավորում՝ արտասահմանից գիտական համաղեկավարի ներգրավմամբ։ Ռոքսանա Զախարյանը նշում է, որ պրոֆեսոր Ղուկասյանը ճառագայթումների ազդեցության ուսումնասիրման երկար տարիների փորձ ունի և համագործակցում է Օդագնացության և տիեզերական խառը տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ։ Այսպիսով, համատեղ հետազոտության առաջին փուլում Մաունթ Սինայի համալսարանում նախ իրականացվեցին մկների մասնակցությամբ փորձերը․ երեք ամսական արու և էգ մկները ենթարկվեցին գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման։ Ե՛վ արու, և՛ էգ մկներից նմուշառում իրականացվեց ճառագայթումից 16 ամիս հետո։ Հաջորդ նմուշառումը նախատեսված էր իրականացնել 22 շաբաթ հետո, ինչը և արվեց արու մկների դեպքում։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ էգ մգների մոտ սկսել էին վաղաժամ մահվան դեպքեր արձանագրվել, նրանցից երկրորդ նմուշառումն իրականացվեց ճառագայթումից 18,5 ամիս հետո։  Նմուշառումից հետո ճառագայթման ենթարկված մկների մասնակցությամբ իրականացված գենետիկական հետազոտությունների տվյալներն ուղարկվեցին Հայաստան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որտեղ իրականացվեց տվյալների մշակումը և վերլուծությունը։ Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնում Գիտնականները սկսեցին սրտի աջ և ձախ փորոքներից՝ փորձելով հասկանալ, թե այս հյուսվածքներում գեների էքսպրեսիայի ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել ճառագայթումից հետո, և արդյո՞ք այդ փոփոխությունները սրտանոթային համակարգի այս կամ այն հիվանդության զարգացման գործում որևէ դեր ունեն։ Մինչ կանցնենք հետազոտության արդյունքներին, հասկանանք, թե ինչ գործառույթներ ունեն սրտի փորոքները, և ինչ է գեների էքսպրեսիան։ Աջ և ձախ փորոքները սրտի բաղկացուցիչ մասերից են, որոնց միջոցով իրականացվում է արյան շրջանառության գործընթացը․ արյունը սրտից գնում է թոքեր, հարստանում թթվածնով, վերադառնում սիրտ ու տարածվում արյունատար համակարգով։ Իսկ գեների էքսպրեսիան ցույց է տալիս, թե որ գեներն ինչպես են արտահայտված օրգանիզմում։ Մեր օրգանիզմի բոլոր բջիջները պարունակում են գենետիկական միևնույն հիշողությունը, սակայն կախված բջիջների տեսակից՝ դրանցում արտահայտվում են կոնկրետ գեներ, որոնց միջոցով էլ իրականացվում են կենսական նշանակության ամենատարբեր գործընթանցեր՝ սկսած արյան շրջանառությունից մինչև նյութափոխանակություն։ Այս կամ այն տեսակի բջիջներում հենց ակտիվ գեներն են պայմանավորում բջիջների տվյալ տեսակի ֆունկցիան։  Սրտի հյուսվածքի բջիջներում, օրինակ, արտահայտված են լինում այնպիսի գեներ, որոնք պատասխանատու են սրտի աշխատանքի և արյան շրջանառության համար։ Սակայն երբ ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ ճառագայթման ազդեցությամբ) կոնկրետ հյուսվածքի բջիջներում գեների էքսպրեսիան փոխվում է (այս կամ այն գենը արտահայտված է լինում չափից ավելի շատ կամ քիչ), օրգանիզմի բնականոն գործընթացները կարող են խաթարվել՝ առաջացնելով տարբեր բարդություններ ու հիվանդություններ։ Այսպիսով, գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթների հնարավոր ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա հասկանալու համար գիտնականները վերլուծեցին, թե գեների էքսպրեսիան ինչպես է փոփոխվել սրտի հյուսվածքներում, մասնավորապես՝ աջ և ձախ փորոքներում։ Այս հետազոտության շրջանակում ներկայացված են ձախ փորոքում դիտված փոփոխությունները։ Ռոքսանա Զախարյանը նշում է՝ աջ փորոքի վերաբերյալ տվյալները վերլուծվել են, և առաջիկայում նախատեսում են դրա վերաբերյալ ևս հրապարակում ունենալ։   Հետազոտության արդյունքները Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ճառագայթման հետևանքով սրտի ձախ փորոքում գեների էքսպրեսիայի տարբերություններ են նկատվում։ Գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման դեպքում այդ տարբերությունները նկատվում էին անգամ 18,5 (էգ մկների մոտ) և 22 (արու մկների մոտ) ամիս անց, ինչը նշանակում է, որ ճառագայթման այդ տեսակը երկարատև ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Գամմա ճառագայթման դեպքում ազդեցությունն այդքան երկար չէր։  Բացի այդ՝ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթումն ավելի շատ գեների էքսպրեսիայի փոփոխության էր հանգեցրել, քան գամմա ճառագայթումը։   Ընդհանուր առմամբ, գիտնականները հետազոտության մասնակից էգ մկների մոտ հայտնաբերեցին փոփոխված էքսպրեսիայով 174 գեն, արուների մոտ՝ 70։ Չնայած էգերի մոտ փոփոխված էքսպրեսիայով գեներն ավելի շատ էին, Ռոքսանա Զախարյանը նշում է՝ արուների մոտ երկարաժամկետ ազդեցությունն ավելի զգալի էր։ Համակարգչի էկրանի պատկերում երևում է, որ փոփոխված էքսպրեսիայով բոլոր գեներից միայն 6-ն էր համընկնում Փոփոխված էքսպրեսիայով այս բոլոր գեներից ընդամենը 6-ն էր արուների և էգերի մոտ համընկնում: Եվ հետաքրքիր է, որ գրեթե բոլոր համընկնող գեները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին կենսառիթմի հետ:  Կենսառիթմը օրգանիզմում 24-ժամյա ռեժիմով տեղի ունեցող փոփոխությունների  ցիկլն է, որն ազդում է ֆիզիոլոգիական գործընթացների վրա՝ քնել-արթնանալ, հորմոնների արտազատում, ախորժակ և մարսողություն, մարմնի ջերմաստիճան։ Կենսառիթմի խանգարումները կարող են ազդել առողջության վրա։ Հոդվածի հեղինակներն, օրինակ, հղում են կատարում նախկինում իրականացված հետազոտություններից մեկին, ըստ որի՝ կենսառիթմի խանգարումներն ազդում են սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։  Հետազոտության արդյունքներն, այսպիսով, ցույց են տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման ազդեցությունը երկարատև է թե՛ արական, թե՛ իգական մկների մոտ, և այդ ազդեցությունը հատկապես նկատվում է արու մկների մոտ 16 շաբաթ հետո։    Ի՞նչ են նշանակում այս արդյունքները Հետազոտության հեղինակները նշում են, որ ճառագայթման ազդեցությունների երկարաժամկետ պահպանումը ձախ փորոքի հյուսվածքներում կարող է առողջական ռիսկեր ներկայացնել, և ընդգծում են տիեզերական առաքելություններից առաջ մեղմացնող ռազմավարությունների մշակման անհրաժեշտությունը: Կարևոր է, սակայն, շեշտել, որ գեների էքսպրեսիայի վրա ազդեցությունը, ինչպես նաև փոփոխված էքսպրեսիայով գեների ու սրտանոթային համակարգի հիվանդությունների միջև կապը անպայմանորեն չի նշանակում հիվանդության զարգացում։ Ավելի պարզ ասած՝ պարտադիր չէ, որ տիեզերական առաքելությունների մասնակցած և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման ենթարկված աստղագնացների օրգանիզմների վրա անպայման երկարատև ազդեցություն լինի, և սրտանոթային համակարգի աշխատանքի որևէ խնդիր առաջանա։  «Կենսաբժշկության մեջ ամեն ինչ հավանականային բնույթ է կրում․ խոսքն ընդամենը բարձր կամ ցածր ռիսկի մասին է։ Բայց անգամ այդ ռիսկի մասին տվյալները շատ կարևոր են։ Եթե տիեզերական առաքելություններին անդրադառնանք, ապա կարևոր է ունենալ տեղեկություն, թե ինչ կարող է լինել մարդու հետ, որն ունի, ենթադրենք, որոշակի առողջական խնդիրներ կամ չունի առողջական խնդիրներ, բայց ճառագայթման ազդեցությամբ տիեզերքում դրանք կարող են առաջանալ։ Այդ տեղեկությունը թույլ կտա կանխատեսումներ անել կամ հնարավորինս պատկերացնել՝ տիեզեքրում այդ խնդիրն ինչպես պետք է լուծվի։ Մեր թիմային աշխատանքը հենց դրան էր ուղղված»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռոքսանա Զախարյանը։ Կարևոր է նաև շեշտել, որ սա կենդանիների մասնակցությամբ հետազոտություն է, և տիեզերագնացներից վերցված նմուշների ուսումնասիրությունը կարող է հավելյալ տեղեկություններ հաղորդել ճառագայթումների ազդեցության մասին։ Հետևաբար՝ այս հետազոտությունը տիեզերական առաքելությունների կազմակերպիչներին տեղեկացնում է հնարավոր ռիսկերի մասին, ինչը կօգնի վերջիններիս հատկապես երկարաժամկետ առաքելություններ պլանավորելիս։ Ռոքսանա Զախարյանի ուսանողները Ռոքսանա Զախարյանը նշում է՝ հետազոտության ընթացքին մասնակցել են նաև ուսանողներ Հայ-Ռուսական համալսարանից։ Ուսանողներից մեկին էլ թեման այնքան է հետաքրքրել, որ վերջինս իր ասպիրանտական թեզն իրականացնում է հենց օրգանիզմի վրա ճառագայթումների ազդեցության վերաբերյալ։   ¹Գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթումը բաղկացած է մի քանի տեսակի ճառագայթներից և տարբեր տարրերի միջուկներից։ Գամմա ճառագայթումը Տիեզերքում առաջանում է բարձր ջերմաստիճան և մեծ էներգիա ունեցող օբյեկտներից, ինչպիսիք են նեյտրոնային աստղերը կամ սև խոռոչների շրջակայքում գտնվող տարածքները: Գլխավոր լուսանկարը՝ ՆԱՍԱ-ի Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատերազմական նարատիվ | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
21:16 - 09 մարտի, 2025
«Դատավորը որոշեց ջնջել 9 տարին»․ Արտյոմ Ադանալյանի սպանության գործը կքննվի նորից

«Դատավորը որոշեց ջնջել 9 տարին»․ Արտյոմ Ադանալյանի սպանության գործը կքննվի նորից

2014 թվականին սպանված գյումրեցի Արտյոմ Ադանալյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի նորից։ Սպանությունից ավելի քան 10 տարի անց 6-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունեցել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օրերս կայացավ նոր դատավոր Հովհաննես Սաֆարյանի նախագահությամբ առաջին նիստը, որի ընթացքում տուժող կողմը բարձրաձրեց գործի երկարատեւ քննության վերաբերյալ իր մտահոգությունները։ Արտյոմը Ադանալյանը, հիշեցնենք, սպանվել է դանակահարության հետեւանքով։ Քննչական կոմիտեն սպանությունը քննել է գրեթե 1 տարի։ 2015 թ․ գործն ուղարկվել է դատարան, 2018 թ․-ին 32-ամյա Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ Դատավճիռը, սակայն, չի մտել օրինական ուժի մեջ․ տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Բողոքը բավարարվել է, 2018-ի տարեվերջին գործը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։  Նոր քննությունը, սակայն, մեկ տարի անց ընդհատվել է․ գործը քննող դատավոր Վահե Միսակյանը Գյումրուց տեղափոխվել է Երեւան։ Նրան հաջորդած մյուս 3 դատավորները եւս, տարբեր պատճառներով անավարտ են թողել գործի քննությունը, սակայն մինչ դա՝ վարույթ ընդունելով, որոշել են գործը քննել ոչ թե սկզբից, այլ ընդհատված տեղից։ Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, որ դատավորի փոխարինումից հետո քննությունը ոչ թե շարունակվում է ընդհատված տեղից, այլ սկսվում է սկզբից, որպեսզի դատարանը բոլոր ապացույցները ենթարկի անմիջական հետազոտման։ Գործնականում, սակայն, պատահում է, որ դատավորները, մատնանշելով արդարադատության շահը, որոշում են գործի քննությունը շարունակել ընդհատված տեղից։ Տուժող եւ պաշտպանական կողմերը մտահոգ են, մեղադրող կողմը՝ լուռ Սպանված Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանը տարակուսած է՝ տարիներ ձգվող դատաքննության հետեւանքով հայտնվել են վաղեմության ժամկետների սպառման ռիսկի առաջ․ «Ես հասկանում եմ, որ դատավարական օրենսգիրքը տառացիորեն խնդիր է դնում գործի քննությունը սկսել զրոյից, բայց մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ 9 տարի դատաքննություն ենք իրականացրել, 9 տարի գնացել-եկել ենք, պայքարել, որ ունենանք դատական ակտ։ Դատավարական ֆորմալիզմը մի կողմ դնելով՝ նախորդ բոլոր դատավորները առաջնորդվել են ոչ միայն քրեական գործի՝ ողջամիտ քննության ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ, այլեւ տուժողի իրավունքների արդյունավետ ապահովման սկզբունքով։ Բայց այսօր Ձեր նախագահությամբ այս 9 տարին ջնջում ենք, սկսում զրոյից։ Հասկանում եմ՝ Ձեզ համար բավականին հեշտ որոշում է այդքան վկայի բերել, նորից հարցաքննել, բայց Դուք պատկերացնո՞ւմ ենք՝ մեզ համար, իբրեւ տուժող կողմի, ի՞նչ է սա»,- դիմելով նախագահող դատավորին՝ շեշտեց փաստաբանը։ Ձախից՝ Ռուզան Ադանալյանը, Արմինե Ֆանյանը Դատավոր Հովհաննես Սաֆարյանը, արձագանքելով այս մտահոգությանը, ասաց՝ չի կիսում այն մոտեցումը, որ ավելի լավ է որոշակի նորմեր անտեսել, բայց ունենալ դատական ակտ․ «Ես հասկանում եմ ձեր՝ որպես տուժող կողմի մտավախությունը, բայց դատարանի համար երկու շատ կարեւոր հանգամանքների միջեւ նախապատվությունը տրվել է օրինականության սկզբունքին։ Շատ հեշտ է առաջնորդվել նպատակահարմարության սկզբունքով, բայց ամեն նպատակահարմարություն չէ, որ, ըստ էության, կարող է դիտարկվել օրինական։ Դատարանի գնահատմամբ՝ գործող դատավարական նորմերը պահանջում են, որ քննությունը սկսվի զրոյից, եւ այն իրականացվի հնարավորինս արագ, ընդհուպ մինչեւ՝ նիստերի որոշակի գրաֆիկ սահմանելով,- ասաց նախագահողը։ Արմինե Ֆանյանն էլ նկատեց՝ երբ պետությանը պետք է լինում, արդարադատության շահը վկայակոչելով՝ օրենքի ցանկացած տեսակի շրջանցում էլ կատարվում է։ Մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը (մեղադրյալն առարկել է իրենց տեսա/լուսանկարահանելուն,-հեղ․) եւս մտահոգ է, կարծում է՝ այս գործով ողջամիտ ժամկետում քննության իրավունքը անվերադարձ խախտված է․ «Հասկանում ենք՝ տուժող կողմը կյանք է կորցրել, բայց մեղադրյալն էլ 2014 թ․-ից ի վեր չգիտի` ի վերջո ինչ է լինելու իր հետ։ Արդեն 11 տարի մարդուն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ, բայց տեսանելի չէ, թե ինչ է լինելու։ Դրանից ուժեղ հոգեբանական խոշտանգում կա՞»։  Հայրապետյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը պարբերաբար տեղափոխում էր Շիրակի մարզ գործուղված կամ նշանակված դատավորներին․ «Այս գործով իրավական հիմք այլեւս գոյություն չունի, որ ասենք` այ սա ճիշտ արեց, սա սխալ արեց։ Այս գործով արդարադատություն իրականացնել այլեւս հնարավոր չէ, եւ դրանից տուժում է թե՛ տուժողը, թե՛ մեղադրյալը»,- մեր զրույցում նշեց նա։ Մեղադրող Տաթեւիկ Ղուկասյանը Հանրային մեղադրող Տաթեւիկ Ղուկասյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։ Դատական նիստի ավարտին «Ինֆոքոմը» հետաքրքրվեց՝ որպես մեղադրող՝ համաձա՞յն է դատարանի մեկնաբանությանը, ինչին նա հրաժարվեց առանց համապատասխան թույլտվության պատասխանել։ Փորձեցինք հանդիպում կազմակերպել նաեւ հանրային կապերի բաժնի միջոցով, ինչի առաջարկը դարձյալ մերժվեց։ Ստիպված եղանք գրավոր հարցում ուղարկել՝ հղելով ստորեւ նշված հարցերը․ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ դիմեցինք Դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից խոստացան պատասխանն ուղարկել մինչ ամսվա վերջ՝ ուշացումը պայմանավորելով տեխնիկական խնդրով։ Ամսվա վերջին, սակայն, պատասխան դարձյալ  չստացանք։ Մարտի 4-ին՝ երեք շաբաթ անց միայն, մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան Դատախազությունն ուղարկեց մեկ նախադասություն՝ «Քրեական գործով դատախազի իրավական դիրքորոշումները ներկայացվում են դատական նիստի ընթացքում»։ Ակնհայտ է, որ Դատախազությունը պարզապես խուսափել է տվյալ գործով իր դիրքորոշումը հանրայնացնել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազները, որպես դատավարության կողմ եւ մեղադրանքի պաշտպան, լրատվամիջոցների հետ զրույցներում կամ հարցումներին ի պատասխան մեկնաբանում են դատարանի այս կամ այն որոշումը։ Բացի այդ, դատական նիստի ընթացքում, ինչպես նշեցինք, դատախազը դիրքորոշում չի էլ հայտնել։ Հարկ է նշել նաեւ, որ մեր հարցերը պարունակում էին ոչ միայն դիրքորոշում․ վարույթով երբեւէ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազների ցանկը եւ փոփոխության հիմքերը չտրամադրելը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է։ Դատարանը մնացել է առանց գործի նյութերի Այս դատական նիստին բովանդակային քննություն այդպես էլ չիրականացվեց․ գործի նյութերը դատարանի տրամադրության տակ չէին։ Դատարանը, դեռեւս նախորդ դատավոր Հայկ Իսրայելյանի նախագահությամբ, 2024 թ․ փետրվար ամսից դրանք ուղարկել է փորձաքննության, ինչի հետեւանքով շուրջ մեկ տարի դատական նիստեր, ըստ էության, չեն կայացել։ Նաեւ այս պատճառով է տուժող կողմը անվստահություն հայտնել այդ դատավորին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով, որն էլ այն բավարարել է։ «Փորձաքննություն նշանակած լինելու հիմքով մեկ տարի ոչ դատական նիստերը եղան, ոչ էլ փորձաքննություն եղավ, ո՞վ է սա անում, գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը ասելիք չունի՞։ Եթե դատավորը նիստեր է հետաձգում, մեղադրողը կարող է առարկել դատավորի գործողությունների դեմ, բացարկ հայտնել դատավորին, ի վերջո մեղադրանքի տերը ինքն է, բայց մեղադրողը շատ հանգիստ գնում-գալիս է»,- վրդովվեց Ռուզան Ադանալյանը։ Բանն այն է, որ դեռ 2023 թվականի նոյեմբերի 22-ին տուժող կողմը միջնորդել է նշանակել 3 տեսակի փորձաքննություն՝  հանձնաժողովային դատաբժշկական, կրկնակի դատահետքաբանական,  կրկնակի քրեագիտական համալիր փորձաքննություն։ Դատարանը, թեեւ որոշումը բավարարել է ամբողջությամբ, սակայն որոշման տեքստի մեջ 2-րդ՝ կրկնակի հետքաբանական փորձաքննության փոխարեն նշել է հանձնաժողովային հետքաբանական փորձաքննություն (հանձնաժողովային փորձաքննությունը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից, իսկ կրկնակի փորձաքննություն նշանակվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ, հանձնաժողովային փորձագետները չեն հանգել միասնական հետևության, անթույլատրելի են ճանաչվել օգտագործված ապացույցները կամ խախտվել է փորձաքննության կատարման կարգը), որի կատարումը հանձնարարել է ՀՀ Առողջապահության նախարարության եւ Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին` բացառելով նախկինում փորձաքննություններին մասնակցած փորձագետների եւ մասնագետների մասնակցությունը: Տուժող կողմը, մինչդեռ, միջնորդել էր այն հանձնարարել ՆԳՆ փորձաքրեագիտական վարչությանը (այժմ՝ ՔԿ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ)՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի՝ նախորդ փորձաքննությանը տված ոչ սպառիչ ու անարժանահավատ պատասխանները։ Դատարանի այս՝ նոյեմբերի 22-ի որոշումը, սակայն, մնացել է անկատար․ ՀՀ արդարադատության նախարարությունը այն հետ է ուղարկել՝ որպես վերադարձման հիմք նշելով գործող Քրեական դատավարության օրենսգրքի 256 հոդվածի 1-ին մասը՝ փորձաքննությունը կատարվում է փորձագիտական կազմակերպության փորձագետի կամ այդպիսին չհանդիսացող փորձագետի կողմից:  Տուժող կողմն ընդգծում է՝ իրենք, իհարկե, ուրախ էին, որ փորձաքննությունն ի վերջո Արդարադատության նախարարության կենտրոնում չի կատարվի, բայց ակնհայտ է, որ վերջինս պարզապես խուսափել է փորձաքննություն իրականացնելուց՝ ձեւականորեն մեջբերելով հիշյալ հոդվածը։ Ընդ որում, այդ ժամանակ գործը քննվում էր նախկին Քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա, իսկ ԱՆ-ն հղում էր կատարել գործող օրենսգրքի հոդվածին, որը, ըստ էության, փորձաքննություն չիրականացնելու որեւէ հիմք չի սահմանում։ 2024 թ․ ապրիլի 15-ին դատարանը, դարձյալ նախորդ դատավորի նախագահությամբ, որոշել է փոփոխել իր իսկ որոշումը՝ ավելի նպատակահարմար համարելով համալիր հետքաբանական փորձաքննության փոխարեն իրականացնել կրկնակի հետքաբանական փորձաքննություն։ Այդպիսով՝ այս որոշմամբ դատարանը վերադարձել է փորձաքննության հենց այն տեսակին, որն ի սկզբանե միջնորդել էր տուժող կողմը․ «Նշանակված փորձաքննության կատարումը պետք է հանձնարարել ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ին եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներին՝ բացառելով նախկինում փորձաքննություններին մասնակցած փորձագետների եւ մասնագետների մասնակցությունը,- ասված է որոշման մեջ։ Միաժամանակ անդրադառնալով հանձնաժողովային վերոնշյալ 1-ին՝ դատաբժշկական փորձաքննությանը՝ նախորդ դատավոր Հայկ Իսրայելյանը նշել է․ «Անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել հանձնարարելու համապատասխան ստորաբաժանմանը Դատարանին տրամադրել դատաբժիշկ փորձագետների կամ համապատասխան մասնագիտացմամբ մասնագետների ցանկ՝ բացառելով ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ փորձագետներին»։ 2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը կարող է տրամադրել միայն Առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետների վերաբերյալ տվյալներ եւ չունի տեղեկատվություն այլ դատաբժշկական փորձագետների վերաբերյալ:  Դատավոր Հովհաննես Սաֆարյանը Լսելով այս առնչությամբ տուժող կողմի դժգոհությունները՝ գործն այժմ քննող դատավոր Հովհաննես Սաֆարյանը տեղեկացրեց․ «Եթե ձեռք կբերվեն տվյալներ, որ հանձնաժողովը, այնուհանդերձ, ստեղծվել է, եւ փորձաքննությունը սկսվել է,  համապատասխան նյութերը կպատճենվեն, մնացած նյութերը կվերադարձվեն դատարանին։ Իսկ եթե ձեռք կբերվեն տվյալներ, որ այն դեռ չի սկսվել, ապա այդ որոշումը կթողնվի անկատար, հետագայում կքննարկենք փորձաքննություն նշանակելու հարցը»։ Տուժող կողմի փաստաբան Արմինե Ֆանյանը այն համոզմանն է, որ նոր փորձաքննություն նշանակելու հարց չպիտի քննարկվի, քանի որ առկա է օրինական ուժի մեջ մտած որոշում՝ այդ փորձաքննությունները իրականացնելու մասին։ Մեղադրյալի պաշտպանը, սակայն, հակառակ կարծիքին է․ ըստ նրա՝ այդ փորձաքննությունը չի կարող իրականացվել, որովհետեւ այն նշանակվել է տուժող կողմի միջնորդության հիման վրա, իսկ եթե դատարանը քննությունը սկսում է զրոյից, ապա այդ միջնորդությունը այլեւս ուժ չունի․  «Այն փուլը, որի հիման վրա այս փորձաքննությունը նշանակվել է, չեղարկված է, գոյություն չունի այլեւս ոչ տուժողի միջնորդություն, ոչ դատարանի որոշում։  Երբ գործող Քրեական դատավարության սահմանված կարգով ապացույցները հետազոտենք, ավարտենք, այդ ժամանակ տուժողը կարող է դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ հանդես գալ»,- կարծում է Արամայիս Հայրապետյանը։ Իսկ մինչ փաստաբանները փորձում են իրավական լուծումներ գտնել, որդեկորույս մայրը շարունակում է կրել այս անվերջանալի թվացող շրջապտույտի հետեւանքները․ «Արդեն 10 տարի ծանր վիշտը կրելով՝ դու տեսնում ես, որ պետությունը նպաստում է, որ նույն պետության մեջ նույն պետության քաղաքացուն սպանելու համար որեւէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվի։ Եվ այս ծանր հետեւանքները՝ անընդհատ Երեւանից Գյումրի գնալ-գալը, ամեն դատական նիստի մեղադրյալի դեմքը տեսնելը․․․ Մեղադրյալի աջ ձեռքին են տեսել Արտյոմի արյունոտ դանակը, եւ ամեն անգամ հայացքս գամվում է, ու պատկերացնում եմ, թե ոնց է Արտյոմիս արյունոտ դանակը եղել այդ ձեռքին։ Սա արդեն բարոյական մեծ հարված է, որին ուղղակի անհնար է դիմանալ»,- մեր զրույցում նշում է Ռուզաննա Ադանալյանը։   Ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտման խնդրի վերաբերյալ «Ինֆոքոմի» հոդվածը կարող եք կարդալ՝ անցնելով այս հղումով։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Տեսանյութը՝ Ռոման Աբովյանի
19:57 - 08 մարտի, 2025
Հազարավոր երեխաներ՝ հերթում. Երևանում ծնվածների միայն կեսին կարող են ընդունել համայնքային մանկապարտեզները

Հազարավոր երեխաներ՝ հերթում. Երևանում ծնվածների միայն կեսին կարող են ընդունել համայնքային մանկապարտեզները

Ի՞նչ կկատարվի, եթե Երևանում ծնված 2-6 տարեկան բոլոր երեխաները հերթագրվեն գալիք ուսումնական տարում համայնքային մանկապարտեզ հաճախելու համար։  Կարճ պատասխան  Երևանում ծնված նախադպրոցական տարիքի՝ 2-6 տարեկան 55 9041 երեխաների կեսին հերթը չի հասնելու, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 162 մանկապարտեզների տեղերի քանակը 27 9702 է՝ կրկնակի պակաս երեխաների թվից։ Իհարկե, բոլոր երեխաները չեն հերթագրվում՝ հաճախելով մասնավոր մանկապարտեզներ կամ մնալով տանը՝ ծնողների կամ դայակների մոտ։ Սակայն խնդիր է անգամ հերթագրվածներին տեղավորելը։ Այս հարցի տվյալահեն պատասխանը ստանալու և հերթերի՝ «Ինֆոքոմի» ստեղծած հաշվիչը փորձարկելու համար շարունակի՛ր կարդալ։ Երկար պատասխան (13 րոպե + դիտելիք և լսելիք) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 համայնքային3 մանկապարտեզ, որոնց տարողունակությունը թույլ է տալիս նախադպրոցական կրթություն իրականացնել 27 970 երեխայի համար, մինչդեռ մայրաքաղաքում ծնված և այժմ 2-6 տարեկան երեխաները 55 904-ն են։  Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին նախադպրոցական կրթություն ստացողների ընդգրկվածությունը Երևանում 46․4% է, Հանրապետությունում՝ 36․2%: ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով ակնկալվում է, որ 2030 թվականին Հանրապետությունում 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված է լինելու նախադպրոցական ծառայություններում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ Երևանի պարագայում այդ արդյունքին հասնելն իրատեսական է։ Նման արդյունքի հասնելու համար նույն ծրագրով նախատեսվում է ինչպես համայնքային նախադպրոցական առկա հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում, նորերի կառուցում, այնպես էլ մասնավոր հաստատությունների թվի աճ։  Մանկապարտեզի հերթում՝ հազարավորներ Մենք դիտարկեցինք, թե ինչպիսի հարաբերակցություն է նախադպրոցական տարիքի երեխաների և մանկապարտեզների տարողունակության միջև։ Սակայն բոլոր ծնողները չեն, որ ցանկանում են երեխաներին ուղարկել համայնքային մանկապարտեզներ՝ նախընտրելով մասնավոր մանկապարտեզները կամ տնային առօրյան։ Բոլոր այն ծնողները, որոնք ցանկանում են երեխային ուղարկել համայնքային մանկապարտեզ, պետք է հերթագրվեն Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգում։ Ըստ այս համակարգի՝ մարտի 3-ի դրությամբ համայնքային մանկապարտեզ է հաճախում 27 490 երեխա, հերթագրված է 14 853 երեխա։ Այս պահին հաճախողներից 8 910-ը ավագ խմբի երեխաներն են՝ ծնված 2019 թվականին։ Ստացվում է, որ սեպտեմբերին նրանք մանկապարտեզը կավարտեն, և նրանց տեղերը կզբաղեցնեն միջին խմբի՝ 2020 թվականին ծնված 8 863 երեխաները և նույն թվականին ծնված, բայց հերթում սպասող 414 երեխաներից 47-ը։ Նույն տրամաբանությամբ կվերադասավորվեն նաև մյուս խմբերի երեխաները։  2023 թվականին ծնված երեխաները, որոնք ցանկանում են հաճախել կրտսեր խումբ, մարտի 3-ի դրությամբ 5 181-ն են։ Հաշվի առնելով նախորդ տարիներին ծնվածներից համայնքային մանկապարտեզ դիմողների քանակը՝ այս թիվը մինչև սեպտեմբեր կարող է հասնել 9 000-ի։  Ստացվում է՝ սեպտեմբերի դրությամբ ավելի քան 9 600 հերթագրված երեխա այնուամենայնիվ չի կարողանա հաճախել մանկապարտեզ, ինչը ցանկություն ունեցողների 26%-ն է։ Այսինքն՝ մանկապարտեզների ներկա տարողունակության պայմաններում համայնքային նախադպրոցական հաստատությունները նախընտրող երեխաների միայն 74%-ին կհաջողվի գոնե մեկ տարի հաճախել մանկապարտեզ։   Մանկապարտեզներում հերթերը՝ ըստ վարչական շրջանների Մենք ուսումնասիրել ենք Երևանի բոլոր վարչական շրջանների համայնքային մանկապարտեզների տարողունակությունն ու հերթերը․ մարտի 1-ի դրությամբ բացարձակ թվով հերթագրված երեխաների ամենամեծ թիվը Շենգավիթ վարչական շրջանում է, իսկ ամենաքիչը՝ Նուբարաշենում։ Նուբարաշեն վարչական շրջանում, սակայն, քիչ են նաև մանկապարտեզներում առկա տեղերը։ Այս պահին գործում է երկու մանկապարտեզ, որոնք միասին ունեն 281 սան, իսկ այս պահին հերթագրված է 267 երեխա, այսինքն՝ արդեն իսկ հաճախողների 95%-ի չափով էլ հերթագրվածներ կան։ Սակայն Նուբարաշեն վարչական շրջանում այդ ծանրաբեռնվածությունը կարող է առաջիկայում նվազել, քանի որ քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2025 թվականին այս վարչական շրջանում մանկապարտեզի կառուցման աշխատանքներ են իրականացվելու՝ հիմք ունենալով հենց գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթագրման ցուցանիշները, նախադպրոցական կրթության՝ տարեցտարի աճող պահանջարկը։ Այս ցուցանիշով Նուբարաշենին հաջորդում են ավելի մեծ բնակչությամբ Էրեբունի վարչական շրջանը, որտեղ արդեն 1 մանկապարտեզի կառուցմամբ խնդիրը չի կարող լուծվել։ Էրեբունիում ամենացածրն է նաև ամեն 1000 բնակչի հաշվով մանկապարտեզներում առկա տեղերի քանակը4։ Այս վարչական շրջանի բնակչությունը 126 700 է, իսկ բոլոր մանկապարտեզները միասին ունեն 1 900 տեղ։ Ստացվում է, որ ամեն 1000 բնակչի հաշվով մանկապարտեզում ընդամենը 15 տեղ կա։ «Հաշվիր» ինքդ․ մանկապարտեզների հաշվիչ «Մանկապարտեզ» կառավարման համակարգի տվյալների հիման վրա «Ինֆոքոմը» ստեղծել է տեղեկատվական հաշվիչ,5 որի միջոցով կարող եք տեղեկություններ ստանալ Երևանի մանկապարտեզների տարողունակության, սաների թվի, հերթագրված երեխաների թվի, ծանրաբեռնվածության մասին երեք մակարդակում՝ ամբողջ համայնքում, առանձին վարչական շրջաններում և առանձին մանկապարտեզներում։ Ընտրեք վարչական շրջանը և/կամ առանձին մանկապարտեզը և ծանոթացեք այս պահին առկա իրավիճակին։ Ինչ են պատմում ծնողները «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը սահմանում է, որ ծնողներն  ազատ են ընտրել երեխայի նախադպրոցական կրթությունն ապահովելու տարբերակը՝ այն կազմակերպելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ընտանիքում, անհատական մանկավարժական գործունեության միջոցով և նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում։ «Ինֆոքոմը» օնլայն հարցում է անցկացրել նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների շրջանում։ Հարցմանը մասնակցած երևանաբնակ 216 ծնողից 108-ը կամ 50%-ը նշել է, որ երեխան/երը հաճախում են համայնքային մանկապարտեզ, ինչը շատ մոտ է վերևում ներկայացված հաշվարկային ցուցանիշին՝ Երևանի՝ նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու 50% կարողությանը։ Մյուս կեսն այս պահին օգտվում են այլընտրանքային տարբերակներից։ Սակայն եթե երեխան համապատասխան տարիքում չի կարող մանկապարտեզ հաճախել ազատ տեղ չլինելու պատճառով, ապա որոշակիորեն սահմանափակվում է պետության սահմանած նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը, քանի որ այդ դեպքում դա ոչ թե ծնողի ընտրությունն է, այլ հարկադրված որոշում։ Մեր հարցմանը մասնակցած 216 ծնողներից 63-ը նախընտրում է մասնավոր մանկապարտեզ։ Նրանցից 27-ը, սակայն, նշել է, որ դա հարկադրված ընտրություն է՝ պայմանավորված համայնքային մանկապարտեզներում առկա հերթերով։ Անահիտ Էվոյանը, օրինակ, իր երեխային հերթագրել է իր բնակավայրի՝ Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկում, երբ երեխան 3 տարեկան էր։ Այդ տարի երեխայի հերթը չի հասել, և նա ստիպված երեխային տարել է մասնավոր մանկապարտեզ՝ հույս ունենալով, որ հաջորդ տարի հերթը հասնելուն պես կտեղափոխի։ Սակայն հերթը չի հասել, և երեխան շարունակել է հաճախել մասնավոր մանկապարտեզ, որից Անահիտը այժմ շատ գոհ է։ Ավան վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Ամիրյանը սկզբում դիմել է մասնավոր մանկապարտեզ, քանի որ երեխան 1.5 տարեկան էր, հետո հերթագրել համայնքային մանկապարտեզում։  «Հերթը ժամանակին հասավ, սակայն մանկապարտեզի շենքային պայմանները տեսնելուց հետո հրաժարվեցի երեխային տեղափոխել, և շարունակեց հաճախել մասնավոր մանկապարտեզ։ Այժմ երեխաս 5 տարեկան է, և նախատեսում ենք այս վերջին տարում դիմել մեր ընտրած դպրոցի նախակրթարան, որը նույնպես վճարովի է»,- նշում է Հասմիկը։ Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ մասնավոր կենտրոններից ոչ բոլորն են, որ իրականացնում են լիցենզավորված գործունեություն։ Մասնավորապես, 2023-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել է Երևանում նախադպրոցական ոլորտում գործող առնվազն 320 կազմակերպության ցանկ, որոնցից միայն 137-ն են լիցենզավորված եղել:  «Եթե կազմակերպությունն իրականացնում է ամբողջական կրթական ծրագիր՝ 8 ժամ տևողությամբ, բնականաբար պետք է ստանա լիցենզիա՝ մանկապարտեզի կամ նախակրթարանի համար՝ ապահովելով տվյալ գործունեության համար սահմանված լիցենզավորման պայմաններն ու պահանջները (շենքային պայմաններ, սանիտարական նորմեր, մասնագիտական անձնակազմի որակավորման պահանջներ և այլն)»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը: Մասնավոր նախակրթական կենտրոնների ամսական վարձավճարը սկսվում է 30 հազար դրամից և հասնում 250-300 հազար դրամի։ Ըստ հարցման շրջանակում ծնողներից ստացված տվյալների՝ միջին ամսավճարը կազմում է 104 հազար դրամ։ Կենտրոն վարչական շրջանի բնակիչ Արփի Ավետիսյանը նույնպես նախընտրում է մասնավոր մանկապարտեզ, քանի որ կրթության որակի և մասնագետների աշխատանքի առումով այդքան էլ չի վստահում համայնքային մանկապարտեզներին։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Քրիստինա Խաչատրյանը, ում երեխայի հերթը հասել է հերթագրումից մեկ տարի անց, այդ ընթացքում երեխայի առօրյան հաստատությունում ապահովելու համար դիմել է մասնավոր մանկապարտեզ, սակայն երեխան չի հարմարվել։ Այժմ երեխան հաճախում է համայնքային մանկապարտեզ, և Քրիստինան շատ գոհ է մանկավարժների աշխատանքի արդյունքից։ Հարցման մասնակից 216 ծնողներից 9-ն էլ նշել է, որ նախադպրոցական տարիքի երեխայի առօրյան ապահովում է դայակի օգնությամբ։ Նրանցից մեկը՝ Նանեն, չի դիտարկում նախադպրոցական հաստատություն դիմելու տարբերակը․ վստահ է, որ նույնիսկ ամենաորակյալ մանկապարտեզը չի կարող անհատական վերաբերմունք ապահովել։ «Կարծում եմ, որ երեխային հենց տան պայմաններում անհատական մոտեցում պետք է ցուցաբերի դայակը։ Մեկ դայակը չի կարող տասը երեխայի խնամել։ Օրինակ՝ իմ բալիկն անընդհատ ուշադրության կարիք ունի, մենք տանն էլ իր հետևից անընդհատ վազում ենք։ Իսկ սոցիալիզացվելու համար նախընտրում եմ 4-5 տարեկանում տարբեր խմբակներ տանել, որ նախքան դպրոց գնալը ապահովենք շփումը հասակակիցների հետ»։ Դայակի ծառայության ծախսը, կախված ներգրավման ժամերից, տատանվում է 30 հազար դրամից մինչև 150 հազար դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 250 հազար։ Նանեն նշում է, որ դայակը խնամքից բացի նաև մասնագիտական մոտեցում է ցուցաբերում, ապահովում է կրթությունը, երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացումը, դրա համար չի սահմանափակվել միայն բարեկամների օգնությամբ։ Հարցմանը մասնակցած ծնողներից 26-ը նշել է, որ երեխային իրենք են խնամում տանը, որոնցից 19-ը նշել է, որ հարկադրված չի աշխատում, քանի որ պետք է մնա տանը և խնամի երեխային։ Սյուզաննան, որն ապրում է Նորք-Մարաշում, իր 2 տարեկան երեխային հերթագրել է այս տարի և հուսով է, որ նա սեպտեմբերից կհաճախի, քանի որ նրա դեպքում կա արտահերթության արտոնություն՝ երեխան ընտանիքում երրորդ զավակն է։ «Հենց երեխաս սկսի հաճախել մանկապարտեզ, ես կկարողանամ աշխատանքի անցնել, մինչ այդ ստիպված եմ տանը մնալ և ինքս խնամել»,- պատմում է Սյուզաննան։ Նախադպրոցական կրթության ազդեցությունը երեխայի զարգացման վրա Նախադպրոցական կրթությունը մինչև վեց տարեկան երեխայի մեջ ձևավորում է վարվելակերպի տարրական նորմեր, նրա ընդունակությունները, հակումներն ու կարողությունները։ Այդ շրջանը կարևոր է գնահատվում երեխայի էմոցիոնալ, սոցիալական և կոգնիտիվ կարողությունների զարգացման համար, սակայն ինչպես նշեցինք՝ Հայաստանում օրենքով պարտադրված չէ։ Նախադպրոցական կրթության իրավունքի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ հետազոտված 193 երկրներից 51-ում նախադպրոցական կրթությունը պարտադիր է: Այդ երկրներից 11-ը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներ են՝ այդ թվում Չեխիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Սերբիա, Մոլդովա։ Այն երկրները, որոնք ընդունել են պարտադիր նախադպրոցական կրթության դրույթները, հիմնականում պատկանում են միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներին։ Հետազոտությունը նաև պարզել է, որ անվճար կամ պարտադիր  նախադպրոցական կրթություն ունեցող երկրներն ունեն վաղ մանկության բարեկեցության բարձր ցուցանիշներ: Բրազիլիայում համեմատել են 1-5 տարեկան 167 երեխաների երկու խումբ, որոնք հաճախում են և չեն հաճախում հանրային ցերեկային մանկական կենտրոններ, և արձանագրել, որ հաճախող երեխաներն ավելի շատ հնարավորություններ ունեն համագործակցության, հարմարվողականության, տարեկիցների հետ հարաբերություններ կառուցելու, սոցիալիզացվելու համար։ Ինչ է պլանավորում քաղաքապետարանը «Մանկապարտեզ» կառավարման համակարգի տվյալներով 14 համայնքային մանկապարտեզ վերանորոգման կարգավիճակ ունի, որոնցից 9-ում փաստացի իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ դրանցից 5-ը առայժմ պարզապես փակ են վերանորոգման նպատակով։ Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ Երևանում նախատեսվում է հաջորդող տարիներին հիմնանորոգել ևս 32 մանկապարտեզ։ Եթե վերադառնաք մեր տեղեկատվական հաշվիչին, քարտեզի վրա կարմիր շրջանակներով կարող եք տեսնել վերանորոգվող մանկապարտեզները։ Քաղաքապետարանը հայտնում է, որ 2025 թվականին քաղաքաշինական առկա և կանխատեսվող իրավիճակի դիտարկման արդյունքների համադրմամբ նախատեսվում է պատվիրել 4 մանկապարտեզ, ինչպես նաև ավարտին հասցնել 4 նոր մանկապարտեզների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Ինչ պատկեր է Թբիլիսիի մանկապարտեզներում Հարևան Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, որը բնակչության թվով համադրելի է Երևանի հետ (Թբիլիսի՝ 1․26 միլիոն, Երևան՝ 1․13 միլիոն), գործող նախադպրոցական պետական հաստատությունները 190-ն են, որտեղ, ըստ Վրաստանի վիճակագրական կոմիտեի, նախադպրոցական կրթություն է իրականացվում 51 461 երեխայի համար։  Թբիլիսիի մանկապարտեզներում կրտսեր խմբում առավելագույնը 25 երեխա է, Երևանում՝ 20, իսկ միջին և ավագ խմբերում երեխաների առավելագույն թիվը 30 է, ինչպես Երևանում։ Այսպիսով Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղի սահմանափակ լինելու պատճառով հազարավոր երեխաներ շարունակում են սպասել իրենց հերթին՝ երբեմն ստանալով մանկապարտեզ հաճախելու ընդամենը մեկ տարվա հնարավորություն։  Զուգահեռ՝ ծնողները  հաճախ ստիպված են այլընտրանքներ փնտրել՝ մասնավոր մանկապարտեզներ, դայակների ծառայություններ կամ տնային խնամք։ Մանկապարտեզների ծանրաբեռնվածությունը ոչ միայն ազդում է  կրթության հասանելիության, այլ նաև ծնողների աշխատունակության վրա։ Ծանոթագրություն 1. ՀՀ վիճակագրական կոմիտեն չունի Երևանում փաստացի բնակվող կամ գրանցված նախադպրոցական տարիքի երեխաների թվի վերաբերյալ տվյալներ։  Այդ մասին մոտարկված տվյալը ստացել ենք Վիճակագրական կոմիտեից։  2018-2024 թվականներին Երևանում ծնված երեխաներից առանձնացրել ենք 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ 2-6 տարեկաններին, այսինքն՝ նախադպրոցական կրթության շահառուներին։ Արդյունքում ստացվել է 55 904 երեխա։ Այս թիվն, իհարկե, կարող է տատանվել, քանի որ Երևանում ծնված լինելը չի նշանակում փաստացի բնակվել այդտեղ և հակառակը՝ փաստացի բնակվողների մեջ կարող են լինել երեխաներ, որոնք չեն ծնվել Երևանում, բայց ապրում են այդտեղ։ Միաժամանակ, այս տվյալներում ներառված չեն բռնի տեղահանումից հետո Երևանում հաստատված արցախցի ընտանիքների երեխաները, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաները։ 2. Մանկապարտեզների քանակի, խմբերի, սաների և հերթագրված երեխաների թվի մասին բոլոր տվյալները վերցված են Երևանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգի պաշոնական կայքից: Վերանորոգման ենթակա մի քանի մանկապարտեզների տվյալներում երևում են որոշակի թվով գրանցված սաներ: Մանկապարտեզների մասին պաշտոնական կայքում նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների ընդհանուր թիվը ներառում է նաև վերջիններիս, սակայն մեր հաշվարկում նրանց չենք ներառել, քանի որ նրանք միայն գրանցված են, ոչ թե փաստացի հաճախող։ 3. Համայնքային մանկապարտեզ ասելով՝ տվյալ դեպքում հասկանում ենք Երևանի ենթակայությամբ գործող մանկապարտեզները, որոնց մարդիկ հաճախ անվանում են «պետական» մանկապարտեզ, սակայն 1996 թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմամբ պետությունը նախադպրոցական կրթությունը հանձնել է համայնքներին, և դրանք այժմ կոչվում են Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՈԱԿ, և գործում են համայնքային բյուջեով։ 4. Հասանելիությունը գնահատելու համար 1000 բնակչի հաշվով առկա տեղերի ցուցանիշը այդքան էլ կատարյալ պատկեր չի տալիս․ մանկապարտեզներում առկա տեղերի քանակը նախընտրելի կլիներ հաշվարկել նախադպրոցական տարիքի 1000 երեխայի հաշվով, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեն ըստ վարչական շրջանների նման բացվածք չունի։ Վարչական շրջանների բնակչության թիվը վերցված է 2024 թվականի Հայաստանի ժողովրդագրական ժողովածուից։ 5. Հաշվիչն արձանագրում է տվյալ պահին առկա իրավիճակը։ Տարվա ընթացքում առանձին ցուցանիշներ կարող են փոփոխվել, հատկապես ուսումնական տարվա ավարտին և մեկնարկին, սակայն վարչական շրջանների և առանձին մանկապարտեզների տվյալների միջև համեմատությունը կարտացոլի մանկապարտեզների հասանելիության/ծանրաբեռնվածության հիմնական պատկերը։ Ի տարբերություն հաշվիչի, որը ամեն շաբաթ թարմացվում է, նյութում ներկայացված հաշվարկներն իրականացված են մարտի 3-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա։ Հեղինակներ՝ Միլենա Բարսեղյան, Կատյա Մամյան, Յուրի Ագաֆոնով Մանկապարտեզների հաշվիչը՝ Յուրի Ագաֆոնովի
21:39 - 05 մարտի, 2025
Անդրանիկ Վերանյանի գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

Անդրանիկ Վերանյանի գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին առնչվող քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Քրեական գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմի անդամների զոհվելու դեպքին։ Ըստ գործի նյութերի՝ Վերանյանը զինվորներին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Սանամյանը այս դեպքի ականատես չէ, 44-օրյա պատերազմի ժամանակ  ծառայության բերումով Տավուշի մարզում է եղել։ Սակայն հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջնորդել է նրան դատակոչել եւ որպես վկա հարցաքննել՝ հաշվի առնելով, որ 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նա Տավուշում ԱԹՍ-ի հետ առնչվելու հաջող փորձ է ունեցել։ 2020 թ․ օգոստոսին վարչապետի միջնորդությամբ եւ Հ նախագահի հրամանագրով կապիտան Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը․ «Կապիտան Սանամյանը, որպես սպա եւ հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն եւ խիզախություն», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում: Սանամյանը մեկ կրակոցով հակառակորդի ԱԹՍ է խոցել Դատարանում ցուցմունք տալով՝ Ռուբեն Սանամյանը պատմեց, որ հուլիսյան մարտերի ժամանակ զորամասի հրամանատար, գնդապետ Գարիկ Աղաջանյանից ԱԹՍ-ների վրա կրակելու հրահանգ է ստացել, որն էլ իր ենթականերին է փոխանցել։ Մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին, թե ինչով պիտի կրակեին, Սանամյանը պատասխանեց՝ այդ պահին իրենց մոտ եղած միջոցներով։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը - Դուք ինքնաձիգով ԱԹՍ խոցե՞լ եք։ - Այո։ - Ի՞նչ բարձրությունից։ - Մոտ 300 մ։ - Մենահա՞տ կրակոցով թե՞․․․ - Այո․․․ Մինչեւ իմ կրակ վարելը զինծառայողները կրակահերթ արել են, բայց չի հաջողվել, դադար եմ տվել, ես եմ խոցել։ Վկայի խոսքով՝ եղել է հարվածային ԱԹՍ․ դա են վկայել տեսքը, չափսերը, բարձր ձայնը։ Հետագայում հակառակորդը կիրառել է նաեւ հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք գտնվել են ավելի բարձր, եւ ինքնաձիգով խոցման ենթակա չեն եղել․ «Եթե գիտես, որ կարող ես խոցել, բնականաբար, պիտի փորձես խոցել, բայց որ թողնես՝ ազատ իր խնդիրը կատարի, ինձ թվում է՝ ճիշտ չէ»,- ասաց վկան։ - Ձեզ թվո՞ւմ է, թե՞ նման հրահանգավորում է եղել,- հարցրեց մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։ - Ես, ամեն դեպքում, խոցել եմ։ - Հարցը հրահանգավորման մասին է։ - Հրահանգը եղել է, որ մենք պիտի հնարավորության դեպքում խոցենք,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրահանգը տրվել է բանավոր։ - Եվ այդ հնարավորությունը գնահատվում է յուրաքանչյուր անգամ ստեղծված իրավիճակի՞ց,- ճշգրտեց պաշտպանը։ - Միանշանակ։ - Ձեր խոցելը նշանակո՞ւմ է, որ մյուսներն էլ պիտի նման կերպ վարվեն։ - Ոչ,- պատասխանեց վկան։  Տուժողների իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ եթե Սանամյանի հրամանատարության ներքո լինեն մի քանի զինվորներ, եւ նա տեսնի ԱԹՍ-ի թռիչքը, հրաման կտա՞, որ նստեն մեքենան եւ շարժվեն առաջ։ Սանամյանը, սակայն, նշեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։  Զոհված զինծառայողների հարազատները - ԱԹՍ-ի առկայության դեպքում զինվորական շարժ կանե՞ք,- տուժողի իրավահաջորդը վերաձեւակերպեց հարցը։ - Մարտական գործողությունները էնպես են, որ, լինի հրետանի, թե ԱԹՍ, թե այլ բան, ավելի արդյունավետ կլինի՝ այդ պահին կողմնորոշվես, պահի թելադրանքով։ Դրա համար ես չեմ կարող հիմա ասել, պահը պիտի տեսնես,– պատասխանեց Ռուբեն Սանամյանը։ Նրա հարցաքննության մյուս մասն ընթացավ դռնփակ, քանի որ պաշտպանական կողմը պետք է հրապարակեր գաղտնի փաստաթղթերից մեջբերումներ։ Վկա Բաբաջանյանի խոսքով՝ իմաստ ունի կրակել միայն ցածր թռչող ԱԹՍ–ի վրա Դատակոչված հաջորդ վկան 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նույն զորամասի վաշտի հրամանատար Ռոբերտ Բաբաջանյանն էր։ Վերջինս իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգով խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարք, ինչի համար պարգեւատրվել է «Արիության» մեդալով։ Բաբաջանյանը պատմեց, որ ըստ իրենց ստացած հրահանգի՝ օդային հարձակման դեպքում անձնակազմին պետք էր մտցնել թաքստոց, իսկ հերթապահ դիտորդը պետք է օդային դիտարկում իրականացներ։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ ԱԹՍ-ի վրա կրակելու հրահանգ եղե՞լ է, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ իրենք դրա համար ՀՕՊ միջոց են ունեցել։ Այնուհանդերձ, ինքն իր ինքնաձիգով  երկու կրակոցից խոցել է։ Ռոբերտ Բաբաջանյանը - Արդյունավե՞տ էր,- հարցրեց մեղադրողը։ - Դե, ցածր էր, կրակել եմ, կպել է, ֆռիկը ջարդվել է, ընկել միջտարածություն։ - Ի՞նչ ԱԹՍ է եղել։ - Հարվածային։ - Ըստ փաստական տվյալների՝ հետախուզական է եղել։ - Դե, ես մասնագետ չեմ, եթե մասնագետներն են ասել․․․ - Դուք ինքնե՞րդ եք որոշել կրակել։ - Այո, կրակել եմ, հետո զեկուցել։ - Այսինքն՝ չկրակելու հրաման չկա, բայց արդյունավետ կրակոց պիտի լինի։ - Ես իմ ավտոմեքենայի միջից եմ կրակել, ավտոն փախցրել եմ, կրակել եմ,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ բոլորիս էլ պարզ է, որ նման դեպքերում պետք է մեքենան թողնել, զորքին պատսպարել։ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը դարձյալ հետաքրքրվեց՝ այդ հրահանգը փաստաթղթավորվե՞լ է թե՞ բանավոր է եղել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ բանավոր։ - Ի՞նչ բարձրության վրա էր,- հարցրեց պաշտպանը։ - Մոտ 300 մ։ - Ավելի բարձրի դեպքում նպատակահարմա՞ր է կրակել։ - Պատահականություններ լինում են․ եթե արտադրել են ԱԹՍ, չեն արտադրել, որ ավտոմատով խփեն․․․ - Եթե մի քանի զինծառայող հավաքվի ու կրակ վարի թռչող ԱԹՍ-ի ուղղությամբ, մի՞թե դա չի նշանակի, որ մենք մեր տեղը նշմարեցինք։ - Կնշմարվի, իմաստ էլ չունի բարձր ԱԹՍ-ի վրա կրակել։ - Բա ո՞ր դեպքում է պետք կրակել, ձեր հրահանգը մանրամասն վերլուծա՞ծ էր։ - Մանրամասն վերլուծած չէր, քանի որ մարտերի ժամանակ մենք շարժ չենք ունեցել, նախօրոք գիտեինք, տեղակայվել էինք։  - Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում մեքենան պիտի՞ կանգնեցվի թե՞ չէ։ - Չէ, դե չի կարելի այդպես ասել,- պատասխանեց վկան՝ նշելով, որ դա ինչ-որ տեղ նաեւ փորձի հիման վրա ձեւավորված հրահանգ էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Չոբանյանից։ Այնուհանդերձ, ի պատասխան տուժողների իրավահաջորդների հարցին՝ եթե տեսնի, որ երկնքում ԱԹՍ է պտտվում, իսկ կողքին անտառ կա, կհրահանգի՝ թաքնվե՞լ թե՞ նստել մեքենաներն ու երթը շարունակել, վկան պատասխանեց․ «Պիտի ասեմ՝ թաքնվում ենք»։ Դեպքին ականատես վկան մանրամասներ պատմեց Հանրային մեղադրողի միջնորդության հիման վրա դատակոչված երրորդ վկան էլ Շալիկո Եղիազարյանն էր։ Վերջինս ԻՍՎ զինվորների մեքենայի խոցվելու ականատեսն է, որն էլ հենց այրվող Ուրալի տեսանյութը փոխանցել է իրավապահներին։ Եղիազարյանը Արցախի Քաշաթաղի շրջանից էր, տարածքին ծանոթ, ուստի կամավորների հետ մասնակցել է տարբեր գործողությունների։ Ճշգրտման նպատակներով էլ դեպքի օրը հայտնվել է Իշխանաձորի խաչմերուկում․ «Իշխանաձորում ամեն գործողության ներկա ենք եղել, ԱԹՍ-ն օդի մեջ պտտվում էր, 100-150 հոգի ցրված էր, ոստիկաններն էլ կարգավորվում էին։ էրեխեքին տեսանք, մի մասը խանութներ էր մտած, առեւտուր էին անում, քաղցր-մաղցր էին առնում իրենց համար։ Որ նստեցին Ուրալ, մենք էլ զարմացանք․ սաղս թաքնված էինք, սնարյադներ կային շարված, խառը իրավիճակ էր, Խնձորեսկի վաշտի սնայպերը նույնիսկ փորձեց կրակել, չկպավ»։ Շալիկո Եղիազարյանը - Զորքը ո՞ր պահին է նստել Ուրալը, ինչի՞ց հետո,- հետաքրքրվեց Հայկ Մարգարյանը։ - Որ նստեց, մենք էլ զարմացանք՝ խի շարժվեց, սաղս ծածկերի տակ էինք, չեմ կարա ասեմ՝ ոնց եղավ, ինչից եղավ։ - Ինչ-որ մեկը զեկուցե՞լ է օդում ԱԹՍ-ի առկայության մասին։ - Այո, ռազմական ոստիկանությունն էր էդտեղ, մեր օրգանի աշխատողները (նկատի ունի Արցախի,-հեղ․), շատերն են զեկուցել։ - Դուք անձամբ լսե՞լ եք ԱԹՍ-ի ձայնը։ - Ես անձամբ լսել չէ, տեսել եմ։ - Ուրալը նստելու պահին ԱԹՍ-ն դեռ պտտվո՞ւմ էր։ - Այո։ - Բա ինչի՞ նստեցին։ - Չեմ կարող ասել, բայց դե, առանց հրամանի բան չի լինում։ Վկան դժվարացավ պատասխանել պաշտպանի այն հարցին՝ սպաներից որեւէ մեկը ընդդիմացա՞վ այդ հրամանին թե ոչ։ Ասաց՝ կատարվածից հետո ինքն է մոտեցել մի սպայի, իր խոսքով՝ «դոշերց հավաքել» զայրացել։ Նա, սակայն, դեմքով չհիշեց այդ սպային, ասաց՝ շատ խառը վիճակ էր, իրարանցում։ - Որ ԱԹՍ-ն իջներ, մոտենար կկրակեի՞ք։ - Անպայման, բոլորը, բայց էդ հեռավորության վրա ինքնաձիգով անհնար էր։ Վկա Եղիազարյանը պատմեց, որ ինքը բոլոր պատերազմներին մասնակցել է, եւ առաջին անգամ ԱԹՍ տեսել է 2016 թ․ Քառօրյայի ժամանակ․ «Չենք հավաքվել իրար վրա, նույնը՝ 2020-ին, ոչ մի վիրավոր, զոհ չենք ունեցել Ջրականում, որովհետեւ սպաներ կային մեզ հետ, մեզ սովորեցրին, որ եթե տեսնում էինք՝ ցածր է, կրակում էինք»,- նշեց նա՝ հավելելով, որ ԱԹՍ-ի բարձր լինելու դեպքում հատուկ տեխնիկան է աշխատել, ինքնաձիգը էլ չէր կարող խոցել։ Վկայի խոսքով՝ այդ հատվածում՝ ծառերի տակ, 200-300-ին հասնող արկղեր կային, ներսում՝ արկեր։ Բացատրեց՝ պատերազմի ժամանակ Ջրականում մի քանի անգամ խաբել են թշնամուն․ դատարկ արկղեր դրել, եւ ԱԹՍ-ները եկել, դրանք են խոցել։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը խոցելիս ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերել։ Բայց այս դեպքում անձամբ է մոտեցել, բացել, համոզվել, որ արկղերը լիքն են։ Վկայի տպավորությամբ՝ ԱԹՍ-ն այդտեղ թիրախ էր որոնում։ Մեղադրողը վկայի ցուցմունքում էական հակասություններ տեսավ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսավ՝ միջնորդելով հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Նախաքննության ժամանակ Եղիազարյանը պատմել էր, որ իրենց մոտ կանգնած են եղել վերադաս մի քանի սպա եւ ժամկետային զինծառայողներ․ «Այդ սպաներից մեկը ռադիոկապով զեկուցեց վերադասությանը, որ երկնքում հակառակորդի ԱԹՍ կա, ԱԹՍ չասաց, թռչուն թե թիթեռ, տենց մի բան, որից հետո չլսեցի՝ ինչ հանձնարարություն տրվեց, սակայն այդ սպան հանձնարարեց բոլորին նստել ավտոմեքենաները եւ շարժվել առաջ։ Երբ ԱԹՍ-ն դարձավ ավելի տեսանելի, ես եւ ընկերս՝ Գարունը, անմիջապես շարժվեցինք Ուրալի ուղղությամբ, լսեցինք պայթյունի ձայն, մոտեցանք ու նկատեցինք,, որ արդեն խոցվել է, իսկ անձնակազմը՝ զոհվել։ Ես զայրացած մոտեցա ուղեկցող սպային, ով արդարացավ, որ մեղավոր է, եւ չպետք է ենթարկվեր վերադասության հրամանին․․․ Դա այն նույն սպան էր, որը ողջ էր մնացել, եւ որին հետո տեսա խոցված Ուրալի մոտ, որն էլ ասաց, որ մեղավոր է․․․ Նա խառնված էր, մի կերպ էր խոսում։ Նշեմ, որ նա Վիլիսով էր ուղեկցում Ուրալին․․․ Ես հիշում եմ, որ նշված սպան հաստատ խոսեց, բայց հնարավոր է բջջայինով է խոսել, նաեւ մի զինվորի ծնող էլ է եղել, բայց վերջինիս Ուրալի վարելու ժամանակ եմ տեսել։ Նշված ծնողը մի սպայի էր հայհոյաում, որից հասկացա, որ հրաման տված սպան նա էր, ինքն իր հետ էր խոսում՝ ասելով՝ «դու սպանեցիր իմ էրեխուն», սակայն հասցեատեր սպան արդեն այդտեղ չէր»։ Ցուցմունքի հրապարակումից հետո Շալիկո Եղիազարյանը ասաց․ «5-րդ տարին է անցել, ինչ ասել եմ էդտեղ, ճիշտ եմ ասել, հիմա շատ բաներ չեմ հիշում․․․ Էնքան դարդ ու ցավ ենք ապրել, մինչեւ հիմա գիշերները չենք կարողանում քնել»։ Պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ներկայացրեց Հարցաքննություններից հետո մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը միջնորդեց լրացնել դատաքննությունը։ Մասնավորապես, դատակոչել եւ դատարանում հարցաքննել մի շարք վկաների, իսկ տուժողների իրավահաջորդներից 3-ին կրկին հարցաքննել։ Գրիգորյանը իր միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ այդ անձանց ցուցմունքներում էական հակասություններ կան, եւ կան հարցեր, որոնց պատասխանները առանց այդ ամենը պարզելու հնարավոր չէ տալ։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Միաժամանակ պաշտպանը միջնորդեց հետազոտել Վերանյանի տրամադրած մի տեսագրություն, որից երեւում է այն վայրը, որը, ըստ ամենայնի, ծառայել է զինպահեստ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը տուժողների իրավահաջորդներին եւ վկաներից մի քանիսին հարցաքննելուն առարկեց, մնացած մասով առարկություն չներկայացրեց։ Տուժող կողմը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ կարծիք հայտնելով, որ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ տեսագրությունը հետազոտելու եւ մի քանի վկաների դատակոչելու մասով, իսկ տուժողների իրավահաջորդներին կրկնակի հարցաքննելու միջնորդությունը հետաձգեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 17-ին։  Գրեթե մեկ ամսվա ընդմիջումը զայրացրեց զոհված զինծառայողների ծնողներին, որոնք դժգոհեցին, որ այդպես ուշ նշանակել չի կարելի․ 5 տարի է՝ գնում-գալիս են, բայց քննությունը դեռ չի ավարտվել։ - Այս դատարանում միայն այս գործը չի քննվում․․․ Գործ կա, որ 8-9 տարի է՝ քննվում է, եւ մեղադրյալները կալանքի տակ են,- նշեց դատավորը՝ մանրամասնելով իր ծանրաբեռնվածությունը։ - Հիմա էլ մենք ենք կալանքի տակ,- արձագանքեց զոհված զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։   Միլենա Խաչիկյան
11:44 - 26 փետրվարի, 2025
«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- դատարանում ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։ Խոսքը այն նահանջի մասին է, որի համար հիշյալ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Զրահատանկային գումարտակը բնագծում տանկեր չի ունեցել Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Հրաչյա Ղազարյանը, որը որպես վկա է դատակոչված, այսօր հայտնեց, որ Գաբրիելյանին ճանաչում է 2019 թ․-ից, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան կորպուսի հրամանատարի հանձնարարությամբ տեղափոխվել են պաշտպանական շրջան, դիրքավորվել։ Հոկտեմբերի 3-ին իրենց հրետանային մարտկոցը շտաբի պետի հրամանով առանձնացել է իրենցից, ուղարկվել Արթուր Քոչարյանի ստորաբաժանմանը աջակցելու (ողջ անձնակազմը այդտեղ զոհվել է,- հեղ․)։ Հաջորդ օրը իրենց է միացել Հովիկ Գաբրիելյանը (մինչ այդ գտնվում էր ՌԴ-ում «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով,-հեղ․) եւ ստանձնել հրամանատարությունը։ Եղել են մոտ 110 հոգի, ունեցել՝ 7 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) եւ ավտոմատներ, որոնցով, ըստ վկայի, հնարավոր չէր խնդիր կատարել։ Խրամատները ամբողջովին կահավորված չեն եղել, կահավորել են, ինչպես կարողացել են։ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրենց տանկերը իրենց մոտ չէին․ «Կորպուսի հրամանատարի հրամանով․ ասել էր՝ Գաբրիելյանը գա, նոր․․․ Քանի որ տանկային վաշտը զորամասի գլխավոր հարվածային ուժն էր, ինքն էլ Գաբրիելյանին շատ էր ընդունում, վստահում, որովհետեւ էն եզակի հրամանատարներից էր, որ անձամբ էր տանկի մեջ եղել զինվորի հետ, ասում էր՝ թող գա, իր վերահսկողության տակ․․․ Գուցե նպատակ ունենալով՝ լուրջ խնդիրների համար․․․»,- հայտնեց վկան։ Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ մինչ հոկտեմբերի 4-ը հակառակորդի կենդանի ուժ չեն տեսել։ Արդեն հոկտեմբերի 4-ին մարտերը թեժացել են․ «Մոտ 2 կմ այն կողմ թուրքական մի գյուղ կար, նկատեցինք, որ հակառակորդը սկսեց կուտակվել այդտեղ՝ ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ անձնակազմով․․․ Գաբրիելյանը հրաման տվեց, որ ճնշենք․․․ Բոլոր հրամաննները, ինչքան նկատել եմ, զեկուցում էր, թույլտվություն ստանում»,- պատմեց Ղազարյանը։ Նրա խոսքով՝ 1-2 ժամ անց՝ մթնշաղին մոտ, իրենց ունեցած միջոցները այլեւս չէին բավարարում, իսկ թշնամին առաջ էր գալիս իրենց ուղղությամբ՝ դեպի աջ․ «3-4 տանկ էր ու հետեւակ․․․ Հրամանատարը կորպուսի հրամանատարի հետ խոսելուց հետո ասաց՝ հակատանկային միջոցները կրակեն, կրակեցինք, բայց արդյունավետ չէր, Արալեռի կողմից միայն մի տանկ խոցեցին»,- պատմեց վկան՝ նշելով, որ մյուս տանկերից այլեւս տեղեկություն չեն ունեցել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը - Եղած միջոցներից որքա՞նն եք կրակել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ - Կեսը կրակել ենք 1-1,5 ժամ, արդեն մութ էր, իմաստ չուներ,- պատասխանեց վկան։ - Որ դադարեցրիք, հակառակորդը եկա՞վ ձեր ուղղությամբ։ - Չէ, այսինքն՝ ոչ թե չի եկել, այլ ինչքան տեսողություն ունեինք, նկատել ենք, որ չի եկել, բայց չէր բացառվում, որ գալու լիներ, մենք չունեինք տեսողական սարքեր։ - Հարգելի՛ վկա, եկե՞լ է թե ոչ։  - Չենք տեսել․․․ Ուղիղ հարձակում չի եղել։ - Իսկ ոչ ուղի՞ղ։ - Երբ հակառակորդը գալիս, անցնում, քեզնից աջ է գնում․․․ - Բայց թիկո՞ւնք է անցնում։ - Ես չեմ կարող ասել։ - Մինչեւ դուրս գալը ի՞նչ խոսակցություն է եղել վերադասության հետ։ - Գաբրիելյանը անընդհատ կապի միջոցներով խոսում էր, ուզում էր իմանալ՝ ինչ կա, ինչ է լինելու, ասաց՝ մնալ էլ հնարավոր չէ, ձախից մարտի ձայներ էին, դա բոլորն էլ լսել են, ինտենսիվ կրակ է եղել, ոնց հասկացել ենք, մենակ ենք մնացել․․․ - Պատասխան, պարզաբանում եղե՞լ է։ - Ես չեմ լսել՝ ինչ են ասել, ինչ չեն ասել։ - Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր մնալ։ - Շրջափակման վտանգ կար։ Նույնիսկ ջղայնացած, գոռգռալով խոսակցություն էր գնում, ոնց որ ասեին՝ ինչ ուզում եք, արեք, էս պահի դրությամբ օգնություն չկա, տպավորությունը այդպիսին էր։ - Այդ վտանգը ինչի՞ հիման վրա էր։ - Ձախից գործողություններ են գնացել, էս մի կողմից անցել են, ուշ ժամի, երբ արդեն լավ մութ էր, 2-3 կրակոց էլ է եղել մեր ուղղությամբ, դրա մասին էլ է զեկուցվել։ Խոսակցությունից հասկացա՝ մի խոսքով՝ ինչ կուզես, արա, բառացի չեմ կարող ասել։ - Եթե ձախում մարտեր էին, նշանակում է՝ մեր ԶՈՒ ստորաբաժանում կար այնտեղ, չէ՞։ Որպեսզի ձեզ շրջափակեին, պիտի նրանց ճեղքեին, ճի՞շտ է։ Նման բովանդակությամբ խոսակցություն եղե՞լ է։ - Չէ։ - Բա որտեղի՞ց եք ենթադրել, որ շրջանցելու է։ - Քանի որ ձայներ են լսվել ձախ կողմից, աջից էլ եկել, անցել են, դեմս էլ կուտակված են, հարեւանների հետ էլ կապ չկա․․․ Ըստ վկայի՝ զինվորները վատ բարոյահոգեբանական վիճակում էին Երեկոյան ուշ ժամի, երբ արդեն մութ էր, ըստ վկայի, անձրեւ է սկսվել, մառախուղ է եղել, իսկ իրենք գիշերատեսիլ սարքեր չունեին․ «Զինծառայողները ճնշված էին, ընկճված, հոգնած ու սոված․․․ Նենց պահ էր, որ անընդհատ՝ հեսա կբերենք, համբերեք, սպասեք, ու ուշանում էր, ու ընկճված, սոված վիճակ էր, մի սուտկա առավոտից հաց չէին կերել [զինվորները]։ Թիկունքը 4 կմ հեռավորության վրա՝ չէին կարողանում սնունդ, զինամթերք բերել»։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը - Վերջին անգամ սնունդ ե՞րբ է մատակարարվել։ - Հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 3-4-ին կարիք եղել է, չեն կարողացել բերել․ անձնակազմը դուրս էր գալիս՝ խոցում էին․․․ - Այսինքն՝ սնունդ բերելը վտանգավո՞ր էր,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ - Բայց անհնա՞ր էր։ - Հնարավորության դեպքում բերում էին։ Չէին կարող շատ բերել․ համ պահպանման խնդիր կար, համ տեխնիկայի․․․ Երկու հոգու համար՝ մի բուխանկա, կես երշիկ։ Ղազարյանը տեղյակ չէր, որ իրենցից աջ հայկական ստորաբաժանում է եղել Իրենցից աջ տեղակայված հայկական ստորաբաժանման մասին Հրաչյա Ղազարյանը տեղեկություններ չուներ, ասաց՝ չի էլ իմացել, որ աջ կողմից զորք է տեղակայված եղել, իսկ ձախը մինչեւ Արալեռ դատարկ է եղել։ Ասաց՝ իրենք միայն ներքին կապ են ունեցել, իսկ հրամանատարը ունեցել է ռադիոկապ նաեւ վերադասության հետ, բայց աջակողմյան զորքի հետ խոսակցություններ չի լսել, միայն՝ կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի հետ։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Պաշտպան Խաչիկյանը հիշեցրեց ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար, վկա Համլետ Լեւոնյանի ցուցմունքը, ըստ որի՝ իրենք էլ են նույն վիճակում եղել, բայց չեն նահանջել եւ դիմակայել են։ Լեւոնյանը հենց այն ստորաբաժանման ղեկավարն է, որը, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ - Նա նաեւ մեղադրեց ձեր ստորաբաժանմանը, հատկապես Հովիկ Գաբրիելյանին, որ ձեր հետքաշվելու արդյունքում թշնամին թեւանցել է, եւ իր տղաներից զոհվել են։ Եվ ըստ նրա՝ միակ ճանապարհը, որ բաց է եղել, ձեր զորամիավորման տարածքն էր, որով  էլ հակառակորդը մտել է։ Ի՞նչ կասեք։ - Որ բարոյահոգեբանական վիճակը նույնը կլիներ, չեմ ժխտում, կարգավիճակն էլ՝ տեղանքի, ապահովումների առումով․․․ Ինչ վերաբերում է մեզնից ձախ փակ լինելուն, ես անձնակազմ չեմ նկատել, եթե ինքը ուրիշ տեղեկություն ունի, չեմ կարող դա հասկանալ, ես չեմ նկատել,- պատասխանեց վկան՝ հայտնելով, որ Հայկ անունով մեկի հրամանատարությամբ ՀՀ ԶՈՒ-ից 20-հոգանոց անձնակազմ է եկել, առանց կապի միջոցների տեղակայվել, Գաբրիելյանն էլ ասել է՝ որ մի բան լինի, գոնե  նրանց ձայն տաք։ - Եթե տանկեր լինեին ձեզ մոտ, կարո՞ղ էիք դիմակայել։ - Միանշանակ, խնդիր կկատարեինք,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ տանկերը կարող են խոցել մինչեւ 4 կմ, իսկ իրենց մոտ եղած ՀՄՄ-ները՝ 500 մ։ Վկան մեղադրյալին դրական բնութագրեց Դրանից հետո՝ կեսգիշերին մոտ, ձախ թեւից մի քանի կրակոց է եղել իրենց ուղղությամբ, մարտի ձայներ են լսվել։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ստիպված են եղել հետ քաշվել․ «Արդեն ահագին ուշ էր, ցուրտ, Գաբրիելյանը կապ տվեց, ասեց՝ սենց ա վիճակը, էլ տարբերակ չկա մնալու, ձախից էլ, աջից էլ ձայներ կան, մեծ է վտանգը․․․ Տպավորությունս այն էր, որ այս պահին չենք կարող քեզ օգնության հասնել, դու որոշի»։ Հետ են քաշվել 3-4 կմ, տեղակայվել, սակայն այնտեղ էլ չեն մնացել։ Վկայի խոսքով՝ չէին կարող դիմակայել, ուստի նահանջել են Հադրութ, գնացել Հադրութի զորամաս։ Հաջորդ օրն իրենց ուղարկել են այլ տեղանք։ - Կորպուսի հրամանատար ժիրայր Պողոսյանը իր ցուցմունքում նշել է, որ Հովիկ Գաբրիելյանը խաղաղ վիճակում շատ լավ սպա էր, բայց պատերազմի ժամանակ, մեղմ ասած, վատ հրամանատար էր։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։ - Ես բացասական ոչ մի բան չեմ տեսել, իր կարողությունները միշտ եղել են բարձր մակարդակի, իսկ պատերազմի ժամանակ ուղղակի զինվորի հետ խրամատում է եղել, մնացած կարծիքները թողնում եմ սա լսողներին։ - Եթե Դուք լինեիք նրա փոխարեն, նման հրաման կկայացնեի՞ք։ - Միգուցե կայացնեի,- պատասխանեց վկան։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ղազարյանը Միլենա Խաչիկյան
23:00 - 24 փետրվարի, 2025