Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Նշելով մեր երկրի համար համատեղ ծրագրերի կարևորությունը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել Գերմանական զարգացման բանկի հետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծրագրերի քննարկումն ու իրականացումը: Գերմանական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում և մեր երկիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ բարձր տեմպերով զարգանալու համար: KfW-ի տարածաշրջանային տնօրենն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, ողջունել է այն, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտին տրվում է մեծ նշանակություն: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բնագավառում համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
18:56 - 19 մարտի, 2019
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:
18:38 - 19 մարտի, 2019
Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում անհրաժեշտություն լինելու դեպքում պատրաստ է խոսել ՀՀ երեք նախագահների հետ։ «Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա»,-մամուլիսի ասուլիսին այսպես արձագանքեց վարչապետ Փաշինյանը, հարցին, թե արդյոք պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ։ «Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեիք: Կարողա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող է մյուս օրը 2004 թվականից հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարողա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումներին՝ Փաշինյանն ասաց, որ դրական է համարում այն երկխոսությունը, որ դեռ պիտի գա: «Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում և Ադբեջանի ղեկավարն էլ պետք ա մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու», - ասաց Փաշինյանը։ hetq.am
12:46 - 19 մարտի, 2019
Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

«Լրատվամիջոցներում հրապարակումներ են անում՝ այ, վարչապետը վրեժ է լուծում մամուլից։ Ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք էս տրամաբանությունից։ Ես ոչ մեկից երբևէ վրեժխնդիր ոչ եղել եմ, ոչ էլ պատրաստվում եմ։ Եթե վրեժխնդիր լինելու լինեի, ամենահարմար պահը բոլորի աչքի առաջ էր, զրո խոչընդոտ, հինգ րոպեում կարելի էր վրեժ լուծել, հաշվեհարդար տեսնել։Ամբողջ աշխարհում կա fake news-ի հետ կապված գլոբալ խնդիր։ Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի դիպչել, մամուլի դեմ հետապնդումներ չի կարելի անել։ Բայց մյուս կողմից մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ, իրենք իրենց պաշտպանելու որոշ ձևեր են փնտրում, բայց սա չպետք է դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ արշավ, այլ գործընկերության հրավեր, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորենք, միասին աշխատենք։Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լիենու։ Մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ, երբ օրենքի կոպիտ խախտում լինի։Բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ․ մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որ Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ստեղծվի՝ կառավարությունից անկախ։ Եթե մենք դա անենք բյուջեով, կստացվեր, որ էդ ֆինանսական լծակներով փորձում ենք վերահսկողության տակ պահել լրատվամիջոցներին։ Հիմա մենք ուզում ենք, չեզոք գործընկերների ներգրավվելով, հիմնադրամ ստեղծել, որ լրատվամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչների մտահոգություններին։ 
11:16 - 19 մարտի, 2019
Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում պատասխանեց հետևյալ հարցին․ «Այսօրվա պաշտոնյաներից շատերը եղել են քաղաքական պայքարի առաջնագծում, հեշտությամբ կարող էին դառնալ քաղաքական բանտարկյալներ։ Կառավարություն ձվավորելուց հետո այդ պաշտոնյաններից ոմանց հետ կապված դժգոհության ալիք կա, տպավորություն կա նույնիսկ, որ Դուք եք դժգոհ նրանց աշխատանքից։ Հաշվի առնելով այս մարդկանց անցած ուղին՝ արդյոք կաշկանդված չե՞ք նրանց ասելու՝ վերջ, ցտեսություն»։«Իհարկե կաշկանդված չենք։ Բայց երբ խոսում ենք դժգոհությունից, պիտի ասեմ, որ ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ։ Բայց երբ ասում են՝ այ փախողվել են, այ, էս են արել, մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մեջ ենք ձախողվել։ Իմ արձանագրումն այն է, որ այսօր ըստ էության ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել։ Ըստ էության՝ մեր պետական կառավարման համակարգում չկա մի պաշտոնյա, որ իրեն ասենք՝ Դու ձախոցվել ես։ Այլ  հարց է, որ կա արագության ու դանդաղության խնդիր։ Միայն մի ձախողում ենք ունեցել, և դա հանրահայտ ձախողում է։ Երբ որևէ մեկը ձախողվի, բացառված է, որ ես կաշկանդվածության խնդիր ունենամ։ Այո՛, կան թերություններ ու բացթողումներ, բոլորիս գործողություններում, նաև՝ իմ, բայց ի՞նչ է նշանակում, որ ամեն նման բացթողումից հետո պաշտոնյա փոխենք, որ նորը գա դողացող ձեռքերով ու մտածի՝ հանկարծ մեկին սխալ հայացքով չնայեմ։ Պետք է տեսնել՝ արդյոք մենք կարողանում ենք դասեր քաղել մեր իսկ սխալներից ու բացթողումներից։ Ես այս տարբերակի կողմանկիցն եմ։ Այն սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ, մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղացնեու համար հանել, ջնջել, թե հասկանալ իրավիճակը և հանրային ճնշումն օգտագործել այդ ոլորտի աշխատանքը բարելավելու նպատակով։ Այդ քավարանի միջով անցնող պաշտանյան շատ ավելի պատասխանատու է դառնում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը լրիվ փոխվել է։ Ես ասել եմ, որ շատ գոհ եմ էս պարգևատրման սկանդալից, որովհետև դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ մենք պետք է ունենայինք։Մենք ունեցել ենք թերություններ, էլի ենք ունենալու, դուք և բոլորն են ունենալու թերություններ, բայց մեր հիմնական խնդիրն է նաև՝ քննադատությունների ներքո թե՛ որպես կառավարություն, թե՛ անհատապես բարձրացնենք մեր գործունեության որակը։ Իսկ ինձ կաշկանդել հնարավոր չէ, հակառակ դեպքում չէինք ունենա հեղափոխությունը»։ 
10:42 - 19 մարտի, 2019
Պետք է ունենանք ուժեղ հակակոռուպցիոն մարմին, բայց պետության մեջ պետություն չստեղծենք. Ն. Փաշինյան |tert.am|

Պետք է ունենանք ուժեղ հակակոռուպցիոն մարմին, բայց պետության մեջ պետություն չստեղծենք. Ն. Փաշինյան |tert.am|

Իմ կարծիքն այն է, որ Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որևէ սահմանափակում չկա: Հարցը, որ անընդհատ քննարկվում է, հետևյալն է՝ մենք պետք է այդտեղ լավ մտածված լուծումների գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն՝ իշխանության հավասարակշռության սկզբունքը չխախտենք»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների փորձերը. «Օրինակ՝ երկրներ կան, որոնք ընդհուպ մինչև հակակոռուպցիոն դատարան ունեն: Կառավարության ծրագրում շատ հստակ գրված է՝ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի, հիմա ինչու չի գրված, թե ինչպիսի մարմին, որովհետև դրա հետ կապված կա հսկայական բանավեճ»: tert.am
10:33 - 19 մարտի, 2019
Ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա. վարչապետ |aysor.am|

Ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա. վարչապետ |aysor.am|

Սահմանադրական բարեփոխումների այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, այդ շրջանակի վերաբերյալ որոշակի քննարկումներ կան, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իշխանության օրակարգում կա՞ առաջիկայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը։ «Մեր Սահմանադրության մեջ այսօր սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանափակումներ կան, և մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները պատեհ չեն։ Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կան։ Ես գիտեմ, որ քննարկումներ կան, որ խորհրդարանական համակարգը նախագահականի հետ փոխելու, սակայն ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա այդպիսի անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեկ տարի էլ չկա, որ այս համակարգը գործում է։ Պետք է հասկանանք՝ այն ի վերջո ինչ է իրենից ներկայացնում», - ասաց գործադիրի ղեկավարը։ Վարչապետի համոզմամբ, Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, բայց ինքը չէր ցանկանա որևէ կանխորոշող հայտարարություն անել։ «Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք կոնկրետ փաստարկներ, թե ինչու է դա պետք անել։ Կարծում եմ՝ ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ aysor.am
10:29 - 19 մարտի, 2019
Պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ. |lragir.am|

Պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ. |lragir.am|

Նախկինում պրակտիկա կար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը մեկ շաբաթվա ընթացքում սահմանը հատած մոլորվածներին վերադարձնում են, դա ընդհատվել է, երբ զինված մարդիկ մտել են մեր տարածք ու սպանություն արել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած քաղաքացու և Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի փոխանակման հարցին և արդյոք հնարավոր է բոլորը բոլորի հետ փոխանակման տարբերակը: Փաշինյանը նշել է, որ պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ: Հիմա մենք էլ ունենք մոլորված, բայց սպանության համար դատապարտվածը չի փոխանակվի մոլորվածի հետ: Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի քաղաքացու մասով քննություն կարվի՝ պարզելու նա դիվերսանտ է, թե մոլորված: Այն մարդկանց պարագայում, որոնց գործողության ժամանակ մարդ չի տուժել, պատրաստ ենք փոխանակման հարցը քննարկել, նշել է Փաշինյանը: lragir.am  
10:20 - 19 մարտի, 2019
Կառավարության դեմ սեւ հակաքարոզչությունն իրականացվում է երեք սենյակից, որոնց տեղը ես գիտեմ․ Փաշինյան |armtimes.com|

Կառավարության դեմ սեւ հակաքարոզչությունն իրականացվում է երեք սենյակից, որոնց տեղը ես գիտեմ․ Փաշինյան |armtimes.com|

Հսկայական գումար է ծախսվում Հայաստանի կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա։ Սա որեւէ արդյունք չի տալու, քանի որ նախկին ռեժիմի գնացքը գնացել է։ Այդ մասին մարտի 19-ին մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, քանի որ «ես հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ»: Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատություններին։ «Այն, որ փորձում են ասել, գրում են, որ երկրում ինչ-որ անկայունություն կա, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու», - արձագանքեց վարչապետն ու հավելեց, որ մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ եթե հետեւից փորձեն «ֆեռարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է»: «Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունու չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական, մենք երաշխավորելու ենք», - ասել նա: Վարչապետի խոսքով, այժմ հսկայական գումար է ծախսվում կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա. «Էն որ միլիոնավոր դոլարներ ամեն օր ծախսվում են կառավարության դեմ սեւ հակաքարոզչություն անելու համար եւ կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է»: Նրա խոսքով, այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող: «Ուզում ա միլիոն ծախսեն, ուզում ա միլիարդ ծախսեն», - ասաց նա ու հավելեց, որ երկրում անկայունության ու տորբուլենտության մասին լուրերը ստեղծվում են երեք սենյակներում, որոնց տեղը նա գիտի: «Այդ երեք սենյակների տեղը ես գիտեմ։ Այնտեղից ամեն օր գալիս ու մեզ են հայտնում, թե ինչ են անում», - ասաց վարչապետը։ Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Փաշինյանը նշեց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը. «2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք»: Նա նաեւ վստահեցրեց, որ այժմ կառվարող ուժի հեղինակությունը հանրության շրջանում շատ բարձր է եւ համոզմունք հանտնեց․ «Եթե վաղը լինի ընտրություն, ապա մեր ուժն վելի շատ ձայն կստանա, քան խորհրդարանական ընտրություններին»։ armtimes.com
10:12 - 19 մարտի, 2019
Եթե նախկին իշխանության ներկայացուցիչները փորձեն ժողովրդին ոտքի հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր․ Նիկոլ Փաշինյան

Եթե նախկին իշխանության ներկայացուցիչները փորձեն ժողովրդին ոտքի հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց հարցին, թե Հայաստանում տեղի ունեցող ցույցերն ինչ-որ ուժերի կողմից ուղղորդված են արդյոք, թե ժողովրդն է ավելի պահանջկոտ դարձել։«Սա այն ամենի արդյուքն է, որ քաղաքացին սուբյեկտ է, և ինքն արդեն գիտի դրա մասին։ Ես դա նկարագրում եմ հետևյալ կերպ՝ պատկերացրեք ջրի ամբարտակ, բռնատիրության, ռեպրեսիաների, կոռուպցիայի ամբարտակ, որը անընդհատ զսպել է մարդկանց, չի թողել որ արտահայտվեն։ Հիմա հեղափոխթյունը այդ ամբարտակը ջարդուխուրդ է արել, և այդ ամբողջ կուտակվածը հեղեղում է Հայաստանը։ Սա մարդու ինքնազգացողության փոփոխությունն է, և ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մարդիկ ասելիք ունեն, ասում են իրենց ասելիքը։ Բա մենք ժողովրդավարական երկիր ենք, ժողովուրդ»։ Հարցին, թե նախկին իշխանության ներկայացուցիչները չե՞ն կարող ժողովրդին ոտքի հանել ու ինչ-որ բան ապացուցել, վարչապետը պատասխանեց՝ բա էսքան ինչ էի ասում էս երկու ժամ ա։ «Իհարկե, չեն կարող։ Եթե նման փորձեր անեն, ինձ թվում ա՝ ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»։ 
10:10 - 19 մարտի, 2019
Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի․ Նիկոլ Փաշինյան

Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց հարցին, թե արդյոք ապրիլյան հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում ներքին մոնիթորինգ անցկացվել է արդյոք՝ պարզելու քաղաքացիների վստահությունը մակարդակը՝ հաշվի առնելով երկրում հասունացող դժգոհության ալիքը։«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք դա կտեսնենք առաջիկա 5 տարիների ընթացքում։ Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններից երեք ամիս անց լրագրողը նման հարց տա։ 24 տարի ՀՀ-ն ամեն ընտրություններից հետո թուքումուր էր ստանում։ Իրենք էլ ասում էին, թե գիտեք՝ մեր Կառավարությունը լավն է, մեր ժողովրդի մենթալիտետն ա այդպսին, որ կաշառք են ուզում։ Հիմա ոչ ոք չի ասում՝ այդ ինչ կախարդական փայտիկ էր, որ ամեն ինչ փոխեց։ Ուր գնում ես, ասում են, որ Հայաստանի ընտրություններն օրինակ են, անցել են ազատ, արդար, թափանցիկ։ Ու հիմա՝ այսպիսի ընտրություններից երեք ամիս անց դուք հարցնում եք՝ մոնիթորինգ արե՞լ եք։ Մոնիտորինգը հենց ընտրություններն են։ Ուզում եմ մի պատմություն պատմել։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ես եկա, քվեարկեցի ու թռա Նյու-Յորք, կարծում եմ, որ դա էլ աննախադեպ էր, որ ընտրությունների օրը վարչապետը երկրից գնա։ Ճանապարհին ինձ հարցնում էին՝ իսկ Ձեր կարծիքով՝ «Իմ քայլը» քանի՞ ձայն կհավաքի, կհաղթի՞։ Ես ասում էի՝ դուք սա լու՞րջ եք հարցնում, չե՞ք տեսնում՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, կարծում եմ՝ «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը երբևէ այսքան կայուն չի եղել, և կարևոր է, որ սա ժողովրադավարական կայունություն է»։
09:45 - 19 մարտի, 2019
Մեր իրավապահ մարմինները պետք է առավել արդյունավետ գործեն՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում․ Նիկոլ Փաշինյան

Մեր իրավապահ մարմինները պետք է առավել արդյունավետ գործեն՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց ապօրինի ճանապարհով ձեռքբերված հողատարածքները պետությանը վերադարձնելու վերաբերյալ հարցին։«Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ և Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարծ չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, և պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։ Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարեկցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լիենել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը։  Հիմա քրեական գործ է հարուցված, և որևէ կասկած չկա, որ կապացուցվի այդ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունները։Բացի այդ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, և ուղարկվել է Տարաքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ հողերը վերադարձվեն համայքներին։ Բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, հողատարածքը կվերադարձվի պետությանը։ Նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողի ու գույքի մասին տան խոստովանական ցուցմունքներ և վերադարձնեն ՀՀ-ին։ Մենք չենք կարող մոռանալ այդ օրակարգի մասին։ Մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ Նրանք շատ երկար ժամանակ չունեն բոլորիս ցույց տալու, որ գործում են արդյունավետ՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում»։
09:17 - 19 մարտի, 2019
Մարտի 1-ի պարկուճները, որոնք փոխվել են, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ի պարկուճները, որոնք փոխվել են, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարտի 1-ի զոհերի սպանությունների վերաբերյալ հարցին նշեց․ «Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ մարտի 1-ի պարկուճները փոխվել են, այսինքն՝ էն պարկուճները, որ հայտնաբերվել էին փորձաքննության ժամանակ, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ կոնկրետ սպանությունների կատարողների մասին։ Կարող է լինել նաև վարկած, մեծ հավանականություն ունեցող վարկած, որ այնտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կոնկրետ կապ են ունենցել սպանությունների հետ։ Ուրեմն՝ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանություն իրականացրել, նրանք բոլորը պետք է հարցաքննվեն»։ Նիկոլ Փաշինայնը բոլոր քացաքացիներին խնդրեց՝ եթե այս հարցի հետ կապված ասելիք ունեն, դիմեն ՀՔԾ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։ «Սպանությունների բացահայտման գործընթացը շատ կարևոր է։ Հիմա այդ մարդիկ պիտի գան ու ասեն, թե ինչու են փոխել պարկուճները, թեև, կարծես, դրա ցանկությունը չունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, որևէ մեկը չպետք է կասկածի, որ ամեն ինչ արվելու է մարտի մեկի բացահայտման համար»։Դիտարկմանը, թե մի շարք օլիգարխների տանը եղան ստուգումներ պարկուճներ գտնելոը համար, վարչապետը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Շատերը կարծում են, թե ես եմ քննությունն իրականացնում, բայց դա այդպես չէ»։  
08:40 - 19 մարտի, 2019
Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն․ Նիկոլ Փաշինյանը՝ իրանական գազի տարանցման մասին

Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն․ Նիկոլ Փաշինյանը՝ իրանական գազի տարանցման մասին

Անդրադառնալով Հայաստանի տարածքում իրանական գազի տարանցման հնարավորությունների վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, մինչև եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը։ Ես Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի, ՌԴ Նախագահի և Թուրքմենստանի նախագահի հետ, և, այո, նրանց նաև տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, որովհետև կարևոր է եղել նաև նրանց մոտեցումները, մասնավորապես՝ ինչանով է Վրաստանը հետաքրքրված նման խոսակցությամբ, ինչքանով Թուրքմենստանը, Ռուսաստանը։ Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը։ Այդ քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել որևէ եզրակացության՝ դրական կամ բացասական։ Կարծում եմ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, որ մենք պետք է հնարավոր բոլոր ուղղություններով մեր համագործակցությունը զարգացնենք՝ թե՛ Իրանի հետ, թե՛ Վրաստանի հետ, թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոմիության, թե՛ Միացյալ նահանգների։ Բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ ունենանք, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք մենք այդ հարաբերությունները զարգացնել, որովհետև կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները էական են նաև մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով։ Ուրախ եմ արձանագրել, որ, ըստ էության, կա հետաքրքրություն, այդ հետաքրքրությունը միատեսակ և միանման չէ և մենք, իհարկե, մեր բոլոր գործընկերների հետ ենք այդ ամենը քննարկում և ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր օրակարգը թափանցիկ լինի նրանց համար»։
08:34 - 19 մարտի, 2019
Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում է իրականացման որևէ փուլում․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում է իրականացման որևէ փուլում․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Մատենադարանի դահլիճում։«Ես մաքսիմալ խուսափեցի հընթացս պատասխանել հարցերի, որ մեր հանդիպումն առավել արդյունավետ լինի։ Ուզում եմ նշել, որ նոր տեղեկատվություն ունենք, որ 2019-ի  փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած, հիպոթեկային վարկավորման ծավալը աճել է 100 տոկսոսով։ Սա ահռելի աճ է, և ես ուզում եմ ներկայացնել, որ առաջիկայում ունենալու ենք շիանարարության պահանջարկ։ Սա բերելու է նոր աշխատատեղերի՝ ոչ միայն շինարարական, այլև այլ ոլորտներոըմ, ինչը կբերի գործազրկության նվազման։ Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, ըստ էության, գտնվում է իրականացման որևէ փուլում, մյուսները՝ ակտիվ քննարկման փուլում են։ Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 23-ին տեղի է ունենալու համապետական մաքրության օր և հույս հայտնեց, որ բոլորը կմասնակցեն դրան․ «Ես ինքս, իհարկե, դրան կմասնակցեմ նախապես չհայտարարված բանակավայրում։ Վիզուալության առումով մեր երկրում ամենամեծ պրոբլեմը աղբի համատարածության պրոբլեմն է։ Մեր չնաշխարհիկ երկիրը պետք է կարողանանք ազատել աղբից, տարբեր կրպակների, ավտոմեքենանրի թափոններից»։Վարչապետը նաև հայտնեց, որ եկել է բոլոր հարցերին պատասխանելու և հուսով է՝ բոլոր հարցերը կտրվեն։ «Հաճախ լինում է, որ սոցցանցերում ինչ-որ հարցեր են ակտիվորեն քննարկվում, սակայն հետո ասուլիսի ժամանակ դրա վերաբերյալ հարց չի հնչում։ Իմ ընտանիքը հարյուր տոկոսով թափանցիկ ու հաշվետու է լինելու, և հավաստիացնում եմ, որ չկա որևէ հարց, որի պատասխանը ես չունեմ»։ 
08:25 - 19 մարտի, 2019