Ինֆոքոմ

Առնվազն 23 մարդ է զոհվել Քաբուլի կրթական կենտրոնում պայթյունի հետևանքով

Առնվազն 23 մարդ է զոհվել Քաբուլի կրթական կենտրոնում պայթյունի հետևանքով

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրթական կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, որոնց մեծ մասը, ենթադրվում է, որ երիտասարդ կանայք են։ Այս մասին գրում է CNN-ը։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Քաաջ կրթական կենտրոնում, որի բնակչության գերակշռող մասը ազգային փոքրամասնություն է, որ երկար ժամանակ ենթարկվել է ճնշումների: Ուսանողները ընդունելության քննություն էին հանձնում տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ին, երբ առաջին պայթյունը տեղի է ունեցել։ Այս մասին CNN-ին ասել է Քաբուլի ոստիկանության խոսնակ Խալիդ Զադրանը: Ալի Ջիննահ հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են տուժածներից մի քանիսը, հայտնել են, որ զոհվել է 23 մարդ, ևս 36-ը վիրավորվել է: Այս պահին դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
11:23 - 30 սեպտեմբերի, 2022
Սովորելով հայոց լեզուն․ ինչպես է կազմակերպվում Ռուսաստանից ու Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների և ուսանողների կրթությունը

Սովորելով հայոց լեզուն․ ինչպես է կազմակերպվում Ռուսաստանից ու Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների և ուսանողների կրթությունը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից 11-ամյա Սամվելի ընտանիքը  Հայաստան է եկել այս տարվա մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր անց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո ընտանիքը վերադառնալու է Ուկրաինա, ուստի երեխան այստեղ չի ընդունվել դպրոց և շարունակում է ուսումը Կիևի իր դպրոցում՝ հեռավար։  Սամվելի մայրը՝ Լուսինեն պատմում է՝ եղել է մի ընթացք, երբ Ուկրիանայի դպրոցները  ընդհանրապես դասեր չեն կազմակերպել․ «Փետրվարի 24-ին պատերազմը սկսեց ու մինչև մարտի 30-ը նույնիսկ օնլայն դասեր չեն եղել։ Հետո, երբ տեսան, որ երկարաձգվում է այդ ամենը, դասերը կազմակերպեցին օնլայն»։ Սեպտեմբերի 1-ից Ուկրաինայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որը, Լուսինեի խոսքով, ո՛չ ուսուցիչների, ո՛չ ծնողների սրտով չէ․  «Ըստ օրենքի՝ այն երեխաները, ովքեր գտնվում են Ուկրաինայում, մեկ շաբաթ գնալու են դասի, երկու շաբաթ դասերին մասնակցելու են օնլայն։ Մի շաբաթ Սամվելը միանալու է դասարանից դասին մասնակցող երեխաներին ու լուռ լսի, բայց Սամվելին տալու են տնայիններ, երեխան տնային աշխատանքները ուղարկելու է Clasroom-ին, ուսուցիչը գնահատի, բոլոր ստուգողականները գրի։ Իսկ երկու շաբաթ, երբ մնացած բոլորը աշակերտները դասերին օնլայն միանան, արդեն հնարավորություն կունենա դասերին մասնակցել, պատասխանել»։Սամվելը Լուսինեն ասում է, որ դասապրոցեսին ակտիվ մասնակցություն չունենալը խնդիր է, սակայն երեխան իրեն կարող է պատմել այն, ինչ հնարավորություն չունի պատմել դասարանում։ Դասերին հեռավար մասնակցելը այս պահին ճիշտ լուծում է, քանի որ ուկրաինական դպրոցից երեխային հայկական մեկ այլ դպրոց տեղափոխելը, ըստ Լուսինեի, նոր տրավմա կլինի նրա համար․ «Ճիշտ չեմ համարում երեխային իր շրջապատից կտրել ու վերջնականապես բերել այստեղ, առանց այն էլ երեխայի համար տրավմատիկ է այս ամենը։ Եվ նորից տրավմա կլինի, որ դասընկերներին թողնի այնտեղ, գա, ընտելանա նոր շրջապատին»։ Մայրը չի կարծում, որ դպրոց չգնալով երեխան վերաինտեգրման խնդիրներ կունենա․  Սամվելը ուկրաինացի դասընկերների հետ հաճախ է շփվում համացանցի միջոցով։  Տղան հայերեն խոսում է, սակայն գրել և կարդալ սովորել է վաղուց և արդեն մոռացել է, ուստի առաջիկայում պատրաստվում է հայոց լեզվի դասերի գնալ։ Անգլերենի  պարապմունքների Սամվելը նույնպես հաճախելու է։ Լուսինեն միայն ուկրաիներենի մասնագետի չի գտնում․ ասում է՝ այստեղ Սամվելը միայն հայերեն է լսում, և կարող է ժամանակի ընթացքում մոռանալ ուկրաիներենը։  «Երկար ժամանակ է՝ ուկրաիներենի մասնագետ եմ փնտրում ու չեմ կարողանում գտնել, խնդրել եմ Լեզվի կենտրոնին, որ օգնեն։ Հիմա երեխան տանն է, օնլայն գիրք կարդում է, բայց այստեղ չեմ կարողանում գիրք գտնել։ Ես մարտին զանգեցի Ուկրաինայի դեսպանատուն, ասացի՝ երեխան Ուկրաինայի քաղաքացի է ու հիմա մենք գիրք չունենք, չեմ ուզում համակարգչով սովորեն, ասեցին՝ մենք չունենք։ Անկեղծ ասած, դա ինձ  համար տարօրինակ էր»։ Լուսինեն հատուկ շեշտում է Ուկրաինայի ուսումնական պրոցեսի խստությունը նույնիսկ պատերազմական պայմաններում, ասում է՝ ուսուցիչները շատ հետևողական են բոլոր աշակերտների հանդեպ․ «Ես չեմ ցանկանա՝  երեխան Հայաստանում շարունակի սովորելը, ինձ դուր է գալիս դպրոցը, կրթության մակարդակը»։ Իսկ Սամվելն այստեղ ընկերներ գտել է, ուզում է հայերեն սովորել, բայց չգիտի՝ ուզո՞ւմ է այստեղ մնալ, թե՞ վերադառնալ Ուկրաինա․ «Ինձ այստեղ դուր  է գալիս ուզում եմ Հայաստանում ապրել, բայց ընկերներս այնտեղ են»։ Ամառային արձակուրդներին միշտ եկել է Հայաստան, ու հիմա լավ է, երբ հարազատներն այստեղ են, սակայն մնացած ամեն ինչ երեխային Ուկրաինայի հետ է կապում․  «Մեր բոլոր հարազատները Հայաստանում են, այդ տեղը Սամվելի մեջ դատարկ է եղել ու այդ առումով Հայաստանում լավ է, բայց մյուս առումներով Ուկրաինայում է լավ, դրա համար երեխան երկու մասի է բաժանվել, չի հասկանում՝ որն է ճիշտը»,-պատմում է Լուսինեն։ Սամվելի ընտանիքը հիմա սպասում է պատերազմի ավարտին ու Ուկրաինա վերադարձին, իսկ այս պահի վիճակը մեկ բառով է նկարագրում՝ «անորոշ»։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից և Ուկրաինայից մեծ թվով քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թ․-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է եկել 301167 անձ, Ուկրաինայից՝ 10374 անձ, մինչդեռ 2021 թ․-ի առաջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 140616 անձ, իսկ Ուկրաինայից՝ 8302: 2020 թ․-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան է եկել 119085  քաղաքացի, Ուկրաինայից՝ 5294  քաղաքացի։ 2019 թ․-ին առաջին վեց ամիսներին Ռուսաստանից Հայաստան է եկել 283506 քաղաքացի, իսկ Ուկրաինայից՝ 11699 քաղաքացի։ 2018 թ․-ին այս պատկերը էական փոփոխություններ չի գրանցել․ Ռուսաստանից առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 234837 քաղաքացի, Ուկրաինայից՝ 10647 քաղաքացի։ Էական փոփոխություններ չեն գրանցվել նաև 2017 թ․-ին․ Ռուսաստանից այդ տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 201980 քաղաքացի, Ուկրաինայից՝ 9885 քաղաքացի։2016 թ․-ին Ռուսաստանից Հայաստան է եկել 152500 քաղաքացի, իսկ Ուկրաինայից՝ 8644 քաղաքացի։   Ընդհանուր առմամբ, 2022 թ․-ի առաջին վեց ամիսներին բոլոր երկրներից Հայաստան է եկել 782 հազար 60 մարդ, որի 38%-ը ՌԴ քաղաքացիներն են։ Հայաստան եկած ընտանիքներից ոմանք որոշում են կայացրել, որ երեխաները պիտի սովորեն Հայաստանի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ռուսական դասարաններ կան։ Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ անցյալ ուսումնական տարում Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստանի դպրոցներ են ընդունվել 98 աշակերտներ, որոնցից 88-ը ՌԴ-ի, 11-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Արդեն այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկվել են ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված 752 աշակերտներ։ «Հայաստանում ու Ռուսաստանում մենթալիտետի տարբերություն կա, դժվար է ինտեգրվել…» 16-ամյա Էրիկա Պալուստյանովան այդ աշակերտներից մեկն է։ Աղջկա ընտանիքը վերջերս է Ղրիմից Հայաստան եկել ու որոշել է մեր երկրում հաստատվել։ Այժմ Էրիկան սովորում է Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի ռուսական դասարանում։ Էրիկայի հայրը ռուս է, մայրը՝ հայ։    Սախարովի անվան դպրոցում 9-րդ դասարանցի աղջիկը սիրում է Հայաստանը, պատրաստվում է այստեղ ապրել ու հետո Երևանի բժշկական համալսարան ընդունվել։ Հայերեն ո՛չ խոսել, ո՛չ գրել ու կարդալ աղջիկը չգիտի։ Էրիկայի մայրը՝ Էլեն Նազարյանը պատմում է, որ  տարիներ առաջ ապրել են Ղազախստանում և Էրիկան այնտեղի հայկական դպրոցում է սովորել։  Ավելի ուշ Սևաստոպոլ են տեղափոխվել, որտեղ աղջիկը ռուսական դպրոցում է սովորել, ինչի պատճառով էլ այժմ չի տիրապետում հայերենին։ ԷրիկանՄայրը ասում է, որ աղջիկը, բացի դպրոցական դասընթացներից, նաև հայերենի խմբակ է հաճախելու, որպեսզի հետագայում կարողանա Հայաստանում համալսարան ընդունվել։  Էլեն Նազարյանը պատմում է, որ «Հայաստանում ու Ռուսաստանում մենթալիտետի տարբերություն կա»,  ու Էրիկան դեռևս դժվար է ինտեգրվում նոր միջավայրում։  Հայերենին տիրապետելու համար Էրիկան կսկսի սովորել այբբենարանը։ Անդրեյ Սախարովի անվան դպրոցում հայերենին չտիրապետող երեխաները սկսում են տառուսուցումից՝ անկախ նրանից, թե որերորդ դասարանում են սովորում։  Էրիկայի հայոց լեզվի ուսուցչուհի  Սիրվարդ Վաբելյանը պատմում է, որ ռուսական դասարաններում երեխաների՝ հայերենի իմացությունը տարբեր մակարդակի է։  Հայերեն գրել և կարդալ չիմացող երեխաների համար անհատական ծրագրեր են կազմվում, դասի ընթացքում և դասերից հետո նրանց հետ անհատական աշխատանք է իրականացվում․ «Աշխատում ենք հասցնել։ Անցյալ տարի էլ եղել են երեխաներ, հնարավորինս հասցրինք 1-2 ամսում՝ նայած երեխաների ընդունակություններին, թե ինչքանով են  կարողանում ընկալել։ Կան երեխաներ, որոնք կարողանում են զուգահեռ մյուս դասընկերների հետ քայլել առաջ»։Սիրվարդ Վաբելյանը Հայոց լեզվի ուսուցչուհին ասում է, որ դպրոցում Ռուսաստանից եկած երեխաներ կան, որոնք արդեն կարողանում են հայերեն խոսել։ Դպրոցում աշակերտներին նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվում։ Հոգեբան Ինեսա Դարբինյանն ասում է, որ պատերազմի հետևանքով այլ վայրեր տեղափոխված երեխաները հոգեբանական մի շարք խնդիրների են բախվում, ունենում են տագնապային վարք․ «Եթե իրենց հետ հոգեբանական աշխատանք չտարվի,  իրենք չեն կարողանա ինտեգրվել։ Այդ վերականգնողական աշխատանքը երկարատև պրոցես է և համատեղ պետք է լինի: Բժշկական, սոցիալական և կրթական գործոնները պետք է համակարգված լինեն, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ինտեգրվել»։ Ինեսա Դարբինյանն ասում է, որ հոգեբանական խնդիրների հաղթահարումն անհատական է,  կախված է նաև տարիքից․ դեռահասների մոտ այս խնդիրներն ավելի դժվար են հաղթահարվում։Ինեսա Դարբինյանը Սախարովի անվան թիվ 69 դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանը պատմում է, որ այս ուսումնական տարում այլ երկրներից դպրոց է ընդունվել 57 աշակերտ․ կան երեխաներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից։ Անցած ուսումնական տարում ևս՝ պատերազմի մեկնարկից հետո, ընդունել են Ռուսաստանից և Ուկրաինայից տեղափոխված երեխաների։  Տնօրենը վստահեցնում է, որ դպրոցի ռուսական դասարանները «սովոր» են միգրացիային, ուսուցիչներն ունեն ճկուն ծրագրեր,  երեխաների մոտ ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանում։  Հայերենին չտիրապետող երեխաների համար դպրոցում գործում է նաև «Սովորում ենք խոսել հայերեն» արտադասարանական խմբակը, որտեղ ուսուցիչները երեխաների հետ լրացուցիչ պարապում են․ «Դեպք ունենք, որ և՛ ռուս, և՛ ուկրաինացի երեխաները ծնողի ցանկությամբ սովորում են հայկական դասարանում։ Ծնողը ցանկացել է, որ երեխան հայերեն ուսումնասիրի, քանի որ գտնվում է Հայաստանում և ուզում է, որ լեզվին ավելի լավ տիրապետի։ Համարում են, որ հայկական միջավայրում ավելի արագ կտիրապետեն լեզվին։ Այդ փաստը շատ գովելի է, մենք խրախուսում ենք այդ մոտեցումը»,-պատմում է տնօրենը։ Մարիաննա Մելյանը 8-րդ և 9-րդ դասարանում հայկական դպրոց ընդունված երեխաները, որոնք չեն տիրապետում հայերենին, ազատվում են հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների քննություններից․ «Չեն գնահատվում, բայց միևնույն է, ուսումնասիրությունը դասապրոցեսի ընթացքում իրականացվում է։ Հայոց լեզվի  ուսուցումն այբուբենից ենք սկսում, իսկ հայոց պատմություն ուսուցանելու համար ինտերնետից նյութեր ենք վերցնում ռուսերենով, տրամադրում ենք, որպեսզի կարողանան սովորել»,- ասում է տնօրենն ու հավելում՝ օտարազգի երեխաները շատ են սիրում հայոց պատմությունն ու հայ գրականությունը, իրենք էլ շատ կարևոր են համարում այդ առարկաների ուսուցումը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ Հայաստանում ռուսերեն լեզվով ուսուցմամբ 50, իսկ ռուսերեն լեզվով խորացված ուսուցմամբ 60 դպրոց կա։ Ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներում կան ռուսական դասարաններ, որտեղ երեխաների ուսուցումը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ծրագրին համապատասխան։ Խորացված ուսուցմամբ դպրոցների ռուսական դասարաններում ուսուցումն իրականացվում է այլ ծրագրով, որը նույնպես ԿԳՄՍ նախարարությունն է հաստատում։  Մարզերում  նման դպրոցները քիչ են․ օրինակ, Արարատի մարզում նմանատիպ դպրոցները 5-ն են, Գեղարքունիքում՝ 4-ը, Տավուշի մարզում՝ 3-ը։ Սակայն մարզպետարաններ արված մեր հարցումները ցույց են տալիս, որ անցած ուսումնական տարում մարզային ենթակայության դպրոցներում ռուս և ուկրաինացի աշակերտների հոսքը քիչ է եղել։ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցներում ռուս կամ ուկրաինացի աշակերտներ չեն ընդունվել։ Շիրակի մարզում 2022-ի փետրվարից հետո ՌԴ 2 քաղաքացի է ընդունվել, սակայն ուսումնական տարվա ավարտից հետո նրանք դադարել են սովորել այդ դպրոցում։ Արմավիրի, Արարատի մարզային ենթակայության դպրոցներում ևս Ուկրաինայի և Ռուսաստանի ընդամենը 2  քաղաքացիէ ընդունվել։ Սյունիք ՌԴ-ից ժամանել է 5 աշակերտ։ Հայաստանի բուհերում, ըստ ԿԳՄՍ տվյալների, սովորում է Ռուսաստանի և Ուկրաինայի 21 քաղաքացի, սակայն բուհերում ընդունելությունը դեռ չի ավարտվել։  ՀՀ-ում կա ռուսերեն ուսուցմամբ մի քանի բուհ՝ Հայ-ռուսական համալսարանը,  ռուսական բուհերի մասնաճյուղերը, ինչպես նաև՝ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կրթագիտական ինստիտուտը։  «Բուհական կրթությունը թանկ չէ, ու նաև ամենահեշտը Հայաստան գալն էր…» 23-ամյա Մարիան մեկն է այն ուսանողներից, որն այս ուսումնական տարում ընդունվել է Հայ-ռուսական համալսարան։ Նա սովորում է Արևելագիտության ինստիտուտի թուրքագիտության բաժնում։  Բոլորովին վերջերս Հայաստան տեղափոխված ուսանողուհին արմատներով հայ է, սակայն ծնված օրվանից ապրել է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Մարիան շատ է սիրում Հայաստանը ու մանկուց երազել է այստեղ ապրելու մասին։Մարիան Ռուսաստանում Մարիան սովորել է Ռուսական ակադեմիայի Գովազդի և հաղորդակցության ֆակուլտետում, բակալավրիատն ավարտելուց հետո երկու տարի չի ցանկացել ընդունվել մագիստրատուրա․ «Ես չգիտեի՝ ուր գնալ։ Այդ երկու տարին աշխատել եմ, բայց հիմա եկել եմ Հայաստան ու փորձում եմ այստեղ ապրել, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը, ուսումը թանկ չէ, այստեղ իմ ընկերուհին է ապրում, և մյուս երկրների համեմատ՝ ամենահեշտը Հայաստան գալն էր»։ «Ինձ ասում էին, որ պետք է մեծ ակնկալիքներ չունենամ, սակայն ամեն ինչ այդպես չէ։ Ես նույնիսկ մտածում էի, որ կրթության որակը ավելի ցածր կլինի, բայց դասախոսները  շատ խելացի են ու փորձառու: Համալսարանը շատ դուր է գալիս։ Հայերենով չէի կարող սովորել, ու  երևի  Հայ-ռուսական համալսարանը միակ տարբերակն էր»։  Մարիան կարծում է, որ այլ երկրներից եկած ուսանողները պետք է համայնք ստեղծեն, կապ պահեն իրար հետ և օգնեն միմյանց։    «Եթե պատերազմը չսկսեր, արդեն ուսանող կլինեի․․․» Իսկ 20-ամյա Մհերը չի նախատեսում Հայաստանում շարունակել ուսումը, քանի որ այստեղ ապրելու մտադրություն չունի։  Մհերը  մայիսին է եկել Հայաստան։ Ծնողներն Ուկրաինայում են մնացել, իսկ նա քրոջ՝ Տաթևիկի հետ ապրում է հարազատների տանը։ Մհերը սովորել է Ուկրաինայի ազգային համալսարանի քոլեջում՝ ծրագրավորման և ինժեներիայի բաժնում, և եթե չսկսեր պատերազմը, տղան սեպտեմբերից արդեն ուսանող կլիներ։Մհերը Քոլեջի դիպլոմ չի ստացել, որովհետև պատերազմի պատճառով կիսատ է թողել դիպլոմային աշխաատանքը։ Ասում է՝ չի ուզում Հայաստանում համալսարան գնալ, նախընտրում է ծրագրավորման դասընթացների հաճախել ու այդպես կատարելագործել գիտելիքը․ «Իմ համար դժվար կլինի համալսարանում սովորելը, որովհետև հայերեն գրել կարդալը  շատ դանդաղ է ստացվում։ Ռուսերենս նույնպես կատարյալ չի, ռուսերեն սովորել եմ վեց ամիս,  միշտ ուկրաիներենով եմ սովորել»։  Այժմ Մհերն աշխատում է Սպորտլանդիա խանութ սրահում։ Բացի դրանից՝ իր մասնագիտացման հետ առնչվող աշխատանքներ է գտնում համացանցում և ազատ գրաֆիկով աշխատում։ Նա սպասում է իրավիճակի կայունացմանը՝ ծնողների մոտ վերադառնալու համար, թեև սիրում է Հայաստանն ու Հայաստանն է իր երկիրը համարում։   Պետությունն անելիք ունի Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների մասին՝ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ նրանք հիմնականում հաճախում  են  ռուսական դպրոցներ։  Բնակավայրերում, որտեղ ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներ չկան, Մխիթարյանի խոսքով,  պետք է երեխաների հետ անհատական պարապել, հայոց լեզվի ուսուցման համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպել․ «Հնարավոր չի 1-2 երեխայի համար ունենալ առանձին դպրոց, որովհետև դա ենթադրում է  լրացուցիչ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ։ Այստեղ միակ լուծումը կլինի այն, որ անհատական մոտեցում ցուցաբերվի այդ երեխաներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ ինտեգրվեն մեր դպրոցներում։ Ոչ ոք չգիտի՝ այդ երեխաները ինչքան ժամանակ կմնան Հայաստանում։ Գուցե երկար մնան, որոշեն բնակություն հաստատել Հայաստանում, այս պարագայում անհրաժեշտ է, որ  լիարժեքորեն ինտեգրվեն և այդ մարտահրավերները հնարավորինս արագ լուծվեն»։  Փորձագետն ասում է, որ դպրոց չգնալը երեխաների համար ինտեգրման խնդիրներ կարող է առաջացնել։ Այս տեսանկյունից  նախընտրելի է համարում հեռավար ուսուցումը այն դպրոցներում, որտեղ  երեխան սովորել է, եթե կա  նման հնարավորություն․ « Դրա արդյունավետությունը, իհարկե, ցածր է, բայց դա նախընտրելի է ավելի, քան ընդհանրապես ոչնչի չմասնակցելուց  և կրթական գործընթացից դուրս մնալուց»։ Մխիթարյանն ասում է, որ միգրանտների այս հոսքի պարագայում պետությունն անելիք ունի,բայց չի անում․ «Վերջերս  եվրոպական պետություններից մեկում էի, որտեղ փախստականների մեծ հոսք կա, հատկապես Ուկրաինայից։ Բոլոր այդ տեղերում տարբեր կառույցներում կար տեղեկատվության հստակ մեխանիզմ, կային  մասնագիտացված մարդիկ, թերթիկներ, որոշ դեպքերում՝ ինտերնետային կայքեր, որտեղ յուրաքանչյուր հարցի պատասխան կարելի է գտնել։  Իսկ չգտնելու պարագայում կա թեժ գիծ, որին կարելի է զանգել և բոլոր հարցերի պատասխանը ստանալ։ Հայաստանում այդ ամենը չկա, և դա է պատճառը, որ նաև կրթության հարցերում իրազեկվածության ցածր մակարդակ է»։ Փորձագետի խոսքով՝ բոլոր երկրներում, որտեղ կա միգրանտների հոսք, օրենսդրությունը ևս պիտի ճկուն լինի․  «Օրինակ, եթե Հայաստանից Ֆրանսիա ընտանիք գնա, նրանք երեխային հաջորդ օրը կարող են դպրոց ճանապարհել, որովհետև նրանց խորհրդատվություն է տրվում, հնարավորություններ են տրվում, դպրոցի տեղն են տանում ցույց տալիս  և երեխաները կարողանում են արագ ինտեգրվել։ Թեև Հայաստանը վերջերս ունեցավ միգրանտներ Սիրիայից, Իրաքից, 2014 թ․-ից հետո՝ Ուկրաինայի արևելքից, այդ փորձը մենք ձեռք չբերեցինք։ Խնդիրն այն էր, որ եկածների ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Այսօր իրավիճակը փոխվել է, ունենք  օտարազգի, հայերենին չտիրապետող հազարավոր մարդիկ, բայց մեր պետությունը ոչինչ չի անում ։  Փորձը, որ ունեն եվրոպական երկրները, ուղղակի կարելի էր վերցնել, տեղայնացնել»։ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված մեր հարցմանը՝ արդյո՞ք ուսումնասիրվել է Հայաստան եկող աշակերտների և ուսանողների խնդիրները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, հստակ պատասխան այդպես էլ չստացանք։ Գրավոր պատասխանում նախարարությունը ընդամենը ներկայացրել էր գործող օրենսդրական կարգավորումները։Նանե Ավետիսյան
20:22 - 29 սեպտեմբերի, 2022
Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ-ում իրենց կողմից ուսումնասիրված պատսպարանների քանակը հրապարակման ենթակա չէ

Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ-ում իրենց կողմից ուսումնասիրված պատսպարանների քանակը հրապարակման ենթակա չէ

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից հետո հաճախ են քննարկումներ ընթանում ապաստարանների, համապատասխան իրավիճակներում դրանց պատրաստվածության մասին։ Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել՝ ՀՀ-ում պատսպարանների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների եւ նկուղների ուսումնասիրության, թեմատիկ վարժանքների եւ այլնի մասին։ Infocom-ը այս հաղորդագրությունից հետո գրավոր հարցմամբ դիմել էր ԱԻՆ՝ խնդրելով պարզաբանել, թե հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բազմաբնակարան քանի՞ շենքի, մասնավոր քանի տան և դրանց նկուղների ուսումնասիրություն է իրականացվել, դրանցից քանի՞սն են Երեւանում, քանի՞սը՝ մարզերում։ Հետաքրքրվել էինք նաև, թե ուսումնասիրության արդյունքում թերությունները վերացնելու համար քանի հանձնարարական է տրվել ՏԻՄ-երին, ինչ տեսակի թերություններ են արձանագրվել։ Խնդրել էինք տրամադրել նաև յուրաքանչյուր մարզից արդեն իսկ ուսումնասիրված և անհրաժեշտ չափանիշներին համապատասխան գնահատված 3 ապաստարանի, իսկ Երևան քաղաքից՝ 5 ապաստարանի տվյալներ։ ԱԻՆ-ից նշել են, որ այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի ե ենթակետի (ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին տեղեկությունները):  Ըստ գերատեսչության պատասխանի՝ ԱԻՆ Փրկարար ծառայության (ՓԾ) մասնագետները մշտապես իրականացնում են բնակչության պատսպարման համար նախատեսված կառույցների (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների և սեփական տների նկուղային հարկերի) ուսումնասիրություններ՝ արդյունքները ներկայացնելով պատկան մարմիններին` հնարավորինս կարճ ժամանակահատվածում արձանագրված թերությունները վերացնելու համար: Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե ԱԻՆ-ի կողմից քանի թեմատիկ վարժանք է անցկացվել հունվար-սեպտեմբեր ամիսներին, որտեղ և որքան մարդ է մասնակցել այդ վարժանքներին, նույն ժամանակահատվածում բնակչության իրազեկման քանի միջոցառում է կազմակերպվել։ Պատասխանել են, որ 2022 թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից ուսումնական հատատություններում, կազմակերպություններում, բնակավայերում կազմակերպվել և անցկացվել են տարբեր թեմաներով (այդ թվում՝ օդային տագնապ, ազդարարում, պատսպարում, տարհանում) 277 ուսումնավարժություն։ Բնակչության իրազեկման նպատակով ԱԻՆ-ի կողմից զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվել են Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնների մասին, ինչպես նաև ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների միջոցով պատկան մարմիններին են տրամադրվել բնակչության վարվելակերպի վերաբերյալ պաստառներ և այլ դիդակտիկ նյութեր։ Միլենա Խաչիկյան
14:18 - 29 սեպտեմբերի, 2022
Գիտարբուք Արամ Ջիվանյանի հետ․ խմբերի տեսություն, բիթքոյն և բլոկչեյն

Գիտարբուք Արամ Ջիվանյանի հետ․ խմբերի տեսություն, բիթքոյն և բլոկչեյն

Գիտարբուք կրիպտոգրաֆեր, մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ։ 00:03 - Ով է Արամ Ջիվանյանը եւ ինչով է զբաղվում 01:46 - ֆրանսիացի մաթեմատիկոս Էվարիստ Գալուայի եւ խմբերի տեսության մասին 22:40 - Ինչ է բիթքոյնը եւ ինչու ստեղծվեց այն 34:33 - Ֆինանսական գաղտնիությունն ու «zero knowledge cryptography» կոնցեպտը 58:20 - Կրիպտոարժույթն՝ առանց մայնինգի 1:01:05 - Հնարավո՞ր է բլոկչեյնն օգտագործել ընտրական գործընթացներում 1:03:50 - Ինչպես է որոշվում կրիպտոարժույթի արժեքը եւ որքանով են մյուս կրիպտոարժույթները կապված բիթքոյնի հետ 1:07:15 - Բլոկչեյն համակարգի զարգացման պատճառով բանկերը կդառնան ավելորդ օղա՞կ, թե՞ կադապտացվեն նոր իրողությանը 1:09:36 - Որքանով է կրիպտոարժույթն անկախ մյուս արժույթներից 1:15:20 - Ինչ կլլինի, եթե երկրները որոշեն ստեղծել իրենց կրիպտոարժույթը Հաջորդ Գիտարբուքները բաց չթողնելու համար բաժանորդագրվի՜ր «Ինֆոքոմի»՝ eventbrite.com-ի հաշվին և էլ․ հասցեին ստացիր սպասվող գիտարբուքների մասին ծանուցումներ՝ https://www.eventbrite.com/o/infocoma... Բացի այդ՝ «Ինֆոքոմը» սկսել է «Ի գիտություն» գիտական և տեխնոլոգիական ամփոփագիրը (newsletter), որն ամեն շաբաթ կարող եք ստանալ ձեր էլեկտրոնային հասցեին ու ծանոթանալ Հայաստանի և աշխարհի գիտատեխնոլոգիական նորություններին։ Դրա համար անհրաժեշտ է անցնել հետևալ հղումով և բաժանորդագրվել` պարզապես նշելով ձեր էլ. հասցեն՝ https://bit.ly/infocom_newsletter: «Ի գիտության» բաժանորդները նաև մի փոքր ավելի շուտ կիմանան սպասվող գիտարբուքների մասին, կկարողանան նախապես գրանցվել և չունենալ ոչ մի «չհասցրի, արդեն sold out էր»:
12:16 - 29 սեպտեմբերի, 2022
Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան

Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան

Տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (ադրբեջանական կողմը- խմբ․) որոշակի հաջողություններ ունեն, նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պիտի վերլուծենք այս իրադրությունը։ Պետք է խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք՝ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում։ Եվ փա՛ռք բոլոր հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ «Պիտի նաև իմանաք՝ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Իհարկե, նաև որպես միջազգային հարության անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք նաև՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը, և կարծում ենք՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջագզային դիտորդական առաքելության տեղակայումը․ կլինի դա ՄԱԿ ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպություն»,- ասաց ՀՀ վարչապետը։ Փաշինյան նշեց, որ Կառավարության նիստում էլ ուզում է ընդգծել, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է։ «Հասկանալի է, որ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից, շարունակած ամբողջ հանրությամբ, լարված սպասում են լուրերի, ու ամեն լուր, ամեն այդպիսի ահազանգ, բոլորին շեղում է իրենց կյանքից, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է։ Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ, այո, այդ դառնությամբ, կսկիծով, մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է մեր պաշտպանունակության համար․ տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր են և անկյունաքարային նշանակություն ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ որքան էլ դառն է, այդ կոչով պետք է դիմի, որ չմոռանան այդ հանգամանքի մասին․ «Ամեն դեպքում, իհարկե, մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, ԱԽ-ն անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, մեր դիվանագիտական ծառայությունը, ու մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու ու նաև մեր առաջարկած օրակարգն իրագործելու ուղղությամբ, և հստակ արձանագրենք, որ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևոականորեն ու սկբունքայնորեն պաշտպանենք»։ ՀՀ վարչապետը ասաց, որ իր համար ակնհայտ է, որ մենք երեք հիմնական ռազմավարական ուղղություններով պիտի շարժվենք․ «Առաջինը՝ պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ հետևողական պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և այս ոլորտում մեզ պետք են խոշոր պետական ներդրումներ։ Եվ հաջորդը՝ ՀՀ ԶՈՒ, բանակի հետևողական բարեփոխումները։ Սրանք պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով պիտի առաջնորդենք մեր երկիրը այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորկի մեջ»։ Փաշինյանը նշեց, որ աշխարհակարգը կամ, նրա խոսքով, ժողովրդական լեզվով ասած, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է․ «Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ։ Էսօր ես կասեմ, որ գոնե Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու։ Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ։ Սրա համար մեզ պետք են հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն։ Մենք պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք, ես նկատի ունեմ որպես պետություն և որպես ժողովուրդ, և մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը ու համոզվենք դրանց կենսունակության մեջ։ Եթե չհամոզվենք, ուրեմն՝ պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ՝ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը ու հարատևությունը ապահովելու համար»։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց, որ արդեն հայտնի են տարվա առաջին ութ ամիսների տնտեսական տվյալները․ «Հայաստանը ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13,9 %, իսկ օգոստոս ամսին եղել է 18,4 %»։ Փաշինյանն արձանագրեց, որ կարևոր առաջնահերթություն է, որ տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվի․ «Մինչև հիմա դա հաջողվում է, համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի, եթե մենք առաջնորդվենք այն բանաձևերով, որոնց մասին ես ասացի»։
11:49 - 29 սեպտեմբերի, 2022
Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Ռոբերտ Քչարյանը ներկայացրեց, թե ըստ իրեն՝ ինչ քայլեր պետք է արվի հիմա․ «Կան շատ պարզ քայլեր, որոնք օրհասական վիճակում պետությունները անում են․ Առաջինը դա հանրային կոնսուլիդացիան է․ սա ուղղակի անհրաժեշտ պայման է․ առանց սրա ոչինչ չի ստացվելու․ դա աբստրակտ չի լինում, դա լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա ի՞նչ մտքեր են հնչում․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումներ կայացնելու համար․ գիտե՞ք՝ կոնսուլիդացիան իրականցնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, ոչ թե կապիտուլացիայի համար կոնսուլդիցիայի կարիք չկա, հակառակը՝ կապիտուլացիայի համար պետք է դեկոնսուլիդացիա։ Այս պարզ ճշմարտությունները իրար խառնել․ ուղղակի չեմ հասկանում՝ դա գիտակցաբար է արվում, թե ուղղակի նպատակասլված։ Կապիտուլացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում․ սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսիդուլացվել, հանրային կոնսիդուլացիա կապիտուլացիայի համար»։  «Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Մոտավորապես ես ասացի նաև՝ ինչու է սա ինձ համար անհասկանալի, բայց փորձեմ պարզաբանել ավելի խորը։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այն։ Հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտությունը է ոչ միայն բժշկության մեջ․ կա ուռուցք, հեռացրեք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ոթե ուզում եք հանրային կոնսոլիդացիա, այն պետք է ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Այս կոնտեքստում, Քոչարյանի խոսքով, իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է։ «Իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի։ Օրինակ՝ եթե խորհրդարանը ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնւմ է այդ քաղաքական թիմի մոտ։ Եվ սա այն հարցն է, որ քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է․ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- ընդգծեց նա։ Քոչարյանի խոսքով՝ երկրորդը պետք է լրջորեն զբաղվել բանակով։ «Վերջին իրադարձությունների հետ կապված կասեմ հետևյալը․ ինձ համար հասկանալի չէ, այն կորչուստների հարաբերակցցությունը, որը մենք ունեցանք։ Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ասում ենք՝ փող ունենք․ ինչու մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Ինձ համար ավելի քան երկու անգամ, երեք անգամ մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան․ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։ Երկու տարի անց ինչու չունենք հարվածային անօդաչու սարքեր․ և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք գնել, մենք զենք գնում էինք և՛ ՌԴ-ից, և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից և այլ տեղերից․ սա խնդիր չի»,- նշեց երկրորդ նախագահը։  Երրորդ քայլը, որը պետք է արվի, ըստ Քոչարյանի՝ անվտանգային ճարտարապետության վերագնահատումն է։ «Պետք է սթափ գնահատենք՝ ինչ գործոնները կամ ինչ պետույթունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Եվ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակները ՌԴ-ի կողմից և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Այսօր ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից բավականին լավ միջավայր է ստեղծվել հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար Հայաստանում»,- նշեց Քոչարյանը։  Ռոբերտ Քոչարյանը հարց հնչեցրեց, թե բացի Հայաստանից էլ որ երկրի համար է կարևոր Սյունիքը։ Քոչարյանի խոսքով՝ Իրանի համար է կարևոր Սյունիքը։ Նրա կարծքով՝ երկու տարվա մեջ պետք է առնվազն երկու զորավարժություն իրականացնեինք Իրանի հետ հենց Սյունիքում, պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և այդ ամենը զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար։ Քոչարյանը նշեց, որ  նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021թվականի մայիս ամսին, սակայն հայկական կողմը սառեցրել է, առաջարկն էլ, ինչպես Քոչարյանը նշեց, մերը չի եղել։  «Ես կարծում եմ՝ մենք պետք է վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, գուցե պետք է համոզել ՌԴ-ին, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն․ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով անվտանգային համակարգը․ ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել դա ՌԴ-ին, միգուցե նաև եռակողմի մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում է, և ՌԴ-ն ջերմացնում է հարաբերությունները Իրանի հետ; Համոզված եմ, որ հնարավոր է պայմանավորվել, բացատրել նաև ԱՄՆ-ի հետ, դուր կգա՞ նրանց, առաջարկու՞մ են այլընտրանք, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը։ 
12:11 - 28 սեպտեմբերի, 2022
Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներից։ «Խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության  ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ կամ ոչ լռության։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն ուղղակի ՀՀ պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայակոչում է այն մասին, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Քոչարյանը նշեց, որ ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա։ «Տպավորությունն այնպիսին է նաև, որ Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է․ ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք, ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության»,- ասաց նա՝ նշելով, որ վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անում է ջանասիրությամբ։ Քոչարյանի խոսքով՝ կախվածությունը Բաքվից բավականին մեծացել է։ Նա անդրադարձավ նրան նաև, որ ճանապարհը փոխելուց հետո ենթակառուցվածքները չեն տեղափոխվել՝ ընդգծելով․ «Այնպիսի մի կախվածություն է սա ստեղծում, որ Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար,ու Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- նշեց նա։ Նա նշեց, որ ամենից մեծ վտանգն այն է, որ սկսվի Արցախի պետական ինստիտուտներին ապամոնտաժում․ «Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան»։
11:51 - 28 սեպտեմբերի, 2022
Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելուն

Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելուն

Քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո Զապորոժիեի շրջանի բնակիչների 93,11%-ը, Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 98,42%%-ը, Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 99,23%ը ու Խերսոնի մարզի 87,05%-ը կողմ է քվեարկել ՌԴ կազմ մտնելուն։ Այս մասին գրում է ТАСС-ը։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո Ինքնահռչակ ԼԺՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցությունը, հաշվի առնելով ՌԴ ընտրատեղամասերը, կազմել է 94,15%, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 662 607 ընտրող։ Զապորոժիեի շրջանում մասնակցությունը կազմել է 85%, քվեարկությանը մասնակցել է 541 093 մարդ։ Ինքնահռչակ ԴԺՀ-ում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 97,51% կամ 2,131,207 մարդ, Խերսոնի շրջանում՝ 78,86%, քվեարկել է 571,001 մարդ։
10:59 - 28 սեպտեմբերի, 2022
Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները,  մեկ ամսից ավելի է՝ չեն պատասխանում Infocom-ի գրավոր հարցմանը՝ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ իրենք նախկինում բազմիցս խոսել են։ Այսպես․ հուլիսի 22-ին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել ամփոփ տեղեկություններ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ այդ օրը 44-օրյա պատերազմի առթիվ, դրա ընթացքում եւ դրա որեւէ դրվագին այս կամ այն կերպ առնչվող քանի քրեական գործ է հարուցվել, յուրաքանչյուրը՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով, դրանցով ընդհանուր առմամբ քանի անձ է ճանաչվել տուժող եւ տուժողի իրավահաջորդ, քանի անձի նկատմամբ է իրականացվել եւ իրականացվում քրեական հետապնդում, եւ ինչ խափանման միջոցներ են ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք մանրամասնել նախաքննության փուլում գտնվող, կասեցված, կարճված, դատական քննության փուլում գտնվող եւ դատական քննությունն ավարտված գործերից յուրաքանչյուրի քանակը, կայացված դատավճիռների բնույթը, իսկ կասեցված կամ կարճված գործերի առկայության դեպքում՝ այդ որոշումների հիմքը։ Հարցեր էինք հղել նաեւ քրեական հետապնդման ենթարկվող անձանց ազգության, զբաղեցրած պաշտոնների, հետախուզման մեջ լինել-չլինելու, նշանակված փորձաքննությունների եւ այլնի մասին։ Հուլիսի 29-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի կողմից հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին` հայցվող տեղեկությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության սահմաններում տրամադրելու համար։ Մինչդեռ ՔԿ հիշյալ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը պատասխան նամակով տեղեկացրել էր, թե ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարցմամբ հայցվող տեղեկությունների վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։ Օգոստոսի 15-ին եւ 17-ին մենք լրացուցիչ հարցմամբ դիմել էինք համապատասխանաբար Քննչական կոմիտեին եւ  Գլխավոր դատախազությանը։ Մասնավորապես, ՔԿ-ից խնդրել էինք հայտնել՝ եթե հիշյալ վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի հիման վրա է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը 2020 թ. դեկտեմբեր ամսին հրապարակել 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիների կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ Դրանից բացի, եթե հիշյալ  վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի՞ հիման վրա է նույն վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը 2021 թ. մարտ, այնուհետեւ սեպտեմբեր ամիսներին, Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում խոսել նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ՝ հրապարակելով, օրինակ, պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ ահաբեկիչների մասին, հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների թվաքանակը, նրանց ազգությունը, նրանց առաջադրված մեղադրանքները, տվյալ պահի դրությամբ կրած գույքային վնասի չափը եւ մի շարք այլ տեղեկություններ։ Ահաբեկիչների թեմային Վարդանյանն առանձին հարցազրույցով անդրադարձել է նաեւ «Կենտրոն» ՀԸ «Հանցանքի հետքերով» հաղորդաշարում։ Միեւնույն ժամանակ տեղեկացրել էինք, որ սույն թվականի հունիս ամսին էլ Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի՝ այդ ժամանակ ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանն է Հ1-ի եթերում խոսել նույնաբովանդակ թեմաներից՝ հրապարակելով հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների առավել թարմ տվյալները, նրանց պաշտոնները, կոչումները եւ մի շարք այլ տեղեկություններ։ Հաշվի առնելով Քրեական դատավարության նախկին օրենսգրքի (1998 թ.) 201-րդ հոդվածի պահանջը՝ խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք դատախազի կողմից նախնական քննության տվյալների հրապարակումը այդ ժամանակ եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Իսկ այն դեպքում, եթե վիճակագրությունը նախկինում վարել, ապա դադարեցրել են, խնդրել էինք հայտնել նախկինում հավաքված վիճակագրության մեջ առկա՝ հարցմամբ հայցվող տեղեկությունները, ինչպես նաեւ պարզաբանել վիճակագրության վարումը դադարեցնելու պատճառները։ Նույնաբովանդակ հարցում ուղարկել էինք նաեւ Գլխավոր դատախազությանը՝ հայտնելով ՔԿ-ից ստացված այն պատասխանը, թե իրենք նման վիճակագրություն չեն վարում, եւ խնդրելով պարզաբանել, թե այդ պարագայում ինչի հիման վրա է Արշակ Մարտիրոսյանը խոսել նույնաբովանդակ թեմաներից, արդյոք դա եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եւ արդյոք վիճակագրությունը նախկինում վարվել, ապա դադարեցվել է։ Միաժամանակ խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է տվյալ դեպքում որոշվել հարցումը վերահասցեագրել, այլ ոչ թե տրամադրել Դատախազության՝ որպես հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնական պատասխանը։ Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո ո՛չ ՔԿ-ից, ո՛չ Դատախազությունից պատասխան չէինք ստացել։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ Ռաֆայել Վարդանյանը մինչ սեպտեմբերի 1-ը գտնվելու է արձակուրդում, որից հետո՝ մեկամսյա ժամկետի ավարտից շուտ, պատասխանը կուղարկվի։ Այսօր արդեն սեպտեմբերի 27-ն է, սակայն ՔԿ-ից որեւէ պաշտոնական պատասխան չենք ստացել։ Պատասխանի բացակայությունը փորձել ենք ճշտել նաեւ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից, սակայն Դատախազությունից եւս մինչ օրս պատասխան չկա։ Անհասկանալի եւ դատապարտելի է պետական կառույցների անպատասխանատու եւ տարբերակված այս մոտեցումը՝ լրատվամիջոցի տեղեկություն ստանալու հարցմանը, հատկապես՝ պատերազմին առնչվող, հանրային բարձր հնչեղություն ունեցող նման գործերով եւ հատկապես հաշվի առնելով, որ դրանց մասին նույն այդ կառույցները կա՛մ պարբերաբար տրամադրում են պաշտոնական հաղորդագրություններ, կա՛մ իրավասու պաշտոնատար անձինք հարցազրույցներում են խոսում այդ մասին։   Միլենա Խաչիկյան
21:52 - 27 սեպտեմբերի, 2022
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված սահմանին ստեղծված իրավիճակով

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված սահմանին ստեղծված իրավիճակով

Հայաստանն այս տարի չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ Այս մասին, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ժամբիլի և Ալմաթիի մարզերում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժությունները։ Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է այդ զորավարժություններին, և Հայաստանից զորակազմ մեկնելո՞ւ է։ Ի պատասխան մեր հարցման՝ ՊՆ-ից հայտնել են․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հայաստանն ունի զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Այս պահին հրադադար է, սակայն ՀՀ պաշտոնյաները խոսում են Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հնարավորության մասին։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ 2021 թ․ զորավարժություններից Աննա Սահակյան
17:49 - 26 սեպտեմբերի, 2022