ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|
11:42 - 15 մայիսի, 2023

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

news.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։ Նրա խոսքով նման քննարկումների մասին վերջին շրջանում, նաև նախկինում ինքը տեղեկություն չունի։

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուսբերմանը, Հովհաննիսյանն ասաց, որ այդ գաղափարը քննարկվել է մի շարք գործընկերների կողմից, ոչ միայն ԵՄ-ի կողմից, ԱՄՆ-ի կողմից․ «Արդեն իսկ ճանաչումը այդ սահմանների, որի միասին խոսեցինք, իհարկե ենթադրում է նման դուրսբերում»։

Նշենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ ասատրյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ ներկա դրությամբ ադրբեջանական կողմը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:

Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել