Փաստաբան Լեւոն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
11:15 - 16 մայիսի, 2023

Փաստաբան Լեւոն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կաշառք տալու մեջ մեղադրվող փաստաբան Լեւոն Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, նախաձեռնված քրեական վարույթը՝ կարճվել։ 

Infocom-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ քննիչը, նախաքննության ավարտ հայտարարելով, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Դատախազություն՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, սակայն վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի (2022 թ․) 81-րդ հոդվածի հիման վրա։

Հիշյալ հոդվածը սահմանում է, որ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Նշված արարքը, ըստ ՔՕ-ի, պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: 5 տարի ժամկետով ազատազրկումը չգերազանցող հանցանքը, ըստ նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի, համարվում է միջին ծանրության։ Այսինքն՝ Գեւորգյանին մեղսագրված արարքը միջին ծանրության հանցանք էր, ինչով պայմանավորված էլ հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։

Ըստ այդմ, նախաձեռնված քրեական վարույթն էլ կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (2022 թ․) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով։ Վերջինս սահմանում է, որ վարույթը ենթակա է կարճման, եթե մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, եւ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։

Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը (որը, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Լեւոն Գեւորգյանն է եղել), ըստ ոստիկանության, դրա դիմաց 40 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Դրանից հետո կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվել էր, մեկ օր անց՝ ազատ արձակվել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել