Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը
 |armenpress.am|
10:22 - 26 հունիսի, 2023

Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Վարչապետը և նախագահը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Նրանք քննարկել են Ռուսաստանի ներքին անվտանգության ներկա իրավիճակը՝ նշելով, որ ուշադիր հետևում են զարգացումներին և սերտ փոխգործակցության մեջ կլինեն դաշնակիցների և գործընկերների հետ», - նշված է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը:

Իսկ Twitter-ի իր էջում Թրյուդոն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել