Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Նախիջեւանի զորավարժություններում F16-երի վերաբազավորում եղավ դեպի Գյանջա, եւ ԳՇ-ի, եւ ինձ համար [պարզ էր], նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իմ փորձը ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չէ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ չորս, հինգ, վեց, ութ ժամ գտնվում էր օդում եւ մոտենում մինչեւ 25 կմ, այնքան մոտ, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը․ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, եւ ոչ միայն օդաչուները, այլ ինքնաթիռները ռոտացիայի ենթարկվեցին, այսինքն՝ նշանակում է՝ դա համարյա մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ այդ ժամանակաշրջանում երեք հանդիպում է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ․
«Այո, կար որոշակի դիմում մեզ չսադրելու եւ սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից։ Ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»։
Տոնոյանն հիշեցրեց, որ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի փոխտեղակալի հետ է հանդիպել 2019թ․ սեպտեմբերի 11-ին եւ առաջարկեց ծանոթանալ այդ հանդիպման հաշվետվությունը՝ վստահեցնելով, որ դրանից շատ բան պարզ կդառնա։ Նա նշեց, որ նախաձեռնել է Թուրքիայի ներգրավվածությունը, F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու հարցով երկու խումբ հանդիպումներ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ անդամ երկրների հետ․
«Օրական ունեցել եմ երեք-չորս հանդիպում, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին դիագրամներով տրվել են F16-երի օդային դիագրամները ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ։ Խնդրանքս եղել է՝ չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան պատերազմի թատերաբեմում։ Հանդիպում եմ ունեցել 12 անդամ երկրների հետ, որոշների հետ երկու անգամ, [այնպիսի երկներ,] ինչպիսին են ԵԱՀԿ, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրները»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ «խոսք էր տրվում փոխանցել»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով, որ երկրների ներկայացուցիչները խոստանում էին խնդրանքի մասին փոխանցել բարձրագույն ղեկավարությանը։
comment.count (0)