Համացանցում հրապարակված բաց եւ ոչ պաշտոնական աղբյուրների հիման վրա (դիտորդների, զլմ ներկայացուցիչների, կուսակցությունների ներկայացուցիչների հրապարակումների եւ այլն) Infocom–ը հավաքագրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ 100 ընտրատեղամասերի տվյալների։
Արդյունքում, 33․88%-ով առաջատարը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Երկրորդ տեղում Ազգային առաջընթացն է՝ 18․21 %-ով։ Երրորդ տեղում Մայր Հայաստան դաշինքն է՝ 15․68 %-ով, որին հաջորդում է Հանրապետություն կուսակցությունը՝ 10․7 %-ով։ Հնգյակը եզրափակում է Հանրային ձայն կուսակցությունը՝ 9․38 %-ով։
Նշենք, որ ընտրատեղամասերի ընդհանուր թիվը Երեւանում 475 է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դեռ շարունակվում է քվեարկության արդյունքների պաշտոնական հաշվարկը։
Հիշեցնենք, որ երեկ՝ 2023թ․ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի ունեցան ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։
Ընտրություններին առաջադրվել էր 14 քաղաքական ուժ` «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Արդար Հայաստան», «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Հանուն սոցիալական արդարության», «Ազգային առաջընթաց», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Միացյալ Հայաստան», «Հաղթանակ», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
Երևան համայնքի ընտրողների թիվը 824 250 է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 28․46%-ը։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Վերջիններս արդեն իսկ հրապարակել են ընտրությունների ընթացքում իրենց կողմից արձանագրված խախտումներն ու միջադեպերը։
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և օտարերկրյա 3 ԶԼՄ։
comment.count (0)