Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այստեղ մենք որևէ կոնկրետություն չենք տեսնում։ Եվ հետո ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս հարցով քննարկումներ կան ՌԴ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ համանախագ երկրի։
Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները Երեւանի հետ, Բաքվի հետ, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը այսօր հայտարարել է․ «Մենք միանշանակ հավատացած ենք, որ միջազգային առաքելություն պետք է լինի, որը ԼՂ բնակիչների ու միջազգային հանրության համար կապահովի թափանցիկություն, վստահություն և երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվի Ադրբեջանի հայտարարություններին հապատասխան»։
comment.count (0)