Պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ սպասումներ և իրականություն
18:19 - 11 նոյեմբերի, 2023

Պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ սպասումներ և իրականություն

2020 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի նախագծման և ստեղծման գործընթաց, որի արդյունքում ենթադրվում էր նաև համակարգի հանրային հատվածի, մասնավորապես՝ հայտարարագրերի հրապարակային ռեեստրի բարելավում, հայտարարագրերի ուսումնասիրության գործիքների ընդլայնում։

2023 թվականին գործարկված նոր ռեեստրում, սակայն, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստանալը, ստուգելն ու վերլուծելը։

Հանձնաժողովն է հրապարակում հայտարարագրերը և վարում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրը, սահմանում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի ներկայացման կարգը, դրանց վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները, ինչպես նաև քննում և լուծում հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործերը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց 2019-ի նոյեմբերին՝ հայտարարագրման գործընթացի կանոնակարգման մասով, ըստ էության, փոխարինելով նախկինում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Նոր կառույցի ձևավորումից հետո, սակայն, հայտարարագրերի ստացումը, ստուգումը, վերլուծությունը և հրապարակումը շարունակվեց իրականացվել հին համակարգով։

Հանձնաժողովի ձևավորումից միայն 2 տարի անց՝ 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկեցին հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի ստեղծման աշխատանքները, որը, ինչպես նշված է Հանձնաժողովի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում, Հանձնաժողովը նախագծել էր 2020-ին։ 

2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում նշվում է. «2020 թվականի ընթացքում, ելնելով հայտարարագրերի վերլուծության արդյունավետությունն ու օգտակարությունը մեծացնելու անհրաժեշտությունից, Հանձնաժողովը մշակել է ամբողջությամբ ավտոմատացված, արհեստական բանականության հիմքով ռիսկային ցուցիչների վերլուծություններ իրականցնող էլեկտրոնային համակարգի նախագիծ, որն օբյեկտիվորեն հավակնում է կոռուպցիայի դեմ պայքարում թվային տեխնոլոգիաների ներդրման լավագույն փորձերից մեկը հանդիսանալ։ Այն ներառում է ոչ միայն հայտարարգրերի վելուծության, այլ նաև բարեվարքության գնահատման բաղադրիչները, հայտարարատուների կողմից համակարգի օգտագործման և հանրային մատչելիության ապահովման արդյունավետ գործիքներ»։ 

Հանձնաժողովի ձևավորումից ավելի քան երեք տարի անց, 2023-ի փետրվարի 1-ից  Հանձնաժողովը գործարկեց հայտարարագրերի ներկայացման նոր էլեկտրոնային համակարգը, որից 4 ամիս անց՝ հունիսի 9-ին գործարկվեց նաև հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրի նախնական տարբերակը։

 

Խնդիրներ հին և նոր ռեեստրներում

Նոր ռեեստրում հայտարարատուների ընտանիքի անդամների հայտարարագրերը գտնելն ավելի է բարդացել 

Հին հայտարարագրերի հրապարակային ռեեստրում հայտարարատուի վերաբերյալ բոլոր տվյալները ներկայացված էին նրա անվանական էջում։ Այդ էջը ներառում էր հայտարարատուի լուսանկարը, ընթացիկ պաշտոնի և ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ։ Պաշտոնյայի էջում, բացի իր հայտարարագրերից, տեղադրված էին նաև նրա ընտանիքի անդամների՝ բոլոր տարիներին ներկայացրած հայտարարագրերը։

Այսպիսով, հեշտությամբ հնարավոր էր մի կետից ուղիղ հասանելիություն ստանալ թե պաշտոնյայի, թե նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերին, միաժամանակ վերլուծել դրանք և ստուգել՝ արդյո՞ք նրանք ներկայացրել են օրենքով պահանջվող բոլոր հայտարարագրերը։ ։

Վերոնշյալը կարևոր հնարավորություն էր լրագրողների, քաղհասարակության և հանրության անդամների համար, քանի որ հայտարարատու պաշտոնատար անձի բարեվարքության, նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանման, շահերի բախման իրավիճակի առկայության, գույքային վիճակի բարելավման կամ ծախսի՝ օրինական եկամուտներով հիմնավորվածության, հայտարարագրերում ներկայացված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը ենթադրում է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն։


Ձախից՝ հին ռեեստրում հայտարարատուի անվանական էջը, աջից՝ նոր ռեեստրում հայտարարատուի տվյալներով որոնման արդյունքները

Հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրը որոշակիորեն բարդացնում է այս վերլուծության իրականացումը․ հայտարարատու պաշտոնական անձանց համար առկա չեն առանձնացված անվանական էջեր։ Նոր ռեեստրում նախ պետք է փնտրել պաշտոնատար անձի հայտարարագիրը, այնուհետև դրանում գտնել ընտանիքի անդամների տվյալները, որից հետո կրկին հատ առ հատ փնտրել ու գտնել ընտանիքի անդամների հայտարարագրերը։

«Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը կարծում է, որ ռեեստրի բարեփոխումն ավելի շատ ձևական բնույթ է կրում. ֆունկցիոնալ բարելավում տեղի չի ունեցել։ «Ռեեստրի ամենամեծ խնդիրն այն է, որ եթե նախկինում պաշտոնյայի հայտարարագրի ներքևում երևում էին նաև նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը, հեշտ էր դա գտնելը։ Հիմա մեկ առ մեկ պետք է որոնման դաշտում գրես իր անունը, որ բերի»,- «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց Բալասանյանը։

Հին ռեեստրից պետական մարմինների և այդ մարմինների հայտարարատու անձանց  ցանկը անհետացել էր, նորում՝ խնդիրը լուծվել

Հին ռեեստրում ժամանակին առկա էր պետական մարմինների և այդ մարմիններում աշխատող հայտարարատու անձանց ցանկը, որը վերջին տարվա ընթացքում անհետացել էր։ Սա էապես բարդացնում էր լրագրողների աշխատանքը։


Պետական մարմինների ցանկը հին ռեեստրում

Առանց այս ցանկի դժվար է կողմնորոշվել, թե քանի հայտարարատու անձ կա պայմանական պետական մարմնում և ովքեր են նրանք։ Այսինքն, առանց պետական կառույցի հայտարարատու անձանց ցանկն ունենալու՝ հայտարարագրերի ուսումնասիրությամբ զբաղվողը չի կարողանա գտնել տվյալ կառույցի բոլոր հայտարարատու պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ 

Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ Հանձնաժողովի հետ բաց և փակ հանդիպումների ժամանակ, բանավոր հարցումների միջոցով։ Պարբերաբար հավաստիացնում էին, որ խնդիրը կկարգավորվի։ Հետագայում Հանձնաժողովը, ի պատասխան այս հարցերի, հորդորեց սպասել նոր ռեեստրի գործարկմանը, որտեղ նման ֆունկցիոնալ առկա կլինի։

Նոր ռեեստրի գործարկմամբ այս խնդիրը լուծվեց, բայց ոչ ամբողջովին․ նոր ռեեստրում արտացոլված են միայն 2021 և 2022 թվականների հայտարարագրերը, իսկ 2011-2020 թվականների հայտարարագրերը շարունակում են մնալ միայն հայտարարագրերի հին ռեեստրում, հետևապես նշված տարիների հայտարարագրերի ուսումնասիրության համար այս խնդիրը դեռևս արդիական է։

Հայտարարագրերի լրացման անճշտություններ

Եվ հին, և նոր ռեեստրներում հրապարակված հայտարարագրերում հաճախ հանդիպում են անճշտություններ, վրիպակներ կամ բացակայող տվյալներ։ Սա ևս բարդացնում է հրապարակային ռեեստրներից օգտվողների աշխատանքը, քանի որ ամեն մի վրիպակ և անճշտություն անհրաժեշտ է լինում ստուգել լրացուցիչ հարցումների միջոցով։

Թվարկենք մի քանի օրինակ.

  • Հին ռեստրում հրապարակված հայտարարագրերում երբեմն կարող էին բացակայել պարտադիր լրացման ենթակա որոշ տվյալներ։ Ստորև ներկայացված հայտարարագրում, օրինակ, բացակայում է տարվա վերջում առկա փոխառության արժույթը, ինչը խառնաշփոթի և անճշտությունների հիմք է տալիս։ Մասնավորապես, տարվա ընթացքում պաշտոնյան հայտարարագրել է 1․7 մլն ՀՀ դրամի վերադարձված փոխառություն, իսկ տարվա վերջում առկա փոխառության դաշտում լրացված է միայն գումարի դաշտը՝ 3612, բայց անհայտ է՝ ՀՀ դրա՞մ, ԱՄՆ դոլա՞ր, Եվրո՞, թե մեկ այլ արժույթ։


Արժույթի դաշտում նշման բացակայությամբ հայտարարագրի օրինակ (հին ռեեստր)

Նոր համակարգում արժույթները միացված են թվային արժեքներին և արժույթը նշելը դարձել է պարտադիր, սակայն այստեղ էլ են հանդիպում անճշտություններ։ Ստորև ներկայացված օրինակում որպես կանխիկ հայտարարագրվել է XXX անհայտ արժույթով գումար։


Անհայտ արժույթով կանխիկի նշմամբ հայտարարագրի օրինակ (նոր ռեեստր)

Այս խնդիրը կարող էր չծագել, եթե որոշակի սահմանափակումներ դրվեին նշված դաշտերում։ Այդպիսով, հայտարարատու անձը, հերթական հայտարարագիրը լրացնելիս, չէր կարողանա համակարգ մուտքագրել այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում պահանջվող ձևաչափին։

  • Հայտարարագրման համակարգում առկա են սահմանված դաշտերին չհամապատասխանող տվյալների լրացման հնարավորություններ։ Հին համակարգում, օրինակ, հայտարարատուներից մեկին հաջողվել էր պաշտոնի դաշտում գրել «չեմ աշխատում»։


    Պաշտոնի դաշտում պաշտոն չարտահայտող այլ տեքստի լրացմամբ հայտարարագրի օրինակ (հին ռեեստր)

    Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս է համակարգը թույլ տվել պաշտոնի փոխարեն լրացնել որևէ պաշտոն չարտահայտող այլ տեքստ կամ, եթե տվյալ պաշտոնյան 2021 թվականին չի աշխատել, ապա ինչպե՞ս է ներկայացրել տարեկան հայտարարագիր։

Եվ հին, և նոր ռեեստրում որոշ հայտարարագրերի «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները» բաժնում, ընտանիքի անդամի գործատուի փոխարեն նշված է պաշտոնյայի գործատուի անունը։ Այս սխալները, հավանաբար, պաշտոնատար անձանց անուշադրության կամ հայտարարագրի լրացման ուղեցույցին չհետևելու արդյունք են։ Բայց նմանատիպ խնդիրներից կարելի է խուսափել, եթե համակարգը հայտարարատու պաշտոնատար անձի և ընտանիքի անդամի գործատուի տվյալների համընկնման պարագայում՝ լրացուցիչ ազդանշանային պատուհանում նախազգուշացնի այդ մասին հայտարարագիրը լրացնողին։


Ընտանիքի անդամի գործատուի փոխարեն պաշտոնյայի գործատուի նշման օրինակներ (վերևում՝ հին ռեեստր, ներքևում՝ նոր ռեեստր)

Համակարգում տվյալների ներկայացման հստակ ձևաչափերի, դրանց սահմանափակումների, շփոթություն առաջացնելու հավանականություն ունեցող դաշտերի համար լրացուցիչ նախազգուշացումների/վերահաստատումների համակարգի առկայության դեպքում՝ հնարավոր կլինի խուսափել տվյալների ոչ լիարժեք կամ սխալ ներկայացնելու բարդություններից, որոնք կարող են ազդել և՛ Հանձնաժողովի, և՛ արտաքին դիտարկողների աշխատանքի արդյունավետության վրա։

 

Հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ ի՞նչ ունենք այսօր

Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը դիտվում էր որպես նախորդ համակարգի խնդիրների լուծման հիմնական միջոց։ Հանձնաժողովի և լրագրողական համայնքի միջև քննարկումների ժամանակ նշվում էր, որ նոր համակարգը գալիս է լուծելու առկա տեխնիկական և ֆունկցիոնալ խնդիրները, ավելին՝ ստեղծվելու են հայտարարագրման ինստիտուտի հանրային վերահսկողության բազմաթիվ հնարավորություններ։

2023-ի մարտին՝ նոր համակարգի գործարկմանը զուգահեռ, «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը» հրապարակեց «Ժողովրդավարության թվայնացումը. ինչպես են տեխնոլոգիաները փոխում կառավարությունների հաշվետվողականությունը» էսսեների ժողովածուն, որում ներառված էր նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ «Կոռուպցիայի հակազդումը Հայաստանում՝ կիրառելով արհեստական բանականությունը» էսսեն։ 

Էսսեում նշվում էր, որ Հանձնաժողովը 2020-ի մարտից մեկնարկել է մի թվային նախագիծ, որի նպատակն է դյուրացնել պաշտոնյաների հաշվետվողականության ապահովումը։ 

«Հանձնաժողովը որոշել է պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը հավաքելու, պահելու և վերլուծելու համար մշակել նոր թվային հարթակ՝ օգնելու հետաքննողներին, լրագրողներին և հանրությանը վերլուծել տվյալները և գտնել պաշտոնյաների չարաշահումների նշաններ։ Այս նախագծի շրջանակներում Հանձնաժողովը նախատեսում է կիրառել արհեստական բանականության/մեքենայական ուսուցման հնարավորություններով ալգորիթմական գործիք՝ հազարավոր էլեկտրոնային հայտարարագրերը մաղելու և «կարմիր դրոշներ» գտնելու համար»,- նշվում է հոդվածում։

Էսսեում Հարությունյանը թվարկում էր նախորդ համակարգի մի շարք թերություններ և նշում, որ գործնականում հայտարարագրերի նախորդ հարթակն ավելի շատ միտված էր ազգային հակակոռուպցիոն ռազմավարության պահանջները պաշտոնապես բավարարելուն, այլ ոչ թե պաշտոնյաներին հաշվետու դարձնելուն։ Նույնիսկ եթե հայտարարատու անձինք ընտրում էին հայտարարագիրը լրացնել էլեկտրոնային եղանակով, այդ հայտարարագրերը պահպանվում էին PDF ֆորմատով։ Նման թերությունների պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին վերլուծել հայտարարագրերում առկա տվյալները, պետք է նախ դուրս բերեին դրանք, հետո նոր համեմատեին այլ աղբյուրներում առկա տվյալների հետ։ 

Հարությունյանը նաև հավելում էր, որ չնայած հայտարարագրերի հրապարակայնությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին դժվար էր աշխատել այդ ձևաչափերով տվյալների հետ։

7 ամիս առաջ հրապարակված այս էսսեում Հարությունյանը, ի թիվս սպասվող մի շարք նորարարությունների,  նշում էր նաև API-ի ներդրման հնարավորության մասին, որը թույլ կտա լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքացիներին օգտագործել իրենց սեփական ծրագրային գործիքները հայտարարագրերում առկա տվյալների հետ աշխատելու համար։ 

Այս էսսեի հրապարակումից հետո՝ 2023 թվականի մայիսի 18-ին Հանձնաժողովը լրագրողների հետ կազմակերպեց աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց համակարգի հանրային հատվածի առաջարկվող տարբերակը։

Գործարկվող նոր համակարգը խոստանում էր լուծել հին համակարգում առկա բազմաթիվ խնդիրներ, լրագրողների և հանրության համար ստեղծել բազմաֆունկցիոնալ որոնման նոր գործիքներ, այդ թվում՝ հայտարարագրման պարտավորություն ունեցող, բայց հայտարարագիր չներկայացրած անձանց ֆիքսելու,  excel ձևաչափով հայտարարագիրը ներբեռնելու, ռեեստրի հանրային հատվածի հետ աշխատելու համար API-ի օգտագործման հնարավորություններ։

Այս հանդիպումից օրեր անց գործարկվեց հայտարարագրերի նոր ռեեստրի նախնական տարբերակը։ Այդ մասին տարածված հաղորդագրությունում Հանձնաժողովը նշում էր, որ փորձարկման փուլում է հայտարարագրերը pdf և excel տարբերակներով արտահանելու հնարավորությունը։

Հայտարարագրերի հրապարակային ռեեստրի նախնական տարբերակի գործարկումից 5 ամիս անց, սակայն, հին և նոր համակարգերի ընձեռած հնարավորություններում դեռևս էական տարբերություններ չեն նշմարվում։ Ավելին, նախորդ տարիների հայտարարագրերի մեծ մասը (2011-2020թթ․) շարունակում են արտացոլվել հին ռեեստրում, և դրանց ուսումնասիրությունը ենթադրում է շարունակական առնչություն հին համակարգի խնդիրների հետ։

Ինչպես արդեն նշվեց, նոր համակարգում վերականգնվել է ըստ պետական մարմինների որոնման հնարավորությունը, որոշակի առաջընթաց է գրանցվել տվյալների՝ պահանջվող ձևաչափերին համապատասխան ներկայացման ուղղությամբ։ 

Բացի այդ՝ ավելացել է ըստ հայտարարատուի հայրանվան, հայտարարագրի տեսակի և հայտարարատուի տեսակի որոնման հնարավորություն։ Փոխարենը, սակայն, վերացվել է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերին նույն էջից հասանելիություն ստանալու հնարավորությունը։  

Լրագրող Գրիշա Բալասանյանը նշում է. «Հանձնաժողովը նախկինում ամպագորգոռ հայտարարում էր, թե ռեեստրով որոնելու համար գործիքներն ավելի շատ էին լինելու։ Այսինքն՝ նույնիսկ գումարի չափով, գույքի տեսակով, քանակով հնարավոր էր լինելու զտել պաշտոնյաներին ու հայտարարագրերը ստանալ։ Դա ևս չեղավ, բայց այս դարում դա տարրական աշխատանք է»։ 

Վերջինիս համար ևս անհասկանալի է՝ ինչու՞ այժմ կա երկու ռեեստր՝ 2021 թվականը ներառյալ, և դրանից հետո ինչու՞ չեն միացվել ու սինխրոնացվել այս երկու ռեեստրները. «Իրականում ոչ մի բարելավում չկա, նույնիսկ որոշ բաներ ավելի վատացել են։ Լրագրողները, քաղաքացիները եթե մի քիչ փորձ չունենան, այդ ռեեստրում ուղղակի կխճճվեն»։

Նոր ռեեստրի վերջնական տարբերակի գործարկման ժամկետների, այժմ գործող տարբերակում առկա խնդիրների ու բացակայող գործիքների, բոլոր տարիների հայտարարագրերի տվյալների՝ ամբողջությամբ նոր ռեեստր տեղափոխելու ժամկետների, այլ գործիքների ավելացման անհրաժեշտության և Հանձնաժողովի կողմից այս ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին փորձեցինք զրուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծություն վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ։ Զրույցը այս փուլում հնարավոր չեղավ կազմակերպել՝ պայմանավորված Հակոբյանի խիստ ծանրաբեռնվածությամբ։ Փոխարենը նա խնդրեց Հանձնաժողովին գրավոր ուղարկել մեր արձանագրած խնդիրները։ Սակայն բոլոր խնդիրների, բացակայող կամ առաջարկվող նոր գործիքների վերաբերյալ դետալային քննարկումն ու Հանձնաժողովի տեսակետների հստակեցումը իրատեսական չէ իրականացնել գրավոր ընթացակարգով։

 

Ի՞նչ լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն կա

Ինչպես արդեն նշվեց, հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրը, հնի հետ համեմատությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Ստորև ներկայացնում ենք մի շարք գործիքներ, որոնց առկայությունը էականորեն կարող է բարձրացնել լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից պաշտոնյաների հայտարարագրերի արդյունավետ ստուգման և այլ աղբյուրներից ստացվող տվյալների հետ համադրման հնարավորությունը, ինչպես նաև հայտարարագրման գործընթացի և Հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը․

  1. API-ի առկայություն, որը հնարավորություն կտա լրատվամիջոցներին, քաղհասարակության ներկայացուցիչներին ստեղծել ռեեստրում առկա տվյալների վերլուծության լրացուցիչ գործիքներ,
  2. Հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը որպես մեկ ընդհանուր հայտարարագիր դիտարկելու հնարավորություն։ Այսինքն՝ հաշվիչ, որը կմեկտեղի բոլորի հայտարարագրերի նույնական դաշտերում գտնվող տվյալները և հնարավորություն կտա համալիր պատկեր ունենալ ընտանիքի գույքի, եկամուտների, վարկերի և փոխառությունների մասին։ Հաշվիչը պետք է  հաշվի առնի նաև համատեղ գույքի, միմյանց տրված գույքային և դրամական նվիրատվությունների, համատեղ փոխառությունների, վարկերի առկայությունը։
  3. Ուսումնասիրողի կողմից համակարգում սեփական ռիսկային ցուցանիշների նկարագրման, դրանց համապատասխան տվյալների ֆիլտրացիայի ու արտածման հնարավորություն։ Նման մանրամասն ֆիլտրերի ստեղծման անհնարինության դեպքում առնվազն մի շարք հանրահայտ ռիսկային ցուցանիշներով կամ դրանց  համադրությամբ հայտարարագրերի ֆիլտրման և արտածման հնարավորություն։ Օրինակ՝ ըստ ստացված եկամուտների, ըստ ձեռքբերված գույքի քանակի կամ արժեքի, ըստ կատարված ծախսերի  և այլն։

 

Մկրտիչ Կարապետյան

Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել