«ՌԴ-ն վերցրել է Ղարաբաղը և հանձնել Ադրբեջանին». հատվածներ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցից |civilnet.am|
12:40 - 26 հունիսի, 2024

«ՌԴ-ն վերցրել է Ղարաբաղը և հանձնել Ադրբեջանին». հատվածներ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցից |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կոնտրոնի` «ԱՊՐԻ Ֆորում 2024. կառուցելով ապագան» միջազգային համաժողովի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով սահմանային միջադեպերը հետաքննելու համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկին, խաղաղության պայամանգրի շուրջ բանակցություններին և Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում նվազող կապերին: ՍիվիլՆեթը ներկայացնում է Գրիգորյանի ուղիղ խոսքից մեջբերումներ:

Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին

Հայաստանին անհանգստացնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները սահմանին հրադադարի խախտումների մասին, քանի որ հայկական կողմից կրակոցներ չկան և որևէ քայլ չի արվում էսկալացիա թույլ տալու համար: Մեզ անհանգստացնում է, որ նման կեղծ լուրեր են տարածվում, սակայն խնդրին լուծում տալու համար մենք Ադրբեջանին հրապարակային առաջարկել ենք, որպեսզի սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխզանիզմ ստեղծենք երկու պետությունների գերատեսչություների միջև: Դա կարող է լինել քննչական կամ այլ մարմինների միջև, որոնք կհետաքննեն դեպքերը և վերջնական եզրահանգման կգան: Արդյունքում ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը վստահելի տվյալներ կունենա և կիմանա՝ այդպիսի դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ: Բաքուն դեռևս չի արձագանքել հայկական կողմի այդ առաջարկին:

Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը չի հակասում հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ իրականացնող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքին: Կա նաև Բրյուսելի արձագանքը, որ մեր առաջարկը կարող է օգտակար լինել: Կա ԵՄ դիտորդական առաքելությունը, որը գործում է ՀՀ տարածքից, բայց կարող ենք միջադեպերի հետաքննության երկկողմ մեխանիզմ էլ ստեղծել: ԵՄ առաքելությունը ՀՀ-ում է Հայաստանի հրավերով, նրանք դիտարկում են իրավիճակը, անհրաժեշտության դեպքում հանդես գալիս հայտարարությամբ, զեկույցներով, սակայն միջադեպերի քննության լիազորություն չունեն: Մեր առաջարկած հետաքննության մեխանիզմն այլ բան է, այն շատ կարևոր է փոխվստահության հաստատման տեսանկյունից: Եթե Ադրբեջանը պնդում է, որ կրակոցներ են եղել և հետաքրքրված է իրականության բացահայտմամբ, ապա կարծում եմ պետք է հետաքրքրված լինի հետաքննության մեխանիզմի ներդմամբ:

Հայաստանի սպառազինության մատակարարմանկառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է հենց Մոսկվայի որոշմամբ

Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործացությունը նախկին 96%-ից նվազել և այժմ 10%-ից էլ ցածր է: Դա եղել է Ռուսաստանի որոշումը, Ռուսաստանի ընտրությունն է եղել: Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը: Մինչև օրս էլ ամբողջությամբ չեն մատակարարել այն: Ի դեպ, շատ հետաքրքիր է, նույնիսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նման խնդիրների պայմաններում, երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից սպառազինություն է ձեռք բերում, չեն մատակարարում այն սպառազինությունը, որը ձեռք է բերվել 2021 և 2022 թվականներին կնքված պայմանագրերով: Թե ինչպես են զարգանալու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, կախված է, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն:

Ինչո՞ւ ՌԴ-ն չի մատակարարում գնված զենքերը

Մենք բացատրություն ենք լսել, որ դրա հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է: Բայց նաև պայմանագրեր կան, որ կնքված են 2021-ին: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց Հայաստանից մեկ պաշտոնյայի ասվել է, որ եթե ՌԴ-ն մեզ մատակարարի սպառազինություն, ապա մեր դիրքորոշումները կոշտանալու են:

Գերիների վերադարձն օրակարգում է

Ադրբեջանից բոլոր գերիների վերադարձը Հայաստան մշտապես եղել է օրակարգում, մենք այդ հարցը քննարկում ենք Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ: Սա եղել է մեր օրակագում, ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Անցած տարվա դեկտեմբերի 7-ն այդ առումով որոշակի հաջողություն էր, քանի որ 32 գերի վերադարձավ Հայաստան, սակայն մենք դրանով չենք բավարավում և շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան:

Ես նաև գտնում եմ, որ ճիշտ չի լինի գերիների ազատ արձակումը փոխկապակցել խաղաղության պայամանգրի կնքման հետ, քանի որ, մեր կարծիքով, նրանք` գերիները, հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում: Խաղաղության հաստատումը նաև նշանակում է գերիներին ազատել: Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության հաստատումը համապարփակ լինի, բոլոր ուղղություններով և նաև գերիների վերադարձով լինի:

ՌԴ-ն վերցրել է Ղարաբաղը և հանձնել Ադրբեջանին

Հայաստանն ունեցել է պատերազմ նախկինում առկա իրավիճակի, այն է՝ անվտանգության ոլորտում մեկ կենտրոնից կախվածության պատճառով: Այժմ անվտանգության ոլորտում արվող փոփոխությունների նպատակը կայունություն բերելն է: Մենք համոզված ենք դրանում:

Նախկինում առկա իրավիճակի հետևանքով ունեցել ենք պատերազմ: Ռուսաստանը եկել, մեր… կամ հայերի ձեռքից վերցրել է Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին: Սա է տեղի ունեցել, երբ որ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից: Սա է եղել իրականությունը: Ռուսաստանը վերցրել է (Ղարաբաղը – խմբ.), ես դա պնդում եմ: Առանց Ռուսաստանի թույլտվության այդ պատերազմը տեղի չէր ունենա:

Ես չեմ կարող ասել, թե ինչ է դրա դիմաց ստացել ՌԴ-ն Ադրբեջանից: Պետք է ՌԴ-ին հարցնել, թե ինչ են ստացել դրանից, երբ 2020-ին եկել են, վերջում Լեռնային Ղարաբաղը հանձնել և դուրս են եկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել