Ուշադրություն․ նյութում կան այրվածքների կադրեր
«Ընկածս տեղից ցատկեցի ու սկսեցի վազել, մեկ էլ մի հոգի կանգնեցրեց, ասաց՝ վառվում ես, շորերս հանեց, ու էդտեղ լսվեց երկրորդ պայթյունը»,– 24-ամյա Շահեն Հայրիյանի վերջին հուշերն են՝ Արցախում անցկացրած վերջին օրվանից։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թ․ սեպտեմբերի 25-ին, 9-ամսյա շրջափակումից եւ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո տուն-տեղ թողած արցախցիները փորձում էին գոնե Հայաստան հասնելու համար վառելիք գտնել։
Բռնի տեղահանմանը, սակայն, մի նոր աղետ էր ավելացել․ պայթել էր Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է 218, վիրավորվել՝ 120, անհետ կորել՝ 21 անձ։
ՀՀ իրավապահները դեռ քննում են դեպքի հանգամանքները
Պայթյունից հետո սկսել էին շրջանառվել դրա պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ՝ ադրբեջանական ահաբեկչությունից մինչեւ սովորական անփութություն։
Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ (ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մաս)։
2024 թ․ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր՝ Պաշտպանության բանակը հիշյալ պահեստը հանձնել էր Արցախի ղեկավարությանը, դեպքի վայրում ծառայություն էր իրականացրել ոստիկանության 2 աշխատակից։
Արցախի ղեկավարության հնարավոր հարցաքննությունների, քննության առարկա դարձած վարկածների, տուժած անձանց թարմացված տվյալների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ մեր գրավոր հարցմանը Քննչական կոմիտեն չի պատասխանել՝ դրանք նախաքննական գաղտնիք որակելով (հրաժարվել է նաեւ բանավոր հարցազրույցից)։
Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են միայն, որ վարույթի շրջանակում որեւէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. «Իրականացվել եւ շարունակվում են իրականացվել բազմաթիվ ապացուցողական եւ վարութային գործողություններ, մասնավորապես՝ հանցագործությունից տուժած մի շարք անձինք ձեռք են բերել տուժողի դատավարական կարգավիճակ, կատարվել են վկաների եւ տուժողների հարցաքննություններ, նշանակվել են դատագենետիկական, դատաբժշկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունները ստացվել են»,– նշված է պատասխանում։
Նկարները թերթելով՝ կարելի է տեսնել պաշտոնական մյուս տվյալները
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել ենք՝ հիվանդանոցային պայմաններում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում է տրամադրվել այրվածքով 243 բուժառուի, որոնցից 10-ը ներկայումս վերականգնողական բուժում է ստանում «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։
Շահեն Հայրիյանը վերականգնողական բուժում ստացող անձանցից է, որն արդեն 20-ից ավելի վիրահատության է ենթարկվել։ Դեպքից կես տարի անց՝ մեր առաջին հանդիպման ժամանակ, նա, ամբողջովին բինտերով փաթաթված, պառկած էր հիվանդանոցում։ Այսօր արդեն ինքնուրույն քայլում է, սնվում, ամեն օր հաստատակամ այցելում թերապիաների՝ հավատով, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու։
«Հերթը հասավ ինձ՝ չհասցրի․ պայթյունը եղավ»
Շահեն Հայրիյանը Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր։ Ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ որպես վարորդ կամավորագրվել Մարտակերտի հոսպիտալում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ նույն հաստիքով աշխատել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունում։
Հարձակումից կարճ ժամանակ անց պաշտոնյաների համար նախատեսված բունկերին են խփել․ զոհեր և վիրավորներ են եղել։ Շահենը հոր եւ քեռու հետ շտապել է այնտեղ՝ վիրավորներին օգնելու։ Հենց այդտեղ էլ «Բունկերի Շահեն» մականունն է ստացել։
«Ամսի 20-ին կռիվը որ վերջացել է, սաղին ասել են, որ պիտի դուրս գան։ Ամեն մեկը իր հոգսն էր քաշում՝ վեշ, բենզին․․․ Մենք էլ էինք գնացել՝ բենզինի հոգս քաշելու։ Շատ մարդ կար, շատ–շատ։ Սաղ քաղաքը էնտեղ էր՝ մեծ, երեխա, կնանիք։ Ասենք՝ ընտանիքում 5 հոգի ա եղել, միասին գնացել են, որ գոնե մեկը կարողանա բենզին վերցնել։ Ինչ–որ մեկը նույնիսկ ավտոմատով էր եկել, որ առանց հերթի բենզին վերցնի»,– պատմում է Շահենը։
Նա պահեստ էր գնացել եղբոր, հարեւանների եւ ընկերոջ հետ․ «Իրար կողք կողքի մի 5 հատ չան ա եղել (խոսքը բենզինի տարայի մասին է,–հեղ․), ոնց որ սենյակներ լինի ու մեջը չան։ Պայթյունի ժամանակ սաղս էլ չանի կողքին կանգնած էինք։ Սաղ տարիքով մարդիկ էին, մեջների ջահելը ես եմ եղել, ես եմ օգնել։ Սկսել եմ իրենց конестор-ները լցնել, դե ծանր էին։ Հերթը հասավ ինձ՝ չհասցրի․ պայթյունը եղավ։ Էն որ ականջներդ խլանում են, ոչ մի բան չես հասկանում է․․․ Մենակ հասցրի դեմքս փակել, ուրիշ ոչ մի բան։ Փորձեցի շունչ քաշել, հասկացա, որ մեջքս վառվում ա, շունչս պահեցի։ Մեկ էլ ինձ գցեց գետնին, փորձեցի բարձրանալ, գետինը փլուզվեց, ընկա փոսի մեջ»։
Արթնանալուց հետո Շահենը տեսել է շուրջբոլորը պառկած մարդիկ․ կեսը գիտակից, կեսը՝ անգիտակից․ «Երբ կանգնեցի, ցավ չէի զգում, սաղ շորերս կպած էին, մի հատ երկաթի կտոր տեսա, բռնեցի, ինձ քաշեցի վերեւ։ Էդտեղ արդեն ձեռքերս արյունոտ էին, վառված։ Նկատեցի, որ չանն արդեն եռում ա, ոտքերս կպնում են, կոշիկներս՝ հալվում։ Պիտի ցատկեի դեպի վեր, ուրիշ տարբերակ չկա, ցատկեցի ու անկախ ինձնից՝ սկսեցի վազել»,– պատմում է Շահենը՝ հավելելով, որ եղբորը գտնելուց հետո նստել են մեքենան ու մի կերպ հասել հիվանդանոց։
Շահենը սկզբում անճանաչելի է եղել․ մայրը 3 անգամ հիվանդանոցի հարկերով իջել–բարձրացել է, նրան չի գտել․ «Մի քանի բժիշկ էր, ու շատ հիվանդ, չէին հասցնում։ Ոնց կարողացան, առաջին օգնությունը ցույց տվեցին, մաման վիրակապեց․․․ Երբ բժշկին պատմեցի, որ սկզբի րոպեներին ցավ չէի զգում, բայց կողքիս մարդիկ լաց էին լինում, բժիշկն ասաց՝ քո վիճակը էնքան էր վատ, որ օրգանիզմդ չէր հասկանում, որ քեզ ցավում ա, պիտի ռեակցիա տա․․․ Հետո աչքերս փակվեցին, ու ոչ մի բան չէի տեսնում, լսում, խոսում, հասկանում էի, բայց ընդհանրապես չէի տեսնում․․․ Հետո հիշում եմ ուղղաթիռ դնելու պահը։ Մի երկու փոքր դրվագ՝ ուղղաթիռի մեջ, երբ ինչ–որ մեկը ինձ ծածկում ա, խմելու բան տալիս։ Շատ ցուրտ էր, դողալուց մի քանի անգամ արթնացա․․․ Թե հետո ուղղաթիռը ուր գնաց, ինձ ոնց հասցրին «Միքայելյան» հիվանդանոց, արդեն էլ չեմ հիշում»։
Երեւան տեղափոխելուն արդեն երկարատեւ բուժումն է հաջորդել, դեմքի ուռածությունը իջնելուն զուգահեռ աստիճանաբար տեսողությունը սկսել է վերականգնվել․ «Ահավոր վիճակ էր, կողքս սաղ տենց վառված մարդիկ էին։ Հետո իմացա, որ ամենաշատ տուժածը, ում այրվածքի մակերեսը շատ-շատ մեծ ա, ես եմ եղել»,- նշում է Շահենը։
«Անվտանգության տարրական կանոնները չեն պահվել»
Պայթյունից հետո Շահենը նիհարել է 40 կգ–ով։ Ցավերը սկսել են ի հայտ գալ առաջին վիրահատությունից հետո, երբ խոր այրվածքներով մաշկը հեռացրել են, որպեսզի կարողանան դրա տակ եղած հատվածները մաքրել․ «Եթե էդ մահացած մաշկը՝ միկրոզը, չեն հեռացնում, տարածվում ա։ Ու միանգամից էլ չի կարելի հեռացնել․․․ Առաջ դիմանալու էր, նույնիսկ 3 շաբաթ հրաժարվել էի ամեն տեսակի ցավազրկողից, բայց վիրահատությունից հետո ահավոր ցավեր են սկսել։ Ցավում ու մեկ էլ քոր էր գալիս։ Ավելի լավ էր՝ ցավի, քան քոր գա։ Այ էդ վիճակն էր․․․ Վիրահատությունից վիրահատություն մի փոքր դզվում եմ, կաշի են դնում, մաքրում»։
Շահենը նաեւ մաշկի փոխպատվաստման կարիք է ունեցել, եղբայրը 2 անգամ նրան դոնոր է եղել․ «Եթե ինքը դոնոր չլիներ, ամեն ինչ վատ ավարտ կունենար․․․ Ես ամառային շորերով էի, իսկ ինքը տաք էր հագնվել, դրա համար երբ իր սվիտրը սկսել ա վառվել, ինքը նկատել ա, կարողացել ա հանգցնել։ Իսկ իմ հագին որ սաղ բարակ էր, ինչ վառվել ա, կպել ա ջանիս․․․ Երբ ինձ տեղափոխեցին «Այրվածքաբանական», 50 օր ռեանիմացիայում պառկեցի․․․ Փորիս հատվածից կաշի վերցրին, դրեցին ձեռքիս, դեմքիս ու կամաց–կամաց սկսեցինք ֆիզիոթերապիան»,– պատմում է Շահենը։
Փետրվար, 2024 թ․
Օրեցօր Շահենը փոփոխություն է նկատում, ասում՝ սկզբում միշտ պառկած էր, չէր կարողանում շարժվել, հիմա արդեն քայլում է, իր ձեռքով սնվում։ Թե որտեղից է իր մեջ պայքարի այդ ուժը գտնում, դժվարանում է պատասխանել․ «Մի տեղից գտնվում է էլի, չգիտեմ»,– ասում է նա։
Վերականգնող թերապիստ Արենուհի Պողոսյանն էլ հուշում է՝ արցախցի է, այդ ուժը նրա հող ու ջրից է գալիս, ուղղակի նա դա չի գիտակցում։
Պայթյունի պատճառը, ըստ Շահենի, անվտանգության կանոնները չպահպանելն է եղել․ «Տարբերակները շատ են, բայց անվտանգության տարրական կանոնները չեն պահվել, սաղի շորերից բենզինի հոտ էր գալիս, սաղ չանի կողքերը ծխում էին։ Մարդ կա՝ ասում ա՝ ԱԹՍ ա եղել, բայց դե, մարդ էլ կա՝ ասում ա՝ բենզինի հոտից վատանում էինք, անընդհատ գլուխներս բարձրացնում էինք, որ շնչեինք, եթե տենց բան լիներ, կտեսնեինք։ Մարդ կա՝ ասում ա՝ տեսել են, թե ոնց են դռելով ծակում, որ չանից բենզին հանեն, չանի տակից էլ են բենզին վերցրել, մեջն էլ են մտել․․․ Բայց ես տենց բան չեմ տեսել։ Ում տեսել եմ, իմ պես конестор-ով էր»։
«Էնքան եմ ֆորմա հագել, որ ինձ առանց դրա չեմ պատկերացնում»
Շահենի խոսքով՝ իր համար անսովոր է ոչ մի բան չանելը, ուզում է վերադառնալ ծառայությանը, բայց գիտի, որ չի կարողանա․ «Մինչև պայթյունը գիտեի, որ աշխատանք կա, ստեղծած ամեն ինչ կա, մնում էր մենակ մի աղջիկ ճարել, ամուսնանալ ու վերջ, հիմա դեռ չգիտեմ, պիտի դուրս գրվեմ, հասկանամ՝ ինչ ա կատարվում։ էն ամենամանր բաները, որոնց, հնարավոր ա, ուշադրության չէիր դարձնում, հիմա արդեն խնդիր ա։ Իմ մեջ տրաքվում եմ, որ սենց պարապ պիտի պառկիմ։ Պարապ լինելը ինձ շատ է խանգարում, ես միշտ գործ եմ արել։ Էդ ֆոռման էնքան եմ հագել, որ ինձ էլ չեմ պատկերացնում առանց դրա։ Ծառայությունը դուրս գալիս ա։ Համ էլ 44-օրյա պատերազմին որ մասնակցեցի, մեջս մի բան փոխվեց․․․ Բայց դե, էս վիճակում էլ չեն վերցնի։ Որ բինտերը հանեն, դուրս գրվիմ, մի աշխատանք պիտի գտնիմ»։
Զինվորական համազգեսը ընտանիքը չի այրել, թաղել է տան բակում՝ իրար կողք կողքի՝ Շահենինը, եղբորինը եւ հորինը։ Մայրը հուշում է՝ դա էլ է խուճապի պատճառով եղել․ խոսակցություններ կային, թե իբր ադրբեջանցիները մտնելու են, տները ստուգեն։ Մտածել են անգամ տունն այրել, բայց չեն համարձակվել․ իսկ ի՞նչ, եթե չթողնեն անցակետով անցնել․ «Երազելու բան չկա, երազանքը Ղարաբաղ հետ գնալն ա, բայց էդ էլ չգիտեմ՝ լինող բան ա թե չէ»,- անկեղծանում է Շահենը։
Օգոստոս, 2024 թ․
Այժմ նա տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, նպատակ ունի ուսումն ավարտել։ Թե ինչ կլինի հետո, դեռ հստակ չէ։
Փոխարենը հստակ են կարոտի հասցեները․ «Աչքիս ամենից շատ մեր հանգստյան գոտին ա գալիս։ Ես եմ սարքալ պապիս հետ։ Մեծ բասեին, մեծ բիսետկեք․․․ էդքան տարի սարքել ենք, եկել ա պահը, որ պիտի վայելենք, թողալ ենք, եկալ․․․ Ասկերանում գարեջրի գործարան էլ ունեինք, ռեմոնտը արել ենք, արդեն եկել էր պահը, որ պիտի սկսեինք գործ անել, էլի նույն ձեւով թողալ ենք, եկալ․․․Ու էդ սաղ 2020 թ․-ից հետո էինք սարքալ, երբ շատերը թողալ, ծախալ, դուրս էին եկալ»։
Շահենի ներկայիս զբաղմունքը գիշերները մեքենա քշելն է։ Առայժմ դժվարանում է, բայց փորձում է վերականգնել նախկին արհեստավարժությունը։
Իսկ առջեւում նոր վիրահատություններ են, որոնց համար հարազատի տանը ժամանակավորապես բնակվող ընտանիքը ֆինանսական աջակցության կարիք ունի․ «Թող պինդ լինեն, հուսահատվեն ոչ, սաղ էլ անցողիկ ա»,– իր հայրենակիցներին դիմելով՝ ասում է Շահենը։
Հեղինակներ՝ Միլենա Խաչիկյան, Ջուլիետտա Հովհաննիսյան, Անի Բալայան
comment.count (0)