1lurer.am: Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել: ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել հայտարարությունը:
«Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դրանց շարունակությունը պայմանավորի որևէ բանով:
Ես չգիտեմ` որքանով եք նկատել, թե չէ, ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց կամ նրանց ասածների մասին, բայց այս դեպքում չեմ կարող չանել: Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, որ պատկերացնում եմ՝ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանալի է, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել. միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գուցե սթափության աստիճանը ավելին է եղել:
Մեր կողմից կարող եմ ասել, որ ՀՀ-ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա, և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը մեր առաջնահերթություններից մեկն է, և մեր օրակարգում է»,- նշեց ԱԳ նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է արվում այդ ուղղությամբ, ասաց. «Ուզում եմ մի քանի բան թվարկել մի շաբաթվա, լավ 10 օրվա թարմության: ԱԳՆ-ն հայտարարություն արե՞լ է այս մասին՝ արել է, Ժնևում Մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որն այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային, և այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ ԿԽՄԿ ղեկավարի հետ: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ այս ոլորտի այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից օրեր անց, մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց: Սա երևացող բաներն են, որոնց մասին մամուլում դրսևորում է եղել»:
comment.count (0)