factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, որոնք նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, սակայն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համոզել են նրան՝ չանել դա։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ երկու դիվանագետի՝ մայիսի 13-ի երեկոյան Զելենսկին հիասթափված է եղել հնարավոր բանակցությունների զարգացումներից։ Նա ասել է, որ կարող է թույլ չտալ իր թիմին հանդիպել ռուսական պատվիրակության հետ։
Իրենց հերթին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաները փորձել են համոզել նրան, որ չափազանց կարևոր է բանակցություններին ուղարկել առնվազն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն։ Մասնավորապես, քննարկումը վերաբերել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։
Նշվում է, որ քննարկումների ընթացքում ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են Զելենսկիի դիմադրությանը։
«Նա ընդհանրապես իմաստ չէր տեսնում գնալու մեջ»,- WP-ին ասել է մի դիվանագետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը համոզել է ուկրաինական կողմին, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններին մասնակցությունն օգտակար է երկու կողմերի համար էլ. եթե Ուկրաինան գա, իսկ Ռուսաստանը՝ ոչ, ապա Մոսկվան կկրի հետևանքները։ Եթե երկու կողմերն էլ գնան, նրանք կարող են ավելի մոտենալ հրադադարին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։
Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին արդեն Թուրքիա է ժամանել։ Նա Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
comment.count (0)