news.am: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ հետագա համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ հիվանդների բուժման եւ պատվաստանյութերի մշակման հարցերի մասով: Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայում գտնվող հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք մարզերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար:
Կողմերը շարունակել են կարծիքներ փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդհանուր պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համատեղ ջանքերը Իդլիբի էսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ, այդ թվում՝ այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը լրացնող արձանագրությունը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մտահոգություն են հայտնել Լիբիայում սաստկացած բախումների կապակցությամբ: Նշվել է անժամկետ զինադադարի եւ միջլիբիական երկխոսության շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինի միջազգային կոնֆերանսի որոշումների հիման վրա, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւով:
Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ակտուալ կողմերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր մակարդակներում:
comment.count (0)