hetq.am: Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին (Թումանյանցը երեկ ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից)։
Գրանցվել է 58 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին: Թեկնածուներին ԱԺ ամբիոնից ներկայացնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2022թ. հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացնել, ինչը պայմանավորել էր «առողջական խնդիրներով»: Սակայն, հանրությանը հայտնի է, որ նրա հրաժարականն իրականում պայմանավորված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ:
Այս տարվա փետրվարի 20-ին Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույց էր տեղի ունեցել: Ջհանգիրյանը հորդորել էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ հունիսի 20-ին հրապարակել էր Վարդազարյանը: Դրանից հետո իրավապապաշտպանները պահանջեցին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացնի:
ԲԴԽ-ում հաջորդ թափուր տեղն առաջացել է Լիպարիտ Մելիքջանյանի` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր նշանակվելու հանգամանքով: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է հուլիսի 4-ին:
comment.count (0)