ԱԺԲ-ն ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով
16:45 - 22 նոյեմբերի, 2022

ԱԺԲ-ն ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ցույց իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանին հիվանդանոց տեղափոխելու պահանջով։
 
Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանը ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են Ավետիսյանի առողջությանը, այսօր եւս տեղեկություն ունեն, որ նա առողջական նույն վիճակում է․ փոփոխություն համարյա չկա։ 

«Հայտնեցին, որ Վարուժան Ավետիսյանի ցանկությամբ պլանային կարգով պատրաստ են տեղափոխել, որ բժշկական հետազոտություններ անցի, նա կարող է ընտրել իր բժշկին, որը կայցելի քրեակատարողական հիմնարկ եւ կանի համապատասխան պրոցեդուրաները», - նշեց ակցիայի մասնակիցների մեկը։

Մասնակցի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակում իրենց պահանջները որոշ չափով են բավարարվել, իսկ Հյուսիսային պողոտայում իրենց նստացույցը շարունակելու են, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ևս միացել էր Վարուժան Ավետիսյանին պատշաճ բժշկական օգնություն ապահովելու կոչին։ 

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որով հայտնեց, թե Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ 

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ն արդեն մի քանի անգամ է, ինչ անցկացնում է բողոքի ակցիա՝  Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։

Լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել