Ալիևի կարծիքով՝ Իրանը չի արգելափակի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը
11:57 - 25 նոյեմբերի, 2022

Ալիևի կարծիքով՝ Իրանը չի արգելափակի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը

«Զանգեզուրի միջանցք»-ն ուղղված չէ որևէ մեկի դեմ, հակառակը՝ այն կծառայի ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքի մասին հարցը իմ վերջին զրույցի ժամանակ քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ։ Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ Իրանը նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերում։ Այդ նախագծերն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, այլ ընդհակառակը, կծառայեն միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյանները բազմիցս ընդգծել են տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմնանների անխախտելիության կարևորությունը, ինչպես նաև նշել, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լուրջ արձագանքին։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ 

Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի, խաղաղության պայմանագրի պատրաստման շուրջ։ Ալիևը նշել է, թե, իբր, հայկական կողմը չի կատարում 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները։

Մինչ այդ, Իգոր Խովաևը եղել էր Հայաստանում, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել