Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերքում է Սերգեյ Լավրովի պնդումը․ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների բնույթի մասին պայմանավորվածություն չկա
15:45 - 07 փետրվարի, 2023

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերքում է Սերգեյ Լավրովի պնդումը․ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների բնույթի մասին պայմանավորվածություն չկա

Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ կա առանձին պայմանավորվածություն այն մասին, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, սակայն, հերքում են նման պայմանավորվածության գոյությունը։

2023-ի հունվարի 18-ի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր հետևյաը. «Երեկ խոսում էի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել երեք երկրների առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, պետք է բաց լինի երկու ուղղություններով բեռների, քաղաքացիական անձանց և տրասնպորտային միջոցների տեղափոխման համար։ Պարզ է, որ այնտեղ առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ մի զինվորական բեռ այդ ճանապարհով չպետք է անցնի»։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, սակայն, զինվորական բեռների մասին ոչինչ չկա։ Հայտարարության 6-րդ կետում նշվում է միայն հետևյալը․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Հաշվի առնելով այս փաստը՝ մենք հարցում էինք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․ 

  • Արդյո՞ք Հայաստանը Ադրբեջանի և կամ որևէ այլ պետության հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն:
  • Եթե այո, այդ պայմանավորվածությունը ո՞ր պետության/պետությունների հետ է ձեռք բերվել։
  • Եթե պայմանավորվածությունը գրավոր է, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվել։

Վարչապետի աշխատակազմից, մեր հարցմանն ի պատասխան, նշել են․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը ամբողջությամբ հրապարակված է, Լաչինի միջանցքի ռեժիմը կարգավորվում է՝ Հայտարարության 6-րդ կետի համաձայն: Լաչինի միջանցքի վերաբերյալ այլ պայմանավորվածություն առկա չէ»:

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը պնդում է՝ ձեռք չի բերվել այնպիսի պայմանավորվածություն, ըստ որի՝ Լաչինի միջանցքով  ոչ մի զինվորական բեռ չպետք է տեղափոխվի։

Մի քանի օր առաջ էլ Արցախի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, որտեղ նշվում էր․ «Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում՝ ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը»։

Արցախի ԱԳՆ-ն նաև շեշտել էր, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները հաճախ են կամայական մեկնաբանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետը։

Հիշեցնենք՝ նույն ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարել էր՝ ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել իրենց, թե հայկական կողմը ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով, և հետո դրանք օգտագործվել են ականապատելու ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող հատվածները։ Այս տվյալները, ըստ Լավրովի, ռուսական կողմը ստուգում է։

Ավելի վաղ ադրբեջանական կողմից մեղադրանքներ էին հնչել Հայաստանի հասցեին, թե «Հայաստանն օգտագործում է Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով, ինչն արգելված է»։ Ադրբեջանն, իբր, իր տարածքում Հայաստանում 2021-ին արտադրված ականներ էր հայտնաբերել։ Այս հայտարարությանը պատասխանել էր ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ այդ ականներն Ադրբեջանի մոտ են հայտնվել Հայաստանի տարածքներից, որոնք օկուպացվել են 2021-2022թթ. ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով։

Այսպիսով, Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն «ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով, օգտագործել այն ոչ հումանիտար նպատակներով, ինչն արգելվում է»։ Սերգեյ Լավրովը պնդում է՝ կա պայմանավորվածություն, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը հերքում է, որ նման պայմանավորվածություն կա, և հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Իսկ այս հայտարարության մեջ, հիշեցնենք, տեղափոխվող բեռների բնույթի մասին ոչինչ նշված չէ։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելուն, այն ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկություն է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել է այդ լուրը։


Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի (2021)

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել