«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին
 |aravot.am|
12:55 - 08 փետրվարի, 2023

«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին |aravot.am|

aravot.am: «Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, իմ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետեւ իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը եւ նախարարին»,- ԱԺ նիստում այսօր, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ինչպես հայտնել էինք` ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։

Քոչարյանի հիշատակած Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում հետեւյալն է ասվում․ «Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ:

Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել